Հիմնական բովանդակության սկիզբ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Համաձայն «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի միջև կնքված Ապահովագրական գործակալության N 451 պայմանագրի առ 02.07.2012թ.

  1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    1. Ապահովագրող՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ:
    2. Ապահովադիր՝ Ապահովագրողի հետ ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր և/կամ վկայագիր (այսուհետ՝ Պայմանագիր) կնքած անձ:
    3. Ապահովագրված անձ` Պայմանագրում նշված անձ, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է Պայմանագրի առարկա: Պայմանագրում Ապահովագրված անձ նշված չլինելու դեպքում Ապահովադիրը հանդիսանում է Ապահովագրված անձ:
    4. Շահառու` ապահովագրական պատահարի տեղի ունենալու պարագայում Պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումը ստանալու իրավունք ունեցող անձ:
    5. Ապահովագրության օբյեկտ` ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահեր:
    6. Ապահովագրական պատահար՝ Պայմանագրով նախատեսված դեպք կամ իրադարձություն, որի տեղի ունենալու պարագայում Ապահովագրողը պարտավորվում է Ապահովադրին կամ Շահառուին վճարել ապահովագրական հատուցում՝ Պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:
    7. Ապահովագրական հատուցում` Ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում Ապահովագրողի կողմից Պայմանագրի հիման վրա Ապահովադրին կամ Շահառուին վճարման ենթակա գումար` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
    8. Ապահովագրական գումար՝ Պայմանագրում նշված Ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափ:
    9. Ապահովագրավճար՝ Ապահովադրի կողմից Ապահովագրողին վճարվող գումար, որի դիմաց Ապահովագրողը պարտավորվում է Ապահովադրին (Շահառուին) հատուցել Պայմանագրում նշված ապահովագրական պատահարի հետևանքով պատճառված վնասը:
    10. Չհատուցվող գումար՝ կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսի տեսքով պայմանագրով սահմանվող գումար, որի չափով Ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում կատարելուց։
    11. Լիազորված վարորդ՝ Պայմանագրում որպես լիազորված վարորդ նշված անձ։
  2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
    1. «Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության ընդհանուր պայմանների» (այսուհետ՝ Պայմաններ) հիման վրա և առաջնորդվելով ՀՀ գործող օրենսդրությամբ` Ապահովագրողը կնքում է Պայմանագրեր հետևյալ բաժիններով.
      - Բաժին I՝ Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն, որը ծածկում է այն վնասները կամ կորուստները, որոնք պատճառվել են, ենթադաս ա. ցամաքային ավտոտրանսպորտին,
      - Բաժին II՝ Դժբախտ պատահարներից ապահովագրություն, ենթադաս դ. ուղևորների վնասվածքների։
    2. Ապահովագրական ծածկույթի կիրառելիության համար անհրաժեշտ է, որ տվյալ Բաժինը ներառված լինի Պայմանագրում, նշված լինեն ապահովագրության համապատասխան օբյեկտի(ների) համար սահմանված ապահովագրական գումարը(ները) և ապահովագրավճարը(ները):
    3. Ապահովագրությունն իրականացվում է Ապահովագրողի հետ Ապահովադրի կնքած Պայմանագրով:
    4. Ապահովագրողն իրավունք ունի մերժել Պայմանագրի կնքման կամ վերակնքման առաջարկը:
    5. Պայմանագիրը գործում է ՀՀ սահմաններում, եթե այլ բան սահմանված չէ Պայմանագրով:
    6. Սույն Պայմանները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մաս:
    7. Ապահովագրողը պարտավորվում է Ապահովադրին ծանոթացնել տվյալ Պայմաններին, տալ Պայմանների մեկ օրինակ և այդ մասին նշում կատարել Պայմանագրում:
    8. Պայմանագրի և Պայմանների միջև անհամապատասխանության դեպքում գերակայությունը տրվում է Պայմանագրին:
    9. Եթե Պայմանագրի գործողության ընթացքում ծագած ցանկացած հայտի ժամանակ առկա է որևէ այլ ապահովագրություն, որը ծածկում է միևնույն կորուստը, վնասը կամ պարտավորությունը, Ապահովագրողը հատուցում է միայն կորստի, վնասի, արժեքի կամ ծախսերի հատուցման իր բաժնեչափը: Ապահովագրողի կողմից կատարվող հատուցման չափը որոշվում է Պայմանագրում նշված ապահովագրական գումարի և բոլոր ապահովագրության պայմանագրերով գործող ապահովագրական գումարների հանրագումարի հարաբերակցությամբ:
    10. Ավտոտրանսպորտային միջոցը կարող է օգտագործել/շահագործել Ապահովադիրը կամ Ապահովադրի գրավոր համաձայնությամբ (եթե այլ բան սահմանված չէ Պայմանագրով) տվյալ տեսակի ավտոտրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող ցանկացած անձ, որն Ապահովագրողի կողմից ճանաչվում է Լիազորված վարորդ:
    11. Ապահովադիրը կամ Լիազորված վարորդը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ ողջամիտ քայլեր` ավտոտրանսպորտային միջոցը ցանկացած կորստից կամ վնասից ապահովելու և այն սարքին վիճակում պահպանելու համար:
    12. Եթե սույն Պայմանների կամ Պայմանագրի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր կամ դառնում է անգործադրելի, ապա այն պետք է վերանայվի համապատասխան օրենքների և նորմերի սահմաններում՝ Կողմերի մտադրությունը վերականգնելու նպատակով: Այդպիսի անվավերությունը կամ անգործադրելիությունը չի ազդում սույն Պայմանների կամ Պայմանագրի որևէ այլ դրույթի վավերականության կամ գործադրելիության վրա: Կողմերը չեն շահարկի սույն Պայմանների կամ Պայմանագրի որևէ դրույթի անգործադրելիությունը` Պայմաններով կամ Պայմանագրով սահմանված իրենց պարտավորություններից խուսափելու համար:
  3. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ
    1. Ապահովագրության օբյեկտ են հանդիսանում Ապահովադրի՝ (Շահառուի, Ապահովագրված անձի) ՀՀ օրենսդրությանը չհակասող շահերը՝ կապված հետևյալ ռիսկերի հետ՝
      - Բաժին I. ավտոտրանսպորտային միջոցի տիրապետման և/կամ օգտագործման/շահագործման հետևանքով ավտոտրանսպորտային միջոցին և/կամ ավտոտրանսպորտային միջոցում մշտապես տեղադրված լրացուցիչ սարքավորումներին (ավտոձայնագրիչ, բարձրախոսներ, հակաառևանգման միջոցներ, կապի միջոցներ և այլն) պատճառված վնաս, կորուստ, հրդեհ, գողություն/առևանգում,
      - Բաժին II. ավտոտրանսպորտային միջոցի տիրապետման և/կամ օգտագործման/շահագործման հետևանքով Լիազորված վարորդի և/կամ ուղևորների կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս։
    2. Սույն Պայմաններով կարող է ապահովագրվել ցանկացած ավտոտրանսպորտային միջոց, որը
      - ըստ ճանապարհային երթևեկության կանոնների կարող է օգտագործվել/շահագործվել ընդհանուր նշանակության ավտոճանապարհներում,
      - չունի զգալի մեխանիկական կամ կոռոզիայի հետևանքով առաջացած ֆիզիկական վնասներ,
      - հանդիսանում է Ապահովադրի սեփականությունը կամ նրան վարձակալության/ենթավարձակալության է տրված վարձակալության/ ենթավարձակալության պայմանագրով կամ որի նկատմամբ Ապահովադրի մոտ առկա է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային շահ:
  4. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ
    1. Բաժին I-ի իմաստով, բացառությամբ Պայմանագրում և Պայմաններում նշված դեպքերի, ապահովագրական պատահար է համարվում տեղի ունեցած և պատահական բնույթ կրող դեպքի (իրադարձության) հետևանքով ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի և/կամ դրանում մշտապես տեղադրված և ապահովագրված լրացուցիչ սարքավորումների կորուստը կամ դրանց պատճառված վնասը, այդ թվում նաև՝
      1. ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով,
      2. հրդեհի (անկառավարելի այրում կամ պայթյուն՝ առաջացած արտաքին ազդեցության հետևանքով կամ ավտոտրանսպորտային միջոցի ինքնայրում) հետևանքով,
      3. երրորդ անձանց անօրինական գործողությունների հետևանքով, ինչը նշանակում է՝
        ա) անօրինական կանխամտածված գործողությունների իրագործում կամ իրագործման փորձ երրորդ անձանց կողմից՝ ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ,
        բ) առևանգում/կողոպուտ/գողություն, ավտոտրանսպորտային միջոցի կորուստ, վնաս և/կամ ավտոտրանսպորտային միջոցին ապօրինաբար տիրացում՝ առանց հափշտակման նպատակի:
        Ապահովագրական պատահար չեն համարվում՝
        - ավտոտրանսպորտային միջոցի հափշտակումը՝ խարդախության (խաբեության, վստահությունը չարաշահելու) եղանակով,
        - ավտոտրանսպորտային միջոցի կորուստը՝ ավազակային հարձակման հետևանքով։
    2. Բաժին II-ի իմաստով, բացառությամբՊայմանագրում և Պայմաններում նշված դեպքերի, ապահովագրական պատահար է համարվում ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի տիրապետման և/կամ օգտագործման/շահագործման հետևանքով Լիազորված վարորդի և/կամ ուղևորների կյանքին և/կամ առողջությանը պատճառված վնասը:

      ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    3. Բոլոր դեպքերում ապահովագրական պատահար չի համարվում և չի հատուցվում ցանկացած կորուստ, վնաս կամ մարմնական վնասվածք, որը՝
      1. Ապահովադրի (Լիազորված վարորդի, Շահառուի) դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանք է,
      2. ծագել է իոնացված ճառագայթումից կամ ռադիոակտիվ նյութերի աղտոտումից` ցանկացած միջուկային վառելիքից կամ միջուկային վառելիքի այրումից ստացված միջուկային թափոններից, ռադիոակտիվ, թունավոր, պայթուցիկ կամ ցանկացած վտանգավոր նախադրյալներ պարունակող ցանկացած պայթուցիկ միջուկային ագրեգատից կամ դրանում առկա միջուկային բաղադրիչից,
      3. ծագել կամ առաջացել է երկրաշարժի հետևանքով ,
      4. ծագել կամ առաջացել է ահաբեկչության, զավթման, ավազակության, հանցավոր համագործակցության ստեղծման և/կամ դրան մասնակցության, օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման և/կամ դրանց մասնակցության, գործադուլի, զանգվածային անկարգությունների կամ ժողովրդական հուզումների հետևանքով,
      5. պատերազմի, ներխուժման կամ օտարերկրյա թշնամական ուժերի, ռազմական գործողությունների (անկախ այն բանից, հայտարարվել է պատերազմ, թե՝ ոչ), զինված բախման, քաղաքացիական պատերազմի, ապստամբության, հեղափոխության, խռովության կամ զինվորական հեղաշրջման, ապօրինաբար իշխանության զավթման ցանկացած հետևանք է,
      6. ուղղակիորեն պատճառվել է ձայնային կամ գերձայնային արագությամբ ընթացող ինքնաթիռի կամ այլ թռչող սարքի առաջացրած ճնշման ալիքների հետևանքով,
      7. առաջացել է ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցից արտահոսած կամ թափված հեղուկի պատճառով` ջրի աղտոտվածություն կամ շրջակա միջավայրին պատճառված վնաս և դրանց հետևանքով առաջացած մահ, մարմնական վնասվածք կամ ցանկացած այլ վնաս,
      8. պատճառվել է կառավարության կամ այլ քաղաքական կամ տեղական իշխանությունների, դատարանի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցը կալանքի և արգելանքի տակ դնելու, դրա բռնագրավման, ազգայնացման, ոչնչացման կամ վնասման հետևանքով,
      9. պատճառվել է Ապահովադրի, Լիազորված վարորդի կամ ուղևորների սեփականությունը հանդիսացող կամ նրանց հսկողության տակ գտնվող կամ ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցով տեղափոխվող ցանկացած գույքին։
    4. Ապահովագրողը չի հատուցի նաև ցանկացած կորուստ, վնաս կամ մարմնական վնասվածք, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցը.
      1. օգտագործվել/շահագործվել է տեխնիկապես ոչ սարքին վիճակում,
      2. օգտագործվել/շահագործվել է ոչ Լիազորված վարորդի կողմից կամ եթե ապահովագրական պատահարի տեղի ունենալու պահին Լիազորված վարորդը զրկված է եղել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունքից,
      3. վարել է այնպիսի անձ կամ օգտագործվել է այնպիսի նպատակներով, որոնք թույլատրելի չեն Պայմանագրով,
      4. օգտագործվել/շահագործվել է ալկոհոլի, թմրանյութերի, հոգեմետ նյութերի ազդեցության ներքո կամ պատահարից անմիջապես հետո Լիազորված վարորդը խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց,
      5. օգտագործվել/շահագործվել է այնպիսի նպատակներով, որոնք ըստ տեխնիկական բնութագրի չեն համապատասխանում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի նշանակությանը,
      6. օգտագործվել/շահագործվել է մրցավազքերի, փորձարկումների, ավտոարշավների և այլ մրցույթների մասնակցելու համար,
      7. օգտագործվել/շահագործվել է հակահրդեհային անվտանգության կանոնների խախտմամբ կամ ավտոտրանսպորտային միջոցում պահվել են կամ նրանով փոխադրվել են պայթուցիկ նյութեր։
    5. Ապահովագրողը չի կրում հատուցման պարտավորություն.
      1. տրանսպորտային միջոցի օգտագործման անհնարինության հետևանքով առաջացած ծախսերի, ներառյալ դրա ժամանակավոր փոխարինման ծախսերի համար,
      2. ապահովագրական պատահարից հետո ավտոտրանսպորտային միջոցի(ների) մասերի,բաղադրամասերի, սարքավորումների և լրացուցիչ սարքավորումների հափշտակման համար,
      3. տրանսպորտային միջոցի մաշվածության և հնեցման համար,
      4. մեխանիկական կամ էլեկտրական խափանումների, անսարքությունների կամ ջարդվածքների համար, որոնք չեն հանդիսանում ապահովագրական պատահարի հետևանք,
      5. ավտոտրանսպորտային միջոցի պետական համարանիշի, անիվների դեկորատիվ ծածկերի, ֆիրմային ցուցանշանների, անվադողերի և անվահեծերի ֆիզիկական վնասների համար, որոնց առաջանալու ժամանակ ավտոտրանսպորտային միջոցին այլ վնասներ չեն պատճառվել,
      6. ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցում մշտապես տեղադրված լրացուցիչ սարքավորումների կորստի կամ վնասի համար, եթե դրանք չեն մտնում գործարանային կոմպլեկտացիայի մեջ, այսինքն տեղադրված չեն ավտոտրանսպորտային միջոցի արտադրության ժամանակ և նշված չեն Պայմանագրում որպես ապահովագրված լրացուցիչ սարքավորում,
      7. վերանորոգումից հետո ավտոտրանսպորտային միջոցի շուկայական արժեքի ցանկացած նվազման համար,
      8. ավտոտրանսպորտային միջոցի մասերի, սարքավորումների, լրացուցիչ սարքավորումների կորստի/վնասների համար, որոնք առկա են Պայմանագիր կնքելու պահին ,
      9. ավտոտրանսպորտային միջոցի կորստի/վնասի համար, եթե այն պատճառվել է ավտոտրանսպորտային միջոցը ոչ վարելով տեղափոխելու, որպես բեռ փոխադրելու կամ քարշակման-էվակուացիայի ժամանակ կամ դրա հետևանքով,
      10. ավտոտրանսպորտային միջոցի կորստի/վնասի համար, որը առաջացել է ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի բեռնման կամ դրա բեռնաթափման համար և ընթացքում կատարվող գործողությունների հետևանքով,
      11. ավտոտրանսպորտային միջոցի մասերի, ագրեգատների անսարքության համար, որն առաջացել է ավտոտրանսպորտային միջոցի բնականոն օգտագործման/շահագործման հետևանքով, նույնիսկ ագրեգատների մեջ այլ առարկաներ կամ նյութեր ընկնելու պատճառով,
      12. ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման, դրա վրա կամ դրա մեջ մասերի, բաղադրամասերի, սարքավորումների, լրացուցիչ սարքավորումների տեղադրման ժամանակ և/կամ դրա հետևանքով պատճառված վնասների համար,
      13. բոլոր տեսակի պատահարների հետևանքով պատճառված վնասների համար, որոնք տեղի են ունեցել Պայմանագրում նշված տարածքային սահմանափակումներից դուրս
      14. Ապահովադրի, Շահառուի, Լիազորված վարորդի և/կամ ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի ուղևորների կրած ֆինանսական և այլ կապակցված վնասների և/կամ կորուստների համար, այսինքն՝ կորցրած/չվաստակած եկամուտ, տույժեր, պարտադիր վճարումներ, ցանկացած պայմանագրով սահմանված պարտականությունների կատարման/չկատարման և/կամ թերի կատարման հետ կապված ծախսեր և այլն, նույնիսկ եթե դրանք ապահովագրական պատահարի հետևանք են:
  5. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ
    1. Ապահովագրական գումարը(ները) սահմանվում է(են) առանձին յուրաքանչյուր Բաժնի և օբյեկտի համար, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:
    2. Պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցի և լրացուցիչ սարքավորումների համար սահմանված ապահովագրական գումարը չի կարող գերազանցել Պայմանագրի կնքման պահին վերջիններիս իրական (շուկայական) արժեքը:
    3. Պայմանագրով սահմանված լրացուցիչ սարքավորումների ապահովագրական գումարը չի կարող գերազանցել ավտոտրանսպորտային միջոցի համար սահմանված ապահովագրական գումարը:
    4. Ավտոտրանսպորտային միջոցի իրական (շուկայական) արժեքը հաշվարկելիս Ապահովագրողը կարող է հիմնվել ավտոտրանսպորտային միջոցը գնելու համար Ապահովադրի կողմից կատարված փաստացի ծախսերի վրա (հաշիվ-պահանջագիր, պայմանագիր և այլն) կամ որոշել այն ինքնուրույն:
    5. Ապահովագրություն ոչ լրիվ արժեքով (կիրառելի է միայն Բաժին I-ի ապահովագրության օբյեկտի(ների) համար). եթե ապահովագրության օբյեկտի իրական (շուկայական) արժեքը ավելի մեծ է, քան տվյալ ապահովագրության օբյեկտի հայտարարագրված ապահովագրական գումարը, Ապահովադիրը վնասված կամ կորած ապահովագրության օբյեկտի համար հատուցումը կստանա այն նույն համամասնությամբ, ինչպիսին ապահովագրական գումարի հարաբերությունն է տվյալ ապահովագրության օբյեկտի իրական (շուկայական) արժեքի նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ Պայմանագրով:
    6. Եթե ավտոտրանսպորտային միջոցի և/կամ լրացուցիչ սարքավորումների համար Պայմանագրում նշված ապահովագրական գումարը գերազանցել է իրական (շուկայական) արժեքը, ապա ավտոտրանսպորտային միջոցին և/կամ լրացուցիչ սարքավորումներին պատճառված վնասը հատուցման ենթակա է միայն ավտոտրանսպորտային միջոցի և/կամ լրացուցիչ սարքավորումների իրական (շուկայական) արժեքի չափով: Այդ դեպքում ապահովագրավճարի հավելյալ վճարված մասը չի վերադարձվում:
    7. Պայմանագիր կնքելիս՝ այդ մասին Պայմանագրում հատուկ նշում կատարելու դեպքում, Ապահովագրողն իրավասու է Չհատուցվող գումար սահմանել:
    8. Սույն Պայմանների իմաստով Չհատուցվող գումարը սահմանվում է որպես ոչ պայմանական. Չհատուցվող գումարի չափով Ապահովագրողն ազատվում է հատուցում կատարելուց յուրաքանչյուր հայտի/պատահարի դեպքում՝ անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից:
    9. Եթե Պայմանագրով սահմանված չէ այլ բան, ապա յուրաքանչյուր ապահովագրական հատուցում վճարելուց հետո ապահովագրական գումարը համապատասխան օբյեկտի համար նվազեցվում է կատարված հատուցման չափով:
    10. Ապահովադիրն իրավասու է վերականգնել ապահովագրական գումարի նախկին/սկզբնական չափը՝ գործող Պայմանագիրը հավելելու միջոցով: Այս դեպքում Ապահովադիրը, ապահովագրական հատուցում վճարելու հետևանքով ապահովագրական գումարի նվազած մասի համար, վճարում է ապահովագրավճար՝ Պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն:
  6. ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ
    1. Ապահովագրավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները uահմանվում են Պայմանագրով:
    2. Ապահովագրավճարը հաշվարկվում է Ապահովագրողի կողմից՝ ապահովագրության օբյեկտի իրական (շուկայական) արժեքի և այլ բնութագրիչների, ապահովագրական գումարի, ապահովագրության տեսակի (դասի), Պայմանագրի ժամկետների մասին ունեցած տվյալների և Ապահովագրողի կողմից հաստատված սակագների, կիրառվող զեղչերի և հավելավճարների հիման վրա:
    3. Ապահովագրավճարը վճարվում է միանվագ, եթե այլ բան սահմանված չէ Պայմանագրով: Ապահովագրողի իրավունքն է ապահովագրավճարների կատարման չափաքանակների և ժամանակացույցի վերաբերյալ որոշում ընդունելը:
    4. Եթե Ապահովադիրն Ապահովագրողին ապահովագրական հատուցման հայտ է ներկայացնում մինչև ապահովագրավճարի հերթական մասը վճարելը, ապա Ապահովագրողն իրավասու է հատուցվող գումարից պահում կատարել չվճարված ապահովագրավճարի չափով:
    5. Մինչև մեկ տարի ժամկետով կնքված Պայմանագրի ապահովագրավճարը հաշվարկվում է ժամկետին համամասնորեն, սակայն ոչ պակաս, քան Ապահովագրողի կողմից սահմանված նվազագույն ապահովագրավճարը:
    6. Ապահովադրի հանձնարարությամբիր փոխարեն վճարում կատարող անձը այդ կապակցությամբ Պայմանագրի նկատմամբ ոչ մի իրավունք ձեռք չի բերում:
    7. Ապահովագրավճարի հերթական մասը չվճարելու դեպքում Ապահովագրողը իրավունք ունի կասեցնել Պայմանագրի գործողությունն առանց Ապահովադրին ծանուցելու՝ վճարման համար Պայմանագրում սահմանված ժամկետին հաջորդող օրվա 00 ժամ 00 րոպեից: Սույն կետով կասեցված Պայմանագրի գործողությունը կարող է վերականգնվել 30 օրվա ընթացքում համապատասխան ապահովագրավճարը վճարելու դեպքում: Պայմանագրի գործողությունը վերականգնվում է ապահովագրավճարի վճարման պահից (եթե այլ բան չի սահմանվում լրացուցիչ համաձայնագրով) ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա մասերի, բաղադրամասերի նոր ֆիզիկական վնասների/կորուստների բացակայության դեպքում: Ապահովադիրը պարտավոր է Ապահովագրողի պահանջի դեպքում ներկայացնել ավտոտրանսպորտային միջոցը զննության համար: Պայմանագրի գործողության ժամկետներն այս դեպքում չեն երկարաձգվում:
    8. Պայմանագրի գործողության կասեցված ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերը չեն համարվում ապահովագրական պատահարներ:
    9. Եթե Ապահովադիրը 6.7. կետով սահմանված ժամկետներում վճարումը չի կատարում՝ Պայմանագիրը համարվում է միակողմանի լուծված` գործողության կասեցումից 30 օր հետո:
  7. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
    1. Պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:
    2. Պայմանագիրը կնքվում է Ապահովադրի կողմից տրված բանավոր, իսկ Ապահովագրողի պահանջով՝ գրավոր դիմումի հիման վրա։ Ապահովագրողի պահանջի դեպքում Պայմանագիրը կնքվում է Ապահովադրի կողմից տրված գրավոր դիմումի հիման վրա, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մաս: Ապահովագրության դիմումի ձևը մշակվում և հաստատվում է Ապահովագրողի կողմից:
    3. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում ապահովագրավճարի վճարմանը հաջորդող օրվա 00 ժամ 00 րոպեից (եթե այլ բան սահմանված չէ Պայմանագրով), բայց Պայմանագրում սահմանված ժամկետներից ոչ շուտ:
    4. Պայմանագրի վերակնքումն իրականացնում է Ապահովագրողը՝ Ապահովադրի կողմից ստացված բանավոր, իսկ ռիսկայնության և ապահովագրության օբյեկտի բնութագրիչների զգալի փոփոխության դեպքում՝ գրավոր դիմումի հիման վրա՝ նոր Պայմանագիր կնքելու միջոցով:
    5. Ավտոտրանսպորտային միջոցը վարելու համար լիազորված անձանց ցուցակը Ապահովագրողի համաձայնության դեպքում կարող է փոփոխվել միայն Ապահովադրի գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա՝ գործող Պայմանագրին կից հավելված թողարկելով:
    6. Պայմանագրին կից թողարկված հավելվածներն ուժի մեջ են մտնում երկկողմանի կնքման պահից ոչ շուտ:
    7. Պայմանագիրը դադարում է`
      - Պայմանագրում սահմանված ժամկետը լրանալու ուժով,
      - Ապահովագրողի կողմից Ապահովադրի հանդեպ ունեցած պարտականություններն ամբողջությամբ կատարելու դեպքում,
      - Պայմանագրով և Պայմաններով նախատեսված դեպքերում,
      - ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
    8. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել.
      - եթե դրա ուժի մեջ մտնելուց հետո վերացել է ապահովագրական պատահարի վրա հասնելու հավանականությունը, և ապահովագրական ռիսկի գործողությունը դադարել է ապահովագրական պատահարից տարբեր այլ հանգամանքների բերումով,
      - Ապահովադրի նախաձեռնությամբ՝ այդ մասին ոչ պակաս, քան 15 օր առաջ Ապահովագրողին գրավոր ծանուցելով: Այս դեպքում Ապահովադիրն իրավունք ունի ստանալու Պայմանագրի գործողության մնացած ժամկետի համար ապահովագրավճարները,
      - Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ, եթե մյուս Կողմը թույլ է տվել Պայմանագրի և/կամ սույն Պայմանների էական խախտում՝ խախտումը հայտնաբերելու պահից եռամսյա ժամկետում:
    9. Ապահովագրողի կողմից սույն Պայմանների խախտման համար Ապահովադրի նախաձեռնությամբ Պայմանագրի լուծման դեպքում Ապահովադիրն իրավունք ունի ստանալու Պայմանագրի գործողության ընթացքում իր կողմից վճարված ապահովագրավճարների և տեղի ունեցած պատահարների գծով ստացած ապահովագրական հատուցումների դրական տարբերությունը:
    10. Ապահովադրի կողմից սույն Պայմանների խախտման համար Ապահովագրողի նախաձեռնությամբ Պայմանագրի լուծման դեպքում Ապահովադրին չեն վերադարձվում ապահովագրավճարները:
    11. Ապահովադրի նախաձեռնությամբ Պայմանագրի լուծման դեպքում Ապահովագրողը վերադարձնում է Ապահովադրին Պայմանագրի չլրացած ժամկետի համար մնացած ապահովագրավճարները համաձայն հետևյալ բանաձևի՝
      Ավ = (Ա -Հկ)*ՊԺ/Պ-5 000ՀՀ դրամ, որտեղ
      Ավ – Պայմանագրի չլրացած ժամկետի համար ապահովագրավճար
      Ա – Պայմանագրով նախատեսված ապահովագրավճար
      Հկ – Պայմանագրի գործողության ժամանակ տեղի ունեցած պատահարների գծով կատարված ապահովագրական հատուցումների գումար
      ՊԺ – Պայմանագրի չլրացած ժամկետ
      Պ – Պայմանագրում նշված Պայմանագրի գործողության ժամկետ
      5 000ՀՀ դրամ - գործավարման ծախսեր
    12. Եթե ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ապահովագրողը պարտավորվում է Պայմաններում փոփոխություններ կատարել, ապա պետք է այդ մասին տեղեկացնի Ապահովադրին հնարավորինս սեղմ ժամկետներում: Ընդ որում, նման փոփոխություններին համաձայն չլինելու դեպքում Ապահովադիրն իրավունք ունի Պայմանագիրն անմիջապես լուծել:
    13. Պայմանագրի գործողության ընթացքում կողմերը կարող են պայմանավորվել Պայմանագրի և սույն Պայմանների որոշ դրույթների փոփոխման/լրացման վերաբերյալ: Պայմանագրի և Պայմանների բոլոր փոփոխությունները կատարվում են գրավոր ձևով՝ առանձին փաստաթուղթ կազմելով, որը ստորագրվում է Ապահովադրի և Ապահովագրողի կողմից:
  8. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    1. Ապահովադիրն իրավունք ունի.
      1. կնքել Պայմանագիր,
      2. դիմել Պայմանագրի պայմանների փոփոխման համար,
      3. սահմանված կարգով վաղաժամկետ լուծել Պայմանագիրը,
      4. օգտվել Ապահովագրողի կողմից սահմանված զեղչերից,
      5. ստանալ ապահովագրական հատուցում՝ համաձայն սույն Պայմաններով և Պայմանագրով սահմանված կարգի,
      6. ստանալ Պայմանագրի/վկայագրի կրկնօրինակը՝ բնօրինակը կորցնելու դեպքում:
    2. Ապահովադիրը պարտավոր է.
      1. կատարել սույն Պայմաններով և Պայմանագրով սահմանված դրույթները,
      2. Պայմանագիր կնքելիս Ապահովագրողին տալ անհրաժեշտ տեղեկություններ ավտոտրանսպորտային միջոցի մասին, նաև հայտնել Ապահովագրողին իրեն հայտնի այլ տեղեկություններ, որոնք կարող են զգալիորեն ազդել ռիսկայնության և ապահովագրական պատահարի տեղի ունենալու հավանականության գնահատման վրա,
      3. հանդես բերել ողջամիտ ուշադրություն գիտակ և սթափ վարորդներ ընտրելիս և վարձելիս, ստուգել վարորդական վկայականները և բոլոր վարորդների վարորդական փորձը` նախքան նրանց ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցը վարել թույլատրելը,
      4. հնարավոր որևէ միջոցով (հեռախոս, ֆաքսիմիլային կապ, էլ. փոստ) 24 ժամվա ընթացքում հայտնել, իսկ այնուհետև, երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Ապահովագրողին Պայմանագրի գործողության ժամանակ ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված բոլոր փոփոխությունների մասին , այսինքն՝
        - ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի օտարման դեպքում,
        - ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցը վարձակալության հանձնելու դեպքում,
        - գրավադրման դեպքում,
        - ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման նշանակությունը փոխելու դեպքում (տաքսի, մրցությունների մասնակցություն և այլն),
        - կրկնակի ապահովագրության դեպքում,
        - ավտոտրանսպորտային միջոցին պատճառված բոլոր վնասների մասին, որոնք համաձայն սույն Պայմանների կարող են դիտվել որպես ապահովագրական պատահար։
      5. կատարել ապահովագրավճարի վճարում՝ Պայմանագրով սահմանված չափով և կարգով,
      6. պահպանել ավտոտրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում և օգտագործել/շահագործել հիմնական նշանակությանը համապատասխան,
      7. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հնարավոր պատահարների կանխման համար,
      8. ավտոտրանսպորտային միջոցի գողության/առևանգման հետևանքով ապահովագրական հատուցում ստանալուց հետո ավտոտրանսպորտային միջոցի գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու դեպքում հնարավորինս կարճ ժամկետներում հայտնել Ապահովագրողին,
      9. Ապահովագրողին փոխանցել և տրամադրել բոլոր ունեցած փաստաթղթերն ու տեղեկությունները, օժանդակել Ապահովագրողին իրեն փոխանցված վնասի հատուցման պահանջի իրավունքն իրականացնելու համար,
      10. ծանոթացնել Շահառուին և Լիազորված վարորդներին սույն Պայմանների և Պայմանագրի դրույթներին:
    3. Ապահովագրողը իրավունք ունի.
      1. մերժել կամ նվազեցնել ապահովագրական հատուցումը, եթե Պայմանագրի գործողության ժամանակ Ապահովադիրը խախտել է Պայմանագրի և սույն Պայմանների դրույթներն ու պայմանները,
      2. ստուգել ապահովագրվող օբյեկտը և նրա վերաբերյալ Ապահովադրի կողմից ներկայացված տեղեկությունները,
      3. անհրաժեշտության դեպքում Պայմանագրի գործողության ընթացքում ստուգել ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցը,
      4. վաղաժամկետ միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Պայմանագրի գործողության ընթացքում ի հայտ գան հանգամանքներ, որոնք թույլ կտան Ապահովագրողին չվստահել Ապահովադրին. Պայմանագրի կնքման ժամանակ Ապահովագրողին թերի կամ կեղծ տեղեկությունների տրամադրում, խարդախություն՝ կապված ապահովագրական հատուցում ստանալու հետ,
      5. Ապահովադրից պահանջել և ստանալ ապահովագրական պատահարի տեղի ունենալու փաստը հաստատելու և ապահովագրական հատուցման չափը որոշելու համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր,
      6. ինքնուրույն կամ այլ անձանց ներգրավելով՝ աշխատանքներ տանել ապահովագրական պատահարի պատճառները և հանգամանքները բացահայտելու համար, անհրաժեշտության դեպքում իրավապահ կամ այլ լիազորված մարմիններին հարցումներ կատարել ապահովագրական պատահարի տեղի ունենալու փաստը և պատճառները հաստատելու և ապահովագրական հատուցման չափը որոշելու համար,
      7. մերժել Ապահովադրի կողմից տրված դիմումը Պայմանագրի վերակնքման կամ փոփոխման/լրացման վերաբերյալ, դրա հետևանքով ապահովագրության ռիսկայնությանը զգալիորեն մեծանալու կամ այլ հիմնավոր պատճառներով,
      8. սույն Պայմանների Բաժին I-ով հատուցում վճարելու դեպքում Ապահովագրողը իրավունք ունի Ապահովադրից պահանջել ապահովագրական պատահարի հետևանքով վնասված գույքը վերանորոգելու/վերականգնելու ընթացքում փոխարինված գույքը կամ դրա բաղադրամասերը, պահեստամասերը և/կամ ագրեգատները/սարքավորումները։
    4. Ապահովագրողը պարտավոր է.
      1. ծանոթացնել Ապահովադրին սույն Պայմաններին և տալ մեկ օրինակը,
      2. պահպանել և կատարել սույն Պայմաններով ու Պայմանագրով սահմանված պայմաններն ու դրույթները,
      3. Ապահովադրից ստանալ տեղեկություններ և փաստաթղթեր, ուսումնասիրել դրանք սույն Պայմաններին համապատասխան, իսկ Ապահովադրի կողմից Պայմանագրի պայմաններում զգալի փոփոխություն և/կամ լրացում կատարելու մասին դիմում ստանալու դեպքում ուսումնասիրել այն և որոշում ընդունել երեք աշխատանքային օրվա ընթացքում,
      4. Ապահովադրի կողմից ապահովագրական պատահարի մասին գրավոր հայտ ստանալուց հետո.
        - վնասված ավտոտրանսպորտային միջոցի հասանելիության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում զննում կատարել, կազմել համապատասխան Վթարային ակտ։ Վնասված ավտոտրանսպորտային միջոցի զննումը կարող է իրականացնել նաև Ապահովագրողի կողմից լիազորված անձը,
        - համաձայնեցնել Ապահովադրի հետ վնասված ավտոտրանսպորտային միջոցի վերականգման/վերանորոգման կարգը,
        - Ապահովադրից բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը ստանալուց հետո, Պայմանագրով և սույն Պայմաններով սահմանված կարգով և ժամկետներում, ընդունել ապահովագրական հատուցման որոշում և կատարել այն: Ապահովագրական հատուցման նվազեցման կամ հատուցման մերժման դեպքում Ապահովագրողը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հնգօրյա ժամկետում պատվիրված նամակով առաքվում է Ապահովադրին (Շահառուին)՝ նրա մշտական բնակության հասցեով:
    5. Կողմերը պարտավորվում են չհրապարակել, չբացահայտել կամ այլ կերպ երրորդ անձանց չտրամադրել Պայմանագրի կատարման կապակցությամբ միմյանց հայտնի դարձած բժշկական, ֆինանսական, և ապահովագրական գաղտնիք հանդիսացող և/կամ պարունակող բոլոր տեսակի տեղեկությունները (այսուհետ` Գաղտնի տեղեկություններ), բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ
      նախատեսված դեպքերի, չօգտագործել Գաղտնի տեղեկությունները սեփական և/կամ երրորդ անձանց շահերին, ինչպես նաև միմյանց տնտեսական դիրքին վնաս հասցնելու համար:
  9. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ
    1. Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում Ապահովադիրը կամ Շահառուն կամ Լիազորված վարորդը պարտավոր են.
      1. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վնասի չափը նվազեցնելու համար,
      2. հնարավոր որևէ միջոցով (հեռախոս, ֆաքսիմիլային կապ, էլ. փոստ) անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում (գողության/առևանգման դեպքում՝ անհապաղ) հայտնել Ապահովագրողին տեղի ունեցած պատահարի մասին,
      3. պատահարի տեղի ունենալու մասին անհապաղ հայտնել համապատասխան լիազորված մարմիններին՝
        - Ոստիկանություն՝ ՃՏՊ-ի կամ ավտոտրանսպորտային միջոցի գողության/առևանգման, ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ անօրինական գործողությունների իրագործման կամ իրագործման փորձի հետևանքով հասցրած վնասի դեպքում,
        - Հրշեջ ծառայություն ՝ հրդեհի, պայթյունի դեպքում։
      4. լիազորված մարմիններից ստանալ պատահարի վերաբերյալ պատշաճ կերպով ձևակերպված համապատասխան փաստաթղթեր,
      5. ՃՏՊ-ի դեպքում՝ դրա տեղի ունենալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում ՃՏՊ-ի ժամանակ ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի ղեկին գտնվող Լիազորված վարորդը պարտավոր է անցնել լիազորված մարմինների կողմից սթափության վիճակի զննություն և ստանալ սթափության վիճակի զննության մասին տեղեկանք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Լիազորված վարորդն առողջական վիճակի պատճառով չի կարող անցնել նման զննություն,
      6. ՃՏՊ-ի դեպքում, դրա տեղի ունենալու պահին ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի ղեկին գտնվող Լիազորված վարորդը պարտավոր է այդ պահից 24 ժամվա ընթացքում չօգտագործել ոգելից խմիչքներ և Ապահովագրողի պահանջի դեպքում նրա հաշվին անցնել լիազորված մարմինների կողմից անցկացվող սթափության վիճակի զննություն, նույնիսկ եթե վերջինս պատահարի տեղի ունենալուց հետո անցել է նման զննություն,
      7. ապահովել այլ կողմերի հետ հարաբերություններում իրենց իրավունքների և շահերի պատշաճ պաշտպանությունը,
      8. պատահարի երկրորդ (մեղավոր) կողմի առկայության դեպքում պարզել այդ անձանց անունները, հասցեները և խնդրել, որպեսզի ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթեր,
      9. հնարավորության դեպքում պարզել պատահարի վկաների անունները, հասցեները և խնդրել, որպեսզի ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթեր,
      10. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցը առանց հսկողության չթողնելու համար, եթե վթարի ենթարկված ավտոտրանսպորտային միջոցով հնարավոր չէ շարունակել երթևեկությունը,
      11. չվերանորոգել/չվերականգնել ավտոտրանսպորտային միջոցը մինչև այն չզննվի Ապահովագրողի կամ Ապահովագրողի կողմից լիազորված անձի կողմից։ Զննման ժամանակ ներկայացնել Ապահովագրողին վնասված ավտոտրանսպորտային միջոցից ապահովագրական պատահարի հետևանքով անջատված/պոկված մասերը (եթե նման բան տեղի է ունեցել) կամ ավտոտրանսպորտային միջոցի մնացորդները,
      12. յոթ օրվա ընթացքում Ապահովագրողին տալ գրավոր Հայտային դիմում,
      13. փոխանցել Ապահովագրողին պատահարում ներգրավված այլ անձանց և վկաների վերաբերյալ ունեցած տեղեկությունները,
      14. համաձայնեցնել Ապահովագրողի հետ ապահովագրական հատուցման իրականացման հետ կապված հետագա գործողությունները,
      15. անհապաղ Ապահովագրողին տեղեկացնել պատահարի հետ կապված Ապահովադրին ներկայացվող բոլոր պահանջների մասին:
    2. Եթե Ապահովադիրը սույն Պայմանների 5.10. կետով սահմանված կարգով չվերականգնի ապահովագրական գումարի նախնական/սկզբնական չափը, ապա հաջորդ ապահովագրական պատահարի դիմաց Շահառուն հատուցումը կստանա այն նույն համամասնությամբ, ինչպիսին հատուցում վճարելու հետևանքով տվյալ օբյեկտի համար նվազած ապահովագրական գումարի հարաբերությունն է այդ օբյեկտի համար Պայմանագրում սահմանված ապահովագրական գումարին: Սույն կետը չի կիրառվում, եթե Պայմանագրում հատուկ նշվում է, որ ապահովագրական գումարը(ները) սահմանվում է(են) որպես չնվազեցվող։
    3. Պայմանագիր կնքելիս՝ ավտոտրանսպորտային միջոցի (լրացուցիչ սարքավորումների) իրական (շուկայական) արժեքի գնահատման հետ կապված ծախսերը կրում է Ապահովագրողը։ Ապահովագրողը կվճարի նաև ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքով պատճառված վնասի (մարդկանց, գույքին, տրանսպորտային միջոցներին) պատճառների բացահայտման և դրա չափի գնահատման համար, եթե նման գնահատումը/փորձաքննությունը անց է կացվում Ապահովագրողի նախաձեռնությամբ։
    4. Բաժին I. Ապահովագրողը, համաձայն Պայմանագրի և սույն Պայմանների, կհատուցի Ապահովադրին ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի և/կամ դրանում մշտապես տեղադրված և ապահովագրված լրացուցիչ սարքավորումների կորուստը կամ դրանց պատճառված վնասը:
      1. Եթե տեղի է ունեցել ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի ամբողջական կորուստ (դարձել է օգտագործման համար լիովին ոչ պիտանի), այսինքն՝ վերականգնողական արժեքը կազմում է ավտոտրանսպորտային միջոցի իրական (շուկայական) արժեքի 80% և ավել (ինչը նշանակում է, որ ավտոտրանսպորտային միջոցը տեխնիկապես անհնար և/կամ տնտեսապես աննպատակահարմար է վերականգնել), ապա Ապահովագրողը, իր հայեցողությամբ, իրավունք ունի հատուցելու ապահովագրական պատահարի դրությամբ ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի իրական (շուկայական) արժեքի չափով, որի դեպքում ապահովագրական պատահարի հետևանքով վնասված ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի սեփականության իրավունքն անցնում է Ապահովագրողին, կամ տրամադրել ապահովագրական հատուցում՝ հաշվարկելով այն որպես համապատասխան ապահովագրական գումարի և վնասված գույքի մնացորդային արժեքի միջև տարբերություն:
      2. Ավտոտրանսպորտային միջոցի (կամ դրանում մշտապես տեղադրված լրացուցիչ սարքավորման) գողության/առևանգման դեպքում Ապահովագրողն իր հայեցողությամբ կվճարի հատուցումը դրամական տեսքով կամ կփոխարինի գողացված/առևանգված ավտոտրանսպորտային միջոցը/լրացուցիչ սարքավորումները նույնատիպ (նույն մակնիշի և արտադրության տարեթվով, գույնով, մաշվածությամբ) այլ ավտոտրանսպորտային միջոցով/լրացուցիչ սարքավորումով:
      3. Ապահովագրողը կարող է իր հայեցողությամբ ընտրել ավտոտրանսպորտային միջոցը վերականգնելու, վերանորոգելու կամ փոխարինելու տարբերակը, կամ կարող է հատուցել կորստի, վնասի արժեքը դրամական տեսքով: Ապահովագրողի կողմից որևէ կորստի կամ վնասի հատուցման պահանջի դեպքում վճարման ենթակա գումարը պետք է հիմնված լինի տվյալ կորստի կամ վնասի ժամանակ ՀՀ-ում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի, ավտոպահեստամասի կամ սարքավորման շուկայական արժեքի վրա:
      4. Ավտոտրանսպորտային միջոցի վնասվելու դեպքում վնասի չափը որոշվում է՝ ելնելով այն վերանորոգելու համար անհրաժեշտ ծախսերի չափից, բայց ոչ ավել, քան Պայմանագրում սահմանված ապահովագրական գումարը: Վնասված մասերը, բաղադրամասերը, սարքավորումները փոխարինվում են այն դեպքում, երբ դրանց վերանորոգելը տնտեսապես անիմաստ է կամ եթե դրանք վերանորոգելու արդյունքում անհնար է բերել հետագա օգտագործման համար պիտանի վիճակի:
      5. Եթե ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման/վերականգնման աշխատանքների ընթացքում որպես ապահովագրական պատահարի հետևանք ի հայտ են գալիս նախապես չհայտնաբերված վնասներ, որոնք նշված չեն եղել վնասված ավտոտրանսպորտային միջոցի զննման/վթարային ակտում, Ապահովադիրը պարտավոր է դրանց մասին տեղյակ պահել Ապահովագրողին մինչ նրանց վերացնելը: Նման վնասների մասին տեղեկանալուց հետո, Ապահովագրողը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարել նախապես չհայտնաբերված վնասների զննություն և այդ մասին կազմել համապատասխան փաստաթուղթ, որի կազմելուց հետո միայն, Ապահովադիրը իրավունք ունի վերացնել նշված վնասները։ Ապահովագրողը կհատուցի ապահովագրական պատահարի հետևանքով պատճառված նախապես չհայտնաբերված վնասները՝ Ապահովադրի կողմից նման վնասները հաստատող սահմանված կարգով ձևակերպված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
      6. Եթե Պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի իրական (շուկայական) արժեքը փոփոխվում է և ապահովագրական պատահարի տեղի ունենալու ժամանակ գերազանցում է ապահովագրական գումարը, ապա հատուցումը հաշվարկվում է՝ ելնելով ապահովագրական գումարի չափից, իսկ եթե ցածր է, ապա ելնելով ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի իրական (շուկայական) արժեքից:
      7. Ապահովագրված լրացուցիչ սարքավորումների համար Ապահովագրողը հատուցման վճարման պարտավորություն չի կրում, եթե ապահովագրական պատահարի ժամանակ դրանք տեղադրված չեն եղել ավտոտրանսպորտային միջոցում՝ տվյալ սարքավորման նշանակությանը համապատասխան:
      8. Ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի գողության/առևանգման դեպքում Ապահովադիրը (Շահառուն, Լիազորված վարորդը) պարտավոր է ներկայացնել Ապահովագրողին տվյալ ավտոտրանսպորտային միջոցի և հակաառևանգման համակարգի/սարքավորման (առկայության դեպքում) համար արտադրողի կողմից նախատեսված բոլոր բանալիները և հեռակառավարման վահանակները։
      9. Ապահովագրական պատահարի հետևանքով վնասված և այնուհետև վերանորոգված/վերականգնված ավտոտրանսպորտային միջոցը ստանալուց հետո Ապահովադիրը (Շահառուն, Լիազորված վարորդը) պարտավոր է Ապահովագրողի պահանջով ներկայացնել նշված ավտոտրանսպորտային միջոցը Ապահովագրողի լիազորված անձի զննմանը։
      10. Պայմանների 9.4.9. կետով սահմանված պարտականություններն Ապահովադրի կողմից չկատարելու դեպքում Ապահովագրողը չի հատուցի ավտոտրանսպորտային միջոցի (լրացուցիչ սարքավորումների) նույն բաղադրամասին և սարքավորմանը պատճառված վնասի և/կամ կորստի համար, նույնիսկ եթե նման վնասը կամ կորուստը նոր ապահովագրական պատահարի հետևանք է, իսկ ավտոտրանսպորտային միջոցի ամբողջական կորստի, գողության/առևանգման դեպքում՝ կնվազեցնի ապահովագրական հատուցումը՝ այդ բաղադրամասին և սարքավորմանը պատճառված վնասների/կորստի համար նախկինում կատարված հատուցման չափով։
    5. Բաժին II. Ապահովագրողը կհատուցի ապահովագրական պատահարի հետևանքով Լիազորված վարորդին և/կամ ուղևորներին պատճառված վնասների համար՝
      - մահ` նստատեղի/անձի համար սահմանված ապահովագրական գումարի 100%,
      - մարմնի երկու և ավելի մասերի (ձեռքեր, ոտքեր) կորուստ` նստատեղի/անձի համար սահմանված ապահովագրական գումարի 50%,
      - մարմնի մեկ մասի (ձեռք, ոտք) կորուստ` նստատեղի/անձի համար սահմանված ապահովագրական գումարի 25%,
      - տեսողության ամբողջական կորուստ (երկու աչքի)` նստատեղի/անձի համար սահմանված ապահովագրական գումարի 50%,
      - մեկ աչքի մշտական կորուստ` նստատեղի/անձի համար սահմանված ապահովագրական գումարի 25%,
      - եթե Ապահովադրին կամ ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի Լիազորված վարորդին և/կամ ուղևորին պատճառվել է մարմնական վնասվածք, որը ուղղակիորեն կապված է ավտոտրանսպորտային միջոցի տիրապետման, օգտագործման/շահագործման հետ, ապա Ապահովագրողը կհատուցի յուրաքանչյուր նստատեղի/անձի համար մինչև 100,000 ՀՀ դրամ շտապ բուժօգնության և այլ հիմնավորված ողջամիտ բժշկական ծախսեր:
      1. Յուրաքանչյուր նստատեղի/անձի համար վճարվելիք առավելագույն գումարը նշված է Պայմանագրի համապատասխան բաժնում։
      2. Մահվան դեպքում վճարումը կատարվում է մահացածի շահառուին (ներին), եթե այդպիսիք նշված են կամ ժառանգներին՝ համաձայն ՀՀ օրենսդրության
    6. Պայմանագրում նշված ապահովագրության բոլոր Բաժիններով նախատեսված ապահովագրական պատահարների հետևանքով վճարվող ապահովագրական հատուցումը չի կարող գերազանցել տվյալ օբյեկտի համար սահմանված ապահովագրական գումարը։
    7. Կողմերի միջև պատահարի վրա հասնելու և վնասի չափի վերաբերյալ վեճեր ծագելու դեպքում Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի իր հաշվին անցկացնել անկախ փորձաքննություն: Ընդ որում, անցկացված փորձաքննության արդյունքները և եզրակացությունները պարտադիր բնույթ չեն կրում մյուս Կողմի համար:
  10. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
    1. Ապահովագրական հատուցում ստանալու համար Ապահովադիրը (Շահառուն, Ապահովագրված անձը) պետք է փաստացի հաստատի ապահովագրության օբյեկտի հանդեպ ունեցած իր օրինական շահը և ներկայացնի Ապահովագրողին ապահովագրական պատահարի տեղի ունենալու փաստը և վնասի չափը հաստատող փաստաթղթեր:
    2. Ապահովագրված օբյեկտի հանդեպ ունեցած շահը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթերեն են.
      1. անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ, հայտային դիմում, Պայմանագիր,
      2. ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու Ապահովադրի (Շահառուի) իրավունքը հաստատող փաստաթղթեր (տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր, առքուվաճառքի կամ վարձակալության պայմանագիր կամ լիազորագիր՝ նոտարական վավերացմամբ)։ Այլ դեպքում ապահովագրական հատուցումը վճարվում է ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը:
    3. Ապահովագրական պատահարը հաստատող փաստաթղթերն են.
      1. ՃՏՊ-ի դեպքում՝ Ճանապարհային ոստիկանության եզրակացություն կամ տեղեկանք և լիազորված մարմինների կողմից դեպքի պահին ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի ղեկին գտնվող Լիազորված վարորդին տրված սթափության վիճակի զննության մասին տեղեկանք՝ բացառությամբայն դեպքերի, երբ Լիազորված վարորդը առողջական վիճակի պատճառով չէր կարող անցնել նման զննություն,
      2. ավտոտրանսպորտային միջոցի հրկիզման դեպքում՝ Հրշեջ ծառայության կամ այլ լիազորված մարմնի եզրակացություն կամ տեղեկանք,
      3. ավտոտրանսպորտային միջոցի գողության/առևանգման դեպքում՝ Ոստիկանության քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում,
      4. վերը նշված կետերից բացի այլ դեպքերում՝ եզրակացություն կամ փորձաքննության ակտ` տրված անկախ փորձագետի կամ լիազորված այլ մարմնի կողմից։
    4. Ապահովագրական պատահարի հետևանքով պատճառված վնասի չափը հաստատող փաստաթղթերն են՝
      1. Բաժին I.
        1. ֆինանսական փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր, հաշիվ-տեղեկանք) և/կամ տեղեկանք տրված ավտոտրանսպորտային միջոցը վերանորոգելու/ վերականգնելու օրենսդրությամբ
          սահմանված իրավունք ունեցող և նման գործունեություն իրականացնող անձի կամ կազմակերպության կողմից կամ
        2. եզրակացություն կամ ակտ կամ հաշվետվություն՝ տրված անկախ փորձագետի կողմից,
        3. եթե Ապահովագրողի գրավոր համաձայնությամբ ծախսն իրականացվել է Ապահովադրի կողմից ինքնուրույն, ապա անհրաժեշտ է ներկայացնել կատարված ծախսը հիմնավորող հետևյալ ֆինանսական փաստաթղթերը.
          ա) պայմանագիր և/կամ հաշիվ-ապրանքագիր և
          բ) դրամարկղի մուտքի օրդերի կտրոն՝ կանխիկ վճարման դեպքում կամ
          գ) բանկի վճարման հանձնարարագիր՝ փոխանցումով վճարելու դեպքում։
      2. Բաժին II.
        1. ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի Լիազորված վարորդի/ուղևորի մահվան դեպքում`
          ա) դատաբժշկական փորձաքննության ակտ/եզրակացություն կամ
          բ) բժշկական փորձաքննության ակտ/եզրակացություն
          գ) մահվան վկայական
          դ) շահառու/ժառանգ հանդիսանալը հաստատող փաստաթղթեր։
        2. ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի Լիազորված վարորդի/ուղևորի առողջությանը պատճառված վնասի դեպքում՝
          ա) դատաբժշկական փորձաքննության ակտ/եզրակացություն կամ
          բ) բժշկական փորձաքննության ակտ/եզրակացություն կամ
          գ) բժշկական տեղեկանք, կամ
          դ) կոնսուլտացիոն եզրակացություն, կամ
          ե) քաղվածք ամբուլատոր քարտից, կամ
          զ) էպիկրիզ
          է) պարակլինիկական հետազոտությունների պատասխաններ (անհրաժեշտության դեպքում)
          ը) եթե ծախսը իրականացվել է Ապահովադրի կամ Ապահովադրի փոխարեն այլ անձի կողմից ինքնուրույն, ապա անհրաժեշտ է նաև ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
          - պայմանագիր և/կամ հաշիվ-ապրանքագիր և
          - դրամարկղի մուտքի օրդերի կտրոն՝ կանխիկ վճարման դեպքում կամ
          - բանկի վճարման հանձնարարագիր՝ փոխանցումով վճարելու դեպքում։
    5. Այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝
      - դեպքի պահին ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի ղեկին գտվող անձի անձնագիր և վարորդական վկայական,
      - Ապահովադրի կամ Շահառուի բանկային տվյալները՝ հատուցումը փոխանցումով ստանալու դեպքում։
    6. Լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության որոշումն ընդունում է Ապահովագրողը՝ կախված ապահովագրական պատահարի բնույթից և վնասի չափից:
    7. Սույն Պայմանների 10.2. – 10.6. կետերում նշված համապատասխան դեպքի համար անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Ապահովագրողն իրավունք ունի մերժել ապահովագրական հատուցումը կամ նվազեցնել այն:
    8. Եթե ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցի ղեկին գտնվող Լիազորված վարորդը լքել է դեպքի վայրը, ապա Ապահովադիրը (Շահառուն) կամ Լիազորված վարորդը պետք է Ապահովագրողին ներկայացնի դեպքի վայրը լքելու անհրաժեշտությունը հաստատող փաստաթղթեր (բժշկական հիմնավորում և այլն): Նման հիմնավորում չներկայացնելու դեպքում Ապահովագրողն իրավունք ունի մերժել ապահովագրական հատուցումը կամ նվազեցնել այն՝ ըստ իր հայեցողության, անկախ դեպքի վայրը լքելու համար պատճառ հանդիսացած հանգամանքներից:
    9. Հայտային դիմումը ու բոլոր պահանջվող փաստաթղթերը Ապահովադրի և/կամ լիազորված մարմինների կողմից ստանալու օրվանից հետո Ապահովագրողը պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում ընդունել կամ մերժել հատուցման պահանջը: Ապահովագրողը հայտի կարգավորման մասին որոշում է ընդունում՝ կազմելով այդ մասին համապատասխան եզրակացություն:
    10. Ապահովագրական հատուցում վճարելու որոշում ընդունելու դեպքում Ապահովագրողը պարտավոր է.
      1. ավտոտրանսպորտային միջոցի և/կամ նրա մեջ մշտապես տեղադրված և ապահովագրված սարքավորումների գողության/առևանգման դեպքում հատուցման վճարում կատարել նման որոշում ընդունելու օրից 3 օրացուցային ամսվա ընթացքում, բայց ոչ շուտ, քան Ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի/լրացուցիչ սարքավորումների գողության/առևանգման փաստը Ոստիկանության կողմից հաստատելը,
      2. բոլոր այլ դեպքերում հատուցման վճարումը կատարվում է հայտի կարգավորման վերաբերյալ որոշման/եզրակացության ընդունման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում:
    11. Հատուցման վճարումը կարող է կատարվել միանվագ կամ Ապահովադրի գրավոր համաձայնության դեպքում՝ մասերով։
  11. ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՊԱՀՈՎԱԴՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ԱՆՑՆԵԼԸ (ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ)
    1. Ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում Ապահովադրին (Ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ Շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է Ապահովագրողին՝ նրա կողմից հատուցված գումարի մասով:
    2. Ապահովադիրը (Ապահովագրված անձը, Շահառուն) պարտավոր է Ապահովագրողին հանձնել իր պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերն ու այլ ապացույցներ՝ հայտնելով Ապահովագրողին փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
    3. Եթե Ապահովադիրը (Ապահովագրված անձը, Շահառուն) հրաժարվել է Ապահովագրողի կողմից հատուցված վնասների համար պատասխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից, կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել Ապահովադրի (Ապահովագրված անձի, Շահառուի) մեղքով, ապա Ապահովագրողը լրիվ կամ համապատասխան մասով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց և իրավունք ունի պահանջելու վերադարձնել ավելորդ վճարված հատուցման գումարը:
  12. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
    1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը:
    2. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին մյուս Կողմին նախապես տեղյակ պահելով:
    3. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը Պայմանագրով սահմանված պարտականությունների իրականացման վրա պարտավոր է ապացուցել այն Կողմը, որի պարտականությունների իրականացմանն է խոչնդոտում նման ազդեցությունը։
  13. ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
    1. Սույն Պայմանները կազմված են և կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
  14. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
    1. Պայմանագրից ծագող բոլոր վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ փոխադարձ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Թարմացվել է` 01.07.21, 04:41

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։