Հանրային դպրոցների աշակերտները կզարգացնեն կյանքի համար կարևոր ձեռնարկատիրական հմտություններ

Հանրային դպրոցների աշակերտները կզարգացնեն կյանքի համար կարևոր ձեռնարկատիրական հմտություններ

Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտներն այժմ ձեռնարկատիրական կրթություն կստանան «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետևողական աշխատանքի և HSBC բանկի երկարաժամկետ ֆինանսական աջակցության շնորհիվ:

2017-2018 թթ. ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվում է ձեռնարկատիրության դասընթաց, որը երկրորդ և երրորդ դասարանների ուսումնական ծրագրի տեխնոլոգիա առարկայի մասն է: Մշակվել է ուղեցույց ուսուցիչների համար, և ավելի քան 1400 ուսուցիչ վերապատրաստվել է նոր առարկան դասավանդելու համար: 215 դպրոցների տասներորդ և տասնմեկերորդ դասարանների ընտրված աշակերտները նույնպես կշարունակեն ձեռնարկատիրական կրթությունը: Ծրագիրը պաշտոնապես հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և ներառված է դպրոցական ծրագրում: Այս տարվա փորձի հիման վրա առարկան կներառվի բոլոր դպրոցների ուսումնական ծրագրում:

Ձեռնարկատիրության դասընթացը նախատեսված է բոլոր աշակերտների համար, անկախ նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակից, որն էլ կօգնի նրանց զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ ֆինանսների կառավարման ոլորտում և մրցակցային աշխատաշուկայում հաջողակ լինելու համար: Ծրագիրը խրախուսում է, որպեսզի աշակերտները լինեն ստեղծագործ ու նորարար, զարգացնում է նրանց տրամաբանությունն ու դատողությունը, հղկում է համագործակցային հմտությունները՝ ապագայի մարտահրավերները հաղթահարելու ու հնարավորություններից օգտվելու համար:

Համատեղ նախաձեռնության համար հիմք է ծառայել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ծրագրի հաջող փորձը, որին մասնակցել են Հայաստանի անապահով համայնքների աշակերտներն ու ուսուցիչները: HSBC-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այս ծրագրի իրականացմանը՝ օգնելու աշակերտներին հասկանալ բիզնեսի կարևորությունը հասարակության մեջ և սեփական ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում: Ծրագրի շրջանակում աշակերտները սովորում են, թե ինչպես հիմնել բիզնես ու ծրագիր իրականացնել համայնքային խնդիրները լուծելու համար: 2016-2017 ուսումնական տարում նրանք իրականացրել են ավելի քան 156 համայնքային ծրագիր՝ ավտոբուսի կանգառների կառուցումից մինչև դպրոցի դահլիճների վերանորոգում, թանգարանի հիմնադրումից մինչև եկեղեցու համար նստարանների ձեռքբերում:

Անահիտ Ավագյանը՝ ծրագրին մասնակցած աշակերտ Ողջաբերդ համայնքից, ասում է. «Սովորեցինք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) մասին, և թե ինչու է կարևոր ընկերությունների համար նման ռազմավարություն ունենալը: Մենք մեր ձեռնարկատիրական ծրագրի հասույթի մի մասն ուղղեցինք բացօթյա մարզահրապարակ կառուցելու աշխատանքներին»:

2017թ-ի հունիսին HSBC Holding plc-ը հատկացրել է $36,750 «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը 598 աշակերտի հետ աշխատելու համար: 2009թ-ից ի վեր HSBC-ի ընդհանուր ներդրումը կազմել է $227,000: HSBC-ի կամավորները նպաստել են ծրագրի իրականացմանը՝ առաջարկելով մասնագիտական ուսուցում և վերապատրաստում՝ այդպիսով օգնելով երեխաներին զարգացնել կարևոր բիզնես հմտություններ:

«Կրթության ոլորտում ներդրումներ կատարելը կարևոր է բարեկեցիկ համայնքներ և զարգացող տնտեսություն կառուցելու համար: Դպրոցական ծրագրում ձեռնարկատիրական կրթության դասընթացի ներառումը նշանավորում է «Պատանեկան նվաճումներ» միջազգային կազմակերպության հետ HSBC-ի՝ տասնամյակներ շարունակվող համագործակցության հերթական հաջողված փուլը: Ծրագիրն օգնում է աշակերտներին վաղ տարիքից սոցիալական ձեռնարկատիրական ոգի ձևավորել և ապագայում իրականացնել կայուն զարգացմանը նպաստող փոփոխություններ: Այն խրախուսում է նրանց արժեքավոր գիտելիքներ ձեռք բերել և նպաստել սոցիալական զարգացմանը, այլ ոչ թե պարզապես շահ հետապնդել»,- նշում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը նշում է.
«Ձգտելով ներդրում ունենալ համայնքային զարգացման գործում՝ մենք ֆինանսական աջակցություն ենք տրամադրում համայնքային ծրագրերին: Աշխարհի տարբեր երկրներում HSBC-ի բազմաթիվ աշխատողներ ներգրավվում են դասապրոցեսում՝ հատկացնելով իրենց ժամանակն ու փոխանցելով հմտությունները: Շատ երիտասարդների համար կրթությունը կարևոր է բարեկեցիկ կյանք ունենալու համար, որը հնարավորություն է տալիս զարգացնել հմտությունները, իրագործել ներուժն ու նշանակալից ներդրում ունենալ հանրության զարգացման գործում: Այսպիսով, ավելի քան ինը տարի շարունակ HSBC-ն պատիվ է ունեցել աջակցել այս ծրագրին: Մենք վերանայել և վերահաստատել ենք մեր համագործակցությունը, որը կշարունակվի մինչև 2019թ.»: