
19 Սեպտեմբերի, 2011թ
Շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրային ապահովման նորացման նախագծի արդյունքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը վերսկսել է իր բանկոմատներով միջազգային ՎԻԶԱ և ՄաստերՔարտերի, ինչպես նաև սկսում է ԱրՔա քարտերի սպասարկումը: Բանկը դադարեցրել էր միջազգային քարտերի սպասարկումը 2009 թվականի նոյեմբերին` տեխնիկական և անվտանգության նկատառումներից ելնելով:
Ներկայում ավելի քան 50 բանկոմատ ներառող Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատների ողջ ցանցը պատրաստ է ընդունել և սպասարկել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բանկերի կողմից թողարկված քարտերը, որոնք գործում են ԱրՔա, ՎԻԶԱ կամ ՄաստերՔարտ համակարգերում:
Ծրագրային նորացումը թույլ է տվել բանկին նաև նվազեցնել կանխիկացման համար սակագինը. ցածր գնով բարելավված ծառայություններ մատուցելուն ուղղված ևս մեկ քայլ: ԱրՔա-ի բոլոր քարտատերերի, ինչպես նաև զբոսաշրջիկների ու տեղական այլ բանկերի քարտատերերի համար իրենց միջոցները դառնում են ավելի հասանելի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» ավելի քան 50 բանկոմատների շնորհիվ:
Բանկը նաև սկսել է թողարկել չիպային քարտեր, որոնք մագնիսական ժապավենով քարտերի համեմատ անվտանգության շատ ավելի բարձր երաշխիք են տալիս: Այս նպատակով կատարված ներդրումը կազմել է 150 հազար ԱՄՆ դոլար:
Ի լրումն 53 սովորական բանկոմատների, բանկը նաև գործարկել է Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը, որը գտնվում է Մյասնիկյան 20Ա հասցեում` «Արաքս» բենզալցման եւ տեխսպասարկման կայանում: Հընթացս բանկոմատը ինքնասպասարկման մի նոր բանկային լուծում է, որը 24/7 ռեժիմով առաջարկում է ստանդարտ բանկոմատների միջոցով մատչելի նմանատիպ բանկային ծառայություններ:
Նոր բանկոմատը ապահովում է առավելագույն հարմարավետություն` խնայելով Երևանից մեկնող հաճախորդի ժամանակն ու ջանքերը, քանի որ բանկոմատի միջոցով գործարք իրականացնելիս հաճախորդն այլևս կարիք չի ունենա իջնել մեքենայից կամ որոնել կայանատեղի:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը առաջինն էր, որ 1996 թվականին բանկոմատ ներդրեց Հայաստանում, ինչպես նաև ուրախությամբ պետք է նշեմ, առաջինն է Հայաստան ներմուծել հընթացս բանկոմատները: Մենք հավատարիմ ենք մեր խոստմանը` մշտապես ներկայացնել հաճախորդի սպասարկումը բարելավելուն ուղղված նորարարական տեխնոլոգիաներ», - այս կապակցությամբ նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
Հարցումների համար դիմել Ռուբեն Մելոյանին` + 374 10 515 248 հեռախոսահամարով կամ
էլփոստով. ruben.meloyan@hsbc.com
Լրացուցիչ տեղեկություններ.
1. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 87 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միակ բանկն է, որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ մատուցել:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը 2011 թվականի առաջին կիսամյակի ամփոփ ֆինանսական արդյունքներով արձանագրել է աճ գրեթե բոլոր ֆինանսական ցուցիչների գծով: Հրապարակված շահույթը մինչև հարկումը կազմել է 3.5 միլիարդ ՀՀ դրամ, արձանագրելով 48% աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ակտիվները աճել են 7% նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատ` կազմելով 155 միլիարդ ՀՀ դրամ: Հաճախորդներին տրված համախառն վարկերը աճել են 6% ` կազմելով 91 միլիարդ ՀՀ դրամ, որից իրավաբանական անձանց տրամադրված վարկերը կազմել են 69 միլիարդ ՀՀ դրամ: Հաճախորդների ավանդները 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 109 միլիարդ ՀՀ դրամ` նախորդ տարեվերջի համեմատ աճելով 4%:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը 2011 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով Հայաստանի բանկային համակարգի խոշորագույն հարկատուն է և զբաղեցնում է 14-րդ տեղը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում: Բանկի կողմից վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 1 միլիարդ 942 միլիոն դրամ, ինչը 192 % (գրեթե երեք անգամ) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում վճարած հարկերի ծավալից: Ընդ որում, այս տարի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարած ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ) կազմել են 1.7մլրդ դրամ (աճը` 249 %), ինչը խոշորագույն հարկատուների ցանկում 5-րդ ցուցանիշն է և նախորդ տարվա համեմատ ավելի բարձր եկամտաբերության վկայությունը:
Թարմացվել է` 10/10/2011 11:00