18 Մարտ, 2011
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն իր գործունեության 15-ամյակի կապակցությամբ մարտի 16-ը հայտարարել էր անվճար բանկային օր` հնարավորություն տալով հաճախորդներին բանկի որոշ ծառայություններից օգտվել անվճար: Բանկի այս նախաձեռնությունը մեծ արձագանք էր գտել հաճախորդների շրջանում: Ինչպես այսօր` մարտի 18-ին, հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում տեղեկացրեց բանկի Ֆինանսական շուկաներում գործառնական դեպարտամենտի տնօրեն և Գլխավոր գործադիր տնօրենի տեղեկալ Իրինա Սեյլանյանը` այդ մեկ օրվա ընթացքում բանկը գրանցել է աննախադեպ արդյունքներ: Այսպես, մարտի 16-ին բանկում բացված բանկային հաշիվների ընդհանուր քանակը գերազնացել է միջին օրական ցուցանիշը շուրջ 4 անգամ, իսկ ինտերնետ-բանկային ծառայությունների պահանջարկը գերազանցել է միջին օրական ցուցանիշը շուրջ 8 անգամ:
Իրինա Սեյլանյանը, ներկայացնելով նաև բանկի 15-ամյակի կապակցությամբ տարվա ընթացքում կազմակերպվելիք միջոցառումները, տեղեկացրեց, որ բանկը պատրաստվում է մի շարք անակնկալներ մատուցել իր հաճախորդներին: Մասնավորապես, նախատեսվում է, որ ապրիլի 1-ից մի շարք ծառայությունների սակագներ կնվազեն:
Նշենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 15-ամյակի կապակցությամբ առավել մեծ միջոցառումներ նախատեսվում է մայիսին, երբ Հայաստան կժամանեն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը և Էյչ-Էս-Բի-Սի Խմբի բարձրաստիճան ղեկավարներ:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն Հայաստանում իր գործունեությունը մեկնարկել էր 1996 թվականի մարտի 16-ին և այսօր արդեն բանկը սպասարկում է շուրջ 40 հազար հաճախորդների:
b24.am
Թարմացվել է` 03/05/2011 14:00