1 նոյեմբերի, 2010
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը կորպորատիվ հաճախորդների համար ներմուծել է նոր ծառայություն` կորպորատիվ բանկոմատային քարտեր: Այսուհետ կորպորատիվ հաճախորդները իրենց հաշիվներում առկա միջոցներին ունեն 24/7 ռեժիմով հասանելիություն: Քարտերը կազմակերպությունների ղեկավարներին և լիազորված անձանց հնարավորություն են ընձեռում օրական մինչև 3 մլն ՀՀ դրամ կանխիկացումներ իրականացնել Էյչ-Էս-Բի-Սի-ի բանկոմատային ցանցից, որը ամենատարածվածն է Երևանում:
Բանկոմատի միջոցով թե́ դրամային և թե́ արտարժութային հաշիվներից կանխիկացման գործարքներն անվճար են: Կորպորատիվ բանկոմատային քարտերով հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում նաև փոխանցումներ իրականացնել կազմակերպության և Բանկի այլ հաշիվների միջև, ստուգել հաշիվների մնացորդները և հաշվից ստանալ քաղվածքներ:
«Սա Հայաստանում բիզնեսի համար լավագույն Բանկը լինելու մեր տեսլականի իրագործմանն ուղղված հերթական նախաձեռնություններից է: Մեր նպատակն է հաճախորդ-բանկ հարաբերությունները դարձնել հնարավորինս արդյունավետ, հարմարավետ և անվտանգ: Ծառայության ներդրման առաջին շաբաթների ընթացքում գրանցված արդյունքները խոստումնալից են. թողարկվել և ակտիվորեն գործածվում են շուրջ 300 կորպորատիվ բանկոմատային քարտեր, ինչը նշանակում է, որ ծառայությունը լիովին համապատասխանում է մեր կորպորատիվ հաճախորդների պահանջներին,» մեկնաբանում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
Թարմացվել է` 10/11/2010 09:30