Internet Banking Tariffs

Ինտերնետային բանկային ծառայության պայմաններ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-Ի ինտերնետի միջոցով հաղորդակցման և գործարքների իրականացման պայմաններ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) Ինտերնետի միջոցով հաղորդակցման և գործարքների իրականացման պայմանները (այսուհետ նաև Պայմաններ) սահմանում են Բանկի Հաճախորդների կողմից Ինտերնետի միջոցով գործարքների կատարման և հաղորդակցման (այսուհետ` Ծառայություն) կարգը և պայմանները: Սույն Պայմաններում շարադրված «մենք», «մեզ» դերանունները վերաբերում են Բանկին, իսկ «դուք», «ձեզ» դերանունները վերաբերում են Հաճախորդին:

Մինչև Ծառայությունից օգտվելը Հաճախորդները պետք է մանրամասնորեն ծանոթանան Ծառայության Պայմաններին և դրանց հետ համաձայն չլինելու դեպքում ձեռնպահ մնան Ծառայությունից օգտվելուց: Հաճախորդը սույնով հաստատում է, որ Ծառայությունից օգտվելը համարվում է Հաճախորդի կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունում:

1. Ծառայության միջոցով իրականացվող գործարքների և տրամադրվող տեղեկատվության ցանկ

Հաճախորդը Ծառայության միջոցով կարող է իրականացնել հետևյալ ֆինանսական գործարքները և ստանալ հետևյալ տեղեկատվությունը.

Գործարքներ

  • ժամկետային ավանդի ձևակերպում և ժամկետային ավանդի հաշվի փակում
  • ավանդի մարման հանձնարարականի փոփոխում
  • լրացուցիչ բանկային հաշվի (հաշիվների) բացում և փակում
  • դրամական միջոցների փոխանցում
  • վճարումներ Բանկի Մաստեր/ԱրՔա կրեդիտ քարտերին
  • կրեդիտ քարտի սահմանաչափի ժամանակավոր ավելացման դիմումի ներկայացում
  • կորած կամ գողացված չեկերով վճարումների դադարեցում, նոր չեկային գրքույկների պատվիրում
  • Բանկին տրամադրված հաղորդակցման տվյալների (էլեկտրոնային փոստի հասցեի, հեռախոսահամար(ներ)ի, այդ թվում` բջջային հեռախոսահամար(ներ)ի) փոփոխում

Տեղեկատվություն

  • հաշվի/հաշիվների մնացորդի, հաշվով/հաշիվներով գործարքների վերաբերյալ տեղեկությունների և քաղվածքների պատվիրում և ստացում` էլեկտրոնային, թղթային եղանակով կամ կարճ հեռախոսային/տեքստային/ /sms/ հաղորդագրությունների միջոցով
  • կրեդիտ քարտերի մնացորդի վերաբերյալ տեղեկատվության ստացում
  • ժամկետային ավանդների և ընթացիկ/խնայողական հաշիվների մնացորդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության ստացում

Նշում` կրեդիտ քարտերի մնացորդը ներկայացվում է նախորդ բանկային օրվա առավոտյան ժամը 7-ի դրությամբ (տեղական ժամանակով):

Ծառայության միջոցով կատարվող գործարքների և ստացվող տեղեկատվության ցանկը սահմանվում է սույն Պայմաններով և կարող է ժամանակ առ ժամանակ վերանայվել Բանկի կողմից` Հաճախորդին ծանուցելով Բանկի կայքէջի կամ Բանկի մասնաճյուղերի միջոցով` համապատասխան փոփոխությունը կատարելուց մեկ ամիս առաջ:

Բանկի կողմից Հաճախորդին առաջարկվող Ծառայության նկատմամբ կիրառվում են սույն Պայմանները, Բանկի Հաճախորդների Բանկային Հաշիվների, Բանկային Ավանդների, Էլեկտրոնային բանկային ծառայությունների և Բանկային այլ Ծառայությունների Մատուցման Հիմնական Պայմանները (Ընդհանուր Պայմաններ), ինչպես նաև Բանկի Քարտային Ծառայությունների Տրամադրման Պայմանները և Բանկի այլ կիրառելի պայմանները:

2. Գրանցում և օգտագործում - անվտանգության ծածկագրեր և կանոններ

Հաճախորդը Ծառայությունից օգտվելու նպատակով պարտավոր է Բանկում ունենալ բանկային հաշիվ և Բանկի կողմից տրամադրված բանկոմատային (ԱԳՄ) քարտ` նախքան Ծառայությունից օգտվելու համար գրանցվելու պահը: Ծառայությանը գրանցվելու գործընթացի ժամանակ Հաճախորդն ընտրում է անձնական օգտագործողի անուն, որը հանդիսանում է Ծառայությունից օգտվելու նպատակով Հաճախորդի անհատական տվյալները պարունակող տառային/թվային նիշերի չկրկնվող համադրություն: Հաճախորդի կողմից անձնական օգտագործողի անունն ընտրելուց հետո Բանկի ինտերնետային սերվերում ստեղծվում է Հաճախորդի անձնական էջ, որը պարունակում է Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ` Հաճախորդին վերաբերող անձնական բոլոր տվյալները և որը հասանելի է բացառապես Հաճախորդին: Հաճախորդի անձնական էջի ստեղծումից հետո Հաճախորդն անձնական էջում տեղակայված հարցերի ցանկից պարտավոր է ընտրել անձնական հիշվող հարց և լրացնել անձնական հիշվող պատասխան, որը կօգտագործվի Հաճախորդին նույնականացնելու նպատակով` Ծառայությունից օգտվելու ընթացքում: Հաճախորդը պարտավոր է նաև ընտրել անձնական էջում տեղակայված անվտանգության հարցերի ցանկից երկու անվտանգության հարց և լրացնել դրանց պատասխանները, որոնք կօգտագործվեն Հաճախորդի կողմից անձնական հիշվող հարցի և/կամ անձնական հիշվող պատասխանի փոփոխման նպատակով: Հաճախորդի անձնական օգտագործողի անունը, նախընտրելի անձնական հիշվող հարցը և անձնական հիշվող պատասխանը, ինչպես նաև անվտանգության երկու հարցերը և դրանց պատասխանները (այսուհետ միասին` Նույնականացման և Անվտանգության Տվյալներ), ինչպես նաև Հաճախորդին տրամադրվող անվտանգության սարքն ապահովում են Ծառայությունից օգտվելու ընթացքում անվտանգությունը: Անվտանգության սարքը Հաճախորդին տրամադրվում է Բանկի մասնաճյուղերում կամ Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված այլ եղանակներով: Հաճախորդը պարտավորվում է անվտանգության սարքի դիմաց վճարել Բանկի կողմից սահմանված վճարը: Հաճախորդը երաշխավորում է նաև, որ անվտանգության սարքը կօգտագործվի բացառապես իր կողմից և չի փոխանցվի երրորդ անձանց:

Բանկը տրամադրում է երաշխիք անվտանգության սարքի որակի համար` անվտանգության սարքը Հաճախորդին հանձնելու պահից մեկ տարի ժամկետով: Նշված ժամկետի ընթացքում Հաճախորդին տրամադրված անվտանգության սարքի որևէ թերության կամ անսարքության դեպքում Բանկը Հաճախորդի պահանջով պարտավորվում է անվճար փոխարինել անվտանգության սարքը կամ վերացնել թերությունները և անսարքությունները: Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում անվտանգության սարքի որևէ թերության կամ անսարքության համար, եթե երաշխիքային ժամկետի ընթացքում անվտանգության սարքի թերությունը/անսարքությունն առաջացել է Հաճախորդի մեղքով, ինչպես նաև եթե լրացել է անվտանգության սարքի երաշխիքային ժամկետը: Նման դեպքերում Հաճախորդին կարող է տրամադրվել նոր անվտանգության սարք` միայն Բանկի կողմից սահմանված վճարը Հաճախորդի կողմից վճարելուց հետո: Բանկն անհրաժեշտության դեպքում, ելնելով անվտանգության նկատառումներից, իրավունք ունի չեղարկել Հաճախորդի անվտանգության սարքը` Հաճախորդին տրամադրելով նոր անվտանգության սարք: Անվտանգության սարքի կորստի դեպքում Հաճախորդը պարտավոր է անհապաղ փոխել անձնական հիշվող հարցը և համապատասխան անձնական հիշվող պատասխանը: Եթե վերը նշված փոփոխությունների կատարումը հնարավոր չէ, Հաճախորդը հեռախոսային կապի միջոցով +374 (60) 655 444 կամ գրավոր եղանակով պարտավոր է անհապաղ տեղեկացնել Բանկին անվտանգության սարքի կորստի մասին` խնդրելով չեղարկել անվտանգության սարքը կամ ժամանակավորապես կասեցնել Ծառայությունից օգտվելու հնարավորությունը:

Հաճախորդը Նույնականացման և Անվտանգության Տվյալների միջոցով հաստատում է իր ինքնությունը, ինչպես նաև այն փաստը, որ համապատասխան գործարքի հանձնարարականը/հարցումը ներկայացվել է անձամբ իր կողմից: Հաճախորդը հաստատում է, որ Նույնականացման և Անվտանգության Տվյալների կիրառմամբ հանձնարարականների/հարցումների ներկայացումը (ա) հավասարազոր է Հաճախորդի կողմից անձամբ ստորագրված հանձնարարականներին/հարցումներին (բ) Բանկի համար հանդիսանում է Հաճախորդի համապատասխան հանձնարարականը հաստատող բավարար ապացույց: Ծառայությունից օգտվելու ընթացքում Հաճախորդի կողմից գործարքի հանձնարարականները/հարցումները բացառության կարգով կարող են ներկայացվել նաև Նույնականացման և Անվտանգության Տվյալների կիրառմամբ` պաշտպանված էլեկտրոնային հաղորդագրություններ (secure messages) ուղարկելու միջոցով: Հաճախորդը անվերապահորեն ընդունում է Նույնականացման և Անվտանգության Տվյալների կիրառմամբ Բանկին ներկայացված հանձնարարականների հիման վրա Բանկի կողմից կատարված գործարքների պայմանները, հաստատում է, որ Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում սույն Պայմանների պահպանմամբ կատարված գործարքների/գործողությունների համար և այդ կապակցությամբ պարտավորվում է զերծ պահել Բանկին որևէ պահանջի ներկայացումից:

Հաճախորդի Նույնականացման և Անվտանգության Տվյալները չկրկնվող են, անձնական և գաղտնի: Բանկը չի կարող տեղեկանալ Հաճախորդի կողմից ընտրված Նույնականացման և Անվտանգության տվյալներին: Դրանք ընտրվում են Հաճախորդի կողմից` Ծառայությանը գրանցվելու ընթացքում և կարող են փոփոխվել նրա կողմից: Հաճախորդը տեղեկացված է և գիտակցում է, որ Նույնականացման և Անվտանգության Տվյալների պարբերաբար փոփոխումը Ծառայությունից օգտվելու ընթացքում անվտանգությանն ուղղված անհրաժեշտ միջոցառում է:

Հաճախորդը սույնով տեղեկացվում է, որ Ծառայությունից օգտվելու համար գրանցվելուց հետո Բանկը չի պահանջելու Հաճախորդից բացահայտել իր Նույնականացման և Անվտանգության Տվյալները: Հաճախորդը պարտավոր է ապահովել Նույնականացման և Անվտանգության Տվյալների պատշաճ պահպանությունը` երրորդ անձանց կողմից այդ տվյալների չթույլատրված օգտագործումը կամ դրանց արտահոսքը կանխելու նպատակով: Այն դեպքերում, երբ Հաճախորդը հայտնաբերում է երրորդ անձանց կողմից իր Նույնականացման և Անվտանգության Տվյալների հասանելի դառնալու կամ ապօրինի օգտագործման փաստը, Հաճախորդը պարտավոր է անհապաղ փոխել Նույնականացման և Անվտանգության Տվյալները ինքնուրույն կամ դիմել Բանկին` դրանք արգելափակելու խնդրանքով:

Հաճախորդը տեղեկացված է, որ Ծառայությունից օգտվելու ընթացքում Հաճախորդին նույնականացնելու երեք անհաջող փորձերի դեպքում Հաճախորդի մուտքը Ծառայություն արգելափակվում է` ելնելով Հաճախորդի անվտանգության շահերից: Եթե Հաճախորդը չի մտապահում իր անձնական հիշվող հարցը/պատասխանը նա կարող է փոխել դրանք` օգտագործելով անձնական անվտանգության հարցերը և պատասխանները Բանկի կայքէջի միջոցով: Եթե Հաճախորդը չի հիշում իր անվտանգության հարցերը և պատասխանները, նա կարող է Բանկի կայքէջի միջոցով ներկայացնել դիմում` նոր Նույնականացման և Անվտանգության Տվյալներ ստանալու նպատակով: Նոր Նույնականացման և Անվտանգության Տվյալներն ակտիվացնելու և դրանց կիրառմամբ Ծառայությունից օգտվելու նպատակով Հաճախորդը պարտավոր է կատարել հաստատում` հեռախոսային կապի միջոցով +374 (60) 655 444 կամ այցելելով Բանկ:

Հաճախորդը պարտավոր է ներդնել համակարգչային ծրագրերի/ծրագրային ապահովման (software), գործառնական համակարգերի, հակավիրուսային ծրագրերի, անձնական համակարգչի պաշտպանիչ այլ ծրագրերի (հակալրտեսային ծրագրերի, միջցանցային էկրանների (firewalls) և այլն) նորագույն և կատարելագործված տարբերակներ: Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Ծառայությանն առնչվող ցանկացած համակարգչային սարքավորման, ծրագրային ապահովման համար, որոնք տրամադրվել են Բանկի կողմից չվերահսկվող այլ անձանց կողմից:

Հաճախորդը գիտակցում է նաև, որ Ինտերնետով տվյալների փոխանցումը պարունակում է երրորդ անձանց կողմից Հաճախորդի ծածկագրերի կամ տվյալների կանխամտածված աղավաղման, երրորդ անձանց կողմից Հաճախորդի համակարգչային ծրագրերի չթույլատրված մուտքի հետևանքով հանձնարարականների/հարցումների ներկայացման, Հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականների բովանդակության աղավաղման, ինչպես նաև Ծառայության միջոցով ստացված տեղեկատվության աղավաղման ռիսկեր և նա ամբողջությամբ տեղյակ է այդ ռիսկերի մասին: Բանկը չի կարող երաշխավորել վիրուսների բացակայությունը և պատասխանատվություն չի կրում, եթե վիրուսները պատճառ դառնան Հաճախորդի գույքի, ծրագրերի, ֆայլերի կորստի/վնասի, կամ դրանց պատճառած այլ վնասների համար:

Բանկն օգտագործում է Secure Socket Layers (SSL) կանխագրեր, որոնք ապահովում են ինտերնետ հաղորդակցման պաշտպանության բարձր մակարդակ: SSL-ը ապահովում է գաղտնագրված կապուղի Ձեր կողմից Ծառայությունն օգտագործելու ընթացքում գաղտնագրելով Ձեր անձնական ինֆորմացիան սկսած Ձեր անձնական համակարգչից ուղարկելու պահից և բացառելով դրա հասանելիությունը այլ անձանց համար: Կախված Ձեր համակարգչի զննարկիչի կարգավորումից` Ծառայությունից օգտվելու ընթացքում Դուք կարող եք ծանուցվել պաշտպանված էջ մուտք գործելու վերաբերյալ:

Ծառայություն մուտք գործելիս Դուք տեղեկացվում եք պաշտպանված տիրույթում գտնվելու վերաբերյալ: Եթե ինտերնետային կայքէջի հասցեն (URL) սկսվում է https://-ով, կամ Ձեր զննարկիչի ներքևի աջ անկյունում պատկերված է կողպեքի պաշտպանիչ նշան, ապա Դուք գտնվում եք պաշտպանված տիրույթում: Հաճախորդը գիտակցում է, որ սույն Պայմաններում սահմանված անվտանգության ընթացակարգերի և կանոնների յուրաքանչյուր բացթողում կամ խախտում կարող է հանգեցնել իր վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության խախտման, երրորդ անձանց կողմից չլիազորված գործարքների կատարման, էլեկտրոնային հաղորդագրությունների աղավաղման, որոնց հետևանքով Հաճախորդը կարող է վնասներ կրել: Բանկը պարտավոր չէ փոխհատուցել այդ կապակցությամբ Հաճախորդի կրած վնասները:

3. Գործարքների սահմանաչափեր և սահմանափակումներ, հաճախորդին տրամադրվող քաղվածքներ և տեղեկատվություն

Հաճախորդի կողմից Ծառայության միջոցով իրականացվող գործարքների համար սահմանվում է Բանկի կողմից թույլատրված գործարքների օրական սահմանաչափ: Բանկի կողմից յուրաքանչյուր Հաճախորդի համար սահմանվող գործարքի թույլատրելի սահմանաչափը նշվում է Ծառայության համապատասխան բաժնում:

Հաճախորդը կարող է Ծառայության միջոցով նվազեցնել իր գործարքների թույլատրելի սահմանաչափը: Գործարքների թույլատրելի սահմանաչափի ավելացումը Հաճախորդի կողմից կատարվում է Բանկին գրավոր կամ բանավոր (հեռախոսային կապի միջոցով +374 (60) 655 444 ներկայացված) դիմումի հիման վրա: Բանկը կարող է փոփոխել գործարքների սահմանաչափը` Հաճախորդին գրավոր եղանակով կամ հեռախոսազանգ կատարելու միջոցով նախապես ծանուցելով այդ մասին:

Բանկն իր հայեցողությամբ կարող է նաև փոփոխել Ծառայությանը Հաճախորդի հասանելիության եղանակները, ինչպես նաև Ծառայությանը հասանելիության և հանձնարարականների ներկայացման վերջնաժամկետները` Հաճախորդին նախապես` համապատասխան փոփոխությունները կատարելուց մեկ ամիս առաջ ծանուցելով այդ մասին Բանկի կայքէջի միջոցով: Հաճախորդի կողմից Ծառայության միջոցով մինչ 17:00 ներկայացված վարկ(եր)ի մարման հանձնարարականները կիրականացվեն նույն օրը: Հաճախորդի կողմից Ծառայության միջոցով 17:00-ից հետո ներկայացված վարկ(եր)ի մարման հանձնարարականները կիրականացվեն հանձնարարականները ներկայացնելուն հաջորդող 24 ժամվա ընթացքում: Հաճախորդի կողմից Ծառայության միջոցով Բանկին ներկայացվող տեղեկատվության տրամադրման դիմումների պատասխանները Հաճախորդին կտրամադրվեն դիմումները ներկայացնելուց հետո 48 ժամվա ընթացքում:

Բանկն իրավունք ունի մերժել Հաճախորդի կողմից ներկայացված գործարքների կատարման հանձնարարականները/հարցումները` այդ մասին ծանուցելով Հաճախորդին հանձնարարականների/հարցումների ներկայացմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում:

Հաճախորդը երաշխավորում է, որ իր կողմից Ծառայության միջոցով բացված բանկային հաշիվ(ներ)ը համապատասխանում են իր ռեզիդենտության կարգավիճակին: Հաճախորդի ռեզիդենտության կարգավիճակի փոփոխության դեպքում Հաճախորդը պարտավոր է պատշաճ կերպով (գրավոր ձևով կամ այցելելով Բանկ) արդիականացնել իր անձնական տվյալները:

Հաճախորդը տեղեկացված է, որ ավանդի դիմաց տոկոսագումարները ենթակա են վճարման ՀՀ դրամով: Եթե Հաճախորդը չունի Բանկում բացված դրամային հաշիվ և Ծառայության միջոցով բացում է ժամկետային Ավանդի հաշիվ արտարժույթով, Հաճախորդը սույնով լիազորում է Բանկին բացել Հաճախորդի անվամբ դրամային հաշիվ` ավանդի դիմաց տոկոսագումարները Հաճախորդին վճարելու նպատակով: Նման դեպքերում Բանկը ծանուցում է Հաճախորդին` վերջինիս անվամբ դրամային հաշվի բացման մասին: Հաճախորդը տեղեկացված է և հայտնում է իր համաձայնությունը, որ իր անվամբ բացված դրամային հաշվի սպասարկման համար Բանկն իրավունք ունի գանձել սպասարկման վճարներ` համաձայն Բանկի գործող Ծառայությունների Սակագների:

Հաճախորդի կողմից Ծառայության միջոցով չեկային գրքույկ պատվիրելու դեպքում Հաճախորդն այն կարող է ստանալ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի` իր կողմից նշված մասնաճյուղում` պատվերի տրման ամսաթվից 90 օրվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում գրքույկը չվերցնելու դեպքում, Հաճախորդը համաձայն է և հավաստում է, որ բանկն իրավասու է չեղարկել չեկային գրքույկը և Հաճախորդի հաշվից գանձել չեկային գրքույկի թողարկման վճարը` համաձայն տվյալ պահին Բանկում գործող Ծառայությունների Սակագների:

Հաճախորդն իրավունք ունի ստանալ Ծառայության միջոցով բացված հաշիվ(ներ)ի վերաբերյալ օրենքով սահմանված տեղեկատվություն (ներառյալ հաշվի քաղվածքներ)` Բանկի հետ համաձայնեցված եղանակով: Ընդ որում, եթե Հաճախորդը Ծառայության միջոցով ընտրում է քաղվածքների և տեղեկատվության ստացման որոշակի եղանակ, ապա Հաճախորդին քաղվածքները և տեղեկատվությունը կտրամադրվեն Հաճախորդի ընտրած եղանակով:

4. Հաճախորդի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը

Հաճախորդը գիտակցում է, որ Ծառայության համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը հանդիսանում է Բանկի սեփականությունը: Հաճախորդի կողմից ծրագրային ապահովումը կրկնօրինակելու, արտատպելու, վերափոխելու դեպքում Բանկն իրավունք ունի Հաճախորդից պահանջել դրա հետ կապված վնասների հատուցում:

Հաճախորդը պարտավոր է իր անձնական տվյալների և փոստային հասցեի փոփոխության դեպքում տեղյակ պահել Բանկին: Եթե Հաճախորդը չի ծանուցում Բանկին անձնական տվյալների և փոստային հասցեի ցանկացած փոփոխության մասին, և Բանկը ստանում է գործարքի կատարման հանձնարարական` Հաճախորդի կողմից նախկինում ներկայացված անձնական տվյալներով, այդ հանձնարարականները համարվում են ներկայացված Հաճախորդի կողմից, և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում այդ կապակցությամբ Հաճախորդի կրած վնասների համար:

Հաճախորդը իրավունք ունի Ծառայության միջոցով կասեցնել Ծառայության հասանելիությունը, ինչպես նաև պահանջել Ծառայությանը հասանելիության վերականգնում: Ծառայության հասանելիության կասեցումը կատարվում է Հաճախորդի պահանջը ներկայացնելու պահից հնարավոր սեղմ ժամկետում, առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

Եթե Հաճախորդը չի օգտվում Ծառայությունից Ծառայությանը գրանցվելու պահից 12 (տասներկու) ամսվա ընթացքում, Բանկն իրավունք ունի կասեցնել Ծառայությունից օգտվելու հնարավորությունը հասանելիությունը` այդ մասին Հաճախորդին տեղեկացնելով գրավոր եղանակով կամ Հաճախորդին հեռախոսազանգ կատարելու միջոցով: Հաճախորդի կողմից Բանկին հայտնված հասցեով նամակ ուղարկելը կամ հայտված հեռախոսահամարով հեռախոսազանգ կատարելը համարվում է պատշաճ ծանուցում: Հաճախորդը Բանկի ծանուցումը ստանալու պահից 10 օրվա ընթացքում պարտավոր է Բանկին գրավոր ձևով տեղյակ պահել` Ծառայությունից օգտվելու/հրաժարվելու իր մտադրության վերաբերյալ, հակառակ դեպքում Բանկը կարող է դադարեցնել Ծառայությունից օգտվելու հնարավորությունը:

Հաճախորդը պարտավոր է մուտքագրել/ներկայացնել ճշգրիտ, ամբողջական և հստակ հանձնարարականներ: Հաճախորդը պարտավոր է պարբերաբար թարմացնել Ծառայությանը գրանցվելու ընթացքում ներկայացված տեղեկությունները` այդ տեղեկությունների ճշմարտացիությունը, ճշգրտությունը, վավերականությունը և ամբողջականությունն ապահովելու նպատակով:

Հաճախորդը գիտակցում է, որ հանձնարարականների/հարցումների հիման վրա գործարքները Բանկի կողմից կկատարվեն տվյալ գործարքների կատարման համար սահմանված ժամկետներում: Հաճախորդը պատասխանատու է սույն Պայմանների խախտման հետևանքով Բանկի կրած վնասների համար:

Հաճախորդը պարտավոր է չօգտագործել Ծառայությունը սույն Պայմաններին չհամապատասխանող ցանկացած այլ եղանակով, օրինակ` Բանկի կայքէջը միացնելով/կապակցելով այլ կայքէջի, հակառակ պարագայում Բանկն իրավունք ունի Հաճախորդից պահանջել նշված պարտավորության խախտման հետևանքով Բանկին պատճառած վնասների հատուցում:

Հաճախորդը գիտակցում է, որ Բանկի կայքէջում տեղակայված էջերի օգտագործման միակ նպատակը դրա միջոցով ֆինանսական գործարքների իրականացումն է և տեղեկությունների ստացումն է: Այդ կապակցությամբ Հաճախորդը պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողության կատարումից, որի նպատակն է Բանկի կայքէջում եղած ծրագրային կոդերի կամ ծրագրային ապահովման ապակոդավորումը և վերափոխումը, ծրագրային համակարգ չթույլատրված մուտք գործելը, որևէ եղանակով Բանկի էլեկտրոնային ֆայլերին կամ Բանկի կայքէջ ցանկացած ներխուժումը (օրինակ` մեխանիկական միջոցների կամ ավտոմատացված գործընթացների օգտագործմամբ):

Հաճախորդը սույնով հավաստում է, որ Ծառայության միջոցով իրականացվող գործարքները կապված չեն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետևանքով առաջացած եկամուտների հետ և կրում է պատասխանատվություն իր գործարքների օրինականության համար: Հաճախորդը պարտավոր է Բանկին ներկայացնել Ծառայության միջոցով կատարված գործարքների վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ, որը կարող է պահանջվել Բանկի իրավասու մարմնի, ՀՀ կենտրոնական բանկի կամ իրավասու այլ մարմինների կողմից ստուգումների իրականացման ընթացքում:

5. Բանկի իրավունքները և պարտականությունները - պատասխանատվության բացառում

Բանկը պատասխանատու է Ծառայության անխափան և բնականոն գործունեության համար: Բանկը չի կրում պատասխանատվություն Ծառայության այնպիսի ընդհատումների/խափանումների համար, որոնք առաջացել են անհաղթահարելի ուժ հանդիսացող հանգամանքների հետևանքով, որոնք Բանկը չէր կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի հանգամանքներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, քաղաքացիական անկարգությունները, գործադուլները, հեռահաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների գործողությունները և այլն, որոնք անհնար են դարձնում Բանկի կողմից իր պարտավորությունների կատարումը:

Ծառայության միջոցով Բանկը երրորդ անձանցից էլեկտրոնային եղանակով ստացված գործարքների հանձնարարականներում նշված տեղեկատվությունը փոխանցում է Հաճախորդին ճիշտ այնպիսի ձևով, ինչպես որ դա ուղարկվել է Բանկին` առանց դրա բովանդակության վերաբերյալ պատասխանատվություն կրելու:

Բանկը կրում է պատասխանատվություն Հաճախորդի կրած այն վնասների համար, որոնք առաջացել են Ծառայությունից օգտվելու կապակցությամբ Բանկի դիտավորյալ գործողությունների կամ անփութության հետևանքով:

Բանկը կարող է օգտագործել փոքր տեքստային ֆայլեր (նշոցիկներ/cookies), որոնք պահպանվում են Հաճախորդի համակարգչի կոշտ սկավառակի վրա և որոնք չեն պարունակում/հավաքագրում որևէ տեղեկություն Հաճախորդի համակարգչում եղած փաստաթղթերի կամ ֆայլերի վերաբերյալ: Դրանք օգտագործվում են Հաճախորդի կողմից որոշակի բանկային ծառայություններից օգտվելու հնարավորությունը դյուրին դարձնելու և կատարելագործելու կամ Բանկի վիճակագրական/մարքեթինգային նպատակներով:

Հաճախորդը կարող է այնպես կարգավորել իր համակարգչի զննարկիչը, որ այն չընդունի նշոցիկներ: Եթե Հաճախորդը չի ցանկանում օգտագործել նշոցիկներ իր ինքնության հաստատման համար, նրա հետագա հասանելիությունը սույն Պայմաններում նշված ծառայություններին անհնարին կլինի:

Բանկը կձեռնարկի համապատասխան միջոցներ, որպեսզի Ծառայության միջոցով Հաճախորդին տրամադրվող տեղեկությունները ճշգրիտ արտացոլեն Բանկի համակարգերում առկա տեղեկությունները կամ այն դեպքերում, երբ տեղեկությունները տրամադրվեն երրորդ անձանց կողմից, դրանք ճշգրիտ արտացոլեն այդ անձանցից ստացված տեղեկությունները: Ծառայության բնույթից ելնելով և Բանկի վերահսկողության ոլորտներից դուրս գտնվող հանգամանքների պատճառով Բանկը չի երաշխավորում, որ Ծառայության միջոցով տրամադրված տեղեկատվությունը միշտ ճշգրիտ է կամ առանց բացթողումների: Ծառայության միջոցով հասանելի որոշ տեղեկությունների համար համապատասխան կայքէջերում կամ օգտագործողի ձեռնարկներում կարող են սահմանվել հրաժարումներ կամ այլ պայմաններ (disclaimers): Եթե Հաճախորդը հիմնվում է այդ տեղեկությունների վրա, նա ընդունում է նշված հրաժարումները կամ այլ պայմանները:

6. Անհատական տվյալների պաշտպանությունը - տվյալների պաշտպանությունը և ապահովությունը: բանկային գաղտնիք

Հաճախորդը տեղեկացված է և սույնով հայտնում է իր համաձայնությունը, որպեսզի Բանկը, պահպանելով «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի պահանջները, հավաքագրի և մշակի Հաճախորդի անհատական տվյալները` Ծառայությունները պատշաճ կերպով մատուցելու նպատակով: Հաճախորդը տեղեկացված է և համաձայն է, որ նշված տեղեկությունները տրամադրվեն նաև Բանկի կողմից Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ ընկերություններին:.

Եթե Հաճախորդը համաձայն չէ անհատական տվյալների պաշտպանության վերը նշված պայմաններին, նա պետք է ձեռնպահ մնա Ծառայությունից օգտվելուց:

Հաճախորդը, Բանկին տրամադրելով իր էլեկտրոնային փոստի հասցեն, հայտնում է իր համաձայնությունը, որ Բանկը պարբերաբար էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկի նշված հասցեին` Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կամ դրանց պայմանների փոփոխությունների վերաբերյալ Հաճախորդին տեղեկություններ տրամադրելու նպատակով:

Բանկը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր գործողությունները` Հաճախորդի տվյալների անվտանգությունը և պահպանումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, Բանկը պատասխանատվություն չի կրում այն դեպքում, երբ, չնայած վերոնշյալ նպատակով կատարված պատշաճ գործողություններին, Հաճախորդի տվյալների գաղտնիությունը խախտվում է:

Բանկը պարտավոր է պահպանել Հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները և չտրամադրել նման տեղեկությունները երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հաճախորդը նաև տալիս է իր համաձայնությունը նման տեղեկությունները Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ ցանկացած ընկերությանը տրամադրելու կապակցությամբ:

7. Ծառայությունից օգտվելու սակագները

Ծառայության օգտագործման համար Բանկի կողմից կարող են սահմանվել վճարներ` Բանկի Ծառայությունների Սակագներով սահմանված չափերով, որոնք գանձվում են Հաճախորդի` Բանկում բացված համապատասխան հաշիվներից:

Բանկը տեղեկացնում է Հաճախորդին Ծառայության համար վճարների փոփոխության մասին` Ընդհանուր Պայմաններին համաձայն:

8. Ժամկետներ - ծառայության օգտագործման/հասանելիության կասեցում և դադարեցում

Սույն Պայմանները գործում են անորոշ ժամկետով: Հաճախորդը կարող է դադարեցնել Ծառայությունից իր օգտվելու հնարավորությունը` այդ մասին գրավոր ծանուցելով Բանկին` Ծառայության միջոցով կամ Բանկի ցանկացած մասնաճյուղի միջոցով: Բանկը դադարեցնում է Ծառայության հասանելիությունը Հաճախորդին` Հաճախորդի ծանուցումը ստանալու պահից հնարավոր սեղմ ժամկետում, առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկը իրավունք ունի առանց Հաճախորդին նախապես ծանուցելու, կասեցնել կամ դադարեցնել Հաճախորդի կողմից Ծառայության օգտագործումը հետևյալ դեպքերում (ա) Հաճախորդի կողմից Ծառայությունը ոչ պատշաճ օգտագործելու դեպքում (բ) Հաճախորդի կողմից սույն Պայմանների, ինչպես նաև Բանկի նկատմամբ ստանձնած այլ պարտավորությունների խախտման դեպքում (գ) Հաճախորդի` Բանկում առկա բանկային հաշիվների փակվելու դեպքերում, (դ) Հաճախորդի կողմից Ծառայության օգտագործումը դադարեցնելու մտադրության մասին Բանկին որևէ եղանակով ծանուցելու դեպքերում:

9. Հղումներ այլ ինտերնետային կայքերին

Բանկը չի վերահսկում հղումների, հիպերհղումների, գովազդային բաներների միջոցով իր կողմից ուղղորդված ինտերնետային կայքէջերի հասանելիությունը, բովանդակությունը, անձնական տվյալների պաշտպանման քաղաքականությունը և ծառայությունների որակն ու ամբողջականությունը. Բանկը չի հաստատել այն ինտերնետային կայքէջերի բովանդակությունն ու ծառայությունները, որոնց նա հղում է կատարում իր կայքէջից:

10. Պայմանների փոփոխությունները

Սույն պայմանները կարող են փոփոխվել Բանկի կողմից Հաճախորդին պատշաճ կերպով տեղեկացնելով այդ մասին Բանկի կայքէջի կամ Բանկի մասնաճյուղերի միջոցով` համապատասխան փոփոխությունները կատարելուց մեկ ամիս առաջ:

Ծառայության միջոցով գործարքների կատարումը շարունակելը համարվում է Հաճախորդի կողմից փոփոխված պայմանների ընդունման բավարար հիմք: Հաճախորդն ընդունում է, որ Ծառայությունից օգտվելու դեպքում դրանց նկատմամբ սույն Պայմանները կկիրառվեն Ծառայությունից օգտվելու պահի դրությամբ գործող փոփոխություններով և լրացումներով:

Թարմացվել է` 14/08/2015 15:00