Փոխանցումներ

Համայնքային զարգացման նորություններ

HSBC բանկն ու ՀՕՖ-ը ամանորի ուրախություն պարգևեցին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Պատկերացրեք մի երեխա ով ապրում է սահմանամերձ ձյունածածկ գյուղում Տավուշի մարզում: Փոքրիկներն օրերն են հաշվում մինչև Նոր Տարի՝ սպասումով, որ այն Ամանորի հեքիաթ ու խինդ կբերի: Ամանորի շունչը, սակայն, կարող է աննկատ անցնել այն խնդիրների պատճառով, որոնց խոցելի համայնքներն առնչվում են ամեն օր: Ինչևէ, Ամանորի հրաշքը սահմաններ չի ճանաչում, հատկապես, եթե ցանկությանդ մասին պատմում ես մեկին, ով, բնավ, անտարբեր չէ և ուզում է, որ ցանկությունդ իրականանա:

Մինչ անցնող տարին ամփոփում է իր պտույտն ու թևակոխում նոր փուլ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն ու Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) միավորեցին ջանքերը, որպեսզի օգնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի փոքրիկներին իրականացնել իրենց Ամանորի ցանկությունները: Բանկի մոտ 400 աշխատակիցներ միավորվեցին և գնեցին այն նվերները, որոնք երեխաները խնդրել էին Ձմեռ պապին ուղղված իրենց նամակներում: Նոր Տարուն ընդառաջ բանկի աշխատակիցները մոտ 400 խաղալիք ու այլ նվերներ փոխանցեցին սահմանամերձ ութ համայնքներում (Վերին Ծաղկավան, Չինչին, Նավուր, Տավուշ, Վերին Կարմրաղբյուր, Նորաշեն, Արծվաբերդ, Այգեձոր) ապրող երեխաներին` որպես ներդրում իրենց կողմից համայնքների կայուն զարգացման գործում:

Ձմեռ պապը հատուկ նվերներ էր պատրաստել նաև այն փոքրիկների համար, ովքեր գալիք տարի առաջին անգամ ոտք կդնեն դպրոց: Խաղալիքներից բացի, HSBC-ի աշխատակիցները դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրեցին բոլոր 5 տարեկան երեխաներին:

«HSBC-ն իր գործունեության ընթացքում մշտապես ներգրավված է եղել կայուն զարգացմանը նպաստող ծրագրերում: «Խաղալիքների հավաք» նախաձեռնությունը համայնքներին ուղղված աջակցության ծրագրերից մեկն է միայն, որին մեր թիմը պատրաստակամորեն աջակցում է : Հուսով եմ՝ կարողացանք Ամանորին ընդառաջ ուրախացնել Տավուշի մարզում ապրող երեխաներին»,-ասում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն, Փոլ Էդգարը:

«Այս նախաձեռնությունն մեծ խինդ ու ուրախություն պարգևեց երեխաներին, ովքեր այդքան էլ հեշտ կյանքով չեն ապրում: Մենք բոլորս ականատես եղանք, թե նրանք որքան ուրախացան նվերներ ստանալիս, ինչը մեզ ևս ոգևորեց: Համապատասխան բառեր չեմ գտնում արտահայտելու զգացմունքներս ու երախտագիտությունս եմ փոխացնում HSBC-ի աշխատողներին իրենց մարդկային քայլի համար»,- նշում է ՀՕՖ-ի Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը:

«Խնդրեցի ծնողներիս՝ ինձ համար նամակ գրեն Ձմեռ պապիկին. «Նոր Տարին է մոտենում, չմոռանաս, քնով չընկնես»: Շատ հավանեցի մեքենաս, հենց այն էր, ինչ ուզել էի», - հինգ տարեկան Արշակ Խաչատրյանը Վերին Ծաղկավան գյուղից նշում է իր ամանորյա նվերի մասին:

2007թ.-ից ի վեր HSBC Հնարավոություն Երիտասարդներին ծրագրի շրջանակում կազմակերպված «Խաղալիքների հավաք» (Toy Drive) նախաձեռնությունը իր դրական փոփոխությունն է բերել երեխաների կյանքում ողջ աշխարհում: Բանկն աշխատում է բարեգործական ծրագրեր իրականացնող գործընկեր կազմակերպությունների հետ խոցելի համայնքներում բնակվող երեխաներին խաղալիքներ նվիրելու և համայնքների կայուն զարգացմանը նպաստելու համար: Ամեն տարի՝ դեկտեմբերին, աշխատակիցները խաղալիքներ են գնում և հավաքում HSBC-ի գրասենյակներում և դեկտեմբերի 25-ի նախօրեին առաքում դրանք տեղի գործընկեր բարեգործական կազմակերպություններին:

Ծրագրի շրջանակում բանկը վերջին երեք տարիներին (2016 – 2018) 9 մլն. ԱՄՆ դոլար է տրամադրել աշխարհում գործող բարեգործական կազմակերպություններին՝ խոցելի խավ հանդիսացող երիտասարդներին աջակցելու համար:

Թարմացվել է` 08/01/2018 15:00