Քարտային ծառայությունների տրամադրման պայմաններ

Քարտային ծառայությունների
տրամադրման պայմաններ

Զանգահարեք +374 60 655 000 կամ

Ի գիտություն

Նախքան Քարտից օգտվելը խնդրում ենք ուշադիր կարդալ սույն պայմանները: Ստորագրելով Քարտի վրա և/ կամ օգտագործելով այն` Դուք ընդունում եք ստորև նշված դրույթներն ու պայմանները և պարտավորվում եք գործել դրանց համաձայն:

1. Սահմանումներ

1.1. «Քարտապան»` ցանկացած անձ, որը ստորագրել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Քարտի Դիմումը, որը հաստատվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից և/կամ ստորագրել կամ օգտագործել է Քարտը:

1.2. «Բանկ»` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ, նրա իրավահաջորդները և նրա անունից գործող անձինք:

1.3. «Քարտ»` Բանկի կողմից Քարտապանին տրամադրած կրեդիտ կամ դեբետային քարտ:

1.4. «Քարտային հաշիվ» Քարտի օգտագործման նպատակով Առաջնային քարտապանի անունով բացված և սույն պայմանների համաձայն վարվող հաշիվ:

1.5. «Առաջնային քարտապան»` Քարտապան կամ իրավաբանական անձ կամ առանձնացված ստորաբաժանում, որի անունով բացվել է Քարտային հաշիվ:

1.6. «Հավելյալ քարտապան»` անձ, որի անունով Բանկը տրամադրում է Քարտ Առաջնային քարտապանի դիմումի համաձայն:

1.7. «Քաղվածք»` Բանկի կողմից պատրաստված Քարտային հաշվի ամսական քաղվածք, որում նշվում են տվյալ օրվա դրությամբ հաշվետու ժամանակաշրջանում Քարտային հաշվի հետ կապված Առաջնային քարտապանի և Հավելյալ քարտապան(ներ)ի կատարած գործարքները, Բանկի գանձումները, վճարները և Բանկի նկատմամբ ֆինանսական պարտավորությունները (առկայության դեպքում):

1.8. «Գործարք»` Քարտապանի կողմից Քարտն ուղղակի կամ անուղղակի օգտագործելով Բանկին տրված ցանկացած հանձնարարական` Քարտով գործառնություն կատարելու վերաբերյալ:

1.9. «Առևտրային կետ»` ցանկացած վայրում գտնվող այն հաստատությունը, որն ընդունում է Քարտը որպես վճարման միջոց, այդ թվում` խանութները, ռեստորանները, հյուրանոցները, օդային փոխադրումներ իրականացնող և փոստային ծառայություններ մատուցող ընկերությունները` ներառյալ պատվերների փոստային առաքմամբ զբաղվող կազմակերպությունները, ինտերնետի միջոցով ծառայություններ մատուցող և Քարտը որպես վճարման միջոց ընդունող ընկերությունները:

1.10. «Անձնական Ծածկագիր»՝ Բանկի կողմից Քարտապանին տրամադրված ծածկագիր (PIN). որն անհրաժեշտ է Քարտով գործարքներ կատարելու համար և կարող է փոփոխվել Քարտապանի կողմից:

1.11 ‹‹Սակագներ››` Բանկի կողմից սահմանված ‹‹Քարտային ծառայությունների սակագներ և այլ պայմաններ›› փաստաթուղթ:

1.12. «CVV»՝ Քարտի դարձերեսին դաջված եռանիշ թիվ:

1.13. «Բանկային օր» օր երբ Բանկը բաց է համապատասխան գործառնությունների կատարման համար, ընդ որում Բանկային օր է համարվում շաբաթվա յուրաքանչյուր օրը, բացառությամբ կիրակի օրվա: Բանկի կողմից համապատասխան գործառնությունների կատարման ժամերը հասանելի են այստեղ:

1.14. «Դուք», «Ձեր», «Նրան», «Նրա» կամ նման դերանունները վերաբերվում են Քարտապանին:


2. Քարտի օգտագործում

2.1. Քարտը հանդիսանում է Բանկի սեփականությունը և Բանկի պահանջով պետք է վերադարձվի Բանկի լիազորված աշխատակցին Բանկի գործունեության իրականացման վայրում կամ առաքվի Բանկի մասնաճյուղ փոստի միջոցով:

2.2. Քարտը ստանալուն պես Դուք պետք է անմիջապես ստորագրեք Քարտի հակառակ կողմի վրա և զերծ պահեք այն երրորդ անձանց կողմից օգտագործվելուց` Քարտը և Անձնական Ծածկագիրը (ԱԾ) մշտապես պահելով Ձեր անմիջական հսկողության տակ: Քարտը և/կամ ԱԾ-ն օգտագործելիս Դուք պարտավոր եք պահպանել Բանկի Քարտի կամ ԱԾ-ի օգտագործման անվտանգության կանոնները, որոնք հասանելի են Բանկոմատային և կրեդիտ քարտերի օգտագործման անվտանգության կանոններ բաժնում:

2.3. Քարտի և ԱԾ-ի օգտագործման հետ կապված ամբողջ ռիսկը կրում եք Դուք, և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտի կամ ԱԾ-ի կամ Քարտի վրա դաջված հաշվեհամարի և/կամ CVV կոդի և/կամ Քարտի վավերականության ժամկետի տրամադրման և օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար, եթե այդպիսի վնասը չի պատճառվել Բանկի մեղքով: Դուք համաձայնվում եք նաև, որ Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից Ձեր Քարտի դիմումում նշված գաղտնաբառի չլիազորված օգտագործման արդյունքում Ձեր կրած վնասների համար:
1) Կրեդիտ քարտի օգտագործման անվտանգության կանոնները (որոնք հասանելի են http://www.hsbc.am/1/2/am/hy/personal/credit-cards/security-rules) ինտերնետային էջում) խախտվել են, որի արդյունքում, կամ Ձեր անուշադրության պատճառով քարտի տվյալները հասանելի են դարձել երրորդ անձանց,
2) Գործարքը հավաստագրվել է միկրոպրոցեսորի /չիպի/ միջոցով և ԱԾ-ի կիրառմամբ,
3) Դուք ստացել եք ծանուցում/ներ Քարտով գործարքի կատարման վերաբերյալ կամ ստուգել եք Քարտային հաշվի մնացորդը և ողջամիտ ժամկետում չեք տեղեկացրել, որ գործարքը զեղծարար բնույթ է կրում, որպեսզի կանխարգելվեն հետագա չհավաստագրված ելքագրումները: Այս դեպքում Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում նաև հետագա գործարքների համար,
4) Դուք Բանկին չեք տեղեկացրել Քարտի կորստյան կամ գողացված լինելու մասին կամ Քարտից ելքագրումները տեղի են ունեցել նախքան Բանկին ծանուցելը:
Քարտապանի կողմից չվավերացված այն գործարքների համար, որոնք իրականացվել են մագնիսական քարտի կամ հավաստագրվել են մագնիսական դաշտի միջոցով, Բանկը պատասխանատվություն է կրում հետևյալ դեպքերում և կարգով՝
1) Բանկը կիրականացնի վնասների ամբողջական կամ մասնակի հատուցում, եթե իրականացված ներքին հետաքննության արդյունքում Բանկը գործարքը որակել է որպես զեղծարարություն և Դուք ճանաչվել եք տուժող,
2) Բանկը կիրականացնի վնասի ամբողջական հատուցում բոլոր այն զեղծարար գործարքների համար, որոնք իրականացվել են Քարտը բլոկավորելու հրահանգ ստանալուց հետո,
3) Բանկը կիրականացնի վնասի ամբողջական հատուցում, եթե զեղծարարությունը տեղի է ունեցել Բանկի կողմից իր պարտականությունների թերացման պատճառով,
4) Բանկը կիրականացնի վնասի ամբողջական հատուցում, եթե Բանկը չի ծանուցել Ձեզ հետ համաձայնեցված գործարքները SMS հաղորդագրության միջոցով, այն դեպքում, որը հանգեցրել է զեղծարարության ուշ բացահայտմանը և խոչընդոտել է դրա հետագա կանխարգելմանը, եթե Դուք օգտվում եք SMS հաղորդագրության ծառայությունից կամ դիմել եք Բանկին այդ ծառայությունից օգտվելու համար:
Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում, եթե Բանկը SMS հաղորդագրություն է ուղարկել Ձեզ, սակայն Դուք չեք ստացել/ստանում այն ծածկույթից դուրս լինելու, բջջային ծառայության դադարեցման, բջջային հեռախոսն անջատված լինելու կամ նմանատիպ այլ պատճառներով, երբ SMS հաղորդագրության ծառայության խափանման պատճառները Բանկի վերահսկողությունից դուրս են: Բանկն իրավունք ունի սահմանափակել և/կամ մերժել Քարտով գործարքների կատարումը, եթե Բանկը հիմնավոր կասկածներ ունի գործարքների հավաստիության վերաբերյալ:

2.4. Դուք պետք է ի նկատի ունենաք, որ Քարտը վավեր է մինչև Քարտի վրա նշված տարվա համապատասխան ամսվա վերջին օրը, եթե այդպիսի ժամկետ առկա է: Սույնով Դուք պարտավորվում եք նշված ժամկետի ավարտին ոչնչացնել այն` կտրատելով մասերի մագնիսական երիզի և չիպի երկայնքով կամ վերադարձնել այն Բանկին ոչնչացնելու նպատակով: Նոր Քարտը Ձեզ կուղարկվի Ձեր և Բանկի միջև համաձայնեցված հասցեով, իսկ նման համաձայնության բացակայության պարագայում` Ձեր կողմից Բանկին տրամադրված վերջին փոստային հասցեով: Նոր Քարտը Ձեզ կտրամադրվի բացառապես Բանկի հայեցողությամբ: Մեկ ամսվա ընթացքում Ձեր` Քաղվածքի առաքման համար Բանկին տրամադրված վերջին փոստային հասցեով, նոր Քարտի առաքումը հնարավոր չլինելու դեպքում` այն կոչնչացվի:

2.5. Քարտը օգտագործելիս անհրաժեշտության դեպքում Դուք պետք է մուտքագրեք Ձեր գաղտնաբառը(PIN), ստորագրեք գործարքի անդորրագիրը, կանխիկի դուրսբերման ստացականը կամ այլ փաստաթուղթը և պահպանեք Ձեր օրինակը: Գործարքի ցանկացած անդորրագիր/ ստացական, որը անձամբ Ձեր կողմից ստորագրված չէ, բայց որը կարող է ճանաչվել որպես Ձեր կողմից լիազորված գործարք, հանդիսանում է Ձեր պարտավորությունը:

2.6. Քարտը կընդունվի այն Առևտրային կետերում, որտեղ որպես վճարման միջոց ընդունվում են Քարտի վրա առկա վճարային համակարգերի նշանները կրող քարտերը: Բանկը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից Առևտրային կետերի միջոցով կատարված գործարքների համար, սակայն հնարավորության սահմաններում կօժանդակի Ձեր խնդրի կարգավորմանը: Բողոք ունենալու դեպքում Դուք պետք է անմիջապես տեղեկացնեք Բանկին` ներկայացնելով գործարքի հետ կապված փաստաթղթերը: Խնդիրը չկարգավորվելու դեպքում Դուք չեք ազատվում Բանկի նկատմամբ ունեցած Ձեր պարտավորություններից:

2.7. Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ Առևտրային կետի կողմից մատուցած որևէ ծառայության դիմաց գանձված և Ձեր Քարտային հաշվից ելքագրված որևէ հավելյալ վճարի համար:

2.8. Դուք չպետք է օգտագործեք Քարտը որևէ անօրինական նպատակներով:

2.9. Եթե Դուք Քարտով վճարում եք կատարում` օգտագործելով էլեկտրոնային միջոցներ (ներառյալ Ինտերնետը և ինտերակտիվ հեռուստատեսությունը), ապա Դուք պետք է օգտվեք ապահով վճարում նախատեսող կայքերից ("secure payment site"):

2.10. Դուք պարտավորություն եք ստանձնում Բանկի կողմից Քարտի հետ կապված Ձեզ տրամադրված բոլոր փոխառությունների / ծառայությունների և դրանց հետ կապված բոլոր վճարների համար, անկախ Ձեր և Բանկի միջև կնքված պայմանագրի դադարելու հանգամանքից:

2.11. Քարտով կատարված բոլոր գործարքները կարգավորվում են նաև ԱրՔա վճարային համակարգի (ինտերնետային էջ՝ www.arca.am) և/կամ MasterCard International Inc (ինտերնետային էջ՝ www.mastercard.com), ընկերության համապատասխան կարգերով, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել:


3. Հաշվի ներկայացում

3.1. Քարտի սպասարկման նպատակով Բանկը վարում է հաշիվ (Քարտային հաշիվ), որում գրանցվում են Առաջնային և Հավելյալ Քարտապան(ներ)ի Քարտ(եր)ի միջոցով կատարված ապրանքների կամ ծառայությունների գնման գործարքները, կանխիկի դուրսբերման գործարքները, Քարտի օգտագործման հետևանքով առաջացած վճարները և կատարված վճարումները, ինչպես նաև քարտային հաշվի սպասարկման ամսական վճարները: Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքները Քարտային հաշվին գրանցելիս ԱՄՆ դոլարով գործարքի դեպքում կիրառվում է Քարտային հաշվին գործարքի գրանցման օրվա համար սահմանված Բանկի ԱՄՆ դոլարի համապատասխան փոխարժեքը, իսկ այլ արժույթով գործարքների դեպքում` համապատասխան արժույթը փոխանակվում է ԱՄՆ դոլարի MasterCard International, Inc ընկերության կողմից սահմանված փոխարժեքով, իսկ ԱՄՆ դոլարը փոխանակվում է Բանկի ԱՄՆ դոլարի համապատասխան փոխարժեքով:

3.2. Բանկը կարող է Քարտային հաշվի համար սահմանել վարկային սահմանաչափ, որը որևէ պարագայում չպետք է գերազանցվի: Քարտը վեց ամիս օգտագործելուց հետո Դուք կարող եք դիմել Բանկին Ձեր Քարտի վարկային սահմանաչափը վերանայելու համար: Այդ դեպքում Քարտի վարկային սահմանաչափի ցանկացած փոփոխություն իրականացվում է բացառապես Բանկի հայեցողությամբ: Բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ նվազեցնել Քարտի վարկային սահմանաչափը Քարտի օգտագործման պատմության և Քարտապանի վճարունակության վերլուծության հիման վրա` այդ մասին նախապես ծանուցելով Քարտապանին:

3.3. Քարտի վարկային սահմանաչափը` Քարտի գծով Բանկին վճարման ենթակա գումարները Քարտային հաշվից գանձվելու հետևանքով կամ այլ պատճառով, գերազանցելու դեպքում Բանկն իրավունք ունի գանձել սահմանաչափի գերազանցման տուգանք` ըստ գործող սակագների:

3.4. Բանկը պատրաստում է ամսական Քաղվածք`հետևյալ տվյալներով.
ա) Քաղվածքի ամսաթիվ` քաղվածքի ձևավորման ամսաթիվ և ժամ: Եթե քաղվածքի ձևավորման ամսաթիվը Բանկային օր և ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատանքային օր չէ, ապա քաղվածքը ձևավորվում է դրան հաջորդող Բանկային օրը և ներառում մինչև այդ պահը կատարված գործարքները:
բ) Սկզբնական մնացորդ` հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ Ձեր Քարտային հաշվի մնացորդը:
գ) Գործարքների, այլ գործառնությունների ամսաթիվ` այն ամսաթիվը, երբ գործարքը/գործառնությունն իրականացվել է/կատարվել է:
դ) Ձևակերպման ամսաթիվ (հաշվարկի ապահովման ամսաթիվ)`այն ամսաթիվը, երբ գործարքը հաշվանցվել/ձևակերպվել է Ձեր Քարտային հաշվից/ն:
ե) Վճարման ենթակա գումար` Քաղվածքի ամսաթվի դրությամբ Քարտային հաշվի ամբողջական պարտքը (առկայության դեպքում):
զ) Մինչև 00.00.0000թ. պետք է վճարել (այսուհետ Նվազագույն վճար)` այն նվազագույն գումարը, որը պետք է մարվի մինչև Վճարման օրը (առկայության դեպքում): Այս գումարը ներառում է հաշվանցված գործարքների և վճարների համապատասխան մասը, ինչպես նաև ժամկետանց և վարկային սահմանաչափը գերազանցող գումարներն ամբողջությամբ:
է) Մինչև 00.00.0000թ. (այսուհետ`Վճարման օր)` այն ամսաթիվն է մինչև որի ավարտը Նվազագույն վճարը պետք է ստացվի Բանկի կողմից:
ը) Ժամկետանց գումար` նախորդ Քաղվածքներում նշված, բայց դեռ չվճարված Նվազագույն վճար: Այս գումարը ներառվում է ընթացիկ Նվազագույն վճարի մեջ և ենթակա է անհապաղ վճարման:
թ) Oրենքով և այլ իրավական ակտերով պահանջվող այլ տեղեկություններ:

3.5. Ամսական Քաղվածքը չստանալու դեպքում Դուք պարտավոր եք կապ հաստատել Բանկի հետ և վճարել Նվազագույն վճարը ոչ ուշ, քան Վճարման օրը:

3.6. Ապրանքների կամ ծառայությունների գնումը և դրանց վերադարձման/չեղարկման հետևանքով կատարվող հատուցումը հանդիսանում են երկու տարբեր Գործարքներ: Դուք պետք է վճարեք Քաղվածքում արտացոլված գնման Գործարքի համար` լրացուցիչ վճարներից խուսափելու նպատակով: Հատուցման գումարը (հանած Գործարքի չեղարկման համար պահումները` առկայության դեպքում) կմուտքագրվի Քարտային հաշվին Առևտրային կետից այն ստանալուց հետո միայն: Եթե հատուցման գումարը Ձեր Քարտային հաշվին մուտք չի արվել Գործարքի չեղարկման օրվանից 30 օրվա ընթացքում, և եթե այլ ժամկետ չի սահմանվել տվյալ Առևտրային կետի կողմից, Դուք պարտավոր եք այդ մասին տեղեկացնել Բանկին: Ծանուցման հետ միասին Բանկին անհրաժեշտ է ուղարկել նաև չեղարկված Գործարքի անդորրագրի օրինակը, ինչպես նաև Բանկի կողմից պահանջվող լրացուցիչ փաստաթղթերը:


4. Վճարում

4.1. Քարտի գծով առաջացած պարտքերի մարման նպատակով ներկայացված մուրհակները և/կամ վճարման հանձնարարականները պետք է լինեն Բանկին վճարման ենթակա` Ձեր Քարտային հաշվին մուտքագրման նպատակով: Այդպիսի մուրհակների և վճարման հանձնարարականների կանխիկացման/ ինկասավորման համար Քարտապանը վճար է կատարում սահմանված սակագներով: Կանխիկով, մուրհակներով և վճարման հանձնարարականներով ստացված վճարումները կմուտքագրվեն Քարտային հաշվին մինչև գումարների հաջորդող Բանկային օրվա վերջը: Ավտոմատ գանձման մեքենայի, ինտերնետային բանկային ծառայության և հեռախոսային բանկային ծառայության միջոցով կատարված վճարումները, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին կատարված վճարումները կմուտքագրվեն Քարտային հաշվին՝ առավելագույնը հաջորդող երկու Բանկային օրվա ընթացքում:

4.2. Դուք կարող եք Քաղվածքում նշված Վճարման ենթակա գումարը վճարել ամբողջությամբ կամ մասնակի (առնվազն Նվազագույն վճարի չափով): Քաղվածքում նշված Վճարման ենթակա գումարը մինչև Բանկի կողմից սահմանված Վճարման oրը ներառյալ ամբողջությամբ վճարվելու դեպքում Վճարման ենթակա գումարի վրա տոկոսներ չեն հաշվարկվում, բացառությամբ Քարտի վարկային սահմանաչափի սահմաններում դուրս բերված կանխիկ գումարների կամ առանց արտոնյալ ժամկետի վարկային սահմանաչափով Քարտերով կատարված գործարքների գումարների, որոնց նկատմամբ հաշվարկվում են տոկոսներ` Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով` ելքագրման օրվանից մինչև այդպիսի գումարների ամբողջական մարումը և գրանցումը Քարտային հաշվին:

4.3. Քաղվածքում նշված Վճարման ենթակա գումարը կամ Նվազագույն վճարը մարելու նպատակով Դուք կարող եք մինչև Վճարման օրը պահանջվող գումարը անմիջապես մուտքագրել Քարտային հաշվին կամ Վճարման ենթակա գումարի կամ Նվազագույն վճարի գումարի չափով դրամական միջոցներ ապահովել Բանկում սպասարկվող և Ձեր ավտոմատ գանձման հանձնարարականում նշված բանկային հաշվին: Այս դեպքում, կախված Ձեր ավտոմատ գանձման հանձնարարականից, Բանկը Ձեր բանկային հաշվից կգանձի Վճարման ենթակա ամբողջ գումարը կամ Նվազագույն վճարը` Վճարման օրվանից հետո երկու Բանկային օրվա ընթացքում:

4.4. Եթե Դուք վճարում եք Քաղվածքում նշված Վճարման ենթակա ամբողջ գումարը Վճարման օրվանից հետո կամ ցանկանում եք հետաձգել պարտքի մարումը և կատարել Քաղվածքում նշված Վճարման ենթակա գումարի մասնակի մարում (բայց Նվազագույն վճարից ոչ պակաս), Դուք պետք է վճարեք տոկոսներ Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով: Տոկոսները կհաշվարկվեն Քաղվածքի Վճարման ենթակա գումարը կազմող բոլոր գումարների (այդ թվում վարկային սահմանաչափից օգտագործված գումարի, տոկոսագումարների, միջնորդավճարների, սպասարկման վճարների և ժամկետանց գումարների`բացառությամբ տուգանքների և տույժերի) վրա`սկսած դրանք Քարտային հաշվին գրանցվելու օրվանից մինչև ամբողջական մարումը և Քարտային հաշվին գրանցումը: Տոկոսները կելքագրվեն հաջորդ Քաղվածքի ամսաթվին:

4.5. Եթե Նվազագույն վճարի գումարը չի վճարվել մինչև Վճարման օրը, ապա հերթական Քաղվածքի ամսաթվին Քարտային հաշվից ելքագրվում է վճարի ուշացման տուգանք` Բանկի սակագներով սահմանված չափով:

4.6. Անկախ Քարտային հաշվի արժույթից տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով: Տոկոսագումարները, որպես կանոն, ելքագրվում են Քարտային հաշվից, ընդ որում, արտարժութային Քարտային հաշվի դեպքում Բանկն իրավունք ունի գանձվելիք գումարի չափով արտարժույթը փոխանակել ՀՀ դրամի` ելքագրման օրվա դրությամբ Բանկի սահմանված համապատասխան փոխարժեքով և ելքագրել:

4.7. Արտարժութային կրեդիտի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ կրեդիտի մարումների վրա:

4.8. Եթե Դուք առարկություններ ունեք Քաղվածքում արտացոլված որևէ Գործարքի վերաբերյալ, Դուք պարտավոր եք այդ մասին տեղեկացնել Բանկին և բողոքարկելԳործարքը Քաղվածքի ամսաթվից 30 օրյա ժամկետում: 30 օրից ավելի վաղեմության գործարքների բողոքարկումները ևս կարող են ընդունվել Բանկի կողմից ԱրՔա վճարային համակարգի և MasterCard International Inc –ի կանոնակարգերի համաձայն: ԱրՔա վճարային համակարգի ներքո իրականացված գործարքների բողոքարկումը իրականացվում է ԱրՔա-ի Կանոնակարգերի համաձայն, իսկ միջազգային գործարքների բողոքարկումն իրականացվում է MasterCard International Inc ընկերության Կանոնակարգերի համաձայն (մանրամասները հասանելի են MasterCard-ի կայքում www.mastercard.com/us/merchant/pdf/TB_CB_Manual.pdf):

4.9. Առաջնային քարտապանի պահանջով Բանկը կարող է տրամադրել վերջին վեց ամսվա Քաղվածքների կրկնօրինակներ Բանկի սակագներով նախատեսված վճարի դիմաց:

4.10. Քարտի օգտագործման հետևանքով առաջացած Քարտային հաշվին առկա պարտքը Առաջնային քարտապանի կողմից չմարվելու դեպքում Բանկն իրավունք ունի իրեն պարտք գումարները բռնագանձել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ, առանց հատուկ ծանուցելու, իրեն պարտք գումարները հավաքագրելու նպատակով նշանակել գործակալներ և ձեռնարկել օրենսդրությամբ չարգելված ցանկացած միջոցներ:

4.11. Դուք պարտավոր եք Բանկին հատուցել պարտքերի հավաքագրման հետ կապված Բանկի կողմից կատարված իրավաբանական և բոլոր այլ տեսակի ծախսերը:

4.12. Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ որոշել հիմնական գումարների, տոկոսների, տուգանքների, վճարների և Բանկին պարտք այլ գումարների մարման հերթականությունը:


5. Գանձումներ և վճարներ

5.1. Բոլոր գանձումները և վճարները ելքագրվում են Ձեր Քարտային հաշվից` համաձայն Բանկի կողմից սահմանված սակագների, ինչպես նաև համապատասխան վճարահաշվարկային համակարգերի կանոնների:

5.2. Կանխիկի դուրսբերման բոլոր Գործարքների համար գանձվում է վճար` Բանկի կողմից սահմանած սակագներով, որը ելքագրվում է Ձեր Քարտային հաշվից գործարքի հաշվանցման հետ միասին: Կանխիկի դուրսբերման դեպքում սկսում են հաշվարկվել նաև տոկոսներ, որոնք ելքագրվում են Քարտային հաշվից Քաղվածքի ամսաթվին:

5.3. Սակագներով նախատեսված և Քաղվածքում արտացոլված բոլոր գանձումները և վճարները գանձվում են ՀՀ դրամով: Սակագներով նախատեսված գանձումները և վճարները Բանկի կողմից, որպես կանոն, գանձվում են Քարտային հաշվից, ընդ որում` արտարժութային Քարտային հաշվի դեպքում Բանկին իրավունք է վերապահվում գանձվելիք գումարի չափով արտարժույթը` գանձման օրվա դրությամբ Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով փոխանակել ՀՀ դրամի և գանձել:


6. Տեղեկատվության տրամադրում

6.1. Բանկի պահանջով Դուք պարտավոր եք Բանկին տրամադրել ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն՝ Բանկի կողմից սահմանված ձևով: Դուք նաև լիազորում եք Բանկին իր հայեցողությամբ ստուգել ստացված տեղեկատվությունը ցանկացած եղանակով և աղբյուրներից: Պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելու կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում Բանկը, իր հայեցողությամբ, կարող է մերժել նոր Քարտի տրամադրումը կամ անմիջապես չեղարկել Քարտը` պահանջելով Քարտային հաշվին առկա բոլոր պարտքերի անհապաղ մարում:

6.2. Սույնով Դուք հաստատում և ընդունում եք, որ Բանկն իրավունք ունի վաճառելու, փոխանցելու կամ զիջելու Ձեր Քարտային հաշվին առկա պարտքերը իր ընտրությամբ երրորդ անձի, և այդ մասին Բանկի գրավոր ծանուցումը պարտավորեցնում է Ձեզ ընդունել ցանկացած այդպիսի երրորդ անձի որպես պարտատեր և նրան վճարել պարտք գումարները, ինչը կազատի Ձեզ Բանկի նկատմամբ այդպիսի գումարների հետ կապված ցանկացած պարտավորությունից:

6.3 Քարտային հաշվի առկայության և Ձեր կողմից Քարտի օգտագործման կապակցությամբ Բանկի նկատմամբ ստանձնած պարտավորությունների չկատարման մասին տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրին և ‹‹ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ›› ՓԲԸ-ին:

6.4. Դուք նաև լիազորում եք Բանկին, իր հայեցողությամբ և առանց Ձեզ նախապես տեղեկացնելու, Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ հանդիսացող կազմակերպություններին, Քարտի տրամադրման կամ սպասարկման հետ կապված Բանկին ծառայություններ մատուցող կամ Բանկի հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող երրորդ անձանց, այլ բանկերին, վարկային կազմակերպություններին և նման այլ կազմակերպություններին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, վերջիններիս դիմումով կամ իր նախաձեռնությամբ տրամադրել Ձեր և Քարտի, այդ թվում Քարտի օգտագործման կապակցությամբ Բանկի նկատմամբ ստանձնած պարտավորությունների չկատարման մասին տեղեկություններ, այդ թվում` տեղեկանքներ
Դուք համաձայնվում եք նաև, որ Բանկը կարող է Ձեր վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել Էյչ-Էս-Բի-Սի խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են սույն Պայմաններին որպես Հավելված կցվող և սույն Պայմանների անբաժանելի մասը կազմող << Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ>> փաստաթղթով:

6.5. Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի պահանջների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված/տնօրինվող/ստացված միջոցների շրջանառությունը արգելված է: Հաշվի առնելով օրենքի պահանջը և հետևելով ‹‹փողերի լվացման›› վերաբերյալ միջազգային իրավական նորմերին և ընդունված պրակտիկային` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարել ցանկացած գումարների/արժեքների ծագման մասին, որոնք մուտքագրված են կամ մուտքագրվում են Հաճախորդի կողմից կամ Հաճախորդի անվամբ, ինչպես նաև ելքագրվում են հաճախորդի հաշվից կամ անունից:: Բանկն իրավունք ունի պահանջել ներկայացնել բավարար ապացույցներ` այդ միջոցների ծագման օրինականության վերաբերյալ: Բանկը իրավունք ունի արգելել և կասեցնել կասկածելի գումարների տնօրինումը և/կամ օգտագործումը և/կամ տիրապետումը` մինչև բավարար ապացույցներ ներկայացնելը/ ստանալը: Դուք պարտավորվում եք հատուցել Բանկին վերը նշված իր գործողությունների կապակցությամբ որևէ երրորդ անձանց կողմից պահանջների ներկայացման հետևանքով Բանկին պատճառված բոլոր տեսակի վնասները և ծախսերը: Դուք գիտակցում և համաձայն եք, որ Բանկը, ՀՀ գործող օրենսդրության սահմաններում, պարտավոր է կատարել համապատասխան երկրների օրենքների, այլ իրավական ակտերի և իրավապահ մարմինների պահանջները, որոնք վերաբերվում են, ի թիվս այլոց, ահաբեկիչների և հետախուզման մեջ գտնվող այլ անձանց ֆինանսավորման կանխարգելմանը: Ոչ Բանկը, և ոչ Բանկի գործընկեր հանդիսացող որևէ այլ կազմակերպություն պատասխանատվություն չեն կրում որևէ անձի կողմից կրած վնասների և կորուստների համար (անկախ նրանից, թե դա ուղղակի թե անուղղակի վնաս է, ներառյալ սպասվելիք եկամտի կամ տոկոսների կորուստը), եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են նման պահանջները կատարելու հետևանքով: Բանկի ներքին ընթացակարգերով և/կամ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման մասին ՀՀ իրավական ակտերով նախատեսված դեպքերում Բանկն իրավասու է կասեցնել Քարտի միջոցով տրամադրվող ծառայություններն ` այդ թվում Քարտի արգելափակման միջոցով, կամ մերժել Հաճախորդի կողմից գործարքի կատարումը կամ Հաճախորդի հետ գործարար հարաբերությունների հաստատումը կամ դադարեցնել առկա հարաբերությունները:


7. Կորցված Քարտ

7.1. Քարտի կորստի դեպքում Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Բանկին կամ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին: Քարտի կորստի մասին կարելի է հաղորդել Հեռախոսային բանկային ծառայության միջոցով կամ այցելելով Բանկի մասնաճյուղ, և Ձեր հրահանգի համաձայն Քարտն անմիջապես կարգելափակվի: USSD հաղորդագրության ծառայությունից օգտվելու դեպքում Քարտը կարող է անմիջապես արգելափակվել նաև նշված ծառայության միջոցով: Քարտի կորստի մասին Ինտերնետային բանկային ծառայության միջոցով տեղեկացնելու դեպքում Քարտը կարգելափակվի երկու Բանկային օրվա ընթացքում:

7.2. Ձեր պատասխանատվությունը այն Գործարքների համար, որոնք կատարվել են Բանկին Քարտի կորստի մասին ծանուցելուց հետո (օրինակ` առցանց ռեժիմում հավաստագրում չանցած գործարքները), սահմանափակվում է Բանկի կողմից ժամանակ առ ժամանակ սահմանվող և սակագներում նշված գումարով:

7.3. Եթե Քարտի կորստից հետո` մինչև այդ մասին Ձեր կողմից Բանկին ծանուցելը, Քարտի միջոցով կատարվում են գործարքներ, ապա Դուք պատասխանատվություն եք կրում Քարտային հաշվից ելքագրված նման գործարքների գումարների համար: Սույնով Դուք պարտավորվում եք Բանկին զերծ պահել Քարտի կորստի կամ երրորդ անձանց կողմից անօրինական օգտագործման հետևանքով առաջացած պատասխանատվությունից, ինչպես նաև հատուցել դրա հետ կապված Բանկի հնարավոր կորուստները, վնասները և ծախսերը այն դեպքում, երբ Քարտը կորել է, և Բանկն այդ մասին չի տեղեկացվել կամ եթե Քարտը անօրինական օգտագործվել է մինչև Բանկին այդ մասին տեղեկացնելը:

7.4. Բանկը սահմանված վճարի դիմաց իր հայեցողությամբ կարող է տրամադրել նոր Քարտ, այն պայմանով, որ Դուք բոլոր առումներով կատարել եք սույն պայմանների պահանջները:

7.5. Կորցրած Քարտը գտնելու դեպքում Դուք չպետք է օգտագործեք այն առանց Բանկի համաձայնության:


8. Կից Քարտեր

8.1. Առաջնային Քարտապանը Քարտային հաշվով գործարքներ իրականացնելու համար կարող է դիմել Բանկին Հավելյալ Քարատապան(ներ)ին Կից/Հավելյալ Քարտ(եր) տրամադրելու խնդրանքով:

8.2. Առաջնային Քարտապանն ընդունում է, որ իր և ցանկացած Հավելյալ Քարտապան(ներ)ի կողմից կատարված Գործարքների գումարը չպետք է գերազանցի Քարտային հաշվի վարկային սահմանաչափը:

8.3. Առաջնային Քարտապանը պարտավորվում է Բանկին փոխհատուցել Քարտային հաշվին գրանցված բոլոր գործարքների և վճարների գումարները, ներառյալ Հավելյալ Քարտապան(ներ)ի կողմից կատարված Գործարքների գումարները:

8.4. Առաջնային Քարտապանն ընդունում է, որ Կից/Հավելյալ Քարտ(երի)ի ժամկետը լրանալիս դրանք կարող են վերաթողարկվել և Հավելյալ Քարտապան(ներ)ին տրամադրվել առանց Առաջնային Քարտապանին այդ մասին նախապես ծանուցելու:

8.5. Առաջնային Քարտապանը պարտավորվում է Հավելյալ Քարտապան(ներ)ի հետ հաստատել/ վավերացնել Գործարքները:

8.6. Առաջնային Քարտապանը կարող է չեղարկել Կից/Հավելյալ Քարտը` Բանկին այդ մասին գրավոր ծանուցելով:

8.7. Հավելյալ Քարտապան(ներ)ը պարտավորվում է(են) տեղեկացնել Բանկին Առաջնային Քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկացման, ինչպես նաև նման այլ դեպքերի մասին: Հավելյալ Քարտապան(ներ)ը պարտավորվում է(են) նաև չօգտագործել Քարտը Առաջնային Քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկության, ինչպես նաև նման այլ դեպքերի մասին` տեղեկանալու պահից:

8.8. Առաջնային Քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկացման, դեպքում Հավելյալ Քարտապան(ներ)ը համապարտ պատասխանատվություն է(են) կրում Քարտային հաշվին առկա բոլոր պարտքերի համար:


9. Վեճերի լուծման կարգը և օրենսդրությունը

9.1. Քարտային ծառայությունների հետ կապված և սույն պայմաններով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, իսկ ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չլինելու դեպքում` գործարար շրջանառության սովորույթներով: Սույն պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի պայմանների անգլերեն տարբերակի նկատմամբ:

9.2. Բանկի և Քարտապանի միջև ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը: Քարտապանն իրավունք ունի նաև Քարտային ծառայությունների հետ կապված Բանկի նկատմամբ պահանջներն օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին`Հաճախորդին տրամադրված ‹‹Ինչ անել, եթե բողոք ունեք›› փաստաթղթով սահմանված կարգով: ‹‹Ինչ անել, եթե բողոք ունեք›› հավելվածը կցվում է սույն պայմանագրին և կազմում է սույն պայմանագրի անբաժանելի մասը (Հավելված 1):

Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե Քարտապանի կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, որը նշանակում է, որ Բանկը չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Բանկի դեմ կայացված որոշումները այն պահանջների գծով, որոնց գումարը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:


10. Այլ դրույթներ

10.1.Առաջնային Քարտապանը սույնով անչեղարկելիորեն հանձնարարում է Բանկին՝ ավտոմատ գանձման հանձնարարականում նշված բանկային հաշվին միջոցների բացակայության դեպքում Քարտային հաշվին առկա պարտավորության գումարը ելքագրել Առաջնային Քարտապանի այլ հաշիվներից՝ իր հայեցողությամբ որոշելով գանձման ժամկետները: Եթե այդ գումարի արժույթը տարբեր է ելքագրվող հաշվի արժույթից, ապա Բանկն իրավունք ունի ելքագրման նպատակով կատարել փոխանակման գործարք` գործարքի օրվա դրությամբ համապատասխան արժույթների համար սահմանված Բանկի համապատասխան փոխարժեքով: Բանկի նկատմամբ Առաջնային Քարտապանի պարտավորությունները մարելու նպատակով` Բանկն առանց նախնական ծանուցման կարող է Առաջնային Քարտապանի Բանկում առկա ավանդների գումարներն ուղղել Քարտային հաշվի հետ կապված Բանկին պարտք գումարների մարմանը` անհրաժեշտության դեպքում կատարելով փոխանակման գործարք`գործարքի օրվա դրությամբ համապատասխան արժույթների համար սահմանված Բանկի համապատասխան փոխարժեքով՝ իր հայեցողությամբ որոշելով գանձման ժամկետները:

10.2. Դուք պարտավորվում եք անհապաղ գրավոր տեղեկացնել Բանկին Ձեր աշխատավայրի կամ բնակավայրի հասցեի կամ հեռախոսահամարների, ինչպես նաև Քարտի դիմումի մեջ նշված այլ տեղեկությունների փոփոխման վերաբերյալ:

Բանկն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ վերանայել Քարտի միջոցով տրամադրվող ծառայությունները և արտոնությունները, փոփոխել սույն պայմանները և Սակագները, ինչպես նաև տոկոսադրույքները Ձեզ այդ մասին տեղեկացնելով Ձեզ հետ համաձայնեցված եղանակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Դուք պարտավոր եք ղեկավարվել փոփոխված պայմաններով, քանի դեռ, նախքան այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը, Քարտը չեղարկելու նպատակով այն չեք վերադարձրել Բանկին: Փոփոխված պայմաններին համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք վաղաժամկետ մարել Քարտային հաշվի մնացորդը առանց տուգանքների և վերադարձնել Քարտը Բանկին` չեղարկելու նպատակով, պայմանով, որ մինչև Քարտի չեղարկումը ընկած ժամանակահատվածում Նվազագույն վճարը կատարվի համաձայն Քաղվածքների:

10.4. Դուք ընդունում եք, որ Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների համար:

10.5. Ձեր կողմից Քարտային հաշվով գործարքներ կատարելու նպատակով Բանկ ներկայացված փաստաթղթերի, այդ թվում երրորդ անձանց օգտին Ձեր կողմից տրված լիազորագրերի (այդ թվում` նոտարական կարգով վավերացված) իսկության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում, Բանկն իրավունք ունի նշված փաստաթղթերի/լիազորագրերի իսկությունը պարզելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, և Դուք սույնով համաձայն եք, որ այս կապակցությամբ առաջացած ուշացումների հետևանքով Ձեր կրած վնասների համար Բանկին որևէ պահանջ չեք ներկայացնի: Քարտային ծառայություններից օգտվելու համար Բանկի կողմից պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը Ձեր կողմից պատշաճ կերպով չներկայացվելու դեպքում Բանկն իրավունք ունի կասեցնել քարտային ծառայությունների տրամադրումը կամ վարկային սահմանաչափի օգտագործումը մինչև պահանջվող տեղեկատվության կամ փաստաթղթերի տրամադրումը:

10.6. Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ արգելափակել/կասեցնել Քարտի միջոցով տրամադրվող ծառայությունները, եթե Բանկը հիմնավոր կասկածներ ունի Քարտով կատարված գործարք(ներ)ի հավաստիության վերաբերյալ` այդ մասին Ձեզ տեղեկացնելով: Քարտի միջոցով տրամադրվող ծառայությունների արգելափակումը կվերացվի Բանկի կողմից պահանջվող տեղեկատվությունը/փաստաթղթերը/, գործարք(ներ)ի հավաստիության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կամ բավարար պարզաբանումներ ստանալուց հետո:

10.7. Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ արգելափակել/կասեցնել Քարտի միջոցով տրամադրվող ծառայությունները, այնպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնք ակնհայտ վկայում են, որ տրամադրված միջոցները ժամանակին չեն մարվի, և/կամ Բանկը ստացել է Քարտապանի հաշվից (հաշիվներից) գումարների գանձման կամ արգելանքի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմինների կողմից տրված որոշումներ:


11. Դադարեցում

11.1.Առաջնային Քարտապանը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել Բանկի հետ պայմանագիրը, այդ մասին Բանկին գրավոր տեղեկացնելով և վերադարձնելով կտրատված Քարտը և բոլոր Կից/Հավելյալ Քարտ(եր)ը և մարելով Բանկին պարտք բոլոր գումարները, առանց որևէ տուգանքների: Այդ դեպքում Բանկը պարտավոր է համամասնորեն նվազեցնել վճարները: Պայմանագիրը կնքելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ) այն Առաջնային Քարտապանի կողմից դադարեցնելու դեպքում` Առաջնային Քարտապանը պարտավորվում է մարել Բանկին պարտք բոլոր գումարները, այդ թվում` կրեդիտի օգտագործված գումարը և օգտագործման համար հաշվարկված տոկոսագումարները (առկայության դեպքում)՝ առանց որևէ տուգանքների, որոնք հաշվարկվում են տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Առաջնային Քարտապանը կամ Հավելյալ Քարտապանը կարող են դադարեցնել պայմանագիրը Կից/Հավելյալ Քարտի մասով` այդ մասին գրավոր տեղեկացնելով Բանկին:

11.2. Բանկը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել պայմանագիրը` չեղարկելով Քարտը առանց որևէ պատճառաբանության, Ձեզ այդ մասին հետագայում ծանուցելով: Դուք պարտավոր եք Քարտը ոչնչացնել` պարտադիր կտրատելով այն մասերի մագնիսական երիզի և չիպի երկայնքով:

11.3. Բանկի ծանուցումները և Քաղվածքները ուղարկվում են Ձեզ` Բանկին տեղեկացված Ձեր վերջին հասցեով/տվյալներով և Բանկի հետ համաձայնեցված կարգով:Փոստային կապի կամ փաստաթղթերի առաքման ծառայության միջոցով ծանուցելու դեպքում` Ձեր կողմից նշված հասցեով ծանուցումը առաքելը համարվում է պատշաճ ծանուցում: Ձեր կողմից Բանկի ծանուցումը չստանալը չի կարող որակվել որպես Բանկի կողմից իր ծանուցման պարտավորության չկատարում կամ ոչ պատշաճ կատարում: Դուք համաձայն եք և հանձնարարում եք Բանկին` Ձեր կողմից նշված փոստային հասցեով ուղարկվող տեղեկատվությունը Ձեր բացակայության ընթացքում տրամադրել այդ հասցեում երրորդ անձանց և պարտավորվում եք այդ կապակցությամբ որևէ պահանջ չներկայացնել:

11.4. Քարտային հաշվի Վճարման ենթակա գումարը, ինչպես նաև Քարտի միջոցով իրականացված, բայց դեռ չգրանցված Գործարքների գումարները ցանկացած պատճառով պայմանագրի դադարեցման դեպքում ներառյալ Քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկության դեպքում ենթակա են Բանկին անհապաղ վճարման և պետք է ամբողջությամբ մարվեն: Բանկն իրավունք ունի պարտք գումարները, այդ թվում` ծախսերը, իրավաբանական ծախսերը, տոկոսները և վճարները պահանջել Քարտապանի իրավահաջորդներից` վերջինիս մահվան դեպքում: Դա որևէ կերպ չի ազդում Բանկին պարտք գումարների նկատմամբ տոկոսներ հաշվարկելու և վճարներ գանձելու Բանկի իրավունքի վրա:

11.5. Բոլոր այն Գործարքների գումարները, որոնք կներկայացվեն Քարտային հաշվին Քարտի գործողությունը դադարեցնելուց հետո 45 օրվա ընթացքում ենթակա են անհապաղ վճարման Բանկին:


12. Լրացուցիչ դրույթներ

12.1.ՄաստերՔարտ/ԱրՔա տեսակի քարտերի Քարտապանների համար գործում է շուրջօրյա Թեժ Գիծ (հեռախոսահամարը նշված է Քարտի դարձերեսին):

12.2. Քարտային հաշվին մուտքագրված գումարի շտապ ակտիվացման համար ՄաստերՔարտ/ԱրՔա Քարտապանները կարող են զանգահարել քարտի դարձերեսին նշված հարցումների համար նախատեսված Բանկի հեռախոսային բանկային ծառայության հեռախոսահամարով, որի համար կգանձվի վճար` Բանկի սակագներով սահմանված չափով: Վերոնշյալ վճարը կելքագրվի Քարտային հաշվից:

12.3. Որոշ քարտային ծառայությունների տրամադրման դեպքում Բանկը կարող է իր հաշվին Քարտապանի համար ձեռք բերել որոշակի ապահովագրական ծառայություններ և Քարտապանը լիազորում է Բանկին նշված ապահովագրական ծառայությունների ձեռք բերման նպատակով Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններին տրամադրել Քարտապանի անհատական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, հասցե, անձնագրային տվյալներ, և այլն):

terms

Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և Բանկի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ Բանկի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք Բանկի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:


ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սիրելի՜ հաճախորդ, Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Դատարան դիմելու դեպքում Ձեր և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

Ֆինանսական համակարգի հաշտարարի դիմելու դեպքում Ձեր և Բանկի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են: Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք Բանկին: Բանկը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: 10 օրից պատասխանը ստանալուց հետո կամ, եթե պատասխան չեք ստացել, առանց դրա, Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե`

  1. Բողոքը Բանկին ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր,
  2. Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը),
  3. Բանկի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս,
  4. Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել մինչև 2008թ. օգոստոսի 2-ը:

Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:

* Հարգելի՜ հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե Ձեր կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Դա նշանակում է, որ Բանկը չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Բանկի դեմ կայացված որոշումները այն պահանջների գծով, որոնց գումարը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ՀՀ, քաղաք Երևան 0010, Մ.Խորենացի փողոց 15,
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ Հեռախոս` + 374 (60) 70 11 11.
Էլ.հասցե` info@fsm.am
Կայք` www.fsm.am

Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ
Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և Բանկի միջև վեճերը, սակայն կարող է Բանկի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ Բանկը խախտել է օրենքի պահանջները:

ՀՀ Կենտրոնական բանկ
Հասցե` ՀՀ, քաղաք Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 6
Հեռախոս` + 374 (10) 59 26 97
Ֆաքս` + 374 (10) 56 54 96
Էլ. հասցե` info@cba.am
Կայք` www.cba.am

* Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և Բանկի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ Բանկի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք Բանկի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 22/08/2017 15:00

 

1. Գործում է արդյո՞ք ամսական սպասարկման վճար:

Գործում են քարտի հաշվի ամսական սպասարկման հետևյալ վճարները`

Visa Plus բանկոմատային քարտ Անվճար
ԱրՔա Կլասիկ քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ ամսական 1,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 12,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ ամսական 1,500 ՀՀ դրամ կամ
տարեկան 18,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ ամսական 3,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 36,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ ամսական 5,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 60,000 ՀՀ դրամ

Սպասարկման տարեկան վճարը գանձվում է միանվագ` յուրաքանչյուր տարվա սկզբում:

 
 

2. Կարո՞ղ եմ արդյոք օգտագործել իմ ԱրՔա քարտը օտարերկրյա գործարքներ իրականացնելիս:

ԱրՔա Կլասիկ քարտը նախատեսված է Հայաստանում գործող առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու, բանկոմատներից ու կանխիկի տրամադրման կետերից կանխիկ դրամական միջոցներ ստանալու համար:

 
 

3. Ինչպիսի՞ տոկոսադրույքներ են կիրառվում կրեդիտ քարտերի համար:

Կիրառվում են հետևյալ անվանական տոկոսադրույքները` տարեկան կտրվածքով.

Visa Plus բանկոմատային քարտ -
ԱրՔա Կլասիկ քարտ 18%
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ 15%
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ 18%
ՄաստերՔարտ Ոսկի քարտ 18%
ՄաստերՔարտ Պլատինում քարտ 18%
ՄաստերՔարտ World Black Edition քարտ 18%
 
 

4. Ի՞նչ է հարկավոր անել քարտի կորստի դեպքում:

Քարտի կորստի դեպքում Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Բանկին կամ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին: Քարտի կորստի մասին կարելի է հաղորդել ցանկացած եղանակով:

Կրեդիտ քարտի աջակցության կենտրոն

Տեղական զանգեր` +374 (60) 655 505
Միջազգային զանգեր` +1 (636) 722 71 11

Տեղական զանգեր`
+374 (60) 655 505
Միջազգային զանգեր`
+1 (636) 722 71 11

 
 

5. Որո՞նք են սահմանված նվազագույն և առավելագույն վարկային սահմանաչափերը:

Կիրառվում են կրեդիտ քարտերի վարկային հետևյալ սահմանաչափերը

ԱրՔա Կլասիկ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 500,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 3,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
 
 

6. Ինչպե՞ս է աշխատում ՄաստերՔարտ SecureCode-ը

Ինտերնետային կայքում Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ՄաստերՔարտ քարտով առցանց վճարում կատարելիս, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր քարտի պահանջվող տվյալները, որից հետո համակարգը Ձեզ կուղղորդի դեպի նոր էջ, որտեղ նշված կլինի Ձեր բջջային հեռախոսահամարը, որին պետք է ուղարկվի գործարքի հաստատման ծածկագիրը: Հաստատելով հեռախոսահամարը՝ Դուք կստանաք ծածկագիրը և կմուտքագրեք այն պահանջվող դաշտում: Վավեր ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կկատարվի: Սխալ ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կմերժվի: