Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Պայմաններ

Ի գիտություն

Նախքան Քարտից օգտվելը խնդրում ենք ուշադիր կարդալ սույն պայմանները: Ստորագրելով Քարտի վրա և/ կամ օգտագործելով այն` Դուք ընդունում եք ստորև նշված դրույթներն ու պայմանները և պարտավորվում եք գործել դրանց համաձայն:

1. Սահմանումներ

1.1. «Քարտապան»` ցանկացած անհատ, որը ստորագրել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Քարտի Դիմումը, որը հաստատվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից և/կամ ստորագրել կամ օգտագործել է Քարտը:
1.2. «Բանկ»` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ, նրա իրավահաջորդները և նրա անունից գործող անձինք:
1.3. «Քարտ»` Բանկի կողմից Քարտապանին տրամադրած կրեդիտ կամ դեբետային քարտ:
1.4. «Քարտային հաշիվ» Քարտի օգտագործման նպատակով Առաջնային քարտապանի անունով բացված և սույն պայմանների համաձայն վարվող հաշիվ:
1.5. «Առաջնային քարտապան»` Քարտապան, որի անունով բացվել է Քարտային հաշիվ:
1.6. «Հավելյալ քարտապան»` ֆիզիկական անձ, որի անունով Բանկը տրամադրում է Քարտ Առաջնային քարտապանի դիմումի համաձայն:
1.7. «Քաղվածք»` Բանկի կողմից պատրաստված Քարտային հաշվի ամսական քաղվածք, որում նշվում են տվյալ օրվա դրությամբ Քարտային հաշվի հետ կապված Առաջնային քարտապանի և Հավելյալ քարտապան(ներ)ի կատարած գործարքները, Բանկի գանձումները, վճարները և Բանկի նկատմամբ ֆինանսական պարտավորությունները (առկայության դեպքում):
1.8. «Գործարք»` Քարտապանի կողմից Քարտն ուղղակի կամ անուղղակի օգտագործելով Բանկին տրված ցանկացած հանձնարարական` Քարտով գործառնություն կատարելու վերաբերյալ:
1.9. «Առևտրային կետ»` ցանկացած վայրում գտնվող այն հաստատությունը, որն ընդունում է Քարտը որպես վճարման միջոց, այդ թվում` խանութները, ռեստորանները, հյուրանոցները, օդային փոխադրումներ իրականացնող և փոստային ծառայություններ մատուցող ընկերությունները` ներառյալ պատվերների փոստային առաքմամբ զբաղվող կազմակերպությունները, ինտերնետի միջոցով ծառայություններ մատուցող և Քարտը որպես վճարման միջոց ընդունող ընկերությունները:
1.10. «Դուք», «Ձեր», «Նրան», «Նրա» կամ նման դերանունները վերաբերվում են Քարտապանին:

2. Քարտի օգտագործում

2.1. Քարտը հանդիսանում է Բանկի սեփականությունը և Բանկի պահանջով պետք է վերադարձվի Բանկի լիազորված աշխատակցին Բանկի գործունեության իրականացման վայրում կամ առաքվի Բանկի մասնաճյուղ փոստի միջոցով:
2.2. Քարտը ստանալուն պես Դուք պետք է անմիջապես ստորագրեք Քարտի հակառակ կողմի վրա և զերծ պահեք այն երրորդ անձանց կողմից օգտագործվելուց` Քարտը և Անձնական Ծածկագիրը (ԱԾ) մշտապես պահելով Ձեր անմիջական հսկողության տակ:
2.3. Քարտի և ԱԾ-ի օգտագործման հետ կապված ամբողջ ռիսկը կրում եք Դուք, և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտի կամ ԱԾ-ի տրամադրման և օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար, եթե այդպիսի վնասը չի պատճառվել Բանկի մեղքով:
2.4. Դուք պետք է ի նկատի ունենաք, որ Քարտը վավեր է մինչև Քարտի վրա նշված տարվա համապատասխան ամսվա վերջին օրը, եթե այդպիսի ժամկետ առկա է: Սույնով Դուք պարտավորվում եք նշված ժամկետի ավարտին ոչնչացնել այն` կտրատելով մասերի մագնիսական երիզի երկայնքով: Նոր Քարտը Ձեզ կուղարկվի Ձեր և Բանկի միջև համաձայնեցված հասցեով, իսկ նման համաձայնության բացակայության պարագայում` Քաղվածքի առաքման համար Ձեր կողմից Բանկին տրամադրված վերջին հասցեով: Նոր Քարտը Ձեզ կտրամադրվի բացառապես Բանկի հայեցողությամբ` Ձեր Քարտային հաշվի պատմությունը վերանայելուց հետո: Մեկ ամսվա ընթացքում Ձեր` Քաղվածքի առաքման համար Բանկին տրամադրված վերջին հասցեով, նոր Քարտի առաքումը հնարավոր չլինելու դեպքում` այն կոչնչացվի:
2.5. Քարտը օգտագործելիս Դուք պետք է ստորագրեք գործարքի անդորրագիրը, կանխիկի դուրսբերման ստացականը կամ այլ փաստաթուղթը և պահպանեք Ձեր օրինակը: Գործարքի անդորրագրերի կամ կանխիկի ստացականների պատճենները Դուք կարող եք ստանալ Բանկից` լրացուցիչ վճարի դիմաց: Գործարքի ցանկացած անդորրագիր/ ստացական, որը անձամբ Ձեր կողմից ստորագրված չէ, բայց որը կարող է ճանաչվել որպես Ձեր կողմից լիազորված գործարք, հանդիսանում է Ձեր պարտավորությունը:
2.6. Քարտը կնդունվի այն Առևտրային կետերում, որտեղ որպես վճարման միջոց ընդունվում են Քարտի վրա առկա վճարային համակարգերի նշանները կրող քարտերը: Բանկը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից Առևտրային կետերի միջոցով կատարված գործարքների համար, սակայն հնարավորության սահմաններում կօժանդակի Ձեր խնդրի կարգավորմանը: Բողոք ունենալու դեպքում Դուք պետք է անմիջապես տեղեկացնեք Բանկին` ներկայացնելով գործարքի հետ կապված փաստաթղթերը: Խնդիրը չկարգավորվելու դեպքում Դուք չեք ազատվում Բանկի նկատմամբ ունեցած Ձեր պարտավորություններից:
2.7. Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ Առևտրային կետի կողմից մատուցած որևէ ծառայության դիմաց գանձված և Ձեր Քարտային հաշվից ելքագրված որևէ հավելյալ վճարի համար:
2.8. Քարտի տրամադրումից հետո վեց ամսվա ընթացքում ոսկերչական իրերի, էլեկտրական սարքավորումների գնման, կանխիկի դուրսբերման և էլեկտրոնային միջոցներով կատարված (ներառյալ Ինտերնետը և ինտերակտիվ հեռուստատեսությունը) գործարքները կհավաստագրվեն Բանկի հայեցողությամբ:
2.9. Դուք չպետք է օգտագործեք Քարտը որևէ անօրինական նպատակներով:
2.10. Եթե Դուք Քարտով վճարում եք կատարում` օգտագործելով էլեկտրոնային միջոցներ (ներառյալ Ինտերնետը և ինտերակտիվ հեռուստատեսությունը), ապա Դուք պետք է օգտվեք ապահով վճարում նախատեսող կայքերից ("secure payment site"):
2.11. Դուք պարտավորություն եք ստանձնում Բանկի կողմից Քարտի հետ կապված Ձեզ տրամադրված բոլոր փոխառությունների / ծառայությունների և դրանց հետ կապված բոլոր վճարների համար, անկախ Ձեր և Բանկի միջև կնքված պայմանագրի դադարելու հանգամանքից:

3. Հաշվի ներկայացում

3.1. Քարտի սպասարկման նպատակով Բանկը վարում է հաշիվ (Քարտային հաշիվ), որում գրանցվում են Առաջնային և Հավելյալ Քարտապան(ներ)ի Քարտ(եր)ի միջոցով կատարված ապրանքների կամ ծառայությունների գնման գործարքները, կանխիկի դուրսբերման գործարքները, Քարտի օգտագործման հետևանքով առաջացած վճարները և կատարված վճարումները: Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքները Քարտային հաշվին գրանցելիս ԱՄՆ դոլարով գործարքի դեպքում կիրառվում է Քարտային հաշվին գործարքի գրանցման օրվա համար սահմանված Բանկի ԱՄՆ դոլարի համապատասխան փոխարժեքը, իսկ այլ արժույթով գործարքների դեպքում` համապատասխան արժույթը փոխանակվում է ԱՄՆ դոլարի MasterCard International, Inc ընկերության կողմից սահմանված փոխարժեքով, իսկ ԱՄՆ դոլարը փոխանակվում է Բանկի ԱՄՆ դոլարի համապատասխան փոխարժեքով:
3.2. Բանկը կարող է Քարտային հաշվի համար սահմանել վարկային սահմանաչափ, որը որևէ պարագայում չպետք է գերազանցվի: Քարտը վեց ամիս օգտագործելուց հետո Դուք կարող եք դիմել Բանկին Ձեր Քարտի վարկային սահմանաչափը վերանայելու համար: Այդ դեպքում Քարտի վարկային սահմանաչափի ցանկացած փոփոխություն իրականացվում է բացառապես Բանկի հայեցողությամբ: Բանկը իրավունք ունի ցանկացած ժամանակ նվազեցնել Քարտի վարկային սահմանաչափը Քարտի օգտագործման պատմության և Քարտապանի վճարունակության վերլուծության հիման վրա` այդ մասին նախապես ծանուցելով Քարտապանին:
3.3. Քարտի վարկային սահմանաչափը` Քարտի գծով Բանկին վճարման ենթակա գումարները Քարտային հաշվից գանձվելու հետևանքով կամ այլ պատճառով, գերազանցելու դեպքում Բանկն իրավունք ունի գանձել սահմանաչափի գերազանցման տուգանք` ըստ գործող սակագների:
3.4. Եթե Քարտային հաշվի մնացորդը զրոյական չէ, կամ եթե Քարտային հաշվին գրանցվել են նոր գործարքներ, Բանկը պատրաստում է ամսական Քաղվածք` հետևյալ տվյալներով. ա) Քաղվածքի ամսաթիվ` քաղվածքի պատրաստման օր:
բ) Սկզբնական մնացորդ` հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ Ձեր Քարտային հաշվի մնացորդը:
գ) Գործարքի ամսաթիվ` այն ամսաթիվը, երբ գործարքն իրականացվել է:
դ) Գրանցման ամսաթիվ (հաշվանցման ամսաթիվ)` այն ամսաթիվը, երբ գործարքը գրանցվել է Ձեր Քարտային հաշվին:
ե) Վերջնական մնացորդ` Քաղվածքի ամսաթվի դրությամբ Քարտային հաշվի մնացորդը (առկայության դեպքում):
զ) Նվազագույն վճար` այն նվազագույն գումարը, որը պետք է մարվի մինչև Վճարման օրը (առկայության
դեպքում): Այս գումարը ներառում է նաև Ժամկետանց գումարները:
է) Վճարման օր` այն օրն է մինչև որի ավարտը Նվազագույն վճարը պետք է ստացվի Բանկի կողմից:
ը) Ժամկետանց գումար` նախորդ Քաղվածքներում նշված, բայց դեռ չվճարված Նվազագույն վճար:
Այս գումարը ներառվում է ընթացիկ Նվազագույն վճարի մեջ և ենթակա է անհապաղ վճարման:
թ) օրենքով պահանջվող այլ տեղեկություններ:
3.5. Ամսական Քաղվածքը չստանալու դեպքում Դուք պարտավոր եք կապվել Բանկի հետ և վճարել Նվազագույն վճարը ոչ ուշ, քան Վճարման օրը:
3.6. Ապրանքների կամ ծառայությունների գնումը և դրանց վերադարձման/չեղարկման հետևանքով կատարվող հատուցումը հանդիսանում են երկու տարբեր Գործարքներ: Դուք պետք է վճարեք Քաղվածքում արտացոլված գնման Գործարքի համար` լրացուցիչ վճարներից խուսափելու նպատակով: Հատուցման գումարը (հանած Գործարքի չեղարկման համար տուգանքները) կմուտքագրվի Քարտային հաշվին Առևտրային կետից այն ստանալուց հետո միայն: Եթե հատուցման գումարը Ձեր Քարտային հաշվին մուտք չի արվել Գործարքի չեղարկման օրվանից 30 օրվա ընթացքում, Դուք պարտավոր եք այդ մասին տեղեկացնել Բանկին: Ծանուցման հետ միասին Բանկին անհրաժեշտ է ուղարկել նաև չեղարկված Գործարքի անդորրագրի օրինակը:

4. Վճարում

4.1. Քարտի գծով առաջացած պարտքերի մարման նպատակով ներկայացված մուրհակները և/կամ վճարման հանձնարարականները պետք է լինեն Բանկին վճարման ենթակա` Ձեր Քարտային հաշվին մուտքագրման նպատակով: Այդպիսի մուրհակների և վճարման հանձնարարականների կանխիկացման/ ինկասավորման համար Քարտապանը վճար է կատարում սահմանված սակագներով: Կանխիկով, մուրհակներով և վճարման հանձնարարականներով ստացված վճարումները կմուտքագրվեն Քարտային հաշվին մինչև գումարների ստացմանը հաջորդող աշխատանքային օրվա վերջը:
4.2. Դուք կարող եք Քաղվածքի Վերջնական մնացորդը վճարել ամբողջությամբ կամ մասնակի (առնվազն Նվազագույն վճարի չափով): Քաղվածքի Վերջնական մնացորդը մինչև Բանկի կողմից սահմանված Վճարման oրը կամ այդ օրը ամբողջությամբ վճարվելու դեպքում Վերջնական մնացորդի գումարի վրա տոկոսներ չեն հաշվարկվում, բացառությամբ Քարտի վարկային սահմանաչափի սահմաններում դուրս բերված կանխիկ գումարների, որոնց նկատմամբ հաշվարկվում են տոկոսներ` Բանկի կողմից սահմանված դրույքաչափով` ելքագրման օրվանից մինչև այդպիսի գումարների մարումը և գրանցումը Քարտային հաշվին:
4.3. Քաղվածքի Վերջնական մնացորդը մարելու նպատակով Դուք կարող եք մինչև Վճարման օրը կամ Վճարման օրը պահանջվող գումարը անմիջապես մուտքագրել Քարտային հաշվին կամ Վերջնական մնացորդի գումարի չափով դրամական միջոցներ ապահովել Բանկում սպասարկվող և Ձեր ավտոմատ գանձման հանձնարարականում նշված բանկային հաշվին: Այս դեպքում, կախված Ձեր ավտոմատ գանձման հանձնարարականից, Բանկը Ձեր բանկային հաշվից կգանձի Վերջնական մնացորդի ամբողջ գումարը կամ Նվազագույն վճարը` Վճարման օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
4.4. Եթե Դուք վճարում եք կատարում Քաղվածքի ամբողջ Վերջնական մնացորդը մարելու նպատակով Վճարման օրվանից հետո կամ ցանկանում եք հետաձգել պարտքի մարումը և կատարել Քաղվածքի վերջնական մնացորդի մասնակի մարում (բայց Նվազագույն վճարից ոչ պակաս), Դուք պետք է վճարեք տոկոսներ Բանկի կողմից սահմանված դրույքաչափով: Տոկոսները կհաշվարկվեն Քաղվածքի Վերջնական մնացորդը կազմող բոլոր գումարների վրա` սկսած դրանք Քարտային հաշվին գրանցվելու օրվանից մինչև ամբողջությամբ մարումը և Քարտային հաշվին գրանցումը: Տոկոսները կելքագրվեն հաջորդ Քաղվածքի օրը:
4.5. Եթե Նվազագույն վճարի գումարը չի վճարվել մինչև Վճարման օրը, ապա Քաղվածքի օրը Քարտային հաշվից ելքագրվում է ուշացման վճար` Բանկի սակագներով սահմանված չափով: Բանկը իրավունք ունի նաև գանձել տուգանային տոկոսներ` Բանկի կողմից սահմանված դրույքաչափով` Նվազագույն վճարի գումարը մինչև Վճարման օրը չվճարվելու դեպքում:
4.6. Անկախ Քարտային հաշվի արժույթից տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով: Տոկոսագումարները, որպես կանոն, ելքագրվում են Քարտային հաշվից, ընդ որում, արտարժութային Քարտային հաշվի դեպքում Բանկն իրավունք ունի գանձվելիք գումարի չափով արտարժույթը փոխանակել ՀՀ դրամի` ելքագրման օրվա դրությամբ Բանկի սահմանված համապատասխան փոխարժեքով և ելքագրել:
4.7. Եթե Դուք առարկություններ ունեք Քաղվածքում արտացոլված որևէ Գործարքի վերաբերյալ, Դուք պարտավոր եք այդ մասին տեղեկացնել Բանկին և բողոքարկել Գործարքը Քաղվածքի օրվանից 30 օրյա ժամկետում: Բանկն իր հայեցողությամբ կարող է ընդունել 30 օրից ավել վաղեմության գործարքների բողոքարկումները: ԱրՔա վճարային համակարգի ներքո իրականացված գործարքների բողոքարկումը իրականացվում է ԱրՔա-ի Կանոնակարգերի համաձայն, իսկ միջազգային գործարքների բողոքարկումն իրականացվում է MasterCard International, Inc ընկերության Կանոնակարգերի համաձայն:
4.8. Առաջնային քարտապանի պահանջով Բանկը կարող է տրամադել վերջին վեց ամսվա Քաղվածքների կրկնօրինակներ Բանկի սակագներով նախատեսված վճարի դիմաց:
4.9. Բանկը իրավունք ունի իր հայեցողությամբ, առանց հատուկ ծանուցելու, իրեն պարտք գումարները հավաքագրելու նպատակով նշանակել գործակալներ և ձեռնարկել օրենսդրությամբ չարգելված ցանկացած միջոցներ:
4.10. Դուք պարտավոր եք Բանկին հատուցել պարտքերի հավաքագրման հետ կապված Բանկի կողմից կատարված իրավաբանական և բոլոր այլ տեսակի ծախսերը:
4.11.Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ որոշել հիմնական գումարների, տոկոսների, տուգանքների, վճարների և Բանկին պարտք այլ գումարների մարման հերթականությունը:

5. Գանձումներ և վճարներ

5.1. Բոլոր գանձումները և վճարները ելքագրվում են Ձեր Քարտային հաշվից` համաձայն Բանկի կողմից սահմանված սակագների:
5.2. Կանխիկի դուրսբերման բոլոր Գործարքների համար գանձվում է վճար` Բանկի կողմից սահմանած սակագներով, որը ելքագրվում է Ձեր Քարտային հաշվից կանխիկի դուրսբերման ժամանակ: Կանխիկի դուրսբերման դեպքում սկսում են հաշվարկվել նաև տոկոսներ, որոնք ելքագրվում են Քարտային հաշվից Քաղվածքի օրը:
5.3. Սակագներով նախատեսված և Քաղվածքում արտացոլված բոլոր գանձումները և վճարները գանձվում են ՀՀ դրամով: Սակագներով նախատեսված գանձումները և վճարները Բանկի կողմից որպես կանոն գանձվում են Քարտային հաշվից, ընդ որում արտարժութային Քարտային հաշվի դեպքում Բանկին իրավունք է վերապահվում գանձվելիք գումարի չափով արտարժույթը գանձման օրվա դրությամբ Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով փոխանակել ՀՀ դրամի և գանձել:

6. Տեղեկատվության տրամադրում

6.1. Բանկի պահանջով Դուք պարտավոր եք Բանկին տրամադրել ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն: Դուք նաև լիազորում եք Բանկին իր հայեցողությամբ ստուգել ստացված տեղեկատվությունը ցանկացած եղանակով և աղբյուրներից: Պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելու կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում Բանկը, իր հայեցողությամբ, կարող է մերժել նոր Քարտի տրամադրումը կամ անմիջապես չեղարկել Քարտը` պահանջելով Քարտային հաշվին առկա բոլոր պարտքերի անհապաղ մարում:
6.2. Սույնով Դուք հաստատում և ընդունում եք, որ Բանկը իրավունք ունի վաճառելու, փոխանցելու կամ զիջելու Ձեր Քարտային հաշվին առկա պարտքերը իր ընտրությամբ երրորդ անձի, և այդ մասին Բանկի գրավոր ծանուցումը պարտավորեցնում է Ձեզ ընդունել ցանկացած այդպիսի երրորդ անձի որպես պարտատեր և նրան վճարել պարտք գումարները, ինչը կազատի Ձեզ Բանկի նկատմամբ այդպիսի գումարների հետ կապված ցանկացած պարտավորությունից:
6.3. Քարտային հաշվի առկայության և Ձեր կողմից Քարտի օգտագործման կապակցությամբ Բանկի նկատմամբ ստանձնած պարտավորությունների չկատարման մասին տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրին, ինչպես նաև կարող են տրամադրվել ՀՀ-ում գործող վարկային բյուրոներին` Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների վարկային դիմումների գնահատման նպատակով:
6.4. Դուք նաև լիազորում եք Բանկին, իր հայեցողությամբ և առանց Ձեզ նախապես տեղեկացնելու, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ բանկերին, վարկային կազմակերպություններին և նման այլ կազմակերպություններին` վերջիններիս դիմումով կամ իր նախաձեռնությամբ տրամադրել Ձեր և Քարտի, այդ թվում Քարտի օգտագործման կապակցությամբ Բանկի նկատմամբ ստանձնած պարտավորությունների չկատարման մասին տեղեկություններ, այդ թվում` տեղեկանքներ:
6.5. Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի պահանջների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված/տնօրինվող/ստացված միջոցների շրջանառությունը արգելված է: Հաշվի առնելով օրենքի պահանջը և հետևելով «փողերի լվացման» վերաբերյալ միջազգային իրավական նորմերին և ընդունված պրակտիկային` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարել ցանկացած գումարների/արժեքների ծագման մասին, որոնք առկա կամ մուտքագրված են կամ մուտքագրվում են Ձեր կողմից: Բանկը իրավունք ունի պահանջել ներկայացնել բավարար ապացույցներ` այդ միջոցների ծագման օրինականության վերաբերյալ: Բանկը իրավունք ունի արգելել և կասեցնել կասկածելի գումարների տնօրինումը և/ կամ օգտագործումը և/կամ տիրապետումը` մինչև բավարար ապացույցներ ներկայացնելը/ ստանալը: Դուք պարտավորվում եք հատուցել Բանկին վերը նշված իր գործողությունների կապակցությամբ որևէ երրորդ անձանց կողմից պահանջների ներկայացման հետևանքով Բանկին պատճառված բոլոր տեսակի վնասները և ծախսերը: Դուք գիտակցում և համաձայն եք, որ Բանկը, ՀՀ գործող օրենսդրության սահմաններում, պարտավոր է կատարել համապատասխան երկրների օրենքների, այլ իրավական ակտերի և իրավապահ մարմինների պահանջները, որոնք վերաբերվում են, ի թիվս այլոց, ահաբեկիչների և հետախուզման մեջ գտնվող այլ անձանց ֆինանսավորման կանխարգելմանը: Ոչ Բանկը, և ոչ Բանկի գործընկեր հանդիսացող որևէ այլ կազմակերպություն պատասխանատվություն չեն կրում որևէ անձի կողմից կրած վնասների և կորուստների համար (անկախ նրանից, թե դա ուղղակի թե անուղղակի վնաս է, ներառյալ սպասվելիք եկամտի կամ տոկոսների կորուստը), եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են նման պահանջները կատարելու հետևանքով:

7. Կորցված Քարտ

7.1. Քարտի կորստի դեպքում Դուք պետք է տեղեկացնեք Բանկին կամ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին: Քարտի կորստի մասին կարելի է հաղորդել ցանկացած եղանակով` սակայն Դուք պետք է վերահաստատեք կորստի փաստը Բանկին նաև գրավոր:
7.2. Ձեր պատասխանատվությունը այն Գործարքների համար, որոնք կատարվել են Բանկին Քարտի կորստի մասին գրավոր ծանուցելուց հետո, սահմանափակվում է Բանկի կողմից ժամանակ առ ժամանակ սահմանվող և սակագներում նշված գումարով:
7.3. Եթե Քարտի կորստից հետո` մինչև այդ մասին Ձեր կողմից Բանկին գրավոր ծանուցելը, Քարտի միջոցով կատարվում են գործարքներ, ապա դուք պատասխանատվություն եք կրում Քարտային հաշվից ելքագրված նման գործարքների գումարների համար: Սույնով Դուք պարտավորվում եք Բանկին զերծ պահել Քարտի կորստի կամ երրորդ անձանց կողմից անօրինական օգտագործման հետևանքով առաջացած պատասխանատվությունից, ինչպես նաև հատուցել դրա հետ կապված Բանկի հնարավոր կորուստները, վնասները և ծախսերը այն դեպքում, երբ Քարտը կորել է, և Բանկը այդ մասին չի տեղեկացվել կամ եթե Քարտը անօրինական օգտագործվել է մինչև Բանկին այդ մասին տեղեկացնելը:
7.4. Բանկը սահմանված վճարի դիմաց իր հայեցողությամբ կարող է տրամադրել նոր Քարտ, այն պայմանով, որ Դուք բոլոր առումներով կատարել եք սույն պայմանների պահանջները:
7.5. Կորցրած Քարտը գտնելու դեպքում Դուք չպետք է օգտագործեք այն առանց Բանկի համաձայնության:

8. Հավելյալ Քարտեր

8.1. Առաջնային Քարտապանը Քարտային հաշվով գործարքներ իրականացնելու համար կարող է դիմել Բանկին Հավելյալ Քարատապան(ներ)ին հավելյալ Քարտ(եր) տրամադրելու խնդրանքով:
8.2. Առաջնային Քարտապանը ընդունում է, որ իր և ցանկացած Հավելյալ Քարտապան(ներ)ի կողմից կատարված Գործարքների գումարը չպետք է գերազանցի Քարտային հաշվի վարկային սահմանաչափը:
8.3. Առաջնային Քարտապանը պարտավորվում է Բանկին փոխհատուցել Քարտային հաշվին գրանցված բոլոր գործարքների և վճարների գումարները, ներառյալ Հավելյալ Քարտապան(ներ)ի կողմից կատարված Գործարքների գումարները:
8.4. Առաջնային Քարտապանը ընդունում է, որ Հավելյալ Քարտ(երի)ի ժամկետը լրանալիս դրանք կարող են վերաթողարկվել և Հավելյալ Քարտապան(ներ)ին տրամադրվել առանց Առաջնային Քարտապանին այդ մասին նախապես ծանուցելու:
8.5. Առաջնային Քարտապանը պարտավորվում է Հավելյալ Քարտապան(ներ)ի հետ հաստատել/վավերացնել Գործարքները, քանի որ Հավելյալ Քարտապան(ներ)ին առանձին Քաղվածքներ չեն տրամադրվում:
8.6. Առաջնային Քարտապանը կարող է չեղարկել հավելյալ Քարտը` Բանկին այդ մասին գրավոր ծանուցելով:
8.7. Հավելյալ Քարտապան(ներ)ը պարտավորվում է(են) տեղեկացնել Բանկին Առաջնային Քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկացման, ինչպես նաև նման այլ դեպքերի մասին: Հավելյալ Քարտապան(ներ)ը պարտավորվում է(են) նաև չօգտագործել Քարտը Առաջնային Քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկացման, ինչպես նաև նման այլ դեպքերի մասին` տեղեկանալու պահից:
8.8. Առաջնային Քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկացման, դեպքում Հավելյալ Քարտապան(ներ)ը համապարտ պատասխանատվություն է(են) կրում Քարտային հաշվին առկա բոլոր պարտքերի համար:

9. Վեճերի լուծման կարգը և օրենսդրությունը

9.1. Քարտային ծառայությունների հետ կապված և սույն պայմաններով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, իսկ ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չլինելու դեպքում` գործարար շրջանառության սովորույթներով: Սույն պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի պայմանների անգլերեն տարբերակի նկատմամբ:
9.2. Բանկի և Քարտապանի միջև ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը:
Քարտապանը իրավունք ունի նաև Քարտային ծառայությունների հետ կապված Բանկի նկատմամբ պահանջները օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին: Բանկի և Քարտապանի միջև ծագած վեճերի լուծման բացատրական ամփոփագիրը կցվում է սույն պայմաններին և կազմում է սույն պայմանների անբաժանելի մասը:

10. Այլ դրույթներ

10.1. Առաջնային Քարտապանի կողմից ավտոմատ գանձման հանձնարարականում նշված բանկային հաշվին միջոցների բացակայության դեպքում, Բանկն իրավունք ունի Քարտային հաշվին առկա պարտավորության գումարը ելքագրել Առաջնային Քարտապանի այլ հաշիվներից: Եթե այդ գումարի արժույթը տարբեր է ելքագրվող հաշվի արժույթից, ապա Բանկն իրավունք ունի ելքագրման նպատակով կատարել փոխանակման գործարք` գործարքի օրվա դրությամբ համապատասխան արժույթների համար սահմանված Բանկի համապատասխան փոխարժեքով: Բանկի նկատմամբ Առաջնային Քարտապանի պարտավորությունները մարելու նպատակով` Բանկն առանց նախնական ծանուցման կարող է Առաջնային Քարտապանի Բանկում առկա ավանդների գումարները հաշվանցել Քարտային հաշվի հետ կապված Բանկին պարտք գումարների դիմաց` անհրաժեշտության դեպքում կատարելով փոխանակման գործարք`գործարքի օրվա դրությամբ համապատասխան արժույթների համար սահմանված Բանկի համապատասխան փոխարժեքով:
10.2. Դուք կարող եք Բանկում սպասարկվող Ձեր բանկային հաշիվներից Քարտային հաշվին դրամական միջոցների փոխանցում իրականացնել Բանկի կողմից տրամադրված հեռախոսահամարով Բանկին վճարման հանձնարարականներ ներկայացնելով: Դուք համաձայնվում եք, որ Բանկը կկատարի վերոնշյալ ճանապարհով ստացված վճարման հանձնարարականները Ձեր Քարտի դիմումում նշված գաղտնաբառի ստուգման միջոցով վճարման հանձնարարականները ուղարկող անձի ինքնությունը պարզելով: Դուք համաձայնվում եք նաև, որ Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից Ձեր Քարտի դիմումում նշված գաղտնաբառի չլիազորված օգտագործման արդյունքում Ձեր կրած վնասների համար:
10.3. Դուք պարտավորվում եք անհապաղ գրավոր տեղեկացնել Բանկին Ձեր աշխատավայրի կամ բնակավայրի հասցեի կամ հեռախոսահամարների, ինչպես նաև Քարտի դիմումի մեջ նշված այլ տեղեկությունների փոփոխման վերաբերյալ:
10.4. Բանկն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ վերանայել Քարտի միջոցով տրամադրվող ծառայությունները և արտոնությունները, փոփոխել սույն պայմանները և սակագները, ինչպես նաև տոկոսադրույքները Ձեզ այդ մասին տեղեկացնելով Ձեզ հետ համաձայնեցված եղանակով: Դուք պարտավոր եք ղեկավարվել փոփոխված պայմաններով, քանի դեռ նախքան այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը Քարտը չեղարկելու նպատակով այն չեք վերադարձրել Բանկին: Փոփոխված տոկոսադրույքին համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք վաղաժամկետ մարել Քարտային հաշվի մնացորդը առանց տուգանքների և վերադարձնել Քարտը Բանկին չեղարկելու նպատակով, պայմանով, որ մինչև Քարտի չեղարկումը ընկած ժամանակահատվածում Նվազագույն վճարը կատարվի համաձայն Քաղվածքների:
10.5. Դուք ընդունում եք, որ Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների համար:
10.6. Ձեր կողմից Քարտային հաշվով գործարքներ կատարելու նպատակով Բանկ ներկայացված փաստաթղթերի, այդ թվում երրորդ անձանց օգտին Ձեր կողմից տրված լիազորագրերի (այդ թվում` նոտարական կարգով վավերացված) իսկության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում, Բանկն իրավունք ունի նշված փաստաթղթերը ուղարկել համապատասխան փորձաքննության` դրանց իսկությունը պարզելու նպատակով և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում այս կապակցությամբ առաջացած ուշացումների հետևանքով Ձեր կրած վնասների համար:

11. Դադարեցում

11.1. Առաջնային Քարտապանը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել Բանկի հետ պայմանագիրը, այդ մասին Բանկին գրավոր տեղեկացնելով և վերադարձնելով կտրատված Քարտը և բոլոր Հավելյալ Քարտ(եր)ը և մարելով Բանկին պարտք բոլոր գումարները, առանց որևէ տուգանքների: Այդ դեպքում Բանկը պարտավոր է համամասնորեն նվազեցնել տոկոսները և վճարները: Պայմանագիրը կնքելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքուն այն Առաջնային Քարտապանի կողմից դադարեցնելու դեպքում` Առաջնային Քարտապանը Բանկին պարտավորվում է վճարել միայն տոկոսներ (առկայության դեպքում): Առաջնային Քարտապանը կամ Հավելյալ Քարտապանը կարող են դադարեցնել պայմանագիրը Հավելյալ Քարտի մասով` այդ մասին գրավոր տեղեկացնելով Բանկին:
11.2. Բանկը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել պայմանագիրը` չեղարկելով Քարտը առանց որևէ պատճառաբանության: Դուք պարտավոր եք Քարտը ոչնչացնել` պարտադիր կտրատելով այն մասերի մագնիսական երիզի երկայնքով:
11.3. Բանկի ծանուցումները և Քաղվածքները ուղարկվում են Ձեզ` Բանկին տեղեկացված Ձեր վերջին հասցեով/ տվյալներով և Բանկի հետ համաձայնեցված կարգով:
11.4. Քարտային հաշվի վերջնական մնացորդը, ինչպես նաև Քարտի միջոցով իրականացված, բայց դեռ չգրանցված Գործարքների գումարները ցանկացած պատճառով պայմանագրի դադարեցման դեպքում կամ Քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկացման դեպքում անմիջապես համարվում են Բանկին վճարման ենթակա և պետք է ամբողջությամբ մարվեն: Բանկը իրավունք ունի պարտք գումարները, այդ թվում ծախսերը, իրավաբանական ծախսերը, տոկոսները և վճարները պահանջել Քարտապանի իրավահաջորդներից` վերջինիս մահվան դեպքում: Դա որևէ կերպ չի ազդում Բանկին պարտք գումարների նկատմամբ տոկոսներ հաշվարկելու և վճարներ գանձելու Բանկի իրավունքի վրա:
11.5. Բոլոր այն Գործարքների գումարները, որոնք կներկայացվեն Քարտային հաշվին Քարտը գործողությունը դադարեցնելուց հետո 45 օրվա ընթացքում ենթակա են անհապաղ վճարման Բանկին:

12. Լրացուցիչ դրույթներ

12.1. Մաստերքարտ/ԱրՔա տեսակի քարտերի Քարտապանների համար գործում է շուրջօրյա Թեժ Գիծ (հեռախոսահամարը նշված է Քարտի դարձերեսին):
12.2. Քարտային հաշվին մուտքագրված գումարի շտապ ակտիվացման համար Մաստերքարտ/ԱրՔա Քարտապանները կարող են զանգահարել Թեժ Գիծ, որի համար կգանձվի վճար` Բանկի սակագներով սահմանված չափով: Վերոնշյալ վճարը կելքագրվի Քարտային հաշվից:
12.3. Որոշ քարտային ծառայությունների տրամադրման դեպքում Բանկը կարող է իր հաշվին Քարտապանի համար ձեռք բերել որոշակի ապահովագրական ծառայություններ և Քարտապանը լիազորում է Բանկին նշված ապահովագրական ծառայությունների ձեռք բերման նպատակով Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններին տրամադրել Քարտապանի անհատական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, հասցե, անձնագրային տվյալներ, և այլն):

Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սիրելի՜ հաճախորդ, Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Դատարան դիմելու դեպքում Ձեր և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և Բանկի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են:
Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք Բանկին: Բանկը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: 10 օրից պատասխանը ստանալուց հետո կամ, եթե պատասխան չեք ստացել, առանց դրա, Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե `
1. Բողոքը Բանկին ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր,
2. Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը),
3. Բանկի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս,
4. Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել մինչև 2008թ. օգոստոսի 2-ը: Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:

Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:

* Սիրելի՜ հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե Ձեր կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Դա նշանակում է, որ Բանկը չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Բանկի դեմ կայացված որոշումները այն պահանջների գծով, որոնց գումարը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ՀՀ, քաղաք Երևան 0010, Վազգեն Սարգսյան
փողոց 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն,
4-րդ հարկ, 411 սենյակ
Հեռախոս` (37410) 582321, 582322.
Ֆաքս` (37410) 582421
Էլ.հասցե` info@fsm.am
Կայք` www.fsm.am

Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և Բանկի միջև վեճերը, սակայն կարող է Բանկի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ Բանկը խախտել է օրենքի պահանջները:

ՀՀ Կենտրոնական բանկ
Հասցե` ՀՀ, քաղաք Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 6
Հեռախոս` (37410) 592697
Ֆաքս` (37410) 565496
Էլ. հասցե` chairman@cba.am
Կայք` www.cba.am

* Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և Բանկի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ Բանկի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք Բանկի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:

Թարմացվել է` 01/04/2011 14:00