Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Հիմնական պայմաններ

Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ

Ստորև սահմանված պայմանները (այսուհետև` Հիմնական պայմաններ) կարգավորում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետև` Բանկ, ներառյալ բոլոր իրավահաջորդների և լիազորված անձանց) և բանկային հաշվի բացման ձևը/դիմումը կամ Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար սահմանված տիպային ձևի փաստաթուղթը ստորագրող անձի կամ անձանց (այսուհետև` Հաճախորդ («Դուք», «Ձեր» դերանունները վերաբերվում են Հաճախորդին)) միջև իրականացվող բանկային գործառնությունները:

Հաճախորդի կողմից բանկային հաշվի բացման ձևի/դիմումի կամ Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար սահմանված տիպային փաստաթղթի ստորագրումը հաստատում է ստորև բերված Հիմնական պայմանների և Բանկի կողմից տվյալ ծառայության համար սահմանված առանձին պայմանների և կանոնների ընդունումը, որոնք կարող են հետագայում փոփոխվել Բանկի կողմից` լրատվության միջոցներում հրապարակելով կամ Բանկի տարածքում հայտարարություն փակցնելով:

Բանկային հաշվի բացման դիմումի, բանկային հաշվով գործառնությունների իրականացման և նմանատիպ այլ փաստաթղթերի տիպային ձևերը Բանկի կողմից կարող են պարբերաբար փոփոխվել: Սույն Հիմնական պայմանները առաջնային են, և Բանկի կողմից հաստատված (հաստատվելիք) բանկային հաշվով գործառնությունների իրականացման, այլ ծառայությունների մատուցման փաստաթղթերի տիպային ձևերը և այլ պարտադիր կանոները և առանձին պայմանները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն Հիմնական պայմաններին:

Բանկին իրավունք է վերապահվում մերժել ծառայություն ստանալու և/կամ որևէ ծառայության ներքո որևէ գործառնություն իրականացնելու հետ կապված Հաճախորդի կողմից ներկայացվող ցանկացած այլ ձևի փաստաթուղթ, եթե Բանկի կողմից սահմանվել է տվյալ փաստաթղթի տիպային ձև (նաև բովանդակության առումով):

Բանկը մատուցած ծառայությունների դիմաց Հաճախորդից գանձում է վճար (միջնորդավճար)` համաձայն սույն Հիմնական պայմաններին կից ներկայացվող «Ծառայությունների Սակագների»: Սակագներով նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով: «Ծառայությունների Սակագները» Հաճախորդներին հասանելի են դարձվում Բանկի տարածքում և կարող են փոփոխվել Բանկի կողմից միակողմանի կարգով` այդ մասին մեկ ամիս առաջ ՀՀ տարածքում գործող ԶԼՄ-ով հայտարարելու և/կամ Բանկի մասնաճյուղերի համապատասխան հասանելի վայրում հայտարարություն փակցնելու միջոցով Հաճախորդներին ծանուցելով: Սակագներով նախատեսված վճարները Բանկի կողմից որպես կանոն գանձվում են այն հաշվի մնացորդի հաշվին, որով կատարվում է համապատասխան գործառնությունը, ընդ որում` արտարժութային բանկային հաշվի դեպքում Բանկին իրավունք է վերապահվում գանձվելիք գումարի չափով արտարժույթը ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով կամ իր կողմից սահմանված փոխարժեքով փոխանակել ՀՀ դրամի և գանձել:

Բանկի կողմից կատարվում են Հաճախորդի կողմից կամ անունից պատշաճ կերպով ներկայացված վավեր հանձնարարականները, այդ թվում` փոխանակման, արժեթղթերի առուվաճառքի և այլ տեսակի գործարքների և գործառնությունների իրականացման վերաբերյալ: Հանձնարարականների կատարման հետևանքների ռիսկը, հնարավոր վնասները, կորուստները և ծախսերը կրում է Հաճախորդը, որոնք հատուցման ենթակա չեն ոչ Բանկի, ոչ Բանկի աշխատակցի և ոչ էլ Բանկի գործակալների կողմից:

Բանկում (Բանկի տիրապետության ներքո) առկա Հաճախորդի բոլոր արժեթղթերը, մուրհակները, բանկային հաշիվների մնացորդները և սպասվելիք դրամական մուտքերը, ավանդների գումարները և հաշվեգրված և հաշվեգրվելիք տոկոսագումարները և ցանկացած արժույթով արտահայտված թղթադրամները, ոսկին կամ այլ արժեքները համարվում են Հաճախորդի` Բանկի նկատմամբ Բանկային Հաշվի սպասարկման կապակցությամբ կամ այլ հիմքերով առաջացած (այդ թվում` տոկոսների, միջնորդավճարների և այլ վճարների) պարտավորության ապահովում և Բանկը ունի դրանց նկատմամբ գրավի իրավունք: Բանկը իրավունք ունի անակցեպտ կարգով և առանց լրացուցիչ երկկողմանի փաստաթուղթ կազմելու իրականացնել նշված միջոցների և իր նկատմամբ նշված հիմքերով առաջացած /առկա պարտավորությունների հաշվանց:

Հաճախորդը իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության այլ անձանց զիջել ծառայություններ ստանալու հետ կապված Բանկի նկատմամբ առկա կամ ստացվելիք որևէ պահանջի իրավունք:

Հաճախորդը իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության գրավ դնել Բանկում առկա և/կամ ստացվելիք իր դրամական միջոցները և այլ արժեքները:

Բանկը պատասխանատու չէ պետական մարմինների չարտոնված գործողությունների կամ անհաղթահարելի ուժի` ներառյալ բայց չսահմանափակելով սարքավորումների անսարքության կամ էլեկտրաէներգիայի մատակարարման չնախատեսված ընդհատումների կամ խափանման հետևանքով առաջացած Հաճախորդի վնասների, կորուստների կամ ուշացման դեպքերի համար:

Բանկի կողմից Հաճախորդների հետ հարաբերություններում իր իրավունքների պաշտպանությանը չդիմելը կամ դիմելու հետաձգումը չի կարող մեկնաբանվել որպես դրանցից հրաժարում: Սույն Հիմնական պայմաններով նախատեսված իրավունքները լրացնում են և չեն բացառում օրենքով նախատեսված որևէ այլ իրավունքները:

Սույն Հիմնական պայմանները կազմված են և մեկնաբանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Բանկի և Հաճախորդի միջև ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը: Սույն Հիմնական պայմաններով նախատեսված ծառայությունների հետ կապված և սույն Հիմնական պայմաններով չկարգավորված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, իսկ ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չլինելու դեպքում` գործարար շրջանառության սովորույթներով: Սույն Հիմնական պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի Հիմնական պայմանների անգլերեն տարբերակի նկատմամբ:

Հաճախորդը լիազորում է Բանկին, իր հայեցողությամբ և առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ բանկերին և վարկային կազմակերպություններին, ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին` վերջիններիս պահանջով կամ իր նախաձեռնությամբ տրամադրել Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` տեղեկանքներ: Բանկը իրավունք ունի տվյալների մշակման նպատակով Հաճախորդի սպասարկման կապակցությամբ հայտնի դարձած ցանկացած տեղեկություններ տրամադրել այլ բանկերի և կազմակերպությունների` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, որոնց խախտման համար պատասխանատու է Բանկը:

Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Հանցավոր ճանապարով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված/տնօրինվող/ստացված միջոցների շրջանառությունը արգելված է: Հաշվի առնելով օրենքի պահանջը և հետևելով «փողերի լվացման» վերաբերյալ միջազգային իրավական նորմերին և ընդունված պրակտիկային` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարել ցանկացած գումարների/արժեքների ծագման մասին, որոնք առկա կամ մուտքագրված են կամ մուտքագրվում են Հաճախորդի կողմից: Բանկն իրավունք ունի պահանջել իրեն ներկայացնել բավարար ապացույցներ` այդ միջոցների ծագման օրինականության վերաբերյալ: Բանկն իրավունք ունի արգելել և կասեցնել կասկածելի գումարների տնօրինումը և/կամ օգտագործումը և/կամ տիրապետումը Հաճախորդի կողմից` մինչև բավարար ապացույցներ ներկայացնելը/ստանալը: Հաճախորդը պարտավորվում է հատուցել Բանկին վերը նշվածի կապակցությամբ պատճառված բոլոր տեսակի վնասները և հատուցել բոլոր տեսակի ծախսերը: Հաճախորդը գիտակցում և համաձայնվում է, որ Բանկը, ՀՀ գործող օրենսդրության սահմաններում, պարտավոր է կատարել համապատասխան երկրների օրենքների, այլ իրավական ակտերի և իրավապահ մարմինների պահանջները, որոնք վերաբերվում են, ի թիվս այլոց, ահաբեկիչների և հետախուզման մեջ գտնվող այլ անձանց ֆինանսավորման կանխարգելմանը: Ոչ Բանկը, և ոչ Բանկի գործընկեր հանդիսացող որևէ այլ կազմակերպություն պատասխանատվություն չեն կրում որևէ անձի կողմից կրած վնասների և կորուստների համար (անկախ նրանից, թե դա ուղղակի թե անուղղակի վնաս է, ներառյալ սպասվելիք եկամտի կամ տոկոսների վճարման կորուստը) եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են նման պահանջները կատարելու հետևանքով:

Հաճախորդների կողմից գործառնություններ/գործարքներ կատարելու և/կամ Բանկի կողմից մատուցվող այլ ծառայություններ ստանալու նպատակով երրորդ անձանց լիազորագրեր (այդ թվում` նոտարական կարգով վավերացված) տալու դեպքում և նշված լիազորագրերի օրինականության կապակցությամբ կասկածներ առաջանալու դեպքում Բանկը իրավունք ունի նշված լիազորագրերը ուղարկել համապատասխան լիազոր մարմինների փորձաքննության` իսկությունը պարզելու համար, և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում այս կապակցությամբ առաջացած ուշացումների հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:

Հաճախորդի կողմից իր Բանկային հաշիվներով գործառնություններ կատարելու և/կամ Բանկի կողմից մատուցվող այլ ծառայություններ ստանալու կապակցությամբ Բանկին ներկայացվող ցանկացած փաստաթղթի օրինականության կապակցությամբ հիմնավոր կասկածներ առաջանալու դեպքում Բանկը իրավունք ունի նշված փաստաթղթերը ուղարկել համապատասխան լիազոր մարմինների փորձաքննության` իսկությունը պարզելու համար, և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում այս կապակցությամբ առաջացած ուշացումների հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:

Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ Հաճախորդին իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների և/կամ դրանց փոփոխությունների, ինչպես նաև նոր ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական և գովազդային բնույթի SMS հաղորդագրություններ ուղարկել` Հաճախորդի կողմից բանկային հաշվի բացման դիմումում և/կամ Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար սահմանված տիպային ձևի փաստաթղթում նշված և/կամ հատուկ այդ նպատակով Հաճախորդի կողմից Բանկին տրամադրված բջջային հեռախոսահամար(ներ)ով: Հաճախորդը պարտավորվում է բջջային հեռախոսահամար(ներ)ի փոփոխության/կորստի դեպքում անմիջապես գրավոր տեղեկացնել Բանկին: Հաճախորդը սույնով հաստատում է նաև, որ Բանկը պատասխանատվություն չի կրի հեռախոսահամար(ներ)ի փոփոխության/կորստի մասին չտեղեկացնելու հետևանքով վերոնշյալ տեղեկատվությունը SMS հաղորդագրության ձևով երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում: Հաճախորդը սույնով լիազորում է Բանկին SMS հաղորդագրություններ ուղարկելու նպատակով տրամադրել վերոնշյալ բջջային հեռախոսահամարները բջջային կապի օպերատոր(ներ)ին: Հաճախորդը հաստատում է նաև, որ Բանկը պատասխանատվություն չի կրի բջջային կապի օպերատոր(ներ)ի գործողությունների հետևանքով Բանկի կողմից ուղարկվող տեղեկատվությունը կամ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում:

Հաճախորդն իրավունք ունի հրաժարվել Բանկի SMS հաղորդագրությունները ստանալուց` այդ մասին Բանկին գրավոր տեղեկացնելով:

Բանկային Հաշիվ

  1. Սույն պայմանները կիրառվում են Բանկում Հաճախորդի բոլոր բանկային հաշիվների նկատմամբ` անկախ արժույթից և տեսակից (այդ թվում` խնայողական կամ ընթացիկ): Բանկային հաշվի բացման համար Հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Բանկի կողմից և կարող է պարբերաբար փոփոխվել: Բանկային հաշիվներով գործառնությունների իրականացման ժամկետները որոշվում են Բանկի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ սույն Հիմնական պայմաններով, Բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթերով և իրավական ակտերով:
  2. Հաճախորդը իրավունք չունի թույլ տալ բանկային հաշվի բացասական մնացորդ (օվերդրաֆտ) առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության: Հաճախորդը պարտավոր է վճարել տոկոսներ ցանկացած օվերդրաֆտի համար: Անկախ հաշվի արժույթից, տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով: Օվերդրաֆտի տոկոսադրույքը սահմանվում է Բանկի կողմից: Տոկոսները հաշվարկվում են օրական` Բանկային Հաշվի բացասական մնացորդի նկատմամբ: Բանկին իրավունք է վերապահվում անակցեպտ կարգով տոկոսագումարները ելքագրել Հաճախորդի Բանկային Հաշիվներից` յուրաքանչյուր ամսվա վերջում կամ Բանկի կողմից սահմանվող այլ հաճախականությամբ: Արտարժութային հաշիվներից տոկոսագումարներ ելքագրելու դեպքում Բանկին իրավունք է վերապահվում ելքագրված գումարները փոխանակել ՀՀ դրամի` ելքագրման օրվա դրությամբ սահմանված համապատասխան փոխարժեքով: Հաճախորդը Բանկի առաջին իսկ պահանջով պարտավոր է անհապաղ մարել օվերդրաֆտը` բոլոր տոկոսագումարներով և այլ վճարումներով հանդերձ, եթե այլ բան նախատեսված չէ Բանկի և Հաճախորդի միջև կնքված գրավոր պայմանագրով: Բանկային հաշվով գործառնություններ իրականացնելիս, Հաճախորդի կարգադրությունները կատարելու համար անհրաժեշտ մնացորդի բացակայության դեպքում Բանկին իրավունք է վերապահվում իր նախաձեռնությամբ պակասող գումարը գործող պայմաններով ձևակերպել որպես ընթացիկ օվերդրաֆտ` այդ մասին գրավոր կամ բանավոր կերպով ծանուցելով (այդ թվում` բանկային հաշվի համապատասխան ժամանակահատվածի քաղվածքում արտահայտելու միջոցով) Հաճախորդին:
  3. Առանձին տեսակի բանկային հաշիվների համար Բանկը, իր հայեցողությամբ, կարող է Հաճախորդին տրամադրել Չեկային գրքույկ: Հաճախորդը չեկ դուրս գրելիս պետք է ցուցաբերի պատշաճ շրջահայացություն և հետևի գրքույկում տպված և Բանկի կողմից պարբերաբար սահմանվող կանոններին:
  4. Առանձին տեսակի բանկային հաշիվների համար Բանկը կարող է տրամադրել խնայողական գրքույկ և այդ բանկային հաշիվների վրա տարածվում են նաև գրքույկում տպված «Խնայողական գրքույկով բանկային հաշիվների վարման կանոնները»: Այդ կանոնները գործում են ի լրումն սույն Հիմնական պայմանների: Խնայողական գրքույկով Բանկային հաշիվներից քաղվածքներ չեն տրամադրվում: Հաճախորդին առաջարկվում է Խնայողական գրքույկը պարբերաբար ներկայացնել Բանկ` տվյալները թարմացնելու համար: Խնայողական գրքույկում արտացոլված տվյալները համարվում են հաշվով կատարված գործարքների պատշաճ ծանուցում: Հաճախորդը պետք է ստուգի Խնայողական գրքույկում տպված տվյալների ճշտությունը և հնարավոր սխալների մասին ծանուցի Բանկին` վերջին թարմացման ամսաթվից 30 օրվա ընթացքում: 30-օրյա ժամկետից հետո Խնայողական գրքույկում սխալ կատարված գրանցումների վերաբերյալ դիմումները Բանկի կողմից դիտարկվում են հնարավորություններից ելնելով: Բանկը պատասխանատվություն չի կրում Խնայողական գրքույկը տվյալների թարմացման համար Բանկ չներկայացնելու հետևանքով Հաճախորդի տեղեկացված չլինելու պատճառով կրած վնասների համար:
  5. Առանձին տեսակի բանկային հաշիվների համար Բանկը տրամադրում է ամսական քաղվածք, եթե այլ կերպ համաձայնեցված չէ Հաճախորդի հետ: Քաղվածքում արտացոլված տվյալները համարվում են հաշվով կատարված գործարքների մասին պատշաճ ծանուցում: Հաճախորդը պետք է ստուգի քաղվածքի ճշտությունը և հնարավոր սխալների մասին ծանուցի Բանկին` քաղվածքի ամսաթվից 30 օրվա ընթացքում: 30-օրյա ժամկետից հետո քաղվածքում սխալ կատարված գրանցումների վերաբերյալ դիմումները Բանկի կողմից դիտարկվում են հնարավորություններից ելնելով: Բանկը պատասխանատու չէ քաղվածքների առաքման հետ կապված փոստային ծառայությունների սխալի, թերացման, քաղվածքների կորստյան կամ հափշտակության հետևանքով տեղի ունեցած կորուստների կամ ներկայացված պահանջների համար կամ տեղեկատվության հրապարակման համար:
  6. Բանկը, առանց Հաճախորդի հետագա համաձայնության կամ նախնական ծանուցման, իրավունք ունի Հաճախորդի Բանկային Հաշվից դուրս գրել բոլոր հարկերը, եթե նման պահանջ սահմանված է ՀՀ օրենսդրությամբ:
  7. Զրոյական մնացորդով բանկային հաշիվները կփակվեն Բանկի կողմից սահմանված կարգով:
  8. Դրամական միջոցների մուտքագրումները և դուրս բերումները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բանկի ցանկացած մասնաճյուղում` անձի ինքնությունը հաստատող բավարար փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, կամ Բանկոմատային Քարտի միջոցով` օգտագործելով Բանկի տարածքի ներսում կամ դրսում գտնվող Բանկի Բանկոմատները:
  9. Արժույթի փոխանակումը մեկ այլ արժույթով կատարվում է Բանկի կողմից պարբերաբար սահմանվող համապատասխան փոխարժեքով: Հաճախորդը` մեկ արժույթի հաշվից այլ արժույթի հաշվին փոխանցում կատարելու հանձնարարական տալով (այդ թվում` Բանկոմատի միջոցով) հաստատում և հավաստում է, որ համաձայն է արժույթի փոխանակումն իրականացնել Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:
  10. Բանկը Հաճախորդի Բանկային Հաշվից ելքագրում է վերջինիս անունից պատշաճ կերպով ստորագրված` ըստ ստորագրության քարտի կամ Բանկի կողմից սահմանված այլ տիպային փաստաթղթի վրա նշված ստորագրման լիազորությունների բոլոր չեկերի, վճարման հանձնարարականների գումարները:
  11. Հաճախորդը պարտավորվում է փոխհատուցել Բանկի կատարած ծախսերը և կրած վնասները` կապված Բանկի կողմից Հաճախորդի հանձնարարականների կատարման հետ, և Բանկն իրավունք ունի գանձել այդ գումարները Հաճախորդի Բանկային հաշիվներից:
  12. Վճարման հանձնարարականները Բանկը ընդունում է բոլոր աշխատանքային օրերին ժամը 9:30-ից մինչև 14:00-ը` բացառությամբ շաբաթ օրերի, երբ Բանկի կողմից մատուցվում են միայն սահմանափակ տեսակի ծառայություններ` 10:00-ից մինչև 13:00 ընկած ժամանակահատվածում: Նշված ժամերից դուրս և շաբաթ օրը (անկախ ժամից) ներկայացված վճարման հանձնարարականները համարվում են ստացված, ներկայացման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ներկայացված վճարման հանձնարարականի մերժման մասին Հաճախորդը տեղեկացվում է բանավոր և /կամ քաղվածքների և այլ բանկային փաստաթղթերի տրամադրման Բանկի հետ գրավոր պայմանավորված եղանակով:
  13. Գործելով միայն որպես Հաճախորդի ինկասավորող գործակալ` Բանկը կարող է ընդունել Հաճախորդի անունով դուրս գրված կամ փոխանցագրված չեկեր, մուրհակներ և նման այլ վճարային գործիքներ` բանկային հաշվին մուտքագրելու նպատակով` առանց ստանձնելու դրանց վճարման հետ կապված որևէ պարտավորություն: Այս նպատակով, Բանկի գրասենյակները, թղթակից բանկերը կամ Բանկի կողմից նշանակված այլ գործակալները դիտվում են որպես Հաճախորդի գործակալներ:
  14. Բանկը կամ նրա գործակալները պատասխանատու չեն Հաճախորդի մեղքով չեկի, վճարման հանձնարարականի, բանկային մուրհակի կամ այլ գործիքի կորստի, վնասման կամ մերժման, չմուտքագրման, ուշ վճարման կամ ներկայացման, գործողության ժամկետի, չեկի կամ այլ գործիքի բանկային հաշվին ուշ մուտքագրման, չվճարման կամ վերադարձման համար: Բանկը կամ նրա գործակալները պարտավորվում են Հաճախորդի գործարքները կատարել հնարավորին չափ արդյունավետ եղանակով` գործող օրենսդրությանը համապատասխան:
  15. Չեկերի կամ այլ գործիքների գումարները Հաճախորդի կողմից չեն կարող դուրս գրվել Բանկային հաշվից, քանի դեռ չեն ինկասավորվել Բանկի կողմից:
  16. Բանկի կողմից առաջարկվող` համապատասխան տեսակի բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի մասնաճյուղերում և/կամ այլ եղանակով և կարող են կազմել 0%: Ցանկացած բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ՀՀ դրամով` անկախ հաշվի արժույթից:
  17. Անչափահասների անունով բացված բանկային հաշիվները վարվում են անչափահասի ծնողների կամ օրենքով նախատեսված կարգով նշանակված խնամակալի (ՙԲանկային Հաշվի վարող՚) կողմից` մինչև անչափահասի 14 տարին լրանալը: Այսպիսի բանկային հաշվին առկա բոլոր գումարները անչափահասի սեփականությունն են: Բանկային Հաշիվ վարողը պետք է անմիջապես տեղեկացնի Բանկին անչափահասի 14 տարին լրանալու մասին:
  18. Բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ Հաճախորդի Բանկային հաշիվներին (անկախ արժույթից) առկա դրամական միջոցները օգտագործել Բանկի նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների(անկախ պարտավորության արժույթից) մարման նպատակով: Բանկն իրավունք ունի այդպիսի հաշվանցման նպատակով անհրաժեշտության դեպքում կատարել Հաճախորդի տարբեր Բանկային հաշիվներում առկա տարբեր արժույթների փոխանակում` գանձվելիք արժույթի համար իր կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:
  19. Հաճախորդի մահվան, անգործունակության, լուծարման, անվճարունակության կամ սնանկացման, ինչպես նաև նման այլ դեպքերում Բանկը պատասխանատվություն չի կրում Բանկային Հաշվով կատարված գործառնությունների համար` քանի դեռ չի ստացել այդպիսի փաստերի մասին գրավոր ապացույց` Բանկի կողմից սահմանված բավարար փաստաթղթային այլ ապացույցների հետ մեկտեղ: Պատշաճ ծանուցում ստանալու դեպքերում Բանկը կասեցնում է Բանկային Հաշվով բոլոր գործառնությունները` մինչև իրավահաջորդի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից Բանկային Հաշվով գործառնություններ կատարելու համար պատշաճ լիազորությունների ձեռքբերումը:
  20. Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ փակել իր Բանկային Հաշիվը` այդ մասին Բանկին նախապես գրավոր ծանուցելով և մարելով Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները ամբողջությամբ: Բանկը կարող է դատարանի կողմից տրված կատարողական թերթի կամ հարկադիր կատարողի կամ ՀՀ կենտրոնական բանկի որոշման հիման վրա սառեցնել կամ կասեցնել Բանկային Հաշվով գործառնությունները` Հաճախորդի կողմից Բանկի նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները մարելուց հետո, և դադարեցնել Բանկային Հաշվով ցանկացած գործառնությունների կատարումը` առանց այդ մասին Հաճախորդին նախապես ծանուցելու կամ հիմնավորելու: Բանկն իրավունք է վերապահում իր նախաձեռնությամբ փակել Հաճախորդի հաշիվը, եթե վերջինս թույլ է տվել սույն Հիմնական պայմանների կամ օրենքների խախտում (խախտումներ):
  21. Բանկի ցանկացած պահանջ կամ հաղորդագրություն գրավոր ուղարկվում է Հաճախորդի բանկային հաշվի բացման վերաբերյալ Բանկի կողմից հաստատված տիպային ձևում նշված հասցեով (կամ այլ հասցեով, որը Հաճախորդը պետք է ժամանակ առ ժամանակ գրավոր կերպով ծանուցի Բանկին): Հաճախորդը համարվում է պատշաճ ծանուցված` վերջինիս հասցեագրված Բանկի հաղորդագրությունը կամ նմանատիպ այլ փաստաթուղթը փոստային ծառայությանը հանձնելու պահից: Հաճախորդը պարտավորվում է անհապաղ տեղեկացնել Բանկին իր հասցեի, ռեզիդենտության կարգավիճակի, ինչպես նաև Բանկին ներկայացված տեղեկություններում և փաստաթղթերում ցանկացած այլ փոփոխությունների մասին:

Բանկային ավանդ

  1. Ստորև սահմանված պայմանները կարգավորում են Բանկի և բանկային ավանդի բացման վերաբերյալ փաստաթղթի Բանկի կողմից հաստատված տիպային ձևը ստորագրող անձի կամ անձանց (այսուհետև` Հաճախորդ) միջև հարաբերությունները:
  2. Բանկային ավանդների` Բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի մասնաճյուղերում և/կամ այլ եղանակով: Ժամկետային ավանդ բացելու պահին Բանկի կողմից հաստատված տոկոսադրույքը մնում է անփոփոխ ավանդային պայմանագրի ընթացքում: Ավանդների տոկոսները վճարվում են ավանդի ժամկետը լրանալիս կամ այլ կերպ` կողմերի համաձայնությամբ: Ավանդների տոկոսները անկախ ավանդի արժույթից վճարվում են ՀՀ դր:
  3. Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները ենթակա են վերադարձման ավանդատուի առաջին իսկ պահանջով: Իրավաբանական անձանց ժամկետային ավանդները վաղաժամկետ վերադարձվում են միայն Բանկի համաձայնությամբ:
  4. Հաճախորդի պահանջով ժամկետային ավանդի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում վճարվելիք տոկոսագումարը հաշվարկվում է նախապես համաձայնեցրած տոկոսադրույքի մեկ հարյուրերրորդականի չափով:

էլեկտրոնային բանկային ծառայություններ

  1. Ստորև շարադրված պայմանները կարգավորում են Բանկի կողմից Հաճախորդին տրամադրվող Բանկոմատային քարտով (այսուհետև` Քարտ) կատարվող բոլոր գործառնությունները:
  2. Քարտը հանդիսանում է Բանկի սեփականությունը և ենթակա է հանձնման Բանկին՝ վերջինիս պահանջով: Բանկն իրավունք ունի ողջամիտ հիմքերի առկայության դեպքում ցանկացած ժամանակ չեղյալ համարել Քարտի հետ կապված Հաճախորդի բոլոր իրավունքները և արտոնությունները:
  3. Քարտի և Անձնական ծածկագրի (ԱԾ) հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Հաճախորդը, և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտի կամ ԱԾ-ի տրամադրման և օգտագործման կապակցությամբ Հաճախորդի կրած վնասների համար, եթե վնասը չի պատճառվել Բանկի մեղքով:
  4. Հաճախորդը պատասխանատու է Քարտի միջոցով կատարված ցանկացած գործարքի համար և պարտավորվում է փոխհատուցել Բանկին Քարտի կամ ԱԾ-ի չլիազորված օգտագործման հետևանքով պատճառված վնասները:
  5. Հաճախորդը պետք է ցուցաբերի պատշաճ շրջահայացություն Քարտը կամ ԱԾ-ի տվյալները չկորցնելու և դրանց հափշտակումը կանխելու նպատակով և պարտավորվում է անմիջապես գրավոր տեղեկացնել Բանկին Քարտի կամ ԱԾ-ի կորստի կամ գողության/հափշտակման մասին: Մինչև կորստի կամ գողության/հափշտակման մասին իրեն գրավոր տեղեկացնելը` Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում կորցրած կամ հափշտակված Քարտի կամ ԱԾ-ի օգտագործման համար:
  6. Քարտի միջոցով կատարված Գործարքների մասին Բանկի գրանցումները համարվում են տվյալ գործարքների կատարումը հավաստող փաստաթղթեր:
  7. Բանկը Հաճախորդի Բանկային Հաշվից դուրս է գրում Քարտի միջոցով դուրս բերված կամ փոխանցված դրամական միջոցները: Արտարժույթով կատարվող գործառնությունները կատարվում են գործառնության օրվա Բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
  8. Բանկը Հաճախորդի Բանկային Հաշվից գանձում է Քարտի թողարկման, սպասարկման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դրա փոխարինման հետ կապված վճարները: Թվարկված վճարները գանձվում են ՀՀ դրամով, ընդ որում` արտարժութային բանկային հաշվի դեպքում Բանկին իրավունք է վերապահվում գանձվելիք վճարների չափով արտարժույթը սահմանված փոխարժեքով փոխանակել ՀՀ դրամի և գանձել:
  9. Այլ բանկերի Բանկոմատներից օգտվելիս կանխիկի դուրսբերման համար գանձվում է միջնորդաճար, որի չափը սահմանվում է Բանկի կողմից: Արտարժութային բանկային հաշվի դեպքում Բանկին իրավունք է վերապահվում գանձվելիք միջնորդավճարի չափով արտարժույթը սահմանված փոխարժեքով փոխանակել ՀՀ դրամի և գանձել:
  10. Հաճախորդը իրավունք չունի հայտնել ԱԾ-ն այլ անձանց` առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության:
  11. Հաճախորդն իրավունք չունի թույլ տալ Բանկային Հաշվի բացասական մնացորդի առաջացում կամ Քարտի միջոցով դուրս բերել կամ փոխանցել գումարներ Բանկի կողմից թույլատրված սահմանների գերազանցումով:
  12. Բանկը պատասխանատու չէ Քարտի կամ Բանկոմատի անսարքության կամ փչացման, ինչպես նաև այդպիսի մեքենաներում (անկախ այն հանգամանքից, թե որ Բանկն է հանդիսանում Բանկոմատի սեփականատեր կամ վարձակալ) բավարար գումարի բացակայության, կամ որևէ այլ նմանատիպ պատճառներով Հաճախորդի կրած վնասների համար:
  13. Քարտի միջոցով մուտքագրված ցանկացած կանխիկ գումար կամ չեկ մուտքագրվում է Հաճախորդի Բանկային Հաշվին միայն Բանկի վավերացումից հետո և այդ պահից համարվում է Բանկի կողմից ստացված և Հաճախորդի Բանկային Հաշվին մուտքագրված:
  14. Հաճախորդը համապարտ պատասխանատվություն է կրում համատեղ հաշվետերերից մեկին կամ մի քանիսին տրված Քարտի միջոցով իրականացված բոլոր գործառնությունների համար` անկախ Բանկային Հաշվի բացման փաստաթղթերում բոլոր Հաշվետերերի ստորագրությունների պահանջի առկայությունից:
  15. Հաճախորդի մահվան կամ Բանկային Հաշվի փակման դեպքում Քարտը ենթակա է անհապաղ վերադարձման Բանկին:
  16. Բանկն իրավունք ունի փոփոխելու սույն Հիմնական պայմանները` ողջամիտ ժամկետում նախապես ծանուցելով այդ մասին Հաճախորդին: Սույն Հիմնական պայմանները փոփոխելուց հետո (Բանկի ծանուցմամբ նշված օրվանից) Քարտի օգտագործումը դիտվում է որպես Հաճախորդի կողմից այդպիսի փոփոխությունների անվերապահ ընդունում, եթե Հաճախորդը նախապես ծանուցվել է այդ փոփոխությունների մասին: Բանկի կողմից փոփոխությունների մասին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելը կամ Բանկի տարածքում հանրությանը ծանոթացման համար հասանելի դարձնելը համարվում է Հաճախորդի պատշաճ ծանուցում:

Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ծանուցում

Սույն ծանուցման մեջ կիրառվող բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումներին:

Երաշխավորողը

Ձեր ավանդների հատուցման երաշխավորող է հանդիսանում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

Հիմնադրամի գտնվելու վայրն է`

00010, Հայաստանի Հանրապետություն,
ք.Երևան, Վ.Սարգսյան 6
Հեռախոս` (374 10) 58-35-14

Հատուցման դեպքը, երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգ

Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` հատուցման դեպք) է համարվում «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին անվճարունակ կամ սնանկ ճանաչելը, և եթե բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ի վիճակի չէ օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում վերադարձնել ավանդները:

Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի թիվ 70-Ն որոշմամբ: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

միայն դրամային ավանդի դեպքում – երկու միլիոն դրամ,
միայն արտարժութային ավանդի դեպքում – մեկ միլիոն դրամ,
և՜ դրամային (մեկ միլիոնից ավել), և՜ արտարժութային ավանդների դեպքում – միայն դրամային ավանդը` մինչև երկու միլիոն դրամ,
և՜ դրամային (մեկ միլիոնից պակաս), և՜ արտարժութային ավանդների դեպքում – դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` մեկ միլիոն դրամի և դրամային ավանդի տարբերության չափով:

Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները` նույնպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:

Չերաշխավորված բանկային ավանդ

Ձեր ավանդը երաշխավորված չէ, եթե`

ա) Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
բ) Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
գ) Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
դ) Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
ե) Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
զ) Ձեր ավանդը ներդրված է բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում:

Անկախ ավանդի ներդրման արժույթից` հատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով` դեպքի տեղի ունենալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

Երաշխավորված ավանդների հատուցման կազմակերպումը

Հատուցման դեպքի տեղի ունենալուց մեկ ամիս հետո Հիմնադրամը` անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Գործընթացը սկսվում է զանգվածային լրատվական միջոցներում հատուցման վերաբերյալ Հիմնադրամի համապատասխան հայտարարություն տալու պահից: Երաշխավորված ավանդի գումարի վճարումն իրականացնող բանկին կարող եք դիմում ներկայացնել ոչ ուշ, քան հատուցումը սկսելու պահից մեկ տարվա ժամկետում: Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո, Ձեր` անվճարունակ բանկի հանդեպ ունեցած դրամական պահանջը` հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման առավելագույն չափը գերազանցող գումարը համարվում է սնանկ կամ անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ:

Թարմացվել է` 07/10/2009 16:00