Հիմնական բովանդակության սկիզբ

COVID-19 Բանկային ծառայությունների վերաբերյալ թարմացումներ

Չափազանց կարևորելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը` հորդորում ենք Ձեզ հետևել ստորև բերված ուղեցույցին:

Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, մենք իրականացրել ենք մի շարք միջոցառումներ `մեր աշխատակիցներին և հաճախորդներին պաշտպանելու համար: Խնդրում ենք կարդալ առաջիկա շաբաթների ընթացքում մեր ծառայություններից օգտվելու վերաբերյալ խորհուրդները: Այս էջը պարբերաբար կթարմացվի:

Այս էջում

Օգտվեք առցանց կամ հեռախոսային բանկային ծառայություններից

Վարակի տարածումը կանխարգելելու նպատակով հորդորում ենք հնարվորինս խուսափել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի (այսուհետև՝ Բանկ) մասնաճյուղեր այցելելուց և օգտվել հեռահար ծառայություններից:

Ծանոթացեք հեռահար բանկային ծառայություններին այստեղ:

Բանկի մասնաճյուղերի/գրասենյակների աշխատանքային գրաֆիկը

Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակից ելնելով՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հետևյալ մասնաճյուղերը շարունակելու են չգործել մինչև 14/05/2020թ․`

  • «Հանրապետության հրապարակ» մասնաճյուղը՝ տեղակայված Վազգեն Սարգսյան 9  հասցեում
  • «Զեյթուն» մասնաճյուղը՝ Ներսիսյան 1 հասցեում
  • «Նոր Նորք» մասնաճյուղը՝ Գայի պողոտա 19/10 հասցեում:

 

«Դալմա» մասնաճյուղը՝  տեղակայված Ծիծեռնակաբերդի 3 հասցեում, շարունակելու է չգործել` «Դալմա Գարդեն Մոլ»-ի փակ լինելու պատճառով:

Բանկի մյուս գրասենյակները/մասնաճյուղերն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ ժ․09:30-ից 17:00-ն`

  • «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը՝ Բագրատունյաց 14
  • «STATUS» մասնաճյուղը՝ Բաղրամյան 4/1
  • «Կոմիտաս» մասնաճյուղը` Կոմիտաս 3
  • Գլխավոր գրասենյակը՝ Տերյան 66:

Վարկերի մարման վերջնաժամկետի երկարաձգում

Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) որոշ ֆիզիկական անձ հաճախորդներ (այսուհետ՝ հաճախորդ) հնարավոր է խնդիրներ ունենան կապված իրենց վարկային պարտավորությունները պայմանագրերին համապատասխան սպասարկելու հետ, ինչպես նաև նպատակ ունենալով աջակցել հաճախորդներին` հնարավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում, Բանկը որոշել է՝

ա/ 2020թ.-ի մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ հաճախորդների կողմից վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցով վճարումներ չկատարելու դեպքում չկիրառել պայմանագրով սահմանված տուժանքները (տուգանքները, տույժերը և  տուգանային տոկոսները) (սույն փաստթղթի իմաստով` մորատորիում),

բ/ 2020թ.-ի մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ  հաճախորդների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարման պարտավորության չկատարումը չհամարել ժամկետանց և ուշացումների մասին տեղեկատվությունը չտրամադրել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Վարկային բյուրո (սույն փաստթղթի իմաստով` մորատորիում)։ Սույն կետը չի տարածվում այն պարտավորությունների վրա, որոնք 2020թ․-ի  մարտի 13-ի դրությամբ եղել են 30 և ավել օր ժամկետանց,

գ/ ֆինանսապես խոցելի վիճակում հայտնված հաճախորդներին Բանկը պատրաստ է տրամադրել անհատական լուծումներ՝ վարկային արձակուրդ՝ անհրաժեշտության դեպքում հետաձգելով մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի և հաշվեգրվող տոկոսների մարումը, ինչպես նաև դիտարկել վարկի մարման վերջնաժամկետը երկարաձգելու հարցը։


Գիտակցելով, որ վերոնշյալի հետ կապված Ձեզ մոտ կարող են առաջանալ բազմաթիվ հարցեր, ստորև առանձնացրել ենք դրանցից ամենակարևորները և հաճախ տրվողները:

Ե՞րբ կարող եք դիմել վարկային արձակուրդի

Եթե ստեղծված իրավիճակում Դուք ժամանակավորապես հայտնվել եք ֆինանսապես անբարենպաստ պայմաններում, ժամանակավորապես նվազել են Ձեր պարբերաբար ստացվող եկամուտները կամ առաջացել են այլ օբյեկտիվ հանգամանքներ, որոնք կարող են խոչընդոտել Բանկում Ձեր գործող վարկային պարտավորությունները ժամանակին և պատշաճ սպասարկելուն, դիմե՛ք մեզ և մենք կդիտարկենք Ձեզ վարկային արձակուրդ տրամադրելու հնարավորությունը հետևյալ եղանակներով՝ 

Անշարժ գույքով ապահովված վարկերի դեպքում

  • Վարկի մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի և հաշվեգրվող տոկոսների մարումների հետաձգում նվազագույնը 3 և առավելագույնը 6 ամիս ժամկետով՝ վերաբաշխելով դրանք վարկի մնացած ամիսների վրա, կամ 
  • Վարկի մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի մարումների հետաձգում նվազագույնը 3 և առավելագույնը 12 ամիս ժամկետով՝ վերաբաշխելով դրանք վարկի մնացած ամիսների վրա։ Այս պարագայում հաշվեգրված տոկոսագումարների վճարում ըստ ժամանակացույցի պարտադիր կլինի: 

Առանց գրավի ապահովման վարկերի դեպքում

  • Վարկի մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի և հաշվեգրվող տոկոսների մարումների հետաձգում 3 ամիս ժամկետով՝ վերաբաշխելով դրանք  առավելագույնը վարկի մնացած ամիսների վրա կամ համամասնորեն երկարաձգելով վարկի մարման ժամակացույցը, որը չպետք է գերազանցի վարկային արձակուրդի ժամկետը կամ
  • Վարկի մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի մարումների հետաձգում նվազագույնը 3 և առավելագույնը 6 ամիս ժամկետով՝ վերաբաշխելով դրանք առավելագույնը վարկի մնացած ամիսների վրա կամ համամասնորեն երկարաձգելով վարկի մարման ժամակացույցը, որը չպետք է գերազանցի վարկային արձակուրդի ժամկետը։ Այս պարագայում հաշվեգրված տոկոսագումարների վճարում ըստ ժամանակացույցի պարտադիր կլինի: 

Կարևոր նշում․ վարկային արձակուրդը չպետք է նույնականացնել տոկոսների հաշվարկման դադարեցման, սառեցման կամ զիջման հետ. վարկային արձակուրդի ընթացքում շարունակվելու են  վարկային պայմանագրերով նախատեսված տոկոսագումարների հավելագրումն ու հաշվարկը։

Որ դեպքերում է նպատակահարմար օգտվել մորատորիումից` վճարումների հետաձգումից

Վարկային պարտավորությունների մարումների մորատորիումը գործելու է մինչև ս.թ. մայիսի 31-ը: Եթե ստեղծված իրավիճակում Ձեր մոտ չի սպասվում ֆինանսական վիճակի վատթարացում, սակայն Դուք նախընտրում եք խնայել` հնարավոր ընթացիկ ծախսերը հոգալու համար, չեք կարող այցելել Բանկ, հնարավորություն չունեք օգտվելու հեռահար ծառայություններից կամ ակնկալում եք ուշացումներ եկամուտների վճարումների հետ կապված:

Մորատորիումի գործողության ընթացքում վճարման պարտավորության չկատարումը չի համարվի ժամկետանց, չեն կիրառվի պայմանագրով սահմանված տույժերը, տուգանքները և տուգանային տոկոսները, ինչպես նաև մարում չկատարելը որևէ կերպ չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում: 

Մորատորիումի ժամանակահատվածում առանց գրավի և գրավով ապահովված վարկերի նկատմամբ Բանկի կողմից կիրառվող մոտեցումը

Ձեր վարկային պարտավորությունները սպասարկող հաշվին հասանելի գումարի առկայության դեպքում, ժամանակացույցով սահմանված վարկի հերթական մարման օրը այդ միջոցները ավտոմատ գանձման եղանակով կուղղվեն համապատասխան վարկային պարտավորության մարմանը, եթե Դուք չեք դիմել  Բանկ վարկային արձակուրդ ստանալու համար։ Մորատորիումից օգտվելու մտադրության պարագայում Ձեր գումարները կարող եք փոխանցել Բանկում գործող Ձեր այլ հաշիվներին կամ կանխիկացնել: Այս մոտեցման կիրառումը պայմանավորված է Բանկի որդեգրած քաղաքականությամբ, այն է` չեզոքացնել հավելյալ տոկոսագումարների հաշվեգրումը այն հաճախորդների համար, որոնք մտադիր են մարել իրենց պարտավորությունները վարկի մարման ժամանակացույցի համապատասխան:

Մորատորիումի ժամանակահատվածում վարկային քարտերի և օվերդրաֆտների նկատմամբ Բանկի կողմից կիրառվող մոտեցումները

Եթե Ձեր վարկային քարտի կամ օվերդրաֆտի քաղվածքի ձևավորման օրը մինչև ս.թ. մարտի 30-ն է, ապա քաղվածքում կտեսնեք պարտադիր վճարման ենթակա նվազագույն գումարի պահանջ, որը ենթակա կլինի վճարման քաղվածքով սահմանված ժամկետում: Վճարումը կատարելուց հետո մինչև մորատորիումի  ժամանակահատվածի ավարտը՝ ս․թ․ մայիսի 31-ը,  հաճախորդի համար այլևս պարտադիր վճարման ենթակա նվազագույն գումար չի սահմանվի: Վճարում չկատարելու դեպքում հետագա ձևավորվող քաղվածքներում վճարման ենթակա գումարի չափը չի ավելանա ևս 10% չափով օգտագործված գումարի դիմաց: 

Եթե Ձեր վարկային քարտի կամ օվերդրաֆտի առաջիկա քաղվածքի ձևավորման օրը ընկած է ս.թ. մարտի 30-ից հետո, քաղվածքներում պարտադիր վճարման ենթակա նվազագույն գումարի պահանջը չի արտացոլվի և վճարման պահանջ չի գործի մինչև ս.թ. մայիսի 31-ը: 


Տեղեկացնում ենք, որ պարտքի դիմաց նվազագույն 10 տոկոս վճարման ենթակա գումարի պահանջը չեղարկելուն զուգահեռ՝ Բանկի կողմից դրա ավտոմատ գանձման փորձերը ևս դադարեցվելու են մինչև ս․թ․ մայիսի 31-ը։ Այս ընթացքում, վարկային բեռի կուտակումից խուսափելու նպատակով, ինչպես նաև վարկային քարտի/օվեդրաֆտի կիրառման անհրաժեշտության դեպքում՝ հորդորում ենք վճարումներ կատարել օգտվելով մեր առցանց և հեռախոսային բանկային ծառայություններից, միջբանկային փոխանցումներից կամ վճարային տերմինալներից կամ կանխիկի մուտքագրման հնարավորությամբ բանկոմատներից, իսկ վերոնշյալ տարբերակների անհնարինության դեպքում` այցելելով Բանկի մասնաճյուղ:


Միևնույն ժամանակ, պարտքի 100 տոկոս ավտոմատ վճարման հանձնարարականները շարունակելու են գործել և վարկային քարտերի գծով մարումները կատարվելու են ըստ հանձնարարականների`հաշվի առնելով պարտքը ամսական կտրվածքով ամբողջությամբ մարելու հաճախորդների մտադրությունը: Այն հաճախորդները, որոնք կցանկանան, որպեսզի իրենց ավտոմատ գանձման հանձնարարականները չեղարկվեն, պետք է Բանկ ներկայացնեն համապատասխան դիմում:

Ձեր կողմից նախկինում Բանկ ներկայցված և գործող պարբերական վճարման այլ հանձնարարականները կշարունակվեն կատարվել համաձայն հանձնարարականում տրված հրահանգի:

Ինչպե՞ս դիմել Բանկին

Անկախ ստեղծված իրավիճակից՝ մենք միշտ աշխատում ենք և Ձեր կողքին ենք։ Մորատորիումից օգտվելու մասին մանրամասների կամ Ձեր վարկի մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի և հաշվեգրվող տոկոսների մարումը հետաձգելու, ինչպես նաև մարման վերջնաժամկետը երկարաձգելու համար կարող եք Բանկ դիմել`

  • առցանց` ինտերնետային բանկային ծառայության հաղորդագրության միջոցով,
  • նամակ ուղարկելով Բանկի էլեկտրոնային հասցեին` hsbc.armenia@hsbc.com,
  • զանգահարելով հեռախոսային կենտրոն +374 (60) 655 000 համարով, կամ

եթե վերոնշյալ տարբերակները անհնար են` այցելելով մասնաճյուղ:

Բանկը շարունակելու է հաճախորդներին ուղարկել օրենսդրությամբ և Բանկի ներքին ընթացակարգերով սահմանված բոլոր քաղվածքները և հիշեցումները:

Խուսափեք զեղծարարությունից

Ցանկանում ենք հիշեցնել, որ այսօր աշխարհում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում աճել է հավանականությունը, որ Ձեզ կփորձեն ներքաշել զանազան խարդախությունների մեջ` ուղարկելով չարտոնագրված հեռախոսային կարճ հաղորդագրություններ (sms) և/կամ զեղծարար  որսման (phishing) էլ․ նամակներ, որոնք կարող են պարունակել վնասակար ծրագրեր (malware), ինչպես նաև փորձել խարդախությամբ հափշտակել Ձեր անձնական և բանկային տվյալները։ Զեղծարարության աճող ռիսկի պայմաններում, Ձեզ կարող են նաև զանգել զեղծարարներ, որոնք կներկայանան բանկի, կառավարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ վստահելի կազմակերպությունների կողմից՝  կեղծ պատրվակներով և կեղծ շահառուների համար Ձեզնից նվիրատվություն ստանալու նպատակով։ Խարդախության կամ զեղծարարության զոհ չդառնալուց խուսափելու համար առաջարկում ենք ծանոթանալ և հետևել ստորև նշված խորհուրդներին՝

  • Մի՛ բացեք նամակներ, որոնք ստացել եք Ձեզ անծանոթ աղբյուրներից։ Բացե՛ք միայն վստահելի աղբյուրներից ստացված նամակներին կից ֆայլերն ու հղումները:
  • Զգուշացե՛ք վստահելի աղբյուրներից ստացված, բայց տարօրինակ կամ արտասովոր թվացող էլ․ նամակներից։ Սա կարող է վկայել այն մասին, որ ուղարկողի էլ․ հասցեն հափշտակված է և օգտագործվում է զեղծարար որսման նպատակով։ Խնդրում ենք անմիջապես կապ հաստատել ուղարկողի հետ հաղորդակցման այլ՝ վստահելի եղանակով՝ նամակ ուղարկողի իսկությունը հաստատելու համար։
  • Մի՛ բացեք տարբեր անծանոթ նամակներին կից ֆայլեր, քանի որ դրանք կարող են պարունակել Ձեր սարքը լրտեսող վնասակար ծրագրեր։
  • Մի՛ տրամադրեք այլ անձանց Ձեր անձնական տվյալները՝ քարտերի համարները, գաղտնաբառերը, անձնական ծածկագրերը և այլ բանկային տվյալները։ Անձնական տվյալները որևէ կայքում մուտքագրելուց առաջ համոզվեք, որ ինտերնետային կապն ապահով է․ սովորաբար էջի URL հղումից առաջ առկա է լինում կողպեքի նշան կամ HTTPS հապավումը։

Հիշեցնենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի աշխատակիցները երբեք Ձեզնից չեն պահանջի որևէ ծածկագիր, ամբողջական գաղտնաբառ, վարկային քարտի քարտապանի նույնականացման համար (CVV), ինտերնետային ծառայության գաղտնաբառ կամ ինտերնետային ծառայության անվտանգության սարքի կողմից գեներացված ծածկագիր, ինչպես նաև Ձեզ չեն առաջարկի փոխանցել Ձեր դրամական միջոցները այլ հաշիվների: Եթե կասկածում եք, որ Ձեզ ցանկանում են ներքաշել զեղծարարության մեջ, խնդրում ենք կապ հաստատել մեր հեռախոսային կենտրոնի հետ, որը գործում է 24/7 ռեժիմով: 

Դիմեք մեզ Ձեր ֆինանսական հարցերը քննարկելու համար

Մենք ուշադիր հետևում ենք COVID-19 վարակի տարածման շուրջ ստեղծված իրավիճակին և հաշվի ենք առնում մեր մի շարք հաճախորդների` հատկապես տնտեսության որոշ հատվածներում գործող հաճախորդների վրա դրա հնարավոր ազդեցությունը:

Բոլոր այն հաճախորդները, ովքեր ունեն խորհրդատվության/աջակցության կարիք կարող են զանգահարել +374 60 655 000 հեռախոսահամարով կամ դիմել իրենց վարկային մենեջերին (կորպորատիվ հաճախորդների դեպքում):

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 15.02.21, 07:16

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։