Հիմնական պայմաններ
Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների
և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ (Ֆիզիկական անձանց, այդ թվում
անհատ ձեռնարկատերերի համար)
Ընդհանուր դրույթներ
- Ստորև սահմանված պայմանները (այսուհետև` Հիմնական պայմաններ) կարգավորում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-
ի (այսուհետև` Բանկ, ներառյալ բոլոր իրավահաջորդների և լիազորված անձանց) և բանկային հաշվի բացման ձևը/դիմումը կամ
Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար սահմանված տիպային ձևի փաստաթուղթը ստորագրող ֆիզիկական
անձի կամ անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետև` Հաճախորդ («Դուք», «Ձեր» դերանունները վերաբերում են
Հաճախորդին)) միջև իրականացվող բանկային գործառնությունները:
- Հաճախորդի կողմից բանկային հաշվի բացման ձևի/դիմումի կամ Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար
սահմանված տիպային փաստաթղթի ստորագրումը հաստատում է ստորև բերված Հիմնական պայմանների և Բանկի կողմից
տվյալ ծառայության համար սահմանված առանձին պայմանների և կանոնների ընդունումը, որոնք կարող են հետագայում
փոփոխվել Բանկի կողմից` Հաճախորդին օրենքով նախատեսված կարգով կամ Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված
կարգով ծանուցելով:
- Բանկային հաշվի բացման դիմումի, բանկային հաշվով գործառնությունների իրականացման և նմանատիպ այլ փաստաթղթերի տիպային ձևերը Բանկի կողմից կարող են պարբերաբար փոփոխվել: Սույն Հիմնական պայմանները առաջնային են, և Բանկի կողմից հաստատված (հաստատվելիք) բանկային հաշվով գործառնությունների իրականացման, այլ ծառայությունների մատուցման փաստաթղթերի տիպային ձևերը և այլ պարտադիր կանոնները և առանձին պայմանները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն Հիմնական պայմաններին, եթե այդպիսի տիպային ձևերով, պարտադիր կանոններով կամ առանձին պայմաններով այլ բան նախատեսված չէ:
- Բանկին իրավունք է վերապահվում մերժել ծառայություն ստանալու և/կամ որևէ ծառայության ներքո որևէ գործառնություն
իրականացնելու հետ կապված Հաճախորդի կողմից ներկայացվող ցանկացած այլ ձևի փաստաթուղթ, եթե Բանկի կողմից
սահմանվել է նման փաստաթղթի տիպային ձև (նաև բովանդակության առումով):
- Բանկը մատուցած ծառայությունների դիմաց Հաճախորդից գանձում է վճար (միջնորդավճար)` համաձայն Բանկի համապատասխան «Ծառայությունների Սակագների»: «Ծառայությունների Սակագները» Հաճախորդներին հասանելի են դարձվում Բանկի տարածքում: «Ծառայությունների Սակագները» կարող են փոփոխվել Բանկի կողմից միակողմանիորեն` այդ մասին Հաճախորդներին ծանուցելով օրենքով նախատեսված ժամկետներում և կարգով կամ Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված եղանակով: Սակագներով նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով: Սակագներով նախատեսված վճարները Բանկի կողմից որպես կանոն գանձվում են այն բանկային հաշվից, որով կատարվում է համապատասխան գործառնությունը, ընդ որում` արտարժութային բանկային հաշվի դեպքում Բանկն իրավունք ունի գանձվելիք գումարի չափով արտարժույթը ՀՀ ԿԲ-ի կողմից տվյալ արտարժույթի համար հրապարակված միջին փոխարժեքով կամ իր կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով փոխանակել ՀՀ դրամի և գանձել:
- Բանկը կարող է Հաճախորդից գանձել ծառայությունների մատուցման հետ կապված առաքումների ծախսերը:
- Բանկի կողմից կատարվում են Հաճախորդի կողմից կամ անունից պատշաճ կերպով ներկայացված գործարքների և
գործառնությունների իրականացման վերաբերյալ վավեր հանձնարարականները: Հանձնարարականների կատարման
հետևանքների ռիսկը, հնարավոր վնասները, կորուստները և ծախսերը կրում է Հաճախորդը, և այդպիսիք հատուցման ենթակա
չեն ոչ Բանկի, ոչ Բանկի աշխատակցի և ոչ էլ Բանկի գործակալների կողմից:
- Բանկում (Բանկի տիրապետության ներքո) առկա Հաճախորդի բոլոր բանկային հաշիվների մնացորդները և սպասվելիք դրամական մուտքերը, ավանդների գումարները, հաշվեգրված և հաշվեգրվելիք տոկոսագումարները, ցանկացած արժույթով արտահայտված թղթադրամները, արժեթղթերը, մուրհակները, ոսկին կամ այլ արժեքները համարվում են Հաճախորդի` Բանկի նկատմամբ բանկային հաշվի սպասարկման կապակցությամբ կամ որևէ այլ հիմքով առաջացած պարտավորությունների (այդ թվում` տոկոսների, միջնորդավճարների և այլ վճարների գծով) ապահովում, և Բանկը ունի դրանց նկատմամբ գրավի իրավունք: Բանկն իրավունք ունի անակցեպտ կարգով և առանց լրացուցիչ երկկողմանի փաստաթուղթ կազմելու իրականացնել նշված միջոցների և իր նկատմամբ առաջացած/առկա պարտավորությունների հաշվանց:
- Հաճախորդը իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության այլ անձանց զիջել ծառայություններ ստանալու հետ
կապված Բանկի նկատմամբ առկա կամ ապագայում ծագող որևէ իրավունք:
- Հաճախորդը իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության գրավ դնել Բանկում առկա և/կամ ստացվելիք իր
դրամական միջոցները և այլ արժեքները:
- Բանկը պատասխանատու չէ պետական մարմինների գործողությունների կամ անհաղթահարելի ուժի, այդ թվում`
սարքավորումների անսարքության կամ էլեկտրաէներգիայի մատակարարման չնախատեսված ընդհատումների կամ
խափանման հետևանքով առաջացած Հաճախորդի վնասների, կորուստների կամ ուշացման դեպքերի համար:
- Բանկի կողմից Հաճախորդների հետ հարաբերություններում իր իրավունքների պաշտպանությանը չդիմելը կամ դիմելու հետաձգումը չի կարող մեկնաբանվել որպես դրանցից հրաժարում: Սույն Հիմնական պայմաններով նախատեսված իրավունքները լրացնում են և չեն բացառում օրենքով նախատեսված այլ իրավունքները:
- Սույն Հիմնական պայմանները կազմված են և մեկնաբանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
Սույն Հիմնական պայմաններով չկարգավորված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, իսկ ՀՀ
օրենսդրությամբ կարգավորված չլինելու դեպքում` գործարար շրջանառության սովորույթներով: Բանկի և Հաճախորդի միջև
ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը: Հաճախորդն իրավունք ունի սույն Հիմնական Պայմաններով
նախատեսված ծառայությունների հետ կապված Բանկի նկատմամբ պահանջները օրենքով նախատեսված դեպքերում
ներկայացնել նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին: Բանկի և Հաճախորդների միջև ծագած վեճերի լուծման
բացատրական ամփոփագիրը կցվում է սույն Հիմնական Պայմաններին և կազմում է սույն Հիմնական Պայմանների անբաժանելի
մասը: Սույն Հիմնական պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի Հիմնական պայմանների անգլերեն
տարբերակի նկատմամբ:
- Բանկն իրավունք ունի առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան,
այլ բանկերին և վարկային կազմակերպություններին, վարկային բյուրոներին, ինչպես նաև ավանդների հատուցման
երաշխավորման հիմնադրամին` վերջիններիս պահանջով կամ իր նախաձեռնությամբ տրամադրել Հաճախորդի վերաբերյալ
տեղեկություններ:
- Հաճախորդը լիազորում է Բանկին օգտագործել և մշակել Հաճախորդի անհատական տվյալները`Բանկի կողմից
ծառայությունների մատուցման նպատակով: Բանկն իրավունք ունի օգտագործել Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեն,
բջջային հեռախոսահամարը և այլ հաղորդակցման տվյալները` Հաճախորդին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների
վերաբերյալ տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու նպատակով: Սույնով Հաճախորդը
համաձայնվում է նաև, որ Հաճախորդի տվյալների մշակման նպատակով Բանկը կարող է օգտվել Էյչ-Էս-Բի-Սի խմբի մեջ մտնող
կամ այլ ընկերությունների ծառայություններից և այդ նպատակով վերջիններիս փոխանցել Հաճախորդի տվյալները: Անկախ այն
հանգամանքից, թե Հաճախորդի տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետությունում թե Հայաստանի Հանրապետության
տարածքից դուրս, դրանք պաշտպանված կլինեն Էյչ-Էս-Բի-Սի խմբում գործող գաղտնիության և անվտանգության պահպանման
կանոնակարգերի պահանջներին համապատասխան և կարող են օգտագործվել միայն Բանկի ցուցումների համաձայն: Նշված
ընկերությունների անզգուշության, անփութության, տվյալների պահպանման անվտանգության և գաղտնիության պահանջների
խախտման հետևանքով Հաճախորդների կրած վնասների և կորուստների համար պատասխանատվություն է կրում Բանկը:
- Հաճախորդը լիազորում է Բանկին` Հաճախորդներին ծառայություններ առաջարկելու կամ Հաճախորդներին մատուցվող
ծառայությունները բարելավելու նպատակով իր հայեցողությամբ և առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու Բանկի հետ
համագործակցող ընկերություններին տրամադրել Հաճախորդի տվյալները:
- Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության
ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված/տնօրինվող/ստացված
միջոցների շրջանառությունը արգելված է: Հաշվի առնելով օրենքի պահանջները և հետևելով «փողերի լվացման» վերաբերյալ
միջազգային իրավական նորմերին և ընդունված պրակտիկային` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր
նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարել ցանկացած գումարների/արժեքների ծագման մասին, որոնք մուտքագրված են
կամ մուտքագրվում են Հաճախորդի կողմից կամ Հաճախորդի անվամբ: Բանկն իրավունք ունի պահանջել իրեն ներկայացնել
բավարար ապացույցներ` այդ միջոցների ծագման օրինականության վերաբերյալ: Բանկն իրավունք ունի արգելել և կասեցնել
կասկածելի գումարների տնօրինումը և/կամ օգտագործումը և/կամ տիրապետումը Հաճախորդի կողմից` մինչև բավարար
ապացույցներ ներկայացնելը/ստանալը: Հաճախորդը պարտավորվում է հատուցել Բանկին վերը նշվածի կապակցությամբ
պատճառված բոլոր տեսակի վնասները և ծախսերը: Հաճախորդը գիտակցում և համաձայնվում է, որ Բանկը պարտավոր է
կատարել օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև իրավապահ մարմինների պահանջները, որոնք վերաբերում են,
ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը: Ոչ Բանկը, և ոչ Բանկի գործընկեր հանդիսացող որևէ այլ
կազմակերպություն պատասխանատվություն չեն կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների
համար (ներառյալ սպասվելիք եկամտի կամ տոկոսների կորուստը) եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են
Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված պահանջները կատարելու
հետևանքով:
- Հաճախորդների կողմից գործառնություններ/գործարքներ կատարելու և/կամ Բանկի կողմից մատուցվող այլ ծառայություններ
ստանալու նպատակով Բանկին ներկայացվող ցանկացած փաստաթղթի, ինչպես նաև երրորդ անձանց օգտին տրված
լիազորագրերի (այդ թվում` նոտարական կարգով վավերացված) իսկության կապակցությամբ կասկածներ առաջանալու դեպքում
Բանկը իրավունք ունի նշված փաստաթղթերը/լիազորագրերը ուղարկել համապատասխան լիազոր մարմինների
փորձաքննության` դրանց իսկությունը պարզելու նպատակով, և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում այս
կապակցությամբ առաջացած ուշացումների հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:
- Բանկի և Հաճախորդի միջև ինտերնետի, հեռախոսային/ֆաքսիմիլային կապի միջոցով հաղորդակցության և գործարքների
կատարման կարգը սահմանվում է Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված առանձին փաստաթղթերով/կանոններով, որոնք
գործում են ի լրումն սույն Հիմնական Պայմանների:
Բանկային Հաշիվ
- Սույն պայմանները կիրառվում են Բանկում Հաճախորդի բոլոր բանկային հաշիվների նկատմամբ` անկախ արժույթից և տեսակից
(այդ թվում` խնայողական և ընթացիկ): Բանկային հաշվի բացման համար Հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկը
սահմանվում է Բանկի կողմից և կարող է պարբերաբար փոփոխվել: Բանկային հաշիվներով գործառնությունների իրականացման
ժամկետները որոշվում են Բանկի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ սույն Հիմնական պայմաններով, Բանկի կողմից
սահմանված այլ փաստաթղթերով կամ իրավական ակտերով:
- Բանկային հաշվով գործառնություններ իրականացնելիս, Հաճախորդի կարգադրությունները կատարելու համար Հաճախորդի բանկային հաշվին անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում Բանկն իր հայեցողությամբ կարող է վճարում կատարել Հաճախորդի բանկային հաշվից: Վճարված միջոցները վճարում կատարելու օրվանից համարվում են Հաճախորդին համապատասխան գումարով տրամադրված վարկ` Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված պայմաններով, ընդ որում վարկը ենթակա է անհապաղ մարման Հաճախորդի կողմից, եթե այլ բան համաձայնեցված չէ Հաճախորդի հետ, և դրա վրա կարող են հաշվարկվել տոկոսներ և/կամ կիրառվել սպասարկման վճարներ: Տոկոսները հաշվարկվում են օրական` բանկային հաշվի բացասական մնացորդի վրա: Անկախ Հաճախորդի բանկային հաշվի արժույթից տոկոսները վճարվում են ՀՀ դրամով: Արտարժութային բանկային հաշիվներից տոկոսագումարներ ելքագրելու դեպքում Բանկին իրավունք է վերապահվում ելքագրվող գումարները փոխանակել ՀՀ դրամի` ելքագրման օրվա դրությամբ Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով և գանձել:
- Առանձին տեսակի բանկային հաշիվների համար Բանկը, իր հայեցողությամբ, կարող է Հաճախորդին տրամադրել Չեկային
գրքույկ: Հաճախորդը չեկ դուրս գրելիս պետք է ցուցաբերի պատշաճ շրջահայացություն և հետևի Բանկի կողմից պարբերաբար
սահմանվող կանոններին:
- Առանձին տեսակի բանկային հաշիվների համար Բանկը կարող է տրամադրել խնայողական գրքույկ և այդ բանկային հաշիվների
վրա տարածվում են նաև գրքույկում տպված «Խնայողական գրքույկով բանկային հաշիվների վարման կանոնները»: Այդ
կանոնները գործում են ի լրումն սույն Հիմնական պայմանների: Հաճախորդին առաջարկվում է Խնայողական գրքույկը
պարբերաբար ներկայացնել Բանկ` տվյալները թարմացնելու համար: Խնայողական գրքույկում արտացոլված տվյալները
համարվում են բանկային հաշվով կատարված գործարքների պատշաճ ծանուցում: Հաճախորդը պետք է ստուգի Խնայողական
գրքույկում տպված տվյալների ճշտությունը և հնարավոր սխալների մասին ծանուցի Բանկին` վերջին թարմացման ամսաթվից 30
օրվա ընթացքում: Բանկը պատասխանատվություն չի կրում Խնայողական գրքույկը տվյալների թարմացման համար Բանկ
չներկայացնելու հետևանքով կատարված գործարքների վերաբերյալ Հաճախորդի տեղեկացված չլինելու պատճառով Հաճախորդի
կրած վնասների համար:
- Հաճախորդի բանկային հաշիվների համար Բանկը տրամադրում է ամսական քաղվածք` օրենքով սահմանված կամ Հաճախորդի
հետ համաձայնեցված եղանակով: Բանկը պարտավոր չէ Հաճախորդին տրամադրել ամսական քաղվածք, եթե տվյալ ամսվա
ընթացքում Բանկը տվյալ բանկային հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել: Քաղվածքում արտացոլված տվյալները
համարվում են բանկային հաշվով կատարված գործարքների մասին պատշաճ ծանուցում: Հաճախորդը պետք է ստուգի քաղվածքի
ճշտությունը և հնարավոր սխալների մասին ծանուցի Բանկին` քաղվածքի ամսաթվից 30 օրվա ընթացքում: Բանկը
պատասխանատու չէ քաղվածքների առաքման հետ կապված փոստային ծառայությունների սխալի, թերացման, քաղվածքների
կորստյան կամ հափշտակության հետևանքով Հաճախորդի կրած վնասների կամ տեղեկատվության հրապարակման համար:
- Բանկը, առանց Հաճախորդի հետագա համաձայնության կամ նախնական ծանուցման, իրավունք ունի Հաճախորդի բանկային
հաշիվներից դուրս գրել բոլոր հարկերը, եթե նման պահանջ սահմանված է ՀՀ օրենսդրությամբ:
- Զրոյական մնացորդով բանկային հաշիվները կարող են փակվել Բանկի կողմից` երեք ամիս հետո` Ֆիզիկական անձանց բանկային
հաշիվների դեպքում և վեց ամիս հետո` անհատ ձեռնարկատերերի բանկային հաշիվների դեպքում:
- Դրամական միջոցների մուտքագրումները և դուրսգրումները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետությունում գտնվող
Բանկի ցանկացած մասնաճյուղում` անձի ինքնությունը հաստատող բավարար փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, կամ
Բանկոմատային Քարտի միջոցով` այդ թվում օգտագործելով Բանկի տարածքում կամ դրանից դուրս գտնվող Բանկի
Բանկոմատները:
- Արժույթի փոխանակումը մեկ այլ արժույթի կատարվում է Բանկի կողմից պարբերաբար սահմանվող համապատասխան
փոխարժեքով: Հաճախորդը` մեկ արժույթով բանկային հաշվից այլ արժույթով բանկային հաշվին փոխանցում կատարելու
հանձնարարական տալով (այդ թվում` Բանկոմատի միջոցով) հաստատում և հավաստում է, որ համաձայն է արժույթի
փոխանակումն իրականացնել Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:
- Հաճախորդը համաձայնվում է, որ Հաճախորդի օգտին փոխանցված/մուտքագրված մեկ արժույթով գումարները Հաճախորդի այլ
արժույթով բանկային հաշվին մուտքագրելու նպատակով Բանկն իրավունք ունի իր կողմից սահմանված փոխարժեքով կատարել
արժույթի փոխանակման գործարք:
- Բանկը Հաճախորդի բանկային հաշվից ելքագրում է վերջինիս անունից պատշաճ կերպով ստորագրված` ըստ ստորագրության
քարտի կամ Բանկի կողմից սահմանված այլ տիպային փաստաթղթի վրա նշված ստորագրման լիազորությունների բոլոր չեկերի,
վճարման հանձնարարականների գումարները:
- Հաճախորդը պարտավորվում է փոխհատուցել Բանկի կատարած ծախսերը և կրած վնասները` կապված Բանկի կողմից
Հաճախորդի հանձնարարականների կատարման հետ, և Բանկն իրավունք ունի գանձել այդ գումարները Հաճախորդի բանկային
հաշիվներից:
- Բանկն ընդունում է վճարման հանձնարարականները իր կողմից սահմանված օրերին և ժամերին: Նշված օրերից և ժամերից դուրս ներկայացված վճարման հանձնարարականները համարվում են ստացված` ներկայացման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Հանձնարարականների կատարման ընթացքում Բանկն անհրաժեշտության դեպքում իրավունք ունի Հաճախորդից պահանջել ներկայացված հանձնարարականի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կամ լրացուցիչ հաստատում և կատարել Հաճախորդի հանձնարարականը` միայն նման լրացուցիչ տեղեկությունները/ հաստատումը ստանալուց հետո: Հաճախորդից լրացուցիչ տեղեկությունները/ հաստատումը ստանալու անհնարինության դեպքում Բանկն իրավունք ունի մերժել Հաճախորդի հանձնարարականի կատարումը: Ներկայացված վճարման հանձնարարականի մերժման մասին Հաճախորդը տեղեկացվում է բանավոր և /կամ գրավոր: Բանկը պարտավոր չէ Հաճախորդին տեղեկացնել Հաճախորդին գումար վճարելու վճարման հանձնարարական ստանալու մասին:
- Գործելով միայն որպես Հաճախորդի ինկասավորող գործակալ` Բանկը կարող է ընդունել Հաճախորդի անունով դուրս գրված կամ
փոխանցագրված չեկեր, մուրհակներ և նման այլ վճարային գործիքներ` բանկային հաշվին մուտքագրելու նպատակով` առանց
ստանձնելու դրանց վճարման հետ կապված որևէ պարտավորություն: Այս նպատակով, Բանկի գրասենյակները, թղթակից
բանկերը կամ Բանկի կողմից նշանակված այլ գործակալները դիտվում են որպես Հաճախորդի գործակալներ:
- Բանկը կամ նրա գործակալները պատասխանատու չեն Հաճախորդի մեղքով չեկի, վճարման հանձնարարականի, բանկային
մուրհակի կամ այլ գործիքի կորստի, վնասման կամ մերժման, չմուտքագրման, ուշ վճարման կամ ներկայացման, չեկի կամ այլ
գործիքի բանկային հաշվին ուշ մուտքագրման, չվճարման կամ վերադարձման համար: Բանկը կամ նրա գործակալները
պատասխանատու չեն Հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականի հիման վրա կատարված դրամական
միջոցների փոխանցումները այլ երկրների օրենսդրությանը համապատասխան կասեցվելու և/կամ փոխանցվող գումարները
սառեցվելու հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար: Բանկը կամ նրա գործակալները պարտավորվում են Հաճախորդի
գործարքները կատարել հնարավորին չափ արդյունավետ եղանակով` գործող օրենսդրությանը համապատասխան:
- Չեկերի կամ այլ գործիքների գումարները Հաճախորդին հասանելի են դարձվում չեկերի կամ այլ գործիքների գումարները Բանկի կողմից ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
- Բանկի կողմից առաջարկվող` համապատասխան տեսակի բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսների
դրույքները հրապարակվում են Բանկի մասնաճյուղերում, Բանկի ինտերնետային կայքում և/կամ այլ եղանակով և կարող են
կազմել 0%: Ցանկացած բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ՀՀ դրամով` անկախ
բանկային հաշվի արժույթից:
- Անչափահասների անունով բացված բանկային հաշիվները վարվում են անչափահասի ծնողների կամ օրենքով նախատեսված
կարգով նշանակված խնամակալի կողմից` մինչև անչափահասի 18 տարին լրանալը: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան
անչափահասները օրենքով նախատեսված կարգով կարող են առանց ծնողների կամ խնամակալի համաձայնության Բանկում
բացել բանկային հաշիվներ և տնօրինել դրանցում առկա միջոցերը:
- Բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ Հաճախորդի բանկային հաշիվներին (անկախ արժույթից) առկա դրամական միջոցները օգտագործել Բանկի նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների (անկախ պարտավորության արժույթից և ծագման հիմքից) մարման նպատակով, ինչպես նաև Բանկի նկատմամբ պարտավորության գումարը գանձել/գրանցել Հաճախորդի համապատասխան բանկային հաշվից/հաշվին: Բանկն իրավունք ունի այդպիսի հաշվանցման նպատակով անհրաժեշտության դեպքում կատարել Հաճախորդի տարբեր բանկային հաշիվներում առկա տարբեր արժույթների փոխանակում` գանձվելիք արժույթի համար իր կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով և գանձել: Հաճախորդը համաձայնվում է, որ Բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների մարման նպատակով (անկախ պարտավորության արժույթից և ծագման հիմքից) Բանկն իրավունք ունի դիմել ՀՀ տարածքում գործող այլ բանկերին` այդ բանկերում Հաճախորդի անվամբ բացված բանկային հաշիվներից Բանկի նկատմամբ Հաճախորդի պարտավորության գումարին համարժեք գումար դեբետագրելու և Բանկին փոխանցելու պահանջով:
- Հաճախորդի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկացման, ինչպես նաև նման այլ դեպքերում Բանկը
պատասխանատվություն չի կրում բանկային հաշվով կատարված գործառնությունների համար` քանի դեռ չի ստացել այդպիսի
փաստերի մասին գրավոր ծանուցում` Բանկի կողմից սահմանված բավարար փաստաթղթային այլ ապացույցների հետ մեկտեղ:
Պատշաճ ծանուցում ստանալու դեպքերում Բանկը կասեցնում է բանկային հաշվով բոլոր գործառնությունները` մինչև
իրավահաջորդի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից բանկային հաշվով գործառնություններ կատարելու համար պատշաճ
լիազորությունների ձեռքբերումը և ձևակերպումը:
- Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ փակել իր բանկային հաշիվը` այդ մասին Բանկին նախապես գրավոր
ծանուցելով և մարելով Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները ամբողջությամբ: Բանկը կարող է դատարանի կամ
ՀՀ կենտրոնական բանկի որոշումների հիման վրա` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնել կամ դադարեցնել
բանկային հաշվով գործառնությունները` առանց այդ մասին Հաճախորդին նախապես ծանուցելու կամ հիմնավորելու: Բանկն
իրավունք ունի իր նախաձեռնությամբ փակել Հաճախորդի բանկային հաշիվը, եթե վերջինս թույլ է տվել սույն Հիմնական
պայմանների կամ իրավական ակտերի խախտում (խախտումներ):
- Բանկի ցանկացած պահանջ կամ հաղորդագրություն ուղարկվում է Հաճախորդին` վերջինիս հետ համաձայնեցված եղանակով և
տվյալներով: Փոստային կապի կամ փաստաթղթերի առաքման ծառայության միջոցով ծանուցելու դեպքում` Հաճախորդը
համարվում է պատշաճ ծանուցված` վերջինիս հասցեագրված Բանկի հաղորդագրությունը կամ նմանատիպ այլ փաստաթուղթը
փոստային ծառայությանը կամ փաստաթղթերի առաքում իրականացնող կազմակերպությանը հանձնելու պահից: Հաճախորդը
պարտավորվում է անհապաղ տեղեկացնել Բանկին իր հասցեի, ռեզիդենտության կարգավիճակի, ինչպես նաև Բանկին
ներկայացված տեղեկություններում և փաստաթղթերում ցանկացած այլ փոփոխությունների մասին: Հաճախորդի կողմից նման
փոփոխությունների վերաբերյալ Բանկին տեղեկություններ չտրամադրելու դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում
Բանկում առկա տեղեկությունների/փաստաթղթերի հիման վրա բանկային հաշվով կատարված գործառնությունների հետևանքով
Հաճախորդի կրած վնասների համար:
Բանկային ավանդ
- Ստորև սահմանված պայմանները կարգավորում են Բանկի և բանկային ավանդի բացման վերաբերյալ փաստաթղթի Բանկի
կողմից հաստատված տիպային ձևը ստորագրող անձի կամ անձանց (այսուհետև` Հաճախորդ) միջև հարաբերությունները` ի
լրումն բանկային հաշվին վերաբերող դրույթների:
- Բանկային ավանդների` Բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի մասնաճյուղերում, Բանկի ինտերնետային կայքում և/կամ այլ եղանակով: Ժամկետային ավանդ բացելու պահին Բանկի կողմից հաստատված տոկոսադրույքը մնում է անփոփոխ ավանդային պայմանագրի ընթացքում, եթե ավանդի առանձին տեսակների համար այլ բան նախատեսված չէ: Ավանդների տոկոսները վճարվում են ավանդի ժամկետը լրանալիս կամ այլ կերպ` կողմերի համաձայնությամբ: Ավանդների տոկոսները անկախ ավանդի արժույթից վճարվում են ՀՀ դրամով:
- Հաճախորդների ժամկետային ավանդները ենթակա են վերադարձման ավանդատուի առաջին իսկ պահանջով:
- Հաճախորդի պահանջով կամ Բանկի կամքից անկախ պատճառներով ժամկետային ավանդի պայմանագրի վաղաժամկետ
դադարեցման դեպքում վճարվելիք տոկոսները հաշվարկվում են Բանկի և Հաճախորդի միջև նախապես համաձայնեցված չափով:
էլեկտրոնային բանկային ծառայություններ
- Ստորև շարադրված պայմանները կարգավորում են Բանկի կողմից Հաճախորդին տրամադրվող Բանկոմատային քարտով
(այսուհետև` Քարտ) կատարվող գործառնությունները:
- Քարտը հանդիսանում է Բանկի սեփականությունը և ենթակա է հանձնման Բանկին՝ վերջինիս պահանջով: Բանկն իրավունք ունի
ցանկացած ժամանակ չեղյալ համարել Քարտի հետ կապված Հաճախորդի բոլոր իրավունքները և արտոնությունները:
- Քարտի և Անձնական ծածկագրի (ԱԾ) հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Հաճախորդը, և Բանկը որևէ պատասխանատվություն
չի կրում Քարտի կամ ԱԾ-ի օգտագործման հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար, եթե վնասը չի պատճառվել Բանկի
մեղքով:
- Հաճախորդը պատասխանատու է Քարտի միջոցով կատարված ցանկացած գործարքի համար և պարտավորվում է փոխհատուցել
Բանկին Քարտի կամ ԱԾ-ի չլիազորված օգտագործման հետևանքով Բանկին պատճառված վնասները:
- Հաճախորդը պետք է ցուցաբերի պատշաճ շրջահայացություն Քարտը կամ ԱԾ-ի տվյալները չկորցնելու և դրանց հափշտակումը
կանխելու նպատակով և պարտավորվում է անմիջապես գրավոր տեղեկացնել Բանկին Քարտի կամ ԱԾ-ի կորստի կամ
գողության/հափշտակման մասին: Մինչև կորստի կամ գողության/հափշտակման մասին իրեն գրավոր տեղեկացնելը` Բանկը որևէ
պատասխանատվություն չի կրում կորցրած կամ հափշտակված Քարտի կամ ԱԾ-ի օգտագործման համար:
- Քարտի միջոցով կատարված գործարքների մասին Բանկի գրանցումները համարվում են տվյալ գործարքների կատարումը
հավաստող փաստաթղթեր:
- Բանկը Հաճախորդի բանկային հաշվից դուրս է գրում Քարտի միջոցով դուրս բերված կամ փոխանցված դրամական միջոցները:
Արտարժույթով կատարվող գործառնությունները կատարվում են գործառնության օրվա Բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
- Բանկը Հաճախորդի բանկային հաշվից գանձում է Քարտի թողարկման, սպասարկման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դրա
փոխարինման հետ կապված վճարները:
- Այլ բանկերի Բանկոմատներից օգտվելիս կանխիկի դուրսբերման համար Բանկը կարող է գանձել միջնորդաճար, որի չափը
սահմանվում է Բանկի կողմից:
- Հաճախորդը իրավունք չունի հայտնել ԱԾ-ն այլ անձանց` առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության:
- Բանկը պատասխանատու չէ Քարտի կամ Բանկոմատի անսարքության կամ փչացման, ինչպես նաև այդպիսի մեքենաներում
(անկախ այն հանգամանքից, թե որ Բանկն է հանդիսանում Բանկոմատի սեփականատեր կամ վարձակալ) բավարար գումարի
բացակայության, կամ որևէ այլ նմանատիպ պատճառներով Հաճախորդի ուղղակիորեն կամ անուղղակիորեն կրած վնասների
համար:
- Քարտի միջոցով մուտքագրված ցանկացած կանխիկ գումար կամ չեկ մուտքագրվում է Հաճախորդի բանկային հաշվին միայն
Բանկի վավերացումից հետո և այդ պահից համարվում է Բանկի կողմից ստացված և Հաճախորդի բանկային հաշվին
մուտքագրված:
- Հաճախորդը համապարտ պատասխանատվություն է կրում համատեղ հաշվետերերից մեկին կամ մի քանիսին տրված Քարտի
միջոցով իրականացված բոլոր գործառնությունների համար:
- Հաճախորդի մահվան կամ բանկային հաշվի փակման դեպքում Քարտը ենթակա է անհապաղ վերադարձման Բանկին:
- Սույն Հիմնական պայմանները փոփոխելու դեպքում Քարտի օգտագործումը դիտվում է որպես Հաճախորդի կողմից այդպիսի
փոփոխությունների անվերապահ ընդունում:
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
ՀԱՐԳԵԼԻ ԱՎԱՆԴԱՏՈՒ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին:
Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):
Հիմնադրամի գտնվելու վայրը`
ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 6, Հեռախոսը` + (37410) 58-35-14, ինտերնետային կայքը` www.adgf.am
Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) սահմանումներին:
Հատուցման դեպքը
Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում.
- Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը կամ
- Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետ` անվճարունակ
բանկ):
Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը
Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձեր` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`
| Ավանդի արժութային կառուցվածքը |
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ |
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ |
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ |
| Եթե դրամային ավանդը 2 (երկու) միլիոն դրամից ավել է |
Եթե դրամային ավանդը 2 (երկու) միլիոն դրամից պակաս է |
| Ավանդի երաշխավորման Առավելագույն չափը |
4 (չորս) միլիոն ՀՀ դրամ |
2 (երկու) միլիոն ՀՀ դրամ |
4 (չորս) միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) |
2 (երկու) միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 2 (երկու) միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)
|
Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր եք, ապա երաշխավորվում է Ձեր առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի հանրագումարը` Օրենքով սահմանված կարգով և չափով:
Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք պարտավորություն ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և պարտավորության դրական տարբերության հիման վրա` Օրենքով սահմանված կարգով և չափով:
Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ ավանդատուի` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:
Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական
համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Ձեր բանկային ավանդը չի հատուցվում, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 հայկական դրամից:
Չերաշխավորված բանկային ավանդ
Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթե`
ա) Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
բ) Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
գ) Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության
իրավունքից,
դ) Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
ե) Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
զ) Ձեր ավանդը ներդրված է բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:
Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները
Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեսնօրյա ժամկետում Հիմնադրամը անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Գործընթացը սկսվում է զանգվածային լրատվական միջոցներում հատուցման վերաբերյալ Հիմնադրամի կողմից լրացուցիչ հայտարարություն հրապարակելու պահից: Դուք կարող եք գրավոր պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր պահանջը ներկայացնելու oրվան հաջորդող երեք ամիuների ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեuված դեպքերի:
Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո անվճարունակ բանկի հանդեպ Ձեր ունեցած դրամական պահանջը` հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման չափը գերազանցող գումարը համարվում է անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ սոցիալական ապահովության քարտի տվյալներ հասցե, հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել բանկին:
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սիրելի՜ հաճախորդ, Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և Բանկի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` ՙՖինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են: Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք Բանկին: Բանկը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: 10 օրից պատասխանը ստանալուց հետո կամ, եթե պատասխան չեք ստացել, առանց դրա, Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե`
- Բողոքը Բանկին ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր,
- Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը),
- Բանկի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս,
- Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել մինչև 2008թ. օգոստոսի 2-ը:
Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:
* Հարգելի՜ հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե Ձեր կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար)
ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Դա նշանակում է, որ Բանկը չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Բանկի դեմ կայացված որոշումները այն պահանջների գծով, որոնց գումարը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ՀՀ, քաղաք Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 26/1, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ
Հեռախոս` (37410) 582321, 582322.
Էլ.հասցե` info@fsm.am
Կայք` www.fsm.am
Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ
Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և Բանկի միջև վեճերը, սակայն կարող է Բանկի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ Բանկը խախտել է օրենքի պահանջները:
ՀՀ Կենտրոնական բանկ
Հասցե` ՀՀ, քաղաք Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 6
Հեռախոս` (37410) 592697
Ֆաքս` (37410) 565496
Էլ. հասցե` chairman@cba.am
Կայք` www.cba.am
* Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և Բանկի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ Բանկի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք Բանկի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիրտաժային տրիբունալի վճիռները, որպես
կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն: