Տեղեկատվական ամփոփագիր ֆիզիկական անձանց բանկային հաշիվների մասին

Տեղեկատվական ամփոփագիր ֆիզիկական անձանց բանկային հաշիվների մասին

Տեղեկատվական ամփոփագիր ֆիզիկական անձանց բանկային հաշիվների մասին

1. Ընդհանուր դրույթներ

1.1 Բանկային հաշիվների տեսակներ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն անհատ հաճախորդներին առաջարկում է բանկային հաշիվների (այսուհետ` հաշիվներ) հետևյալ տեսակները.

Ընթացիկ հաշիվ
Հաշվի այս տարատեսակը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք պատրաստվում են հաշիվն օգտագործել հիմնականում գործառնությունների իրականացման, այլ ոչ թե իրենց ազատ դրամական միջոցների պահպանման նպատակով: Այդ իսկ պատճառով սույն հաշիվների համար չի սահմանվում նվազագույն մնացորդի պահանջ, սակայն առկա է հաշվի սպասարկման ամսական վճար: Այս հաշիվը նախատեսված է այնպիսի բանկային գործարքների համար, ինչպիսիք են` աշխատավարձի ստացումը կամ հաշվին մուտքագրվող նմանատիպ գումարների տնօրինումը, հաշվին ժամկետային ավանդի տոկոսների մուտքագրումը, կրեդիտ քարտի կամ վարկային վճարումների կատարումը և այլ գործարքներ կատարումը: Բանկն, իր հայեցողությամբ, ընթացիկ հաշվից կարող է Հաճախորդին տրամադրել չեկային գրքույկ:

Խնայողական հաշիվ
Հաշվի այս տարատեսակը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք պատրաստվում են հաշիվն օգտագործել ոչ միայն ֆինանսական գործառնությունների իրականացման համար, այլ նաև իրենց ազատ դրամական միջոցները Բանկում պահելու նպատակով: Խնայողական հաշիվների համար չի կիրառվում ամսական սպասարկման վճար, սակայն Բանկի կողմից սահմանված է միջին ամսական նվազագույն մնացորդի պահանջ:

Մինչև 18 տարեկան երեխաների հաշիվ
Հաշվի այս տարատեսակը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք ցանկանում են գումար խնայել մինչև 18 տարեկան երեխայի համար, ընդ որում այս հաշիվը կարող է բացվել երեխայի ծնողի, խնամակալի կամ երրորդ անձի կողմից1: Երեխայի հաշվի համար չի կիրառվում ամսական սպասարկման վճար, ինչպես նաև միջին ամսական նվազագույն մնացորդ՝ հանդիսանալով հարմար եղանակ երեխայի համար կարճաժամկետ և երկարաժամկետ խնայողություններ կատարելու համար: Երեխայի 18 տարին լրանալուց հետո հաշվի տեսակը փոփոխվում է ընթացիկ կամ խնայողական հաշվի:

Էսքրոու հաշիվ
Հաշվի այս տարատեսակը նախատեսված է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների ապահով իրականացման համար: Այն հանդիսանում է հատուկ բանկային հաշիվ, որը կիրառվում է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքի ժամանակ կողմերի (այն է՝ Գնորդ և Վաճառող) միջև հաշվարկների/վճարումների ապահով իրականացման համար:

Գումարները բաշխվում են կողմերի միջև ` Էսքրոու համաձայնագրով սահմանված կարգով, այն է.

  • Վճարվում են Վաճառողին

    Էսքրոու համաձայնագրով սահմանված ժամկետներում Անշարժ գույքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը հավաստող սեփականության իրավունքի գրանցման վկայականը կամ Անշարժ գույքի առուվաճառքի նոտարական կարգով վավերացված պայմանագրի մեկ օրինակը Բանկին ներկայացնելու դեպքում

    կամ

  • Վճարվում են Գնորդին

    Վերոնշյալ փաստաթղթերը Էսքրոու համաձայնագրով սահմանված ժամկետներում Բանկին չներկայացնելու կամ սահմանված ժամկետում Անշարժ գույքի նկատմամբ առուվաճառքից ծագող Գնորդի իրավունքները մերժելու մասին Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տրված փաստաթղթի բնօրինակը Բանկին ներկայացնելու դեպքում:

Ընթացիկ, խնայողական և մինչև 18 տարեկան երեխայի հաշիվները կարող են բացվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Մեծ Բրիտանական ֆունտ ստեռլինգով, ՌԴ ռուբլով, Չինական յուանով և Ճապոնական իենով: Էսքրոու հաշիվը կարող է բացվել միայն ՀՀ դրամով:

1.2 Նվազագույն հաշվեկշիռ

  • Ընթացիկ հաշիվ- չի պահանջվում
  • Խնայողական հաշիվ - չի պահանջվում
  • Մինչև 18 տարեկան երեխայի հաշիվ- չի պահանջվում
  • Էսքրոու հաշիվ- չի պահանջվում

1.3 Բանկային հաշվին առկա դրամական միջոցների նկատմամբ վճարվող տոկոսներ

  • Ընթացիկ հաշիվ- չի վճարվում
  • Խնայողական հաշիվ - չի վճարվում
  • Մինչև 18 տարեկան երեխայի հաշիվ- չի վճարվում
  • Էսքրոու հաշիվ- չի վճարվում

1.4 Ամսական սպասարկման վճար

  • Ընթացիկ հաշիվ - 300 ՀՀ դրամ2
  • Խնայողական հաշիվ - չի կիրառվում3
  • Մինչև 18 տարեկան երեխայի հաշիվ- չի կիրառվում
  • Էսքրոու հաշիվ- չի կիրառվում4

Հաշիվներով կատարվող գործառնությունների, ինչպես նաև հաշիվների քաղվածքների և հաշիվների/գործառնությունների վերաբերյալ այլ տեղեկությունների տրամադրման համար Բանկի կողմից սահմանված գործող սակագների մասին ամբողջական և մանրամասն տեղեկություններ ստանալու համար տես «Ծառայությունների Սակագներ» ամփոփագիրը, որը հաճախորդներին հասանելի է Բանկի մասնաճյուղերում/գրասենյակներում և ինտերնետային կայքում:


2. Հաշվի բացման / փակման ընթացակարգը

Բանկում հաշիվների բացման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ՀՀ քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող եւ բնակվող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար`

  1. Բանկային հաշվի բացման դիմում/ձեւ` ստորագրված ֆիզիկական անձի կողմից
  2. Անձնագիր /անձը հաստատող այլ փաստաթուղթ5
  3. Բնակության վայրի վերաբերյալ տվյալները և դրանք հաստատող փաստաթղթեր
  4. Եկամուտի աղբյուրների վերաբերյալ տվյալներ և, անհրաժեշտության դեպքում՝ դրանք հաստատող փաստաթղթեր
  5. Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկը.
    - Նույնականացման քարտ
    - Սոցիալական ապահովության քարտ
    - Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված տեղեկանք
    - Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված տեղեկանք
  6. Բանկի կողմից պահանջված՝ անհատի վերաբերյալ այլ տվյալներ և/կամ փաստաթղթեր

Օտարերկրյա քաղաքացիների համար`

  1. Բանկային հաշվի բացման դիմում/ձեւ` ստորագրված ֆիզիկական անձի կողմից
  2. Անձնագիր/անձը հաստատող այլ փաստաթուղթ5
  3. Բնակության վայրի վերաբերյալ տվյալները և դրանք հաստատող փաստաթղթեր
  4. Եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներ և, անհրաժեշտության դեպքում՝ դրանք հաստատող փաստաթղթեր
  5. Բանկի կողմից պահանջված՝ անհատի վերաբերյալ այլ տվյալներ և/կամ փաստաթղթեր

Հաշիվը բացվում է Հաճախորդի կողմից պատշաճ ստորագրված դիմումի հիման վրա և համապատասխան բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում: Բանկային հաշիվը բացվում է դիմումի և դրան առընթեր պահանջվող բոլոր փաստաթղթերի ներկայացման օրը և կարող է օգտագործվել Հաճախորդի կողմից բացման պահից: Լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու դեպքում, այդ փաստաթղթերի ուսումնասիրությունը կարող է տևել մինչև 60 աշխատանքային օր: Բանկի Ինտերնետային բանկային ծառայություններից օգտվող հաճախորդները կարող են լրացուցիչ հաշիվների բացումն իրականացնել նաև ինտերնետի միջոցով:

Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ փակել իր հաշիվը` այդ մասին Բանկին նախապես գրավոր ծանուցելով և մարելով Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները ամբողջությամբ: Բանկային հաշվի փակման ընթացքում լրացվում է համապատասխան հաշվի փակման դիմումը, որտեղ նշվում են հաշվում առկա դրամական միջոցների մնացորդի նկատմամբ իրականացվող հետագա գործողությունները:

Զրոյական մնացորդով բանկային հաշիվները կարող են փակվել Բանկի կողմից` երեք ամիս հետո: Բանկն իրավունք ունի նաև իր նախաձեռնությամբ փակել Հաճախորդի հաշիվը, եթե վերջինս թույլ է տվել բանկի կողմից սահմանված Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմանների կամ իրավական ակտերի խախտում/ներ: Այդ դեպքում հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է Հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:


3. Հաշվով հնարավոր գործառնությունները

3.1 Բանկը Հաճախորդի հետ կնքված պայմանագրի պայմաններով սահմանված կարգով և իր ներքին ակտերին համապատասխան` իրականացնում է հաշվի համալիր սպասարկումը և Հաճախորդի հանձնարարությամբ կատարում հաշվարկադրամարկղային գործառնություններ: Բանկային հաշվով իրականացվող գործառնություններից են հաշվարկադրամարկղային գործառնությունները, մասնավորապես` դրամական միջոցների կանխիկ մուտք/ելքը, փոխանցումները, արտարժույթի փոխարկումները6: Բանկի և Հաճախորդի միջև կնքված պայմանագրով նախատեսված հաշվարկային և դրամարկղային գործառնություններն իրականացվում են հաշվի/հաշիվների մնացորդի սահմաններում, ընդ որում Բանկը հաշվով/հաշիվներով կատարված գործառնությունների համար հաշվից/հաշիվներից գանձում է միջնորդավճարներ` Բանկի սակագներով սահմանված չափով:

3.2 Դրամական միջոցների մուտքագրումները և դուրսգրումները կարող են իրականացվել Բանկի ցանկացած մասնաճյուղում` անձի ինքնությունը հաստատող բավարար փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Կանխիկ միջոցները մուտքագրվում են բանկային հաշիվներին այդ գումարների ներկայացման պահին (եթե նախապես այլ համաձայնագիր ստորագրված չէ Բանկի և Հաճախորդի միջև): Բանկային հաշվից կանխիկ ելքագրումը կատարվում է անմիջապես` Հաճախորդի պահանջով: Բանկի կողմից սահմանված սահմանաչափերից մեծ գումարների կանխիկացումների դեպքում անհրաժեշտ է մեկ օր առաջ տեղյակ պահել Բանկին: Վերոնշյալ սահմանաչափերին հաճախորդները կարող են ծանոթանալ Բանկի ցանկացած մասնաճյուղում:

Հաշվից հնարավոր է պատվիրել միջազգային բանկոմատային քարտ7, որը Հաճախորդին հնարավորություն է ընձեռում օգտվել իր հաշիվներից Բանկի տարածքում կամ դրանից դուրս գտնվող բանկոմատների միջոցով: Բանկոմատից օգտվելու ընթացքում բոլոր հաճախորդների ինքնությունը հավաստվում է անձնական ծածկագրի միջոցով:

Ընթացիկ հաշիվ ունեցող հաճախորդներին Բանկի կողմից կարող են տրամադրվել չեկային գրքույկներ, որոնց միջոցով հաճախորդները կարող են տնօրինել իրենց ընթացիկ հաշվին առկա միջոցները:

3.3 Հաշիվները կարող են տնօրինվել8 ինչպես այցելելով բանկ, այնպես էլ Ինտերնետային/Մոբայլ բանկային ծառայության և Հեռախոսային բանկային ծառայության միջոցով: Ինտերնետային/Մոբայլ բանկային ծառայություններից և Հեռախոսային բանկային ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և/կամ կնքել համապատասխան համաձայնագիր, ընդ որում Մոբայլ բանկային ծառայությանը գրանցվելու համար անհրաժեշտ է գրանցված լինել Ինտերնետային բանկային ծառայության համար: Իսկ Ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկոմատային քարտ:
Ինտերնետային/Մոբայլ բանկային ծառայություններից օգտվելու ընթացքում բոլոր հաճախորդների ինքնությունը հավաստվում է անվտանգության սարքի, օգտագործողի անվան և գաղտնաբառի համադրության միջոցով, ընդ որում որոշ գործարքներ Մոբայլ բանկային ծառայության միջոցով հնարավոր է իրականացնել առանց անվտանգության սարքի՝ միայն օգտագործողի անվան և մոբայլ գաղտնաբառի համադրությամբ: Գործարքների տեսակները, որոնք հնարավոր է իրականացնել առանց անվտանգության սարքի ներկայացված են Բանկի ինտերնետային կայքում:

Հեռախոսային բանկային ծառայություններից օգտվելու ընթացքում բոլոր հաճախորդների ինքնությունը հավաստվում է գաղտնաբառի և հաճախորդի նույնականացնելու նպատակով տրվող հարցերի օգնությամբ:

Հաշիվների վրա հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնություններ կատարելու դեպքում Բանկի կողմից կիրականացվի արտարժույթի փոխանակում` Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքներով:

3.4 Ընթացիկ և խնայողական հաշիվներից փոխանցումներ կատարելու նպատակով հաճախորդները Բանկին կարող են ներկայացնել համապատասխան ձևով լրացված և պատշաճ ստորագրված վճարման հանձնարարականներ: Այլ հաշիվներից փոխանցումների իրականացումը հնարավոր չէ:
ՀՀ դրամով ՀՀ տարածքում իրականացվելիք փոխանցումների համար մինչև ժամը 14:00-ն ներկայացված, իսկ արտարժութային վճարման հանձնարարականների համար՝ մինչև 17:00-ն ներկայացված վճարման հանձնարարականները Բանկի կողմից կատարվում են նույն օրվա ընթացքում: Նշված ժամերից դուրս, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին ներկայացված վճարման հանձնարարականները համարվում են ստացված` ներկայացման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը և կատարվում են այդ օրվա ընթացքում: Բանկում սպասարկվող հաշիվների միջև փոխանցումները, որպես կանոն, կատարվում են հանձնարարականի ներկայացման պահին:

3.5 Հաճախորդի բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքները կարող են սահմանափակվել հարկային մարմինների կողմից կայացված որոշումների համաձայն, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կայացված որոշումների համաձայն: Հաճախորդը կարող է տեղեկացվել արգելանքի մասին` արգելանք կիրառելու որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:

Առանց Հաճախորդի կարգադրության Հաճախորդի հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կայացված որոշումների համաձայն:Հաճախորդը կարող է տեղեկացվել իր հաշվից միջոցների բռնագանձման մասին` բռնագանձման որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:

3.6 Հաշվով կատարված գործառնությունների դիմաց տրամադրվում են քաղվածքներ, գործարքների oրինակներ, կրկնօրինակները եւ այլ տեղեկություններ, որոնք կարող են առաքվել ամսական, շաբաթական կամ օրական պարբերականությամբ: Քաղվածքների և այլ փաստաթղթերի առաքումը կարող է իրականացվել փոստով (ՀՀ տարածքում, ՀՀ տարածքից դուրս), Էլ-փոստով կամ Ինտերնետային ծառայության միջոցով (եթե Հաճախորդը ընտրել է տվյալ տարբերակը):
Քաղվածքում արտացոլված տվյալները համարվում են բանկային հաշվով կատարված գործարքների մասին պատշաճ ծանուցում: Հաճախորդը պետք է ստուգի քաղվածքի ճշտությունը և հնարավոր սխալների մասին ծանուցի Բանկին` քաղվածքի ամսաթվից 30 օրվա ընթացքում:


4. Վեճերի լուծման կարգը

Հաշվի պայմանագրից ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են Կողմերի փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե Հաճախորդի կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցում 10 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք գումարը այլ արժույթով, վեճը կարող է լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցել 250 000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500 000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:


5. Ավանդների հատուցման երաշխավորման պայմանները և կարգը

Հաշիվներին առկա դրամական միջոցների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի համաձայն: Օրենքով սահմանված են ավանդների երաշխավորման հետևյալ սահմանաչափերը.

  • Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ` 10 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ` 5 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ և եթե դրամային ավանդը գերազանցում է 5 միլիոն դրամը` 10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
  • Եթե նույն բանկում ունեք և' ՀՀ դրամով, և' արտարժույթով ավանդ և եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է` 5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Սույն ամփոփագրում ներառված տեղեկատվությունը անհրաժեշտ է դիտարկել «Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմանների (ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի համար)» և «Ծառայությունների Սակագներ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար» ամփոփագրերում ներառված տեղեկատվության հետ միասին:

1 Երրորդ անձի կողմից հնարավոր է միայն ժամկետային ավանդային հաշվի բացումը:
2 Վճարը չի կիրառվում, եթե ընթացիկ հաշիվը օգտագործվում է ժամկետային ավանդի մարման և/կամ ժամկետային ավանդի տոկոսների վճարման համար:
3 Յուրաքանչյուր խնայողական հաշվի միջին ամսական նվազագույն մնացորդը (100 000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով) չպահպանելու վճար` ամսական 2,000 ՀՀ դրամ: Վճարը չի կիրառվում, եթե խնայողական հաշիվը օգտագործվում է ժամկետային ավանդի մարման և/կամ ժամկետային ավանդի տոկոսների վճարման համար:
4 Էսքրոու հաշվի բացման համար Գնորդը և/կամ Վաճառողը Բանկին վճարում են ծառայության վճար` Էսքրոու գումարի 0.5% - ի չափով (նվազագույնը 100,000 ՀՀ դրամ, առավելագույնը 500,000 ՀՀ դրամ):
5 Անձը հաստատող այլ փաստաթղթեր` համաձայն ՀՀ կառավարության 22/12/1999թ.-ի թիվ 767 որոշման:
6 Արտարժույթի փոխանակման գործարքի դեպքում, փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից գործարքի կատարման պահին տվյալ արժույթ(ներ)ի համար սահմանված փոխարժեքով:
7Միջազգային բանկոմատային քարտը հասանելի չէ Էսքրոու հաշվի դեպքում: Իսկ մինչև 18 տարեկան երեխայի հաշվի համար Բանկոմատային քարտ կարող է տրամադրվել միայն երեխայի 14 տարին լրանալուց հետո` միայն ծնողի/խնամակալի համաձայնության առկայության դեպքում:
8Էսքրոու հաշիվների տնօրինումը Ինտերնետային/մոբայլ և հեռախոսային բանկային ծառայությունների միջոցով հասանելի չէ: Մինչև 18 տարեկան երեխայի հաշվի դեպքում, հաշվի հեռահար տնօրինումը հնարավոր է միայն երեխայի 14 տարին լրանալուց հետ` միայն ծնողի/խնամակալի համաձայնությամբ:

Թարմացվել է` 03/03/2016 15:00