5 Մարտ 2010
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» գոհ է պարտատոմսերի նախորդ թողարկման տեղաբաշխումից եւ պատրաստ է նորից դուրս գալ ՀՀ կապիտալի շուկա դրամային ռեսուրսների նկատմամբ պահանջարկի վերականգնումից հետո, ասել է բանկի գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հանդես գալով այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում` Ասթրիդ Քլիֆֆորդը նշել է, որ ներկայումս շուկայում չի նկատվում բավականաչափ պահանջարկ դրամային ակտիվների նկատմամբ, եւ այդ պատճառով բանկը սպասողական դիրք է զբաղեցրել:
Պատասխանելով դրամի հետագա տատանումների վերաբերյալ կանխատեսումներին` բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանն ասել է, որ բանկը չի ակնկալում արժույթի կտրուկ տատանումներ: «Նախորդ տարվա մարտին տեղի ունեցած արժեզրկումներին հետեւած ժամանակահատվածում դրամը բավականին կայուն էր եւ ենթարկվել է միայն սեզոնային տատանումների. ամրապնդվել է տարվա կեսերին` տնտեսության մեջ ներդրումների ակտիվացմանը զուգահեռ, եւ թուլացել է ձմռանը»,- ասել է Իրինա Սեյլանյանը:
Մեդիամաքս
Թարմացվել է` 09/04/2010 9:45