Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ:
Ինտերնետային բանկային համակարգ
Հիմնական պայմաններ
Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական Պայմաններ (Կազմակերպությունների համար)
Ընդհանուր դրույթներ
Ստորև սահմանված պայմանները (այսուհետ` Հիմնական պայմաններ) կարգավորում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ, ներառյալ բոլոր իրավահաջորդների և լիազորված անձանց) և բանկային հաշվի բացման ձևը/դիմումը կամ Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար սահմանված տիպային ձևի փաստաթուղթը ստորագրող կազմակերպության (այսուհետև` Հաճախորդ («Դուք», «Ձեր» դերանունները վերաբերվում են Հաճախորդին)) միջև իրականացվող բանկային
գործառնությունները:
Հաճախորդի կողմից բանկային հաշվի բացման ձևի/դիմումի կամ Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար սահմանված տիպային փաստաթղթի ստորագրումը հաստատում է ստորև բերված Հիմնական պայմանների և Բանկի կողմից տվյալ ծառայության համար սահմանված առանձին պայմանների և կանոնների ընդունումը, որոնք կարող են հետագայում փոփոխվել Բանկի կողմից` Հաճախորդին օրենքով նախատեսված կարգով կամ Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված եղանակով ծանուցելով և/կամ Բանկի ինտերնետային կայքում և Բանկի տարածքում տեղեկատվություն հրապարակելով:
Բանկային հաշվի բացման դիմումի, բանկային հաշվով գործառնությունների իրականացման և նմանատիպ այլ փաստաթղթերի տիպային ձևերը Բանկի կողմից կարող են պարբերաբար փոփոխվել: Սույն Հիմնական պայմանները առաջնային են, և Բանկի կողմից հաստատված (հաստատվելիք) բանկային հաշվով գործառնությունների իրականացման, այլ ծառայությունների մատուցման փաստաթղթերի տիպային ձևերը և այլ պարտադիր կանոները և առանձին պայմանները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն Հիմնական պայմաններին, եթե այդպիսի տիպային ձևերով, պարտադիր կանոններով կամ առանձին պայմաններով այլ բան նախատեսված չէ:
Բանկին իրավունք է վերապահվում մերժել ծառայություն ստանալու և/կամ որևէ ծառայության ներքո որևէ գործառնություն իրականացնելու հետ կապված Հաճախորդի կողմից ներկայացվող ցանկացած այլ ձևի փաստաթուղթ, եթե Բանկի կողմից
սահմանվել է նման փաստաթղթի տիպային ձև (նաև բովանդակության առումով):
Բանկը մատուցած ծառայությունների դիմաց Հաճախորդից գանձում է վճար (միջնորդավճար)` համաձայն Բանկի «Ծառայությունների Սակագների»: «Ծառայությունների Սակագները» Հաճախորդներին հասանելի են դարձվում նաև Բանկի տարածքում: «Ծառայությունների Սակագները» կարող են փոփոխվել Բանկի կողմից միակողմանիորեն` այդ մասին Բանկի ինտերնետային կայքում և Բանկի տարածքում տեղեկատվություն հրապարակելու միջոցով Հաճախորդներին ծանուցելով: Սակագներով նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով: Սակագներով նախատեսված վճարները Բանկի կողմից որպես կանոն գանձվում են այն բանկային հաշվից, որով կատարվում է համապատասխան գործառնությունը, ընդ որում` արտարժութային բանկային հաշվի դեպքում Բանկն իրավունք ունի գանձվելիք գումարի չափով արտարժույթը ՀՀ ԿԲ-ի կողմից տվյալ արտարժույթի համար հրապարակված միջին փոխարժեքով կամ իր կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով փոխանակել ՀՀ դրամի և գանձել:
Բանկը կարող է Հաճախորդից գանձել ծառայությունների մատուցման հետ կապված առաքումների ծախսերը:
Բանկի կողմից կատարվում են Հաճախորդի կողմից կամ անունից պատշաճ կերպով ներկայացված գործարքների և գործառնությունների իրականացման վերաբերյալ վավեր հանձնարարականները: Հանձնարարականների կատարման հետևանքների ռիսկը, հնարավոր վնասները, կորուստները և ծախսերը կրում է Հաճախորդը, և այդպիսիք հատուցման ենթակա չեն ոչ Բանկի, ոչ Բանկի աշխատակցի և ոչ էլ Բանկի գործակալների կողմից:
Բանկում (Բանկի տիրապետության ներքո) առկա Հաճախորդի բոլոր բանկային հաշիվների մնացորդները և սպասվելիք դրամական մուտքերը, ավանդների գումարները, հաշվեգրված և հաշվեգրվելիք տոկոսագումարները, ցանկացած արժույթով արտահայտված թղթադրամները, արժեթղթերը, մուրհակները, ոսկին կամ այլ արժեքները համարվում են Հաճախորդի` Բանկի նկատմամբ բանկային հաշվի սպասարկման կապակցությամբ կամ որևէ այլ հիմքով առաջացած պարտավորությունների (այդ թվում` տոկոսների, միջնորդավճարների և այլ վճարների գծով) ապահովում, և Բանկը ունի դրանց նկատմամբ գրավի իրավունք: Բանկն իրավունք ունի անակցեպտ կարգով և առանց լրացուցիչ երկկողմանի փաստաթուղթ կազմելու իրականացնել նշված միջոցների և իր նկատմամբ առաջացած/առկա պարտավորությունների հաշվանց:
Հաճախորդը իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության այլ անձանց զիջել ծառայություններ ստանալու հետ կապված Բանկի նկատմամբ առկա կամ ապագայում ծագող որևէ իրավունք:
Հաճախորդը իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության գրավ դնել Բանկում առկա և/կամ ստացվելիք իր դրամական միջոցները և այլ արժեքները:
Բանկը պատասխանատու չէ պետական մարմինների գործողությունների կամ անհաղթահարելի ուժի, այդ թվում` սարքավորումների անսարքության կամ էլեկտրաէներգիայի մատակարարման չնախատեսված ընդհատումների կամ խափանման հետևանքով առաջացած Հաճախորդի վնասների, կորուստների կամ ուշացման դեպքերի համար:
Բանկի կողմից Հաճախորդների հետ հարաբերություններում իր իրավունքների պաշտպանությանը չդիմելը կամ դիմելու հետաձգումը չի կարող մեկնաբանվել որպես դրանցից հրաժարում: Սույն Հիմնական պայմաններով նախատեսված իրավունքները լրացնում են և չեն բացառում օրենքով նախատեսված այլ իրավունքները:
Սույն Հիմնական պայմանները կազմված են և մեկնաբանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Սույն Հիմնական պայմաններով չկարգավորված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, իսկ ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չլինելու դեպքում` գործարար շրջանառության սովորույթներով: Բանկի և Հաճախորդի միջև ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը: Սույն Հիմնական պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի Հիմնական պայմանների անգլերեն տարբերակի նկատմամբ:
Բանկն իրավունք ունի առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ բանկերին և վարկային կազմակերպություններին, վարկային բյուրոներին` վերջիններիս պահանջով կամ իր նախաձեռնությամբ տրամադրել Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ:
Հաճախորդը լիազորում է Բանկին օգտագործել և մշակել Հաճախորդի տվյալները`Բանկի կողմից ծառայությունների մատուցման նպատակով: Բանկն իրավունք ունի օգտագործել Հաճախորդի կողմից տրամադրվող էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և այլ հաղորդակցման տվյալները` Հաճախորդին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու նպատակով: Սույնով Հաճախորդը համաձայնվում է, որ Հաճախորդի տվյալների մշակման նպատակով Բանկը կարող է օգտվել Էյչ-Էս-Բի-Սի խմբի մեջ մտնող կամ այլ ընկերությունների ծառայություններից և այդ նպատակով վերջիններիս փոխանցել Հաճախորդի տվյալները: Անկախ այն հանգամանքից, թե Հաճախորդի տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետությունում թե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, դրանք պաշտպանված կլինեն Էյչ-Էս-Բի-Սի խմբում գործող գաղտնիության և անվտանգության պահպանման կանոնակարգերի պահանջներին համապատասխան և կարող են օգտագործվել միայն Բանկի ցուցումների համաձայն: Նշված ընկերությունների անզգուշության, անփութության, տվյալների պահպանման անվտանգության և գաղտնիության պահանջների խախտման հետևանքով Հաճախորդների կրած վնասների և կորսուտների համար պատասխանատվություն է կրում Բանկը:
Հաճախորդը լիազորում է Բանկին` Հաճախորդներին ծառայություններ առաջարկելու կամ Հաճախորդներին մատուցվող ծառայությունները բարելավելու նպատակով իր հայեցողությամբ և առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու Բանկի հետ համագործակցող ընկերություններին տրամադրել Հաճախորդի տվյալները:
Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված/տնօրինվող/ստացված միջոցների շրջանառությունը արգելված է: Հաշվի առնելով օրենքի պահանջները և հետևելով ՙփողերի լվացման՚ վերաբերյալ միջազգային իրավական նորմերին և ընդունված պրակտիկային` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարել ցանկացած գումարների/արժեքների ծագման մասին, որոնք մուտքագրված են կամ մուտքագրվում են Հաճախորդի կողմից կամ Հաճախորդի անվամբ: Բանկն իրավունք ունի պահանջել իրեն ներկայացնել բավարար ապացույցներ` այդ միջոցների ծագման օրինականության վերաբերյալ: Բանկն իրավունք ունի արգելել և կասեցնել կասկածելի գումարների տնօրինումը և/կամ օգտագործումը և/կամ տիրապետումը Հաճախորդի կողմից` մինչև բավարար ապացույցներ ներկայացնելը/ստանալը: Հաճախորդը պարտավորվում է հատուցել Բանկին վերը նշվածի կապակցությամբ պատճառված բոլոր տեսակի վնասները և ծախսերը: Հաճախորդը գիտակցում և համաձայնվում է, որ Բանկը պարտավոր է կատարել օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև իրավապահ մարմինների պահանջները, որոնք վերաբերում են, ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը: Ոչ Բանկը, և ոչ Բանկի գործընկեր հանդիսացող որևէ այլ կազմակերպություն պատասխանատվություն չեն կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար (ներառյալ սպասվելիք եկամտի կամ տոկոսների կորուստը) եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված պահանջները կատարելու հետևանքով:
Հաճախորդների կողմից գործառնություններ/ գործարքներ կատարելու և/կամ Բանկի կողմից մատուցվող այլ ծառայություններ ստանալու նպատակով Բանկին ներկայացվող ցանկացած փաստաթղթի, ինչպես նաև երրորդ անձանց օգտին տրված լիազորագրերի (այդ թվում` նոտարական կարգով վավերացված) իսկության կապակցությամբ կասկածներ առաջանալու դեպքում Բանկը իրավունք ունի նշված փաստաթղթերը/ լիազորագրերը ուղարկել համապատասխան լիազոր մարմինների փորձաքննության` դրանց իսկությունը պարզելու համար, և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում այս կապակցությամբ առաջացած ուշացումների հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:
Բանկի և Հաճախորդի միջև ինտերնետի, հեռախոսային/ֆաքսիմիլային կապի միջոցով հաղորդակցության և գործարքների կատարման կարգը սահմանվում է Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված առանձին փաստաթղթերով/կանոններով, որոնք գործում են ի լրումն սույն Հիմնական պայմանների:
Բանկային Հաշիվ
Սույն պայմանները կիրառվում են Բանկում Հաճախորդի բոլոր բանկային հաշիվների նկատմամբ` անկախ արժույթից և տեսակից: Բանկային հաշվի բացման համար Հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Բանկի կողմից և կարող է պարբերաբար փոփոխվել: Բանկային հաշիվներով գործառնությունների իրականացման ժամկետները որոշվում են Բանկի կողմից, թե այլ բան նախատեսված չէ սույն Հիմնական պայմաններով, Բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթերով կամ իրավական ակտերով:
Բանկային հաշվով գործառնություններ իրականացնելիս, Հաճախորդի կարգադրությունները կատարելու համար Հաճախորդի բանկային հաշվին անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում Բանկն իր հայեցողությամբ կարող է վճարում կատարել Հաճախորդի բանկային հաշվից: Վճարված միջոցները վճարում կատարելու օրվանից համարվում են Հաճախորդին համապատասխան գումարով տրամադրված վարկ` Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված պայմաններով, ընդ որում վարկը ենթակա է անհապաղ մարման Հաճախորդի կողմից, եթե այլ բան համաձայնեցված չէ Հաճախորդի հետ, և դրա վրա կարող են հաշվարկվել տոկոսներ և/կամ կիրառվել սպասարկման վճարներ: Տոկոսները հաշվարկվում են օրական` բանկային հաշվի բացասական մնացորդի վրա: Անկախ Հաճախորդի բանկային հաշվի արժույթից տոկոսները վճարվում են ՀՀ դրամով: Արտարժութային բանկային հաշիվներից տոկոսագումարներ ելքագրելու դեպքում Բանկին իրավունք է վերապահվում ելքագրվող գումարները փոխանակել ՀՀ դրամի` ելքագրման օրվա դրությամբ Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով և գանձել:
Առանձին տեսակի բանկային հաշիվների համար Բանկը, իր հայեցողությամբ, կարող է Հաճախորդին տրամադրել Չեկային գրքույկ: Հաճախորդը չեկ դուրս գրելիս պետք է ցուցաբերի պատշաճ շրջահայացություն և հետևի Բանկի կողմից պարբերաբար սահմանվող կանոններին:
Հաճախորդի բանկային հաշիվների համար Բանկը տրամադրում է քաղվածք` Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և եղանակով: Քաղվածքում արտացոլված տվյալները համարվում են բանկային հաշվով կատարված գործարքների մասին պատշաճ ծանուցում: Հաճախորդը պետք է ստուգի քաղվածքի ճշտությունը և հնարավոր սխալների մասին ծանուցի Բանկին` քաղվածքի ամսաթվից 30 օրվա ընթացքում: Բանկը պատասխանատու չէ քաղվածքների առաքման հետ կապված փոստային ծառայությունների սխալի, թերացման, քաղվածքների կորստյան կամ հափշտակության հետևանքով Հաճախորդի կրած վնասների կամ տեղեկատվության հրապարակման համար:
Բանկը, առանց Հաճախորդի հետագա համաձայնության կամ նախնական ծանուցման, իրավունք ունի Հաճախորդի բանկային հաշիվներից դուրս գրել բոլոր հարկերը, եթե նման պահանջ սահմանված է ՀՀ օրենսդրությամբ:
Զրոյական մնացորդով բանկային հաշիվները կարող են փակվել Բանկի կողմից վեց ամիս հետո:
Դրամական միջոցների մուտքագրումները և դուրսգրումները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բանկի ցանկացած մասնաճյուղում` Հաճախորդի ներկայացուցչի լիազորությունները և ինքնությունը հաստատող բավարար փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
Արժույթի փոխանակումը մեկ այլ արժույթի կատարվում է Բանկի կողմից պարբերաբար սահմանվող համապատասխան փոխարժեքով: Հաճախորդը` մեկ արժույթով բանկային հաշվից այլ արժույթով բանկային հաշվին փոխանցում կատարելու հանձնարարական տալով հաստատում և հավաստում է, որ համաձայն է արժույթի փոխանակումն իրականացնել Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:
Հաճախորդը համաձայնվում է, որ Հաճախորդի օգտին փոխանցված/մուտքագրված մեկ արժույթով գումարները Հաճախորդի այլ արժույթով բանկային հաշվին մուտքագրելու նպատակով Բանկն իրավունք ունի իր կողմից սահմանված փոխարժեքով կատարել արժույթի փոխանակման գործարք:
Բանկը Հաճախորդի բանկային հաշվից ելքագրում է վերջինիս անունից պատշաճ կերպով ստորագրված` ըստ ստորագրության քարտի կամ Բանկի կողմից սահմանված այլ տիպային փաստաթղթի վրա նշված ստորագրման լիազորությունների բոլոր չեկերի, վճարման հանձնարարականների գումարները:
Հաճախորդը պարտավորվում է փոխհատուցել Բանկի կատարած ծախսերը և կրած վնասները` կապված Բանկի կողմից Հաճախորդի հանձնարարականների կատարման հետ, և Բանկն իրավունք ունի գանձել այդ գումարները Հաճախորդի բանկային հաշիվներից:
Բանկը ընդունում է վճարման հանձնարարականները իր կողմից սահմանված օրերին և ժամերին: Նշված օրերից և ժամերից դուրս ներկայացված վճարման հանձնարարականները համարվում են ստացված` ներկայացման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Հանձնարարականների կատարման ընթացքում Բանկն անհրաժեշտության դեպքում իրավունք ունի Հաճախորդից պահանջել ներկայացված հանձնարարականի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կամ լրացուցիչ հաստատում և կատարել Հաճախորդի հանձնարարականը` միայն նման լրացուցիչ տեղեկությունները/ հաստատումը ստանալուց հետո: Հաճախորդից լրացուցիչ տեղեկությունները/ հաստատումը ստանալու անհնարինության դեպքում Բանկն իրավունք ունի մերժել Հաճախորդի հանձնարարականի կատարումը: Ներկայացված վճարման հանձնարարականի մերժման մասին Հաճախորդը տեղեկացվում է բանավոր և /կամ գրավոր: Բանկը պարտավոր չէ Հաճախորդին տեղեկացնել Հաճախորդին գումար վճարելու վճարման հանձնարարական ստանալու մասին:
Գործելով միայն որպես Հաճախորդի ինկասավորող գործակալ` Բանկը կարող է ընդունել Հաճախորդի անունով դուրս գրված կամ փոխանցագրված չեկեր, մուրհակներ և նման այլ վճարային գործիքներ` բանկային հաշվին մուտքագրելու նպատակով` առանց ստանձնելու դրանց վճարման հետ կապված որևէ պարտավորություն: Այս նպատակով, Բանկի գրասենյակները, թղթակից բանկերը կամ Բանկի կողմից նշանակված այլ գործակալները դիտվում են որպես Հաճախորդի գործակալներ:
Բանկը կամ նրա գործակալները պատասխանատու չեն Հաճախորդի մեղքով չեկի, վճարման հանձնարարականի, բանկային մուրհակի կամ այլ գործիքի կորստի, վնասման կամ մերժման, չմուտքագրման, ուշ վճարման կամ ներկայացման, չեկի կամ այլ գործիքի բանկային հաշվին ուշ մուտքագրման, չվճարման կամ վերադարձման համար: Բանկը կամ նրա գործակալները պատասխանատու չեն Հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականի հիման վրա կատարված դրամական միջոցների փոխանցումները այլ երկրների օրենսդրությանը համապատասխան կասեցվելու և/կամ փոխանցվող գումարները սառեցվելու հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար: Բանկը կամ նրա գործակալները պարտավորվում են Հաճախորդի գործարքները կատարել հնարավորին չափ արդյունավետ եղանակով` գործող օրենսդրությանը համապատասխան:
Չեկերի կամ այլ գործիքների գումարները Հաճախորդին հասանելի են դարձվում չեկերի կամ այլ գործիքների գումարները Բանկի կողմից ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
Բանկի կողմից առաջարկվող` համապատասխան տեսակի բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսների դրույքները հրապարակվում են Բանկի մասնաճյուղերում, Բանկի ինտերնետային կայքում և/կամ այլ եղանակով և կարող են կազմել 0%: Ցանկացած բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ՀՀ դրամով` անկախ բանկային հաշվի արժույթից:
Բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ Հաճախորդի բանկային հաշիվներին (անկախ արժույթից) առկա դրամական միջոցները օգտագործել Բանկի նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների(անկախ պարտավորության արժույթից և ծագման հիմքից) մարման նպատակով, ինչպես նաև Բանկի նկատմամբ պարտավորության գումարը գանձել/գրանցել Հաճախորդի համապատասխան բանկային հաշվից/հաշվին: Բանկն իրավունք ունի այդպիսի հաշվանցման նպատակով անհրաժեշտության դեպքում կատարել Հաճախորդի տարբեր բանկային հաշիվներում առկա տարբեր արժույթների փոխանակում` գանձվելիք արժույթի համար իր կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով և գանձել: Հաճախորդը համաձայնվում է, որ Բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների մարման նպատակով (անկախ պարտավորության արժույթից և ծագման հիմքից) Բանկն իրավունք ունի դիմել ՀՀ տարածքում գործող այլ բանկերին` այդ բանկերում Հաճախորդի անվամբ բացված բանկային հաշիվներից Բանկի նկատմամբ Հաճախորդի պարտավորության գումարին համարժեք գումար դեբետագրելու և Բանկին փոխանցելու պահանջով:
Հաճախորդի լուծարման, անվճարունակության կամ սնանկացման, ինչպես նաև նման այլ դեպքերում Բանկը պատասխանատվություն չի կրում բանկային հաշվով կատարված գործառնությունների համար` քանի դեռ չի ստացել այդպիսի փաստերի մասին գրավոր ծանուցում` Բանկի կողմից սահմանված բավարար փաստաթղթային այլ ապացույցների հետ մեկտեղ: Պատշաճ ծանուցում ստանալու դեպքերում Բանկը կասեցնում է բանկային հաշվով բոլոր գործառնությունները` մինչև Հաճախորդի
օրինական ներկայացուցչի կողմից բանկային հաշվով գործառնություններ կատարելու համար պատշաճ լիազորությունների ձեռքբերումը և ձևակերպումը:
Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ փակել իր բանկային հաշիվը` այդ մասին Բանկին նախապես գրավոր ծանուցելով և մարելով Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները ամբողջությամբ: Բանկը կարող է դատարանի կողմից տրված կատարողական թերթի կամ հարկադիր կատարողի կամ ՀՀ կենտրոնական բանկի որոշման հիման վրա կասեցնել կամ դադարեցնել բանկային հաշվով գործառնությունները` առանց այդ մասին Հաճախորդին նախապես ծանուցելու կամ հիմնավորելու: Բանկն իրավունք ունի իր նախաձեռնությամբ փակել Հաճախորդի բանկային հաշիվը, եթե վերջինս թույլ է տվել սույն Հիմնական պայմանների կամ իրավական ակտերի խախտում (խախտումներ):
Բանկի ցանկացած պահանջ կամ հաղորդագրություն ուղարկվում է Հաճախորդին` վերջինիս հետ համաձայնեցված եղանակով և տվյալներով: Փոստային կապի կամ փաստաթղթերի առաքման ծառայության միջոցով ծանուցելու դեպքում` Հաճախորդը համարվում է պատշաճ ծանուցված` վերջինիս հասցեագրված Բանկի հաղորդագրությունը կամ նմանատիպ այլ փաստաթուղթը փոստային ծառայությանը կամ փաստաթղթերի առաքում իրականացնող կազմակերպությանը հանձնելու պահից: Հաճախորդը պարտավորվում է անհապաղ տեղեկացնել Բանկին իր հասցեի, ինչպես նաև Բանկին ներկայացված տեղեկություններում և փաստաթղթերում ցանկացած այլ փոփոխությունների մասին: Հաճախորդի կողմից նման փոփոխությունների վերաբերյալ Բանկին տեղեկություններ չտրամադրելու դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում Բանկում առկա տեղեկությունների/փաստաթղթերի հիման վրա բանկային հաշվով
կատարված գործառնությունների հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:
Բանկային ավանդ
Ստորև սահմանված պայմանները կարգավորում են Բանկի և բանկային ավանդի բացման վերաբերյալ փաստաթղթի Բանկի կողմից հաստատված տիպային ձևը ստորագրող Հաճախորդի միջև հարաբերությունները` ի լրումն բանկային հաշվին վերաբերող դրույթների:
Բանկային ավանդների` Բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի մասնաճյուղերում, Բանկի ինտերնետային կայքում և/կամ այլ եղանակով: Ժամկետային ավանդ բացելու պահին Բանկի կողմից հաստատված տոկոսադրույքը մնում է անփոփոխ ավանդային պայմանագրի ընթացքում, եթե ավանդի առանձին տեսակների համար այլ բան նախատեսված չէ: Ավանդների տոկոսները վճարվում են ավանդի ժամկետը լրանալիս կամ այլ կերպ` կողմերի համաձայնությամբ: Ավանդների տոկոսները անկախ ավանդի արժույթից վճարվում են ՀՀ դրամով:
Հաճախորդի ժամկետային ավանդները վաղաժամկետ վերադարձվում են միայն Բանկի համաձայնությամբ:
Հաճախորդի պահանջով կամ Բանկի կամքից անկախ պատճառներով ժամկետային ավանդի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում վճարվելիք տոկոսները հաշվարկվում են Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված չափով:
էլեկտրոնային բանկային ծառայություններ
Ստորև շարադրված պայմանները կարգավորում են Բանկի կողմից Հաճախորդին տրամադրվող Բանկոմատային քարտով (այսուհետև` Քարտ) կատարվող գործառնությունները:
Քարտը հանդիսանում է Բանկի սեփականությունը և ենթակա է հանձնման Բանկին` վերջինիս պահանջով: Բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ չեղյալ համարել Քարտի հետ կապված Հաճախորդի բոլոր իրավունքները և արտոնությունները:
Քարտի և Անձնական ծածկագրի (ԱԾ) հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Հաճախորդը, և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտի կամ ԱԾ-ի օգտագործման հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար, եթե վնասը չի պատճառվել Բանկի մեղքով:
Բանկոմատային քարտի տրամադրման նպատակով Հաճախորդի կողմից Բանկ ներկայացվող դիմումում նշված անձը/անձինք (Լիազորված Քարտապանը/ Քարտապանները) Հաճախորդի անունից լիազորված է/են ստանալ բանկոմատային քարտեր, ինչը հնարավորություն կտա Լիազորված Քարտապանին/ Քարտապաններին բանկոմատային քարտի միջոցով Հաճախորդի բանկային հաշիվներից կատարել կանխիկացման գործարքներ և բանկոմատային քարտով նախատեսված այլ գործառնություններ: Յուրաքանչյուր Լիազորված Քարտապան իրավունք ունի իր անվամբ թողարկված Բանկոմատային քարտի չեղարկման նպատակով դիմել Բանկ` Հաճախորդի կողմից Բանկ ներկայացված Բանկոմատային քարտի տրամադրման դիմումում նշված պայմաններին համապատասխան:
Հաճախորդը պատասխանատու է Քարտի միջոցով կատարված ցանկացած գործարքի համար և պարտավորվում է փոխհատուցել Բանկին Քարտի կամ ԱԾ-ի չլիազորված օգտագործման հետևանքով Բանկին պատճառված վնասները: Հաճախորդը պարտավորվում է պատշաճ ձևով տեղեկացնել Բանկին Հաճախորդի և Լիազորված Քարտապանի/Քարտապանների միջև աշխատանքային հարաբերությունների/պայմանագրի դադարեցման, ինչպես նաև Լիազորված Քարտապանի/Քարտապանների կողմից Քարտի միջոցով գործարքների կատարումը սահմանափակող ցանկացած այլ հանգամանքի վերաբերյալ: Նման տեղեկությունները Բանկին չտրամադրելու դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտի օգտագործման հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:
Հաճախորդը պետք է ցուցաբերի պատշաճ շրջահայացություն Քարտը կամ ԱԾ-ի տվյալները չկորցնելու և դրանց հափշտակումը կանխելու նպատակով և պարտավորվում է անմիջապես գրավոր տեղեկացնել Բանկին Քարտի կամ ԱԾ-ի կորստի կամ գողության/հափշտակման մասին: Մինչև կորստի կամ գողության/հափշտակման մասին իրեն գրավոր տեղեկացնելը` Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում կորցրած կամ հափշտակված Քարտի կամ ԱԾ-ի օգտագործման համար:
Քարտի միջոցով կատարված գործարքների մասին Բանկի գրանցումները համարվում են տվյալ գործարքների կատարումը հավաստող փաստաթղթեր:
Բանկը Հաճախորդի բանկային հաշվից դուրս է գրում Քարտի միջոցով դուրս բերված կամ փոխանցված դրամական միջոցները: Արտարժույթով կատարվող գործառնությունները կատարվում են գործառնության օրվա Բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
Բանկը Հաճախորդի բանկային հաշվից գանձում է Քարտի թողարկման, սպասարկման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դրա փոխարինման հետ կապված վճարները:
Այլ բանկերի Բանկոմատներից օգտվելիս կանխիկի դուրսբերման համար Բանկը կարող է գանձել միջնորդաճար, որի չափը սահմանվում է Բանկի կողմից:
Հաճախորդը իրավունք չունի հայտնել ԱԾ-ն այլ անձանց` առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության:
Բանկը պատասխանատու չէ Քարտի կամ Բանկոմատի անսարքության կամ փչացման, ինչպես նաև այդպիսի մեքենաներում (անկախ այն հանգամանքից, թե որ Բանկն է հանդիսանում Բանկոմատի սեփականատեր կամ վարձակալ) բավարար գումարի բացակայության, կամ որևէ այլ նմանատիպ պատճառներով Հաճախորդի ուղղակիորեն կամ անուղղակիորեն կրած վնասների համար:
Քարտի միջոցով մուտքագրված ցանկացած կանխիկ գումար կամ չեկ մուտքագրվում է Հաճախորդի բանկային հաշվին միայն Բանկի վավերացումից հետո և այդ պահից համարվում է Բանկի կողմից ստացված և Հաճախորդի բանկային հաշվին մուտքագրված:
Քարտը ենթակա է անհապաղ վերադարձման Բանկին Հաճախորդի լուծարման, անվճարունակության կամ սնանկացման, ինչպես նաև նման այլ դեպքերում, բանկային հաշվի փակման, ինչպես նաև Լիազորված Քարտապանի մահվան դեպքերում:
Սույն Հիմնական պայմանները փոփոխելու դեպքում Քարտի օգտագործումը դիտվում է որպես Հաճախորդի կողմից այդպիսի փոփոխությունների անվերապահ ընդունում: