Հիմնական պայմաններ


Հիմնական պայմաններ

Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ

Ընդհանուր դրույթներ

  1. Ստորև սահմանված պայմանները (այսուհետ` Հիմնական պայմաններ) կարգավորում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ, ներառյալ բոլոր իրավահաջորդների և լիազորված անձանց) և բանկային հաշվի բացման ձևը/դիմումը կամ Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար սահմանված տիպային ձևի փաստաթուղթը ստորագրող կազմակերպության (այսուհետև` Հաճախորդ («Դուք», «Ձեր» դերանունները վերաբերվում են Հաճախորդին)) միջև իրականացվող բանկային գործառնությունները: Ընդ որում սույն Հիմնական պայմաններով սահմանված ծառայությունները Բանկի կողմից մատուցվում են միայն հետևյալ չափանիշներին համապատասխանող Հաճախորդներին`
    ա) այն կազմակերպություններին, որոնց տարեկան շրջանառությունը` ըստ նախորդ ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունների և Բանկի կարծիքով այլ հավաստի տվյալների (ԱԱՀ և շահութահարկի հաշվարկներ և այլն), կազմում է 600 000 000 ՀՀ դրամ և ավելի, և/կամ
    բ) այն կազմակերպություններին, որոնք հանդիսանում են Բանկի վարկառու, և/ կամ
    գ) սույն կետի ա) և/կամ բ) ենթակետում նշված կազմակերպությունների հետ փոխկապակցված1 կազմակերպություններին:
    դ) այն կազմակերպություններին, որոնք բավարարում են Բանկի ներքին ընթացակարգերով սահմանված տնտեսական, ինչպես նաև հաճախորդի պատշաճ ուսումնասիրության վերաբերյալ պահանջներին:
  2. Հաճախորդի կողմից բանկային հաշվի բացման ձևի/դիմումի կամ Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար սահմանված տիպային փաստաթղթի ստորագրումը հաստատում է ստորև բերված Հիմնական պայմանների և Բանկի կողմից տվյալ ծառայության համար սահմանված առանձին պայմանների և կանոնների ընդունումը, որոնք կարող են հետագայում միակողմանիորեն փոփոխվել Բանկի կողմից` Հաճախորդին օրենքով նախատեսված կարգով կամ Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված եղանակով ծանուցելով և/կամ Բանկի ինտերնետային կայքում և Բանկի տարածքում տեղեկատվություն հրապարակելով:
  3. Բանկային հաշվի բացման դիմումի, բանկային հաշվով գործառնությունների իրականացման և նմանատիպ այլ փաստաթղթերի տիպային ձևերը Բանկի կողմից կարող են պարբերաբար փոփոխվել: Սույն Հիմնական պայմանները առաջնային են, և Բանկի կողմից հաստատված (հաստատվելիք) բանկային հաշվով գործառնությունների իրականացման, այլ ծառայությունների մատուցման փաստաթղթերի տիպային ձևերը և այլ պարտադիր կանոնները և առանձին պայմանները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն Հիմնական պայմաններին, եթե այդպիսի տիպային ձևերով, պարտադիր կանոններով կամ առանձին պայմաններով այլ բան նախատեսված չէ:
  4. Բանկին իրավունք է վերապահվում մերժել ծառայություն ստանալու և/կամ որևէ ծառայության ներքո որևէ գործառնություն իրականացնելու հետ կապված Հաճախորդի կողմից ներկայացվող ցանկացած այլ ձևի փաստաթուղթ, եթե Բանկի կողմից սահմանվել է նման փաստաթղթի տիպային ձև (նաև բովանդակության առումով) կամ փաստաթուղթը վավերացված չէ Բանկի համար ընդունելի եղանակով:
  5. Բանկը մատուցած ծառայությունների դիմաց Հաճախորդից գանձում է վճարներ (միջնորդավճարներ)` համաձայն Բանկի «Ծառայությունների Սակագների (կազմակերպությունների համար)»: «Ծառայությունների Սակագները» Հաճախորդներին հասանելի են դարձվում Բանկի տարածքում և Բանկի ինտերնետային կայքում` www.hsbc.am: «Ծառայությունների Սակագները» կարող են փոփոխվել Բանկի կողմից միակողմանիորեն` այդ մասին Բանկի ինտերնետային կայքում և Բանկի տարածքում տեղեկատվություն հրապարակելու միջոցով Հաճախորդներին ծանուցելով: Սակագներով նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով: Սակագներով նախատեսված վճարները Բանկի կողմից որպես կանոն գանձվում են այն բանկային հաշվից, որով կատարվում է համապատասխան գործառնությունը, ընդ որում` արտարժութային բանկային հաշվի դեպքում Բանկն իրավունք ունի գանձվելիք գումարի չափով արտարժույթը ՀՀ ԿԲ-ի կողմից տվյալ արտարժույթի համար հրապարակված միջին փոխարժեքով կամ իր կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով փոխանակել ՀՀ դրամի և գանձել:
  6. Բանկը կարող է Հաճախորդից գանձել ծառայությունների մատուցման հետ կապված առաքումների ծախսերը:
  7. Բանկի կողմից կատարվում են Հաճախորդի կողմից կամ անունից պատշաճ կերպով ներկայացված գործարքների և գործառնությունների իրականացման վերաբերյալ վավեր հանձնարարականները: Հանձնարարականների կատարման հետևանքների ռիսկը, հնարավոր վնասները, կորուստները և ծախսերը կրում է Հաճախորդը, և այդպիսիք հատուցման ենթակա չեն ոչ Բանկի, ոչ Բանկի աշխատակցի և ոչ էլ Բանկի գործակալների կողմից: Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի կողմից համապատասխան հանձնարարականի հիման վրա փոխանցվող գումարի կապակցությամբ` շահառուի կամ միջնորդ բանկի կողմից լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու կամ փոխանցումը կասեցնելու և դրա հետևանքով առաջացած Հաճախորդի վնասների և ծախսերի համար:
  8. Բանկում (Բանկի տիրապետության ներքո) առկա Հաճախորդի բոլոր բանկային հաշիվների մնացորդները և սպասվելիք դրամական մուտքերը, ավանդների գումարները, հաշվեգրված և հաշվեգրվելիք տոկոսագումարները, ցանկացած արժույթով արտահայտված թղթադրամները, արժեթղթերը, մուրհակները, ոսկին կամ այլ արժեքները համարվում են Հաճախորդի` Բանկի նկատմամբ բանկային հաշվի սպասարկման կապակցությամբ կամ որևէ այլ հիմքով առաջացած պարտավորությունների (այդ թվում` տոկոսների, միջնորդավճարների և այլ վճարների գծով) ապահովում, և Բանկը ունի դրանց նկատմամբ գրավի իրավունք: Հաճախորդը սույնով տալիս է իր համաձայնությունը, որ Բանկն անակցեպտ կարգով և առանց լրացուցիչ երկկողմանի փաստաթուղթ կազմելու իրականացնի նշված միջոցների և իր նկատմամբ առաջացած/առկա պարտավորությունների հաշվանց, կամ այդ նպատակով արգելանք սահմանի Հաճախորդի հաշվի/հաշիվների վրա:
  9. Հաճախորդն իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության այլ անձանց զիջել ծառայություններ ստանալու հետ կապված Բանկի նկատմամբ առկա կամ ապագայում ծագող որևէ իրավունք:
  10. Հաճախորդն իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության գրավ դնել Բանկում առկա և/կամ ստացվելիք իր դրամական միջոցները և այլ արժեքները:
  11. Բանկը պատասխանատու չէ պետական մարմինների գործողությունների կամ անհաղթահարելի ուժի, այդ թվում` սարքավորումների անսարքության կամ էլեկտրաէներգիայի մատակարարման չնախատեսված ընդհատումների կամ խափանման հետևանքով առաջացած Հաճախորդի վնասների, կորուստների կամ ուշացման դեպքերի համար:
  12. Բանկի կողմից Հաճախորդների հետ հարաբերություններում իր իրավունքների պաշտպանությանը չդիմելը կամ դիմելու հետաձգումը չի կարող մեկնաբանվել, որպես դրանցից հրաժարում: Սույն Հիմնական պայմաններով նախատեսված իրավունքները լրացնում են և չեն բացառում օրենքով նախատեսված այլ իրավունքները:
  13. Սույն Հիմնական պայմանները կազմված են և մեկնաբանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Սույն Հիմնական պայմաններով չկարգավորված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ,իսկ ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չլինելու դեպքում` գործարար շրջանառության սովորույթներով: Բանկի և Հաճախորդի միջև ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը: Սույն Հիմնական պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի Հիմնական պայմանների անգլերեն տարբերակի նկատմամբ:
  14. Բանկն իրավունք ունի առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ բանկերին և վարկային կազմակերպություններին, վարկային բյուրոներին` վերջիններիս պահանջով կամ իր նախաձեռնությամբ տրամադրել Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ:
  15. Հաճախորդը պարտավորվում է Բանկի կողմից պահանջվող տեղեկությունները տրամադրել Բանկի կողմից պահանջվող ձևով, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատմամբ և տրամադրված տեղեկություններում փոփոխություններ կատարվելու դեպքում անհապաղ տեղյակ պահել Բանկին և այդ կապակցությամբ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը: Հաճախորդը լիազորում է Բանկին օգտագործել և մշակել Հաճախորդի տվյալները`Բանկի կողմից ծառայությունների մատուցման նպատակով: Բանկն իրավունք ունի օգտագործել Հաճախորդի կողմից տրամադրվող էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և այլ հաղորդակցման տվյալները` Հաճախորդին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու նպատակով: Սույնով Հաճախորդը համաձայնվում է, որ Հաճախորդի տվյալների մշակման նպատակով Բանկը կարող է օգտվել Էյչ-Էս-Բի-Սի խմբի մեջ մտնող կամ այլ ընկերությունների ծառայություններից և այդ նպատակով վերջիններիս փոխանցել Հաճախորդի տվյալները: Անկախ այն հանգամանքից, թե Հաճախորդի տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետությունում թե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, դրանք պաշտպանված կլինեն Էյչ-Էս-Բի-Սի խմբում գործող գաղտնիության և անվտանգության պահպանման կանոնակարգերի պահանջներին համապատասխան և կարող են օգտագործվել միայն Բանկի ցուցումների համաձայն:
    Նշված ընկերությունների անզգուշության, անփութության, տվյալների պահպանման անվտանգության և գաղտնիության պահանջների խախտման հետևանքով Հաճախորդների կրած վնասների և կորուստների համար պատասխանատվություն է կրում Բանկը:
    Հաճախորդը համաձայնվում է նաև, որ Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել Էյչ-Էս-Բի-Սի խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին` ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են սույն Հիմնական Պայմաններին կցվող և սույն Հիմնական Պայմանների անբաժանելի մասը կազմող «Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ» փաստաթղթով:
  16. Հաճախորդը լիազորում է Բանկին` Հաճախորդներին ծառայություններ առաջարկելու, Հաճախորդներին մատուցվող ծառայությունները բարելավելու կամ այլ նպատակով իր հայեցողությամբ և առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու Բանկի հետ համագործակցող ընկերություններին, ինչպես նաև Էյչ-Էս-Բի-Սի խմբի մեջ մտնող այլ կազմակերպություններին տրամադրել Հաճախորդի տվյալները:
  17. Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված/տնօրինվող/ստացված միջոցների շրջանառությունը արգելված է: Հաշվի առնելով օրենքի պահանջները և հետևելով «փողերի լվացման» վերաբերյալ միջազգային իրավական նորմերին և ընդունված պրակտիկային` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարել ցանկացած գումարների/արժեքների ծագման մասին, որոնք մուտքագրված են կամ մուտքագրվում են Հաճախորդի կողմից կամ Հաճախորդի անվամբ, ինչպես նաև ելքագրվում են Հաճախորդի հաշվից կամ անունից: Բանկն իրավունք ունի պահանջել իրեն ներկայացնել բավարար ապացույցներ` այդ միջոցների ծագման օրինականության վերաբերյալ: Բանկն իրավունք ունի արգելել և կասեցնել կասկածելի գումարների տնօրինումը և/կամ օգտագործումը և/կամ տիրապետումը Հաճախորդի կողմից` մինչև բավարար ապացույցներ ներկայացնելը/ստանալը: Հաճախորդը պարտավորվում է հատուցել Բանկին վերը նշվածի կապակցությամբ պատճառված բոլոր տեսակի վնասները և ծախսերը: Հաճախորդը գիտակցում և համաձայնվում է, որ Բանկը պարտավոր է կատարել օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև իրավապահ մարմինների պահանջները, որոնք վերաբերում են ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը: Ոչ Բանկը, և ոչ Բանկի կոնտրագենտ հանդիսացող որևէ այլ կազմակերպություն պատասխանատվություն չեն կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար (ներառյալ սպասվելիք եկամտի կամ տոկոսների կորուստը) եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված պահանջները կատարելու հետևանքով: Բանկի ներքին ընթացակարգերով և/կամ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման մասին ՀՀ իրավական ակտերով նախատեսված դեպքերում Բանկն իրավասու է մերժել Հաճախորդի կողմից գործարքի կատարումը կամ Հաճախորդի հետ գործարար հարաբերությունների հաստատումը կամ դադարեցնել առկա հարաբերությունները:
  18. Հաճախորդների կողմից գործառնություններ/գործարքներ կատարելու և/կամ Բանկի կողմից մատուցվող այլ ծառայություններ ստանալու նպատակով Բանկին ներկայացվող ցանկացած փաստաթղթի, ինչպես նաև երրորդ անձանց օգտին տրված լիազորագրերի (այդ թվում` նոտարական կարգով վավերացված) իսկության կապակցությամբ կասկածներ առաջանալու դեպքում Բանկն իրավունք ունի նշված փաստաթղթերի/լիազորագրերի իսկությունը պարզելու համար լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, և Հաճախորդը սույնով համաձայնվում է, որ այս կապակցությամբ առաջացած ուշացումների հետևանքով կրած վնասների համար Բանկին որևէ պահանջ չի ներկայացնի:
  19. Բանկի և Հաճախորդի միջև ինտերնետի, հեռախոսային/ֆաքսիմիլային կապի միջոցով հաղորդակցության և գործարքների կատարման կարգը սահմանվում է Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված առանձին փաստաթղթերով/կանոններով, որոնք գործում են ի լրումն սույն Հիմնական պայմանների:
  20. Հաճախորդի կողմից սույն Հիմնական պայմանների կամ Հաճախորդի և Բանկի միջև գործող պայմանագրի կամ պարտավորության որևէ խախտման դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել Հաճախորդի հետ գործարար հարաբերությունները, դադարեցնել համապատասխան պայմանագրերը և փակել Բանկում սպասարկվող Հաճախորդի հաշիվ(ներ)ը՝ այդ մասին հետագայում Հաճախորդին տեղեկացնելով:
  21. Եթե Դուք կամ Ձեր բաժնետեր ընկերություններից որևէ մեկը, որը տնօրինում է կամ իրավունք ունի տնօրինելու (ուղղակի կամ անուղղակի, իրավաբանորեն կամ որպես շահառու) Ձեր ընկերության կանոնադրական կապիտալի 10%-ը կամ ավելին, գրանցված եք/է՝ Ըստ ներկայացնողի բաժնետոմսերի2 թողարկումը թույլատրող երկրում, ապա Դուք՝ Ձեր և Ձեր ընկերության բաժնետիրոջ անունից սույնով հաստատում եք, որ ոչ Դուք և ոչ էլ վերոնշյալ բաժնետեր ընկերություններից որևէ մեկը չի թողարկել Ըստ ներկայացնողի բաժնետոմսեր և համաձայն եք, որ ոչ Դուք և ոչ էլ վերոնշյալ բաժնետեր ընկերություններից որևէ մեկը չի թողարկելու Ըստ ներկայացնողի բաժնետոմսեր կամ չի փոխանակի արդեն թողարկված բաժնետոմսերը Ըստ ներկայացնողի բաժնետոմսերի՝ առանց նախապես Բանկի գրավոր համաձայնությունն ստանալու: Սույնով Դուք համաձայնվում եք Բանկին անմիջապես տեղյակ պահել, եթե Դուք կամ Ձեր բաժնետեր ընկերություններից որևէ մեկը Ըստ ներկայացնողի բաժնետոմսեր եք/է թողարկել: Դուք նաև հաստատում եք, որ սույն կետի պահանջներին համապատասխանելու համար Դուք չեք խախտում որևէ օրենք կամ իրավական ակտ:
  22. Սույն Հիմնական պայմանների և/կամ բանկային հաշվի բացման ձևի/դիմումի ստորագրմամբ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Բանկին այն մասին, որ Ձեր կողմից Բանկում բանկային հաշիվ/հաշիվներ բացելու կամ փակելու վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով կամ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկությունները ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում Բանկը տրամադրի ՀՀ հարկային մարմիններին:

Բանկային Հաշիվ

  1. Սույն պայմանները կիրառվում են Բանկում Հաճախորդի բոլոր բանկային հաշիվների նկատմամբ` անկախ արժույթից և տեսակից: Բանկային հաշվի բացման համար Հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Բանկի կողմից և կարող է պարբերաբար փոփոխվել: Բանկային հաշիվներով գործառնությունների իրականացման ժամկետները որոշվում են Բանկի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ սույն Հիմնական պայմաններով, Բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթերով կամ իրավական ակտերով:
  2. Առանձին տեսակի բանկային հաշիվների համար Բանկը, իր հայեցողությամբ, կարող է Հաճախորդին տրամադրել Չեկային գրքույկ: Հաճախորդը չեկ դուրս գրելիս պետք է ցուցաբերի պատշաճ շրջահայացություն և հետևի Բանկի կողմից պարբերաբար սահմանվող կանոններին:
  3. Հաճախորդի բանկային հաշիվների համար Բանկը տրամադրում է քաղվածք` Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և եղանակով: Քաղվածքում արտացոլված տվյալները համարվում են բանկային հաշվով կատարված գործարքների մասին պատշաճ ծանուցում: Հաճախորդը պետք է ստուգի քաղվածքի ճշտությունը և հնարավոր սխալների մասին ծանուցի Բանկին` քաղվածքի ամսաթվից 30 օրվա ընթացքում: Բանկը պատասխանատու չէ քաղվածքների առաքման հետ կապված փոստային ծառայությունների սխալի, թերացման, քաղվածքների կորստյան կամ հափշտակության հետևանքով Հաճախորդի կրած վնասների կամ տեղեկատվության հրապարակման համար:
  4. Բանկը, առանց Հաճախորդի հետագա համաձայնության կամ նախնական ծանուցման, իրավունք ունի Հաճախորդի բանկային հաշիվներից դուրս գրել բոլոր հարկերը, եթե նման պահանջ սահմանված է ՀՀ օրենսդրությամբ:
  5. Հաճախորդի՝ Բանկում սպասարկվող հաշիվ(ներ)ը, որի/որոնց միջին եռամսյակային մնացորդների հանրագումարը ցանկացած պահի դրությամբ երեք ամիս անընդմեջ փոքր է 5 000 000 ՀՀ դրամից , կարող է/են փակվել Բանկի միակողմանի որոշմամբ:
    Հաճախորդի՝ Բանկում սպասարկվող հաշիվ(ներ)ը, որը/որոնք ցանկացած պահի դրությամբ երեք ամիս անընդմեջ զրոյական մնացորդ կունենան, կարող է/են փակվել Բանկի միակողմանի որոշմամբ:
    Հաճախորդի՝ Բանկում սպասարկվող որևէ հաշվով 12 ամիս անընդմեջ Հաճախորդի կողմից որևէ գործարք չկատարելու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել հաշվի սպասարկումը և փակել այդ հաշիվը: Սույն կետի շրջանակներում հաշվի սպասարկման և/կամ Բանկի կողմից գանձվող այլ պարտադիր վճարների գանձումները/վճարումները գործարք չեն համարվում: Հաճախորդը սույնով տալիս է իր համաձայնությունը, որ հաշվի/հաշիվների փակման պահին առկա դրամական միջոցները այլ բանկային հաշվին փոխանցելու հանձնարարական չներկայացնելու դեպքում, այդ դրամական միջոցները կստանա կանխիկ:
  6. Բանկում դրամական միջոցների մուտքագրումները և ելքագրումները կարող են իրականացվել ` Հաճախորդի ներկայացուցչի լիազորությունները և ինքնությունը հաստատող Բանկի համար ընդունելի բավարար փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
  7. Արժույթի փոխանակումը մեկ այլ արժույթի կատարվում է Բանկի կողմից պարբերաբար սահմանվող համապատասխան փոխարժեքով: Հաճախորդը` մեկ արժույթով բանկային հաշվից այլ արժույթով բանկային հաշվին փոխանցում կատարելու հանձնարարական տալով հաստատում և հավաստում է, որ համաձայն է արժույթի փոխանակումն իրականացնել Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:
  8. Հաճախորդը համաձայնվում է, որ Հաճախորդի օգտին փոխանցված/մուտքագրված մեկ արժույթով գումարները Հաճախորդի այլ արժույթով բանկային հաշվին մուտքագրելու նպատակով Բանկն իրավունք ունի իր կողմից սահմանված փոխարժեքով կատարել արժույթի փոխանակման գործարք:
  9. Բանկը Հաճախորդի բանկային հաշվից ելքագրում է վերջինիս անունից պատշաճ կերպով ստորագրված` ըստ ստորագրության քարտի կամ Բանկի կողմից սահմանված այլ տիպային փաստաթղթի վրա նշված ստորագրման լիազորությունների բոլոր չեկերի, վճարման հանձնարարականների գումարները:
  10. Հաճախորդը պարտավորվում է փոխհատուցել Բանկի կատարած ծախսերը և կրած վնասները` կապված Բանկի կողմից Հաճախորդի հանձնարարականների կատարման հետ, և Բանկն իրավունք ունի գանձել այդ գումարները Հաճախորդի բանկային հաշիվներից:
  11. Բանկը ընդունում է վճարման հանձնարարականները իր կողմից սահմանված օրերին և ժամերին: Նշված օրերից և ժամերից դուրս ներկայացված վճարման հանձնարարականները համարվում են ստացված` ներկայացման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Հանձնարարականների կատարման ընթացքում Բանկն անհրաժեշտության դեպքում իրավունք ունի Հաճախորդից պահանջել ներկայացված հանձնարարականի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կամ լրացուցիչ հաստատում և կատարել Հաճախորդի հանձնարարականը` միայն նման լրացուցիչ տեղեկությունները/հաստատումը ստանալուց հետո: Հաճախորդից լրացուցիչ տեղեկությունները/հաստատումը ստանալու անհնարինության դեպքում Բանկն իրավունք ունի մերժել Հաճախորդի հանձնարարականի կատարումը: Ներկայացված վճարման հանձնարարականի մերժման մասին Հաճախորդը տեղեկացվում է բանավոր և /կամ գրավոր: Բանկը պարտավոր չէ Հաճախորդին տեղեկացնել Հաճախորդին գումար վճարելու վճարման հանձնարարական ստանալու մասին:
  12. Գործելով միայն որպես Հաճախորդի ինկասավորող գործակալ` Բանկը կարող է ընդունել Հաճախորդի անունով դուրս գրված կամ փոխանցագրված չեկեր, մուրհակներ և նման այլ վճարային գործիքներ` բանկային հաշվին մուտքագրելու նպատակով` առանց ստանձնելու դրանց վճարման հետ կապված որևէ պարտավորություն: Այս նպատակով, Բանկի գրասենյակները, թղթակից բանկերը կամ Բանկի կողմից նշանակված այլ գործակալները դիտվում են որպես Հաճախորդի գործակալներ:
  13. Բանկը կամ նրա գործակալները պատասխանատու չեն Հաճախորդի մեղքով չեկի, վճարման հանձնարարականի, բանկային մուրհակի կամ այլ գործիքի կորստի, վնասման կամ մերժման, չմուտքագրման, ուշ վճարման կամ ներկայացման, չեկի կամ այլ գործիքի բանկային հաշվին ուշ մուտքագրման, չվճարման կամ վերադարձման համար: Բանկը կամ նրա գործակալները պատասխանատու չեն Հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականի հիման վրա կատարված դրամական միջոցների փոխանցումները այլ երկրների օրենսդրությանը համապատասխան կասեցվելու և/կամ փոխանցվող գումարները սառեցվելու հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:Բանկը կամ նրա գործակալները պարտավորվում են Հաճախորդի գործարքները կատարել հնարավորին չափ արդյունավետ եղանակով` գործող օրենսդրությանը համապատասխան:
  14. Չեկերի կամ այլ գործիքների գումարները Հաճախորդին հասանելի են դարձվում չեկերի կամ այլ գործիքների գումարները Բանկի կողմից ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
  15. Բանկի կողմից առաջարկվող` համապատասխան տեսակի բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսների դրույքները հրապարակվում են Բանկի մասնաճյուղերում, Բանկի ինտերնետային կայքում և/կամ այլ եղանակով և կարող են կազմել 0% (ժամկետային ավանդների հաշիվները կարգավորվում են առանձին՝ համապատասխան պայմանագրի համաձայն): Ցանկացած բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները` առկայության դեպքում, վճարվում են ՀՀ դրամով կամ Հաճախորդի գրավոր դիմումի համաձայն տվյալ բանկային հաշվի արժույթով:
  16. Բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ Հաճախորդի բանկային հաշիվներին (անկախ արժույթից) առկա դրամական միջոցները օգտագործել Բանկի նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների(անկախ պարտավորության արժույթից և ծագման հիմքից) մարման նպատակով, ինչպես նաև Բանկի նկատմամբ պարտավորության գումարը գանձել/գրանցել Հաճախորդի համապատասխան բանկային հաշվից/հաշվին: Բանկն իրավունք ունի այդպիսի գանձման նպատակով անհրաժեշտության դեպքում կատարել Հաճախորդի տարբեր բանկային հաշիվներում առկա տարբեր արժույթների փոխանակում` գանձվելիք արժույթի համար իր կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով և գանձել: Հաճախորդը համաձայնվում է, որ Բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների մարման նպատակով (անկախ պարտավորության արժույթից և ծագման հիմքից) Բանկն իրավունք ունի դիմել ՀՀ տարածքում գործող այլ բանկերին` այդ բանկերում Հաճախորդի անվամբ բացված բանկային հաշիվներից Բանկի նկատմամբ Հաճախորդի պարտավորության գումարին համարժեք գումար դեբետագրելու և Բանկին փոխանցելու պահանջով:
  17. Հաճախորդի լուծարման, անվճարունակության կամ սնանկության, ինչպես նաև նման այլ դեպքերում Բանկը պատասխանատվություն չի կրում բանկային հաշվով կատարված գործառնությունների համար` քանի դեռ չի ստացել այդպիսի փաստերի մասին գրավոր ծանուցում` Բանկի կողմից սահմանված բավարար փաստաթղթային այլ ապացույցների հետ մեկտեղ: Պատշաճ ծանուցում ստանալու դեպքերում Բանկը կասեցնում է բանկային հաշվով բոլոր գործառնությունները` մինչև Հաճախորդի օրինական ներկայացուցչի կողմից բանկային հաշվով գործառնություններ կատարելու համար պատշաճ լիազորությունների ձեռքբերումը և ձևակերպումը:
  18. Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ փակել իր բանկային հաշիվը`այդ մասին Բանկին նախապես գրավոր ծանուցելով և մարելով Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններն ամբողջությամբ: Բանկը կարող է ՀՀ օրենքներով և իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով ՀՀ իրավասու մարմինների որոշումների հիման վրա կասեցնել կամ դադարեցնել բանկային հաշվով գործառնությունները` առանց այդ մասին Հաճախորդին նախապես ծանուցելու կամ հիմնավորելու: Բանկն իրավունք ունի իր նախաձեռնությամբ փակել Հաճախորդի բանկային հաշիվը, եթե վերջինս թույլ է տվել սույն Հիմնական պայմանների կամ իրավական ակտերի խախտում (խախտումներ):
  19. Բանկի ցանկացած պահանջ կամ հաղորդագրություն ուղարկվում է Հաճախորդին` վերջինիս հետ համաձայնեցված եղանակով և տվյալներով: Փոստային կապի կամ փաստաթղթերի առաքման ծառայության միջոցով Հաճախորդի նշված հասցեով ծանուցումը առաքելը համարվում է Հաճախորդին պատշաճ ծանուցում: Հաճախորդի կողմից Բանկի ծանուցումը չստանալը չի կարող որակվել որպես Բանկի կողմից իր ծանուցման պարտավորության չկատարում կամ ոչ պատշաճ կատարում: Բանկի կողմից Հաճախորդի նշած հասցեով ուղարկված ծանուցումները/գրությունները այդ հասցեում այլ անձի կողմից ստանալը չի համարվում բանկային գաղտնիքի ապօրինի բացահայտում, և Հաճախորդը պարտավորվում է այդ կապակցությամբ Բանկին որևէ պահանջ չներկայացնել: Հաճախորդը պարտավորվում է անհապաղ տեղեկացնել Բանկին իր հասցեի, ինչպես նաև Բանկին ներկայացված տեղեկություններում և փաստաթղթերում ցանկացած այլ փոփոխությունների մասին: Հաճախորդի կողմից նման փոփոխությունների վերաբերյալ Բանկին տեղեկություններ չտրամադրելու դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում Բանկում առկա տեղեկությունների/փաստաթղթերի հիման վրա բանկային հաշվով կատարված գործառնությունների հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:

Բանկային ավանդ

  1. Ստորև սահմանված պայմանները կարգավորում են Բանկի և բանկային ավանդի բացման վերաբերյալ փաստաթղթի Բանկի կողմից հաստատված տիպային ձևը ստորագրող Հաճախորդի միջև հարաբերությունները` ի լրումն բանկային հաշվին վերաբերող դրույթների:
  2. Բանկային ավանդների` Բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի մասնաճյուղերում, Բանկի ինտերնետային կայքում և/կամ այլ եղանակով: Ժամկետային ավանդ բացելու պահին Բանկի կողմից հաստատված տոկոսադրույքը մնում է անփոփոխ ավանդային պայմանագրի ընթացքում, եթե ավանդի առանձին տեսակների համար այլ բան նախատեսված չէ: Ավանդների տոկոսները վճարվում են ՀՀ դրամով, կամ Հաճախորդի գրավոր դիմումի համաձայն տվյալ ավանդի արժույթով:
  3. Հաճախորդի ժամկետային ավանդները վերադարձվում են համապատասխան ժամկետի ավարտին:
  4. Հաճախորդի պահանջով կամ Բանկի կամքից անկախ պատճառներով ժամկետային ավանդի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում վճարվելիք տոկոսները հաշվարկվում են Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված չափով:

էլեկտրոնային բանկային ծառայություններ

  1. Ստորև շարադրված պայմանները կարգավորում են Բանկի կողմից Հաճախորդին տրամադրվող Բանկոմատային հաշվարկային քարտով (այսուհետև` Քարտ) կատարվող գործառնությունները:
  2. Քարտը տրամադրվում է Հաճախորդի կողմից սույն պայմաններն ընդունելու և Բանկոմատային քարտի պատվիրման դիմումը ներկայացնելու դեպքում: Բանկոմատային քարտի տրամադրման նպատակով Հաճախորդի կողմից Բանկ ներկայացվող դիմումում նշված անձը/անձինք (Լիազորված Քարտապանը/Քարտապանները) Հաճախորդի անունից լիազորված է/են ստանալ Քարտ/եր, ինչը հնարավորություն կտա Լիազորված Քարտապանին/Քարտապաններին Քարտի միջոցով Հաճախորդի բանկային հաշիվներից կատարել կանխիկացման գործարքներ և Քարտով նախատեսված այլ գործառնություններ: Յուրաքանչյուր Լիազորված Քարտապան իրավունք ունի իր անվամբ թողարկված Քարտի չեղարկման նպատակով դիմել Բանկ` Հաճախորդի կողմից Բանկ ներկայացված Քարտի տրամադրման դիմումում նշված պայմաններին համապատասխան:
  3. Լիազորված Քարտապանը Բանկի կողմից տրամադրված Քարտի միջոցով տնօրինում է սույն պայմանների համաձայն Բանկի կողմից Հաճախորդի անունով բացված բանկային հաշվին առկա միջոցները և առկայության դեպքում Բանկի կողմից տրամադրված օվերդրաֆտի միջոցները:
  4. Քարտի միջոցով կատարվող գործարքները իրականացվում են բացառապես Անձնական ծածկագրի (ԱԾ) օգտագործմամբ, որը Քարտով կատարված գործարքների համար համարվում է պատշաճ հավաստագրում:
  5. Քարտի միջոցով կատարված գործարքներն արտացոլվում են Բանկի կողմից Հաճախորդին տրամադրվող բանկային հաշվի քաղվածքում, որը Հաճախորդին տրամադրվում է Հաճախորդի կողմից Հաճախորդի և Բանկի միջև հաղորդակցման կարգի համաձայն: Քարտի միջոցով բանկային հաշվով գործարքները կատարվում են համաձայն սույն Հիմնական պայմանների Բանկային հաշիվ բաժնով սահմանված կարգով: Քարտի միջոցով կատարված գործարքների վերաբերյալ Բանկի գրանցումները համարվում են տվյալ գործարքների կատարումը հավաստող փաստաթղթեր:
  6. Քարտապանը իր Քարտի միջոցով կարող է կատարել հետևյալ գործարքները ՝ կանխիկացում, փոխանցումներ Բանկում սպասարկվող հաշիվներին, ինչպես նաև հետևյալ գործողությունները՝ հաշվի մնացորդի ստուգում, ԱԾ-ի փոփոխում, քաղվածքի տպում՝ վերջին մի քանի գործարքների վերաբերյալ և հաշվի շարժի ստուգում:
  7. Բանկը Հաճախորդի բանկային հաշվից դուրս է գրում Քարտի միջոցով կանխիկացված կամ փոխանցված դրամական միջոցները: Արտարժույթով կատարվող գործառնությունները կատարվում են գործառնության օրվա դրությամբ գործարքի մեջ ներգրավված Բանկերի (ներառյալ միջնորդ Բանկերի) կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:
  8. Բանկը Հաճախորդի բանկային հաշվից գանձում է Քարտի, ինչպես նաև հավելյալ քարտի թողարկման, սպասարկման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դրանց փոխարինման հետ կապված վճարները:
  9. Քարտով բանկոմատներից օգտվելիս կանխիկի դուրսբերման համար Բանկը կարող է գանձել միջնորդավճար, որի չափը սահմանվում է Բանկի կողմից` համաձայն Բանկի Ծառայությունների Սակագների:
  10. Քարտը հանդիսանում է Բանկի սեփականությունը և ենթակա է հանձնման Բանկին` վերջինիս պահանջով: Հաճախորդը համաձայն է, որ Բանկը ցանկացած պահի կարող է չեղարկել քարտը առանց այդ մասին Հաճախորդին նախապես տեղեկացնելու:Այս դեպքում Քարտապանը պարտավոր է վերադարձնել Քարտը Բանկին՝ ոչնչացնելու նպատակով կամ հետևել Բանկի հրահանգներին և ոչնչացնել Քարտը:
  11. Քարտի և ԱԾ-ի հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Հաճախորդը, և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտի կամ ԱԾ-ի օգտագործման հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար, եթե վնասը չի պատճառվել Բանկի մեղքով:
  12. Հաճախորդը պատասխանատու է Քարտի միջոցով կատարված ցանկացած գործարքի համար և պարտավորվում է փոխհատուցել Բանկին Քարտի կամ ԱԾ-ի չլիազորված օգտագործման հետևանքով Բանկին պատճառված վնասները: Հաճախորդը պարտավորվում է պատշաճ ձևով տեղեկացնել Բանկին Հաճախորդի և Լիազորված Քարտապանի/Քարտապանների միջև աշխատանքային հարաբերությունների/պայմանագրի դադարեցման, ինչպես նաև Լիազորված Քարտապանի/Քարտապանների կողմից Քարտի միջոցով գործարքների կատարումը սահմանափակող ցանկացած այլ հանգամանքի վերաբերյալ: Նման տեղեկությունները Բանկին չտրամադրելու դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտի օգտագործման հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:
  13. Քարտապանին Քարտը տրամադրվում է անորոշ ժամկետով: Քարտը վերաթողարկվում է Ծառայությունների Սակագներով նախատեսված վճարումները կատարելու դեպքում;
  14. Հաճախորդը պետք է ցուցաբերի պատշաճ շրջահայացություն Քարտը կամ ԱԾ-ի տվյալները չկորցնելու և դրանց հափշտակումը կանխելու նպատակով և պարտավորվում է անմիջապես տեղեկացնել Բանկին Քարտի կամ ԱԾ-ի կորստի կամ գողության/հափշտակման մասին: Մինչև կորստի կամ գողության/հափշտակման մասին Բանկին տեղեկացնելը` Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում կորցրած կամ հափշտակված Քարտի կամ ԱԾ-ի օգտագործման համար: Քարտի կամ ԱԾ-ի օգտագործման անվտանգության կանոնները հասանելի են Բանկի ինտերնետային կայքում և Բանկի մասնաճյուղերում:
  15. Քարտով չլիազորված գործարքներ հայտնաբերելու դեպքում Քարտապանը/Հաճախորդը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Բանկին:
  16. Քարտով կատարված գործարքների վերաբերյալ բողոքարկումները և ուսումնասիրությունները կատարվում են համաձայն Բանկի Բանկոմատային և կրեդիտ քարտերի օգտագործման անվտանգության կանոնների:
  17. Հաճախորդը/Լիազորված Քարտապանը իրավունք չունի Քարտը ինչպես նաև ԱԾ-ն տրամադրել այլ անձանց և պարտավորվում է մշտապես հետևել Բանկի կողմից սահմանված Քարտի անվտանգության կանոններին:
  18. Բանկը պատասխանատու չէ Քարտի կամ Բանկոմատի անսարքության կամ փչացման, ինչպես նաև այդպիսի մեքենաներում (անկախ այն հանգամանքից, թե որ Բանկն է հանդիսանում Բանկոմատի սեփականատեր կամ վարձակալ) բավարար գումարի բացակայության, կամ որևէ այլ նմանատիպ պատճառներով Հաճախորդի/Քարտապանի ուղղակիորեն կամ անուղղակիորեն կրած վնասների համար:
  19. Քարտի միջոցով մուտքագրված ցանկացած կանխիկ գումար մուտքագրվում է Հաճախորդի բանկային հաշվին միայն Բանկի վավերացումից հետո և այդ պահից համարվում է Բանկի կողմից ստացված և Հաճախորդի բանկային հաշվին մուտքագրված:
  20. Քարտը ենթակա է անհապաղ վերադարձման Բանկին Հաճախորդի բանկային հաշվի փակման, Լիազորված Քարտապանի մահվան, Հաճախորդի լուծարման, անվճարունակության կամ սնանկության ինչպես նաև նման այլ դեպքերում:
  21. Սույն Հիմնական պայմանները փոփոխելու դեպքում Քարտի օգտագործումը դիտվում է որպես Հաճախորդի/Քարտապանի կողմից այդպիսի փոփոխությունների անվերապահ ընդունում:

Հավելված 1

Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ:

Սահմանումներ

Սույն պայմաններում օգտագործվող մեծատառով սկսվող տերմիններն ունեն հետևյալ շանակությունը, եթե համատեքստից այլ բան չի բխում.

«Լիազոր մարմիններ» նշանակում է ցանկացած դատական, վարչական կամ կարգավորող մարմին, ցանկացած կառավարություն կամ հանրային կամ պետական գործակալություն, ենթակառուցվածք կամ մարմին, ցանկացած հարկային մարմին, արժեթղթերի կամ ֆյուչերսների փոխանակման կարգավորող մարմին, դատարան, կենտրոնական բանկ կամ հարկադիր մարմին, կամ վերջիններիս որևէ գործակալներ, որոնք իրավասություն ունեն Էյչ-Էս-Բի-Սի խմբի որևէ անդամի նկատմամբ:

«Համապատասխանության պարտավորություններ» նշանակում է Էյչ-Էս-Բի-Սի խմբի որևէ անդամի պարտավորությունները համապատասխանել`

ա) ցանկացած կիրառվող տեղական կամ օտարերկրյա իրավական ակտին, օրենքին, կանոնակարգին, կանոնին, որոշմանը, վճռին, փոխհամաձայնեցված կանոնակարգին, հրահանգին, պատժամիջոցների ռեժիմին, դատական որոշմանը, Լիազոր մարմնի կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի որևէ անդամի միջև կնքված պայմանագրին, կամ Լիազոր մարմինների միջև կնքված պայմանագրին կամ համաձայնագրին, որոնք կիրառվում են Էյչ-Էս-Բի-Սի-ի կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամի նկատմամբ (այսուհետ` «Օրենքներ») կամ միջազգային ուղեցույցներին և ներքին կարգերին կամ ընթացակարգերին,

բ) Լիազոր մարմինների ցանկացած օրինական պահանջին կամ հաշվետվություն տրամադրելուն, բացահայտմանը կամ Օրենքներով սահմանված այլ պարտավորություններին, և

գ) Օրենքներին, որոնք Էյչ-Էս-Բի-Սի-ից պահանջում են հաստատել Հաճախորդների նույնականացումը:

«Կապակցված անձ» նշանակում է անհատ կամ կազմակերպություն, ում մասին տեղեկությունները (ներառյալ Անհատական տվյալները և Հարկային տեղեկությունները) Հաճախորդի կողմից կամ վերջինիս անունից տրամադրվել են Էյչ-Էս-Բի-Սի խմբի որևէ անդամին կամ Ծառայություններ մատուցելու կապակցությամբ որևէ կերպ ստացվել են Էյչ-Էս-Բի-Սի խմբի որևէ անդամի կողմից: Հաճախորդի առնչությամբ Կապակցված անձը ներառում է, սակայն չի սահմանափակվում, Հաճախորդի ցանկացած երաշխավորին, ընկերության տնօրենին կամ ղեկավարին, ընկերակցության գործընկերներին կամ անդամներին, ցանկացած «հիմնական սեփականատիրոջը», «հսկող անձին», կամ իրական շահառուին, հավատարմագրային կառավարչին, թրասթի կառավարչին կամ տնօրենին, համապատասխան հաշվի հաշվետիրոջը, համապատասխան վճարումը ստացողին/շահառուին, Հաճախորդի ներկայացուցչին, գործակալին կամ լիազորված անձին, կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի հետ բանկային հարաբերությունների առնչությամբ Հաճախորդի հետ կապված ցանկացած այլ անձանց և ընկերություններին:

«Հսկող անձինք» ընդհանրապես նշանակում է անհատներ, որոնք հսկողություն ունեն կազմակերպության նկատմամբ (թրասթի դեպքում դրանք` կառավարիչը, հավատարմագրային կառավարիչներ են, տնօրենը, շահառուները կամ շահառուների խումբը, և ցանկացած այլ անձ, ովքեր հիմնական իրական հսկողություն են իրականացնում թրասթի նկատմամբ, իսկ այն իրավաբանական անձի դեպքում, որը թրասթի չի հանդիսանում, այս տերմինը նշանակում է հսկողություն իրականացնող համարժեք կամ նմանատիպ պաշտոններ զբաղեցնող անձինք):

«Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ» նշանակում է Անհատական տվյալներ, անձնական տեղեկություններ և/կամ Հաճախորդի կամ Կապակցված անձի վերաբերյալ Հարկային տեղեկություններ (ներառյալ կից ներկայացվող հայտարարությունները, հրաժարականները և համաձայնությունները):

«Ֆինանսական հանցագործություններ» նշանակում է փողերի լվացում, ահաբեկչության ֆինանսավորում, կաշառակերություն, կոռուպցիա, հարկերից խուսափում, զեղծարարություն, տնտեսական կամ առևտրային պատժամիջոցներից խուսափում, և/կամ վերջիններիս վերաբերող ցանկացած Օրենքների կամ կարգերի խախտումներ, կամ շրջանցելու կամ խախտելու փորձեր:

«Էյչ-Էս-Բի-Սի» նշանակում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն:

«Էյչ-Էս-Բի-Սի խումբ» նշանակում է Էյչ-Էս-Բի-Սի հոլդինգս փիէլսի (HSBC Holdings plc), և/կամ վերջինիս ցանկացած փոխկապակցված կազմակերպություն, դուստր ընկերություն և դրանց որևէ մասնաճյուղեր և գրասենյակներ, ինչպես նաև «Էյչ-Էս-Բի-Սի խմբի ցանկացած անդամ»:

«Կորուստ» նշանակում է ցանկացած պահանջ, վճարում, ծախս (ներառյալ, բայց չսահմանափակվելով, ցանկացած իրավաբանական կամ այլ մասնագիտական ծախսեր), վնասներ, պարտք, հարկ, պարտավորություն, պատասխանատվություն, մեղադրանք, հայց, դատական գործընթաց, վարույթ կամ վճիռ, որևէ կերպ հաշվարկված կամ պատճառված, և ներառյալ ուղղակի կամ անուղղակի, դիտավորյալ կամ անզգուշության հետևանքով առաջացած վնասներ:

«Անհատական տվյալներ» նշանակում է անհատին վերաբերյալ ցանկացած տվյալներ (և իրավաբանական անձանց,այն երկրներում, որտեղ անձնական տվյալների պաշտպանության օրենքը կիրառվում է նաև իրավաբանական անձանց նկատմամբ), որոնց միջոցով անհատը կարող է նույնականացվել, ներառյալ, բայց չսահմանափակվելով, խիստ անձնական տվյալները, անուն(ներ)ը, բնակության հասցե(ներ)ը, կոնտակտային տեղեկությունները, տարիքը, ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը, ազգությունը, քաղաքացիությունը, անձնական և ամուսնական կարգավիճակը:

«Ծառայություններ» նշանակում է, առանց սահմանափակման,

ա) Հաճախորդի բանկային հաշիվների բացումը, սպասարկումը և փակումը,

բ) Հաճախորդին վարկային ծառայությունների և այլ բանկային պրոդուկտների տրամադրումը (ներառյալ, օրինակ` արժեթղթային գործարքները, ներդրումային խորհրդատվությունը, բրոքերային, գործակալական, պահառուական, քլիրինգային և տեխնոլոգիաների ձեռքբերման ծառայությունները), դիմումների ընթացք տալը, լրացուցիչ վարկային վերլուծությունը և պրոդուկտի համապատասխանության վերլուծությունը, և

գ) Հաճախորդի և Էյչ-Էս-Բի-Սի-ի միջև ընդհանուր հարաբերությունների կարգավորումը ներառյալ Հաճախորդին ֆինանսական ծառայությունների կամ դրանց առնչվող պրոդուկտների մարքեթինգը կամ առաջարկություններ անելը, շուկայի հետազոտությունը, ապահովագրությունը, աուդիտը և ադմինիստրատիվ նպատակներով կարգավորումը: 

«Հիմնական սեփականատերեր» նշանակում է ցանկացած անհատներ, որոնք եկամուտների 10%-ից ավել կամ շահույթի 10%-ից ավել մասի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի իրավունք ունեն:

«Հարկային մարմիններ» նշանակում է օտարերկրյա հարկային, եկամտի, գանձապետական կամ դրամավարկային կարգավորման մարմիններ:

«Հարկային տեղեկություններ» նշանակում է ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկություններ (և կից հայտարարությունները, հրաժարականները և համաձայնությունները), որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում են Հաճախորդի հարկային կարգավիճակին (անկախ այն հանգամանքից թե Հաճախորդը անհատ է թե ձեռնարկություն, շահույթ չհետապնդող թե այլ կորպորատիվ ընկերություն է), և Հաճախորդի` ցանկացած սեփականատիրոջը, «հսկող անձին», «հիմնական սեփականատիրոջը» կամ իրական շահառուին, որոնք Էյչ-Էս-Բի-Սի-ին ողջամտորեն համարում է, որ անհրաժեշտ են Էյչ-Էս-Բի-Սի խմբի որևէ անդամի` որևէ Հարկային մարմնի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու համար (կամ համապատասխանելու կամ անհամապատասխանությունից խուսափելու համար):

«Հարկային տեղեկությունները» ներառում են, սակայն չեն սահմանափակվում, հարկային ռեզիդենտության և/կամ կազմավորման վայրի (կիրառելիության դեպքում), հարկային մշտական բնակության վայրի, հարկային հաշվառման համարանիշի, Հարկային հաստատման ձևերի, որոշակի Անհատական տվյալների (ներառյալ` անուն(ներ)ը, բնակության հասցեն(ները), տարիքը, ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը, ազգությունը, քաղաքացիությունը) մասին տեղեկությունները:

«Հարկային հաստատման ձևեր» նշանակում է ցանկացած ձև կամ այլ փաստաթուղթ, որը կարող է ժամանակ առ ժամանակ պահանջվել Հարկային մարմնի կամ Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից հաշվետիրոջ կամ ընկերության Կապակցված անձի հարկային կարգավիճակը հաստատելու համար:

Հղումը եզակի թվին ներառում է նաև հոգնակին և հակառակը:

1. Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, մշակումը և տրամադրումը

Սույն Պայմանները պարզաբանում են, թե Էյչ-Էս-Բի-Սի-ն ինչպես է օգտագործելու Հաճախորդի և Կապակցված անձանց վերաբերյալ տեղեկությունները: Ծառայություններից օգտվելով, Հաճախորդը համաձայնվում է, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն և Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամները օգտագործեն Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները սույն Պայմանների համաձայն: Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները չեն բացահայտվի ոչ մեկին (ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի խմբի այլ անդամներին), բացառությամբ եթե`

  • բացահայտումը Էյչ-Էս-Բի-Սի-ից պահանջվում է օրենքով,
  • Էյչ-Էս-Բի-Սի-ն այն բացահայտելու հանրային պարտավորություն ունի,
  • բացահայտումը բխում է Էյչ-Էս-Բի-Սի-ի [կամ երրորդ անձի] օրինական գործարար նպատակներից,
  • բացահայտումը կատարվում է Հաճախորդի համաձայնությամբ, կամ
  • այն բացահայտվում է հետևյալ Պայմանների համաձայն:

Հաճախորդը սույնով համաձայնվում է, որ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել օտարերկրյա Լիազոր մարմիններին սույն Պայմաններով սահմանված կարգի համաձայն: Չնայած Պայմանների դրույթներին, Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունը Հայաստանի Հանրապետության Լիազոր մարմիններին կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում: 

Հավաքագրում

1.1. Էյչ-Էս-Բի-Սի-ն և Էյչ-Էս-Բի-Սի խմբի այլ անդամները կարող են հավաքագրել, օգտագործել և տրամադրել Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները (ներառյալ Հաճախորդի, Հաճախորդի կողմից կատարված գործարքների, Հաճախորդի կողմից Էյչ-Էս-Բի-Սի-ի պրոդուկտների և ծառայությունների օգտագործման մասին համապատասխան տեղեկությունները, ինչպես նաև Հաճախորդի Էյչ-Էս-Բի-Սի խմբի հետ հարաբերությունների մասին տեղեկությունները): Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները կարող են պահանջվել Հաճախորդից (կամ Հաճախորդի անունից հանդես եկող անձից) կամ կարող են հավաքագրվել Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից կամ անունից, կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամների կողմից` այլ աղբյուրներից (ներառյալ հրապարակայնորեն հասանելի տեղեկությունները), որոնք կազմվում կամ համադրվում են Էյչ-Էս-Բի-Սի-ին կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի ցանկացած անդամին հասանելի այլ տեղեկությունների հետ:

Մշակում

1.2. Էյչ-Էս-Բի-Սի-ն և/կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամները Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները կմշակեն, կփոխանցեն և կբացահայտեն հետևյալ Նպատակների կապակցությամբ.

ա) Ծառայությունները մատուցելու և Հաճախորդի կողմից պահանջվող կամ լիազորված ցանկացած գործարքների համար,

բ) Համապատասխանության պարտավորությունները կատարելու համար,

գ) Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործունեություն ծավալելու համար,

դ) Հաճախորդի կողմից վճարվելիք ցանկացած գումարները հավաքագրելու համար,

ե) Վարկարժանության ստուգումներ կատարելու և վարկային կարծիքներ ձեռքբերելու կամ տրամադրելու համար,

զ) Էյչ-Էս-Բի-Սի-ի կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամի իրավունքները իրացնելու կամ պաշտպանելու համար,

է) Էյչ-Էս-Բի-Սի և Էյչ-Էս-Բի-Սի խմբի ներքին գործառնական պահանջները բավարարելու համար (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, վարկային և ռիսկի կառավարման, համակարգի կամ պրոդուկտի մշակման և ծրագրավորման, ապահովագրության, աուդիտի և գործավարական նպատակներով),

ը) Հաճախորդի և Էյչ-Էս-Բի-Սի-ի միջև ընդհանուր հարաբերությունները պահպանելու համար (ներառյալ Հաճախորդին ֆինանսական ծառայություններ կամ կից պրոդուկտներ վաճառելը կամ առաջարկելը և շուկայի հետազոտությունը) (այսուհետ` “Նպատակներ”):

Տրամադրում

1.3. Օգտվելով Ծառայություններից Հաճախորդը համաձայնվում է, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն (եթե անհրաժեշտ է և համապատասխանում է Նպատակներին) կարող է փոխանցել և բացահայտել Հաճախորդի ցանկացած տեղեկություն հետևյալ հասցեատերերին (ովքեր նույնպես կարող են մշակել, փոխանցել և բացահայտել Հաճախորդի վերաբերյալ այդ տեղեկությունը Նպատակների համար)`

ա) Էյչ-Էս-Բի-Սի խմբի ցանկացած անդամին,

բ) Էյչ-Էս-Բի-Սի խմբի ցանկացած ենթակապալառուներին, գործակալներին, ծառայություն մատուցողներին կամ գործընկերներին (ներառյալ նրանց աշխատողներին, տնօրեններին և ղեկավարներին),

գ) ցանկացած օտարերկրյա Լիազոր մարմինների ցանկացած պահանջներին պատասխանելու համար,

դ) Հաճախորդի անունից հանդես եկող ցանկացած անձի, վճարումը ստացողներին, շահառուներին, հաշվին լիազորված անձանց, միջնորդ, փոխանցող և գործակալ բանկին, քլիրինգային ծառայություններին, քլիրինգային և վճարահաշվարկային համակարգերին, շուկայի մասնակիցներին, առաջնային հարկային գործակալներին, սվոփ կամ արժեթղթային գործարքների տվյալների հավաքագրման համակարգին, արժեթղթային բորսաներին և այն ընկերություններին, որոնց արժեթղթերից Հաճախորդը շահույթ ունի (եթե այդ արժեթղթերը Հաճախորդի անունից պահվում են Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից),

ե) Ծառայությունների կապակցությամբ շահույթ կամ ռիսկ կրող ցանկացած կողմին,

զ) Այլ ֆինանսական հաստատություններին, վարկային գործակալություններին կամ վարկային բյուրոներին, վարկային կարծիքներ ձեռքբերելու կամ տրամադրելու համար,

է) Հաճախորդին ակտիվների կառավարման ծառայություններ մատուցող ցանկացած երրորդ անձ ֆոնդի կառավարչին,

ը) ցանկացած բրոքեր, ում Էյչ-Էս-Բի-Սի-ին դիմում է,

թ) Էյչ-Էս-Բի-Սի ցանկացած բիզնեսի փոխանցման, օտարման, միացման և միաձուլման կապակցությամբ, որտեղ էլ այն գտնվի, ներառյալ այն երկրները, որտեղ տվյալների պաշտպանության մասին օրենքները` պաշտպանության միևնույն մակարդակը չունեն, ինչն առկա է Ծառայությունների մատուցման երկրում:

Հաճախորդի պարտավորությունները

1.4. Հաճախորդը սույնով համաձայնվում է անհապաղ ցանկացած դեպքում 30 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Էյչ-Էս-Բի-Սի-ին, եթե որևէ փոփոխություն է տեղի ունեցել Էյչ-Էս-Բի-Սի-ին կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամին ժամանակ առ ժամանակ տրամադրված Հաճախորդի վերաբերյալ տեղեկության մեջ, և պատասխանել Էյչ-Էս-Բի-Սի-ի կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամի ցանկացած պահանջին:

1.5. Հաճախորդը հաստատում է, որ յուրաքանչյուր Կապակցված անձ/անձ, ում մասին տեղեկությունները (ներառյալ Անհատական տվյալները կամ Հարկային տեղեկությունները) տրամադրվել են Էյչ-Էս-Բի-Սի-ին կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամին, տեղեկացվել է և համաձայն է, որպեսզի իր մասին սույն Պայմաններով սահմանված տեղեկությունը մշակվի, բացահայտվի և փոխանցվի: Հաճախորդը պարտավոր է տեղեկացնել Կապակցված անձանց/ անձանց, որ վերջիններս իրենց Անհատական տվյալները ստուգելու և ճշգրտելու իրավունք ունեն:

1.6. Եթե`

  • Հաճախորդը չի տրամադրում Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները, որոնք Էյչ-Էս-Բի-Սի-ին ողջամտորեն պահանջում է, կամ
  • Հաճախորդը չի տրամադրում կամ հրաժարվում է որևէ համաձայնություն տալուց, որն անհրաժեշտ է Էյչ-Էս-Բի-Սի-ին Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները Նպատակների համար մշակելու, փոխանցելու կամ բացահայտելու համար, կամ
  • Էյչ-Էս-Բի-Սի-ն կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամը կասկածներ ունեն հնարավոր ֆինանսական հանցագործություն կատարելու վերաբերյալ կամ Հաճախորդը ֆինանսական հանցագործության հնարավոր ռիսկ է հանդիսանում Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամի համար,

Էյչ-Էս-Բի-Սի-ն կարող է`

ա) Հնարավորություն չունենալ Հաճախորդին նոր Ծառայություններ տրամադրել կամ շարունակել դրանց ամբողջությամբ կամ մի մասի տրամադրումը, և իրավունք ունի դադարեցնել Հաճախորդի հետ գործարար հարաբերությունները,

բ) գործողություններ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են Էյչ-Էս-Բի-Սի-ի կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամի համար Համապատասխանության պարտավորությունները կատարելու համար, և/կամ

գ) արգելափակել, փոխանցել կամ փակել Հաճախորդի հաշիվ(ներ)ը: Ավելին, Հաճախորդի կողմից իր կամ իր հետ Կապակցված անձի վերաբերյալ Հարկային տեղեկությունները և կից հայտարարությունները, հրաժարականները և համաձայնությունները չտրամադրելը կարող է հիմք հանդիսանալ Էյչ-Էս-Բի-Սի-ի համար Հաճախորդի կարգավիճակի մասին իր սեփական որոշումն ընդունելու համար, ներառյալ տվյալ Հաճախորդի մասին Հարկային մարմիններին հայտնելը, ինչպես նաև կարող է հիմք հանդիսանալ Էյչ-Էս-Բի-Սի-ի կամ այլ անձանց կողմից գումարները պահելու (սառեցնելու) համար, որոնք որևէ Հարկային մարմնի օրինական պահանջով պետք է վճարվեն այդ Հարկային մարմնին:

2. Տվյալների պաշտպանություն

2.1. Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամների, նրանց աշխատակիցների և երրորդ անձանց կողմից պաշտպանվում են խիստ գաղտնիության և անվտանգության կանոններով, որոնցով առաջնորդվում են խմբի անդամները` անկախ այն հանգամանքից, թե դրանք մշակվել են տեղական թե օտարերկրյա տվյալների պաշտպանության օրենսդրության համաձայն:

2.2. Տվյալների պաշտպանության համապատասխան օրենսդրության համաձայն անհատն իրավունք ունի պահանջել Անհատական տվյալների առկա դասերին պատկանող տեղեկությունների պատճենները և պահանջել, որպեսզի այդ տվյալներում առկա որևէ անճշտությունն ուղղվի:

3. Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողություններ

3.1. Էյչ-Էս-Բի-Սի-ն և Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամները պարտավոր են, և կարող են իրենց հայեցողությամբ ցանկացած գործողություն ձեռնարկել ֆինանսական հանցագործության բացահայտման, քննության և կանխարգելման կապակցությամբ` Համապատասխանության պարտավորությունները կատարելու համար (Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողություն):

Այդ գործողությունը կարող է ընդգրկել, բայց չի սահմանափակվում`

ա) Ծառայությունների կամ Հաճախորդին վճարվելիք կամ Հաճախորդի կողմից կատարված ցանկացած վճարման ստուգում, հայտնաբերում և քննություն, ինչպես նաև ցանկացած հանձնարարության, հաղորդակցության, տրամադրման պահանջի և դիմումի ստուգում, հայտնաբերում և քննություն,

բ) դրամական միջոցների նախատեսված ստացողի կամ աղբյուրների քննություն,

գ) Էյչ-Էս-Բի-Սի խմբում առկա այլ տեղեկությունների համադրումը Հաճախորդի վերաբերյալ տեղեկության հետ, և/կամ

դ) անձի կամ կազմակերպության կարգավիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների հավաքագրում, նրանց պատժամիջոցների ռեժիմի ներքո գտնվելու փաստը պարզելու կամ

Հաճախորդի ինքնությունը և կարգավիճակը հաստատելու համար:

3.2. Օրենքով սահմանված կարգի շրջանակներում, ոչ Էյչ-Էս-Բի-Սի-ն ոչ էլ Էյչ-Էս-Բի-Սի խմբի որևէ այլ անդամը պատասխանատվություն չեն կրում Հաճախորդի կամ որևէ երրորդ անձի նկատմամբ որևէ Կորստի կապակցությամբ, անկախ այն հանգամանքից, թե արդյոք Հաճախորդը կամ երրորդ անձը Կորուստը կրել են Ծառայությունների կամ դրանց մի մասի մատուցման, թե որևէ վճարման ուշացման, արգելափակման կամ մերժման կապակցությամբ, թե այլ կերպ այդ Կորուստն առաջացել է Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողության հետևանքով:

4. Հարկային համապատասխանություն

Հաճախորդը գիտակցում է, որ ինքն է պատասխանատու իր հարկային պարտավորությունները հասկանալու և կատարելու համար (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, հարկային վճարումների կամ հաշվետվությունների կամ բոլոր համապատասխան հարկերը վճարելու կապակցությամբ պահանջվող այլ փաստաթղթերի համար) բոլոր այն երկրներում, որտեղ այդ պարտավորություններն առաջանում և կապված են Էյչ-Էս-Բի-Սի-ի և/կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամների կողմից Ծառայությունների մատուցման և/կամ հաշիվների բացման կամ օգտագործման հետ:

Որոշ երկրների հարկային օրենսդրությունը կարող է կիրառելիության տարածքային սահմանափակումներ չունենալ անկախ Հաճախորդի կամ Կապակցված անձի մշտական բնակության, ռեզիդենտության, քաղաքացիության կամ հիմնադրման հանգամանքից:

Էյչ-Էս-Բի-Սի-ն և/կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի որևէ անդամը հարկային խորհրդատվություն չեն տրամադրում: Հաճախորդին խորհուրդ է տրվում դիմել անկախ իրավաբանական և/կամ հարկային խորհրդատվության: Էյչ-Էս-Բի-Սի-ն և/կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի որևէ անդամը որևէ պարտավորություն չունեն Հաճախորդի հարկային պարտավորությունների համար որևէ երկրում որտեղ դրանք առաջացել են, ներառյալ, բայց չսահմանափակվելով, հատկապես Էյչ-Էս-Բի-Սի-ի և/կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամների կողմից մատուցվող Ծառայությունների և/կամ հաշվի (հաշիվների) բացման և օգտագործման առնչությամբ:

5. Այլ դրույթներ

5.1. Հաճախորդի և Էյչ-Էս-Բի-Սի-ի միջև գործող որևէ պայմանագրի, հաշվի, գործարար հարաբերության, պրոդուկտի և այլ ծառայության և սույն Պայմանների միջև անհամապատասխանություններ կամ հակասություն առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է սույն Պայմաններին:

Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ Հաճախորդի ցանկացած համաձայնություն, լիազորություն, Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից պահանջվող հրաժարական և թույլտվություն, որն արդեն տրամադրվել է, շարունակում է գործել տեղական օրենսդրությամբ սահմանված կարգի շրջանակներում:

5.2. Եթե սույն Պայմանների դրույթներն ամբողջությամբ կամ մասամբ անօրինական, անվավեր կամ ոչ-կիրառելի համարվեն որևէ երկրի օրենսդրության համաձայն, այն չպետք է բացասաբար ազդի կամ վնասի որևէ այլ երկրներում այդ դրույթի օրինականության, վավերականության կամ կիրառելիության վրա, կամ տվյալ երկրում` սույն Պայմանների մնացած մասի վրա:

6. Գործողությունը դադարեցումից հետո Սույն Պայմանները շարունակում են կիրառվել անկախ դրանց դադարեցման հանգամանքից, Էյչ-Էս-Բի-Սի-ի կամ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամի կողմից Հաճախորդին որևէ Ծառայության մատուցումը դադարեցնելու կամ Հաճախորդի կողմից որևէ հաշիվը փակելու հանգամանքից:

1 Սույն կետի իմաստով կազմակերպությունները փոխկապակցված են համարվում համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված չափանիշների:
2 Ըստ ներկայացնողի բաժնետոմսերը՝ ընկերության կողմից թողարկված բաժնետոմսեր են, որոնք իրավունք են տալիս փոխանցելու ընկերության նկատմամբ բաժնետիրական իրավունքները ցանկացած անձի, ով ֆիզիկապես տնօրինում է բաժնետոմսի հավաստագիրը:

Թարմացվել է` 01/02/2018 15:00