22 Հունիս 2011
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF), որը 2004թ-ից սկսած Արմավիրի մարզում իրականացնում է Գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագիր, վերջերս հանդես եկավ օրգանական գյուղատնտեսության ուսուցման նախագիծ իրականացնելու նախաձեռնությամբ: Նախաձեռնության նպատակը գյուղերի ավագ դպրոցական տարիքի երեխաների շրջանում գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է` նորարական մեթոդների և գործնական ուսուցման եղանակների միջոցով:
Հունիսի 19-ին Արմավիրի մարզի Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան գյուղերի գյուղատնտեսական խմբակներին անդամակցող 5 աշակերտներ 8 շաբաթով մեկնեցին ԱՄՆ: Մեյն նահանգի Արարատ ֆարմ ֆերմայում երեխաները հնարավորություն կունենան մասնակցել օրգանական գյուղատնտեսության դասընթացների, կշարունակեն խորացնել անգլերեն լեզվի գիտելիքները, ինչպես նաև կմասնակցեն մշակութային ծրագրերի:
Խմբակները հիմնվել էին Էյչ-Էս-Բի-Սի (HSBC) բանկի Գլոբալ կրթության հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում և գործում էին սկսած 2008-ից։ Մինչև ԱՄՆ մեկնելը Խաղաղության կորպուսի (Peace Corps) կամավորների աջակցությամբ անցկացվեցին անգլերենի դասընթացներ, երեխաները ուսուցողական այցեր կատարեցին Արմավիրի մարզում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող դաշտեր և այգիներ:
Վերադարձից հետո երեխաները փոխանցելու են ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները իրենց ընկերներին: Ծրագիրը նպաստելու է նաև երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, ինչի անհրաժեշտությունը մեր դպրոցներում այսօր զգացվում է: «Ցանկանում եմ մեր խմբով միանանք և Հայաստանում ստեղծենք զարգացած էկոլոգիական գյուղատնտեսության կենտրոն», ասում է խմբի անդամ, դալարիկցի դպրոցական Աննա Մկրտչյանը:
Թարմացվել է` 24/06/2011 19:00