Frequently Asked Questions Internet Banking

Հաճախ տրվող հարցեր

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Անհատական ինտերնետային բանկային ծառայություն

Ի՞նչ է Ինտերնետային բանկային ծառայությունը

Ինտերնետային բանկային ծառայությունը օնլայն համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում ապահով եղանակով կատարել բանկային գործարքներ Բանկի պաշտպանված ինտերնետային կայքի միջոցով: Որո՞նք են առավելությունները: Այլևս սահմանափակված չեք լինի Բանկի աշխատանքային ժամերով/օրերով և ստիպված չեք լինի Ձեր ժամանակը վատնել հերթերում: Այս ծառայությունը բանկային գործարքներ իրականացնելու թերևս ամենադյուրին և հարմարավետ եղանակն է, որը հասանելի է օրական 24 ժամ, շաբաթվա բոլոր օրերին, տարեկան 365 օր: Համակարգը թույլ է տալիս օնլայն եղանակով դիտել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող Ձեր բոլոր հաշիվները` ներառյալ մնացորդները, քաղվածքները, վճարումների մանրամասները և այլն: Այն ապահով է և ամենակարևորը` Դուք կարող եք օգտագործել այն այնքան հաճախ, որքան ցանկանում եք:

Համակարգի առավելություններից են նաև.

  • Ձեր գումարների ավելի ճկուն կառավարում
  • Հաշիվների ապահով օգտագործում տանից կամ արտասահմանից

Որո՞նք են այն բանկային գործարքները, որ կարող եմ իրականացնել Ինտերնետային բանկային ծառայության միջոցով

Ինտերնետային բանկային ծառայությունը Ձեզ հնարավորություն է ընձեռում ավելի դյուրին կառավարել Ձեր հաշիվները: Այն նաև ապահովում է հսկողության ավելի բարձր մակարդակ մնացորդների, փոխանցումների և ժամկետային ավանդների նկատմամբ: Ծառայության բազմաթիվ հնարավորությունները ներառում են.

  • Դիտել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող Ձեր հաշիվներն օրական 24 ժամ, շաբաթվա բոլոր օրերին
  • Կատարել բանկային գործարքներ, ստուգել մնացորդները և հաշիվների պատմությունը
  • Կատարել փոխանցումներ Ձեր հաշիվների միջև կամ ցանկացած հաշվին ամբողջ աշխարհում
  • Կատարել վարկի մարումներ
  • Բացել ընթացիկ և խնայողական հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ Ռուբլով և Բրիտանական ֆունտով
  • Բացել ժամկետային ավանդներ և փոփոխել դրանց մարման հանձնարարականները
  • Կատարել կրեդիտ քարտերի վճարումներ
  • Ստեղծել, փոփոխել և հեռացնել պարբերական/ապագա փոխանցումներ/վճարումներ
  • Ստանալ էլ.քաղվածքներ և էլ.ավիզոներ
  • Ստանալ SMS ծանուցումներ գործարքների և հաշիվների վերաբերյալ
  • Ստանալ հենց Ձեր համար նախատեսված տեղեկատվություն/առաջարկներ բանկային ծառայությունների վերաբերյալ
  • Նորացնել անձնական տվյալները
  • Պատվիրել չեկային գրքույկներ և դադարեցնել չեկային վճարումներ
  • Ուղարկել և ստանալ ծածկագրված հաղորդագրություններ

Ո՞ր լեզուներով է տրամադրվում Ինտերնետային բանկային ծառայությունը

Ինտերնետային բանկային ծառայությունը տրամադրվում է հայերեն և անգլերեն: Ծառայության յուրաքանչյուր էջի վերևի աջ անկյունում գոյություն ունի հղում դեպի համակարգի հայերեն և անգլերեն տարբերակները:

Ինչպե՞ս կարող եմ աջակցություն ստանալ Ինտերնետային բանկային ծառայության վերաբերյալ

Ծառայության վերաբերյալ աջակցություն ստանալու բազմաթիվ եղանակներ գոյություն ունեն: Ինտերնետային բանկային ծառայության յուրաքանչյուր բաժնի վերևի աջ անկյունում գոյություն ունի “Օգնություն” հղում, որը ոչ միայն տրամադրում է ամբողջական տեղեկատվություն Ծառայության բոլոր գործառույթների վերաբերյալ, այլ նաև պարունակում է օրինակներ և օգտակար խորհուրդներ:

Դուք նաև կարող եք մեզ հաղորդագրություն ուղարկել` օգտագործելով “Սպասարկման կենտրոն”-ի “Ուղարկել հաղորդագրություն” հղումը:

Կարող եք նաև զանգահարել Հեռախոսային կենտրոն +374 (60) 655 444 հեռախոսահամարով: Մեր աշխատակիցներն ուրախ կլինեն օգնելու Ձեզ: Հեռախոսային կենտրոնի աշխատանքային ժամերն են. Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա:

Բաժանորդագրում Ինտերնետային բանկային ծառայությանը և մուտք համակարգ

Որո՞նք են Ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելու նախապայմանները

Ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է.

Գործող հաշիվ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող գործող հաշիվ և ԱԳՄ (ATM) քարտ: Ինտերնետային կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է Ձեր ԱԳՄ (ATM) քարտի տվյալները և անձնական ծածկագիրը (PIN):

Համակարգիչ

PC տեսակի համակարգչի չափանիշներ.

  • MS Windows 2000/XP Home Edition/XP Professional Edition գործառնական համակարգ: Նախընտրելի է նշված համակարգերի ամենանոր տարբերակները
  • Pentium (500 MHz) կամ ավելի հզոր պրոցեսոր
  • 1024x768 լուսակետերի խտությամբ մոնիտոր
  • 128MB կամ ավել օպերատիվ հիշողություն
  • 52MB կամ ավել ազատ տարածություն կոշտ սկավառակակրի վրա

MAC տեսակի համակարգչի չափանիշներ.

  • Mac OS X 10.4 կամ ավելի նոր գործառնական համակարգ
  • 1024x768 լուսակետերի խտությամբ մոնիտոր
  • Intel x86, PowerPC G3, G4, կամ G5 պրոցեսոր
  • Առնվազն 128MB օպերատիվ հիշողություն
  • 200B կամ ավել ազատ տարածություն կոշտ սկավառակակրի վրա

Անհրաժեշտ է նաև 128-bit ծածկագրման (encryption) մակարդակով զննարկիչ: Ծառայությունը համատեղելի է հետևյալ զննարկիչների հետ.

  • Internet Explorer 6
  • Internet Explorer 7*
  • Mozilla Firefox 2 կամ ավելի նոր տարբերակ (PC տեսակի համակարգիչների համար)**
  • Mozilla Firefox 2.5 կամ ավելի նոր տարբերակ (MAC տեսակի համակարգիչների համար)**

Ծառայությունը կարող է նաև համատեղելի լինել այլ զննարկիչների դրանց տարբերակների հետ, սակայն խնդրում ենք ի նկատի ունենալ, որ այլ զննարկիչների օգտագործումը խիստ անցանկալի է, քանի որ այդ դեպքում դա անխուսափելիորեն կանդրադառնա ծառայության որակի և ապահովության մակարդակի վրա:

(*) Այս ծրագրային ապահովման նորագույն տարբերակները կարող են ներլցվել Microsoft®-ի հետևյալ կայքից` www.microsoft.com : Ծրագրային ապահովման տեղադրման հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել Microsoft® ընկերությանը:
(**) Այս ծրագրային ապահովման նորագույն տարբերակները կարող են ներլցվել Mozilla-ի հետևյալ կայքից` www.mozilla.com : Ծրագրային ապահովման տեղադրման հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել Mozilla ընկերությանը:

Ինչպե՞ս բաժանորդագրվել Ինտերնետային բանկային ծառայությանը

Ծառայությանը բաժանորդագրվելու համար պետք է գրանցվել Էյչ-Էս-Բի-Սի-ի ինտերնետային կայքում` օգտագործելով ԱԳՄ (ATM) քարտի 12 նիշանոց համարը և 6 նիշանոց անձնական ծածկագիրը (PIN):

Գրանցման գործընթացը բավականին պարզ է.

  1. Սեղմեք "Գրանցվել":
  2. Համապատասխան դաշտերում մուտքագրեք Ձեր ԱԳՄ (ATM) քարտի համարը (առանց բացատների կամ գծիկների), թողարկման համարը և անձնական ծածկագիրը (PIN):
  3. Ստեղծեք օգտագործողի անուն, որը պահանջվելու է Ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելիս:
  4. Ընտրեք հիշվող հարց և նշանակեք հիշվող պատասխան: Հիշվող պատասխանը պահանջվելու է Ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելիս: Հետագայում Դուք ցանկացած ժամանակ կարող եք փոփոխել Ձեր հիշվող հարցը և պատասխանը:
  5. Ընտրեք անվտանգության հարցեր և նշանակեք անվտանգության պատասխաններ: Անվտանգության հարցերը/պատասխանները պահանջվելու են Ձեր հիշվող հարցի/պատասխանի օնլայն փոփոխության համար այն դեպքերում, երբ Դուք մոռանաք դրանք:
  6. Ձեր ուշադրությանը կներկայացվեն Ծառայության օգտագործման պայմանները: Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ դրանց և սեղմել “Ընդունել”, եթե համաձայն եք դրանց, կամ “Մերժել”, եթե չեք ցանկանում ընդունել դրանք: Վերջին դեպքում գրանցման գործընթացը կդադարեցվի:
  7. Հաջորդ էջում Դուք հնարավորություն կունենաք ընտրել Ձեր բոլոր հաշիվները (բացառությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կրեդիտ քարտերի)` Ծառայության միջոցով դիտելու/կառավարելու համար:
  8. Ցանկության դեպքում կարող եք նաև մուտքագրել էլեկտրոնային փոստի Ձեր հասցեն և բջջային հեռախոսի համարը (հեռախոսահամարը մուտքագրելիս խնդրում ենք պահպանել հետևյալ ձևաչափը` 374XXXXXXXX (374+կոդ+բջջային հեռախոսի համարը)): Նշված դաշտերի լրացումը թեև պարտադիր չէ, բայց ցանկալի:
  9. Գրանցման այս վերջին քայլին Ձեզ կներկայացվի ծանուցում և Ձեր անվտանգության սարքը ստանալու վերաբերյալ ցուցումներ:

Հետագա աջակցություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել մեր Հեռախոսային կենտրոն հետևյալ հեռախոսահամարով` +374 (60) 655 444:

Ես բարեհաջող ավարտել եմ Ինտերնետային բանկային ծառայության գրանցման գործընթացը, կարո՞ղ եմ օգտվել համակարգից

Ոչ, գրանցման գործընթացը բարեհաջող ավարտելուց անմիջապես հետո Դուք չեք կարող մուտք գործել Ինտերնետային բանկային ծառայություն` պարզապես մուտքագրելով Ձեր նշանակած օգտագործողի անունն ու հիշվող պատասխանը: Ձեր իսկ ապահովության և անվտանգության համար Ինտերնետային բանկային ծառայության օգտագործումն ավտոմատ կերպով կասեցվում է մինչև այն պահը, երբ Դուք կստանաք Ձեր անվտանգության սարքը: Ձեր անվտանգության սարքն ստանալուց և ակտիվացնելուց անմիջապես հետո Ինտերնետային բանկային ծառայությունը պատրաստ է Ձեր օգտագործման համար:

Ես արդեն ստացել եմ իմ անվտանգության սարքը: Ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել այն

Ձեր Անվտանգության սարքը օնլայն ռեժիմով ակտիվացնելու համար հետևեք ներքոնշյալ քայլերին`

  1. Մուտքագրեք Ձեր օգտագործողի անունը և սեղմեք Մուտք :
  2. Մուտքագրեք Ձեր հիշվող պատասխանը և սեղմեք Շարունակել:
  3. Մուտքագրեք Ձեր անվտանգության սարքի հետևի կողմում նշված սերիական համարը համապատասխան դաշտում:
  4. Դուք պետք է սահմանեք անվտանգության սարքի PIN կոդը(անձնական գաղտնի համարը)՝ հետևելով էկրանին ներկայացված հրահանգներին: Ամեն անգամ անվտանգության սարքը օգտագործելիս Ձեզանից կպահանջվի մուտքագրել այն:
  5. Գեներացրեք և մուտքագրեք 6 նիշից բաղկացած անվտանգության ծածկագիրը ՝ հետևելով էկրանին ներկայացված հրահանգներին և սեղմեք Շարունակել:

Ձեր Անվտանգության սարքը ակտիվացնելուն պես Դուք կարող եք օգտվել Ինտերնետային Բանկային ծառայություններից:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք Ինտերնետային Բանկային Ծառայությունների սպասարկման կենտրոն +374 (60) 655 444 հեռախոսահամարով: Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա:

Ես երեք անգամ սխալ եմ մուտքագրել հիշվող հարցը և/կամ անվտանգության սարքի անվտանգության ծածկագիրը, և իմ մուտքն արգելափակվել է: Որո՞նք են իմ գործողությունները

Ձեր Ինտերնետային բանկային ծառայությունն ակտիվացնելու համար խնդրում ենք զանգահարել Հեռախոսային կենտրոն +374 (60) 655 444 հեռախոսահամարով: Հեռախոսային կենտրոնի աշխատանքային ժամերն են. Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա:

Կարո՞ղ եմ արդյոք փոփոխել իմ հիշվող պատասխանն օնլայն եղանակով

Այո: Հիշվող պատասխանը փոփոխելու երկու եղանակ գոյություն ունի.

  • Հիշվող պատասխանի և անվտանգության սարքի ծածկագրի մուտքագրման էջում սեղմեք “Մոռացե՞լ եք հիշվող պատասխանը” հղումը: Ճիշտ պատասխանելով երկու անվտանգության հարցերի` Դուք հնարավորություն կստանաք փոփոխել Ձեր հիշվող հարցը/պատասխանը:
  • Ինտերնետային բանկային ծառայության “Ծառայություններ” բաժնում ընտրեք “Փոխել հիշվող հարցը և պատասխանը” գործառույթը:

Ես մոռացել եմ իմ օգտագործողի անունը, հիշվող պատասխանը և/կամ անվտանգության պատասխանները: Որո՞նք են իմ գործողությունները

Եթե մոռացել եք Ձեր հիշվող և անվտանգության պատասխանները, ապա դրանք փոփոխելու/վերականգնելու համար խնդրում ենք հիշվող պատասխանի և անվտանգության սարքի ծածկագրի մուտքագրման էջում սեղմել “Ձեր հիշվող պատասխանը փոփոխելու աջակցության կարիք ունե՞ք:“ հղումը: Այնուհետև մուտքագրեք նոր հիշվող հարցը և պատասխանը, ինչպես նաև անվտանգության հարցերը և պատասխանները:
Ձեր նոր անվտանգության տվյալներն ակտիվացնելու համար խնդրում ենք զանգահարել Հեռախոսային կենտրոն +374 (60) 655 444 հեռախոսահամարով: Հեռախոսային կենտրոնի աշխատանքային ժամերն են. Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա:

Օգտագործողի անունը մոռանալու դեպքում խնդրում ենք այցելել մեր որևէ մասնաճյուղ:

Օնլայն անվտանգության սարք

Ի՞նչ է անվտանգության սարքը

Անվտանգության սարքը փոքր գործիք է, որի օգնությամբ օգտագործողը հաստատում է իր ինքնությունն Ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելիս: Անվտանգության սարքն ապահովում է լրացուցիչ պաշտպանության, որը հայտնի է որպես կրկնակի նույնականացում. օգտագործողի անունը և հիշվող պատասխանը նույնականացնում են օգտագործողին որպես անվտանգության սարքի տեր: Սարքը, իր հերթին, գեներացնում է ծածկագիր, որը նույնականացնում է օգտագործողին Ինտերնետային բանկային ծառայությունում: Սարքի ծածկագիրը պարբերաբար փոխվում է և տարբեր է ամեն մուտքի կամ ռիսկային գործարքների հաստատման դեպքում:

Ի՞նչի համար է անհրաժեշտ անվտանգության սարքը

Էյչ-Էս-Բի-Սի-ին մշտապես առավելագույն ուշադրություն է ցուցաբերում անվտանգության հարցերին: Անվտանգության սարքի Ձեր օգտագործումը նպատակ ունի պաշտպանել Ձեր հաշիվների չլիազորված օգտագործումից և ապահովել Ձեր տեղեկատվության գաղտնիությունը:

Ի՞նչի համար է անհրաժեշտ անվտանգության սարքի օգտագործումն օնլայն բանկային գործարքների իրականացման ընթացքում

Ռիսկային գործարքներ իրականացնելու ժամանակ անվտանգության սարքն ապահովում է Ձեզ լրացուցիչ պաշտպանությամբ, օրինակ` փոխանցումներ կատարելիս կամ գաղտնի տեղեկատվություն դիտելիս: Կրկնակի նույնականացումը երաշխավորում է ռիսկային գործարքների կատարման էլ ավելի բարձր պաշտպանության աստիճան: Նույնիսկ այն դեպքերում, երբ անվտանգության սարքը գտնվում է այլ անձի մոտ, այն չի կարող օգտագործվել, քանի որ Ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելու համար անհրաժեշտ են նաև օգտագործողի անունը և հիշվող պատասխանը, որոնք գիտի միայն ինքը` օգտագործողը:

Ի՞նչպես պահպանել իմ անվտանգության սարքը

  • մշտապես պահեք Ձեր անվտանգության սարքն ապահով վայրում, այնպես, որ այն միշտ Ձեր ձեռքի տակ լինի
  • հեռու պահեք Ձեր սարքը հեղուկներից և բարձր ջերմաստիճանի ազդեցությունից

Անվտանգության սարքի կորստի կամ գողության դեպքում դրա փոխարինումը Բանկի կողմից կատարվում է լրացուցիչ վճարի դիմաց:

Ի՞նչ է անհրաժեշտ անել անվտանգության սարքի անսարքության, կորստի կամ գողության դեպքում

Նման դեպքերում խնդրում ենք զանգահարել Հեռախոսային կենտրոն +374 (60) 655 444 հեռախոսահամարով: Հեռախոսային կենտրոնի աշխատանքային ժամերն են. Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա:

Հաշիվներ

Կարո՞ղ եմ արդյոք Ինտերնետային բանկային ծառայության միջոցով բացել ընթացիկ, խնայողական հաշիվներ և/կամ ժամկետային ավանդներ

Այո: Ծառայության միջոցով Դուք կարող եք բացել ընթացիկ, խնայողական հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ՌԴ Ռուբլով և/կամ Բրիտանական ֆունտով և ժամկետային ավանդներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և/կամ Եվրոյով: Տվյալ պահին գործող տոկոսադրույքներին կարող եք ծանոթանալ "Տոկոսադրույքների հարցում" մասում:

Կարո՞ղ եմ արդյոք նոր հաշիվներ ավելացնել Ինտերնետային բանկային ծառայության միջոցով հասանելի հաշիվների ցանկին

Ինտերնետային բանկային ծառայությունում գրանցվելու ընթացքում Դուք կարող եք ընտրել բոլոր այն հաշիվները, որոնք ցանկանում եք տեսնել/կառավարել Ծառայության միջոցով: Ինտերնետային բանկային ծառայության միջոցով հետագայում բացված բոլոր նոր հաշիվներն ավտոմատ կերպով կավելանան հաշիվների Ձեր ցանկում: Դուք նաև կարող եք ավելացնել կամ հեռացնել հաշիվներ` էջի ձախ մասում սեղմելով “Ծառայություններ”, իսկ այնուհետև` “Ընտրել հաշիվներ” հղումը:

Կարո՞ղ եմ արդյոք անվանափոխել իմ հաշիվները

Այո, Ձեր հարմարության համար կարող եք անվանափոխել Ձեր հաշիվները: Էջի ձախ մասում ընտրեք “Ծառայություններ”, այնուհետև` “Վերանվանել հաշիվներ”: Ձեր հաշիվների վերանվանումը չի անդրադառնա հաշիվների, մնացորդների կամ փոխանցումների վրա:

Արդյո՞ք իմ կրեդիտ քարտի մնացորդը ցուցադրվում է իրական ժամանակի ռեժիմում

Կրեդիտ քարտերի մնացորդը ներկայացվում է նախորդ բանկային օրվա դրությամբ

Ո՞րն է “Փոխանցվող գումար” և “Ներդրվող գումար” դաշտերի տարբերությունը

Եթե գոյություն ունեցող Ձեր հաշվի արժույթը նույնն է, ինչ նոր բացվող հաշվինը, ապա երկու դաշտերն էլ նույն նշանակությունը կունենան: Եթե գոյություն ունեցող հաշվի արժույթը տարբերվում է բացվող հաշվի արժույթից, ապա փոխանցվող գումարի արժույթը որոշվում է “Գումար” մասում նշված արժույթով:
Եթե Դուք ընտրեք “Փոխանցվող գումար” տարբերակը, մուտքագրվող գումարի արժույթը կլինի նույնը, ինչ ելքագրվող հաշվինը (“Ուղարկող հաշիվ” դաշտ): Օրինակ` Ձեր գոյություն ունեցող հաշվի արժույթն ԱՄՆ դոլար է, իսկ Ձեր նոր բացվող հաշվինը` ՀՀ դրամ: Եթե Դուք մուտքագրեք 500 “Փոխանցվող գումար” դաշտում, ապա մենք գոյություն ունեցող հաշվից կելքագրենք 500 ԱՄՆ դոլար, կփոխանակենք այն ՀՀ դրամի (այդ պահի դրությամբ կիրառելի արժույթի փոխանակման փոխարժեքով) և կբացենք Ձեր նոր հաշիվը 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մնացորդով:
Եթե Դուք ընտրեք “Ներդրվող գումար” տարբերակը, մուտքագրված գումարի արժույթը կլինի նույնը, ինչ Ձեր նոր բացվող հաշվինը:

Օգտագործելով վերը նշված օրինակը` Ձեր նոր հաշիվը կբացվի 500 ՀՀ դրամ մնացորդով, իսկ գումարի` ԱՄՆ դոլարով համարժեքը կելքագրվի Ձեր ԱՄՆ դոլարի հաշվից` համաձայն այդ պահի դրությամբ կիրառելի արժույթի փոխանակման փոխարժեքի:

Վճարումներ և փոխանցումներ

Ինչպե՞ս ես կարող եմ կատարել կրեդիտ քարտի իմ վճարումները

Ծառայության միջոցով Դուք կարող եք կատարել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից թողարկված կրեդիտ քարտերի վճարումներ: Նախքան վճարում կատարելը, Դուք պետք է ավելացնեք կրեդիտ քարտը որպես շահառու: Շահառու ստեղծելու վերաբերյալ լրացուցիչ օգնություն ստանալու համար խնդրում ենք սեղմել “Օգնություն” հղումը “Ավելացնել շահառու” բաժնում:

Ե՞րբ են կատարվելու կրեդիտ քարտի իմ վճարումները

Մենք կուղարկենք Ձեր վճարման հանձնարարականները դրանց ներկայացման օրը (այն դեպքում, եթե դրանք ներկայացվել են մինչև աշխատանքային օրվա ավարտը): Ձեր գործարքը կկատարվի 1-2 աշխատանքային օրվա ընթացքում: Խորհուրդ ենք տալիս կատարել Ձեր կրեդիտ քարտի վճարումները վճարման ամսաթվից առնվազն մեկ օր առաջ:

Ինչպիսի՞ փոխանցումներ կարող եմ կատարել Ինտերնետային բանկային ծառայության միջոցով

Ինտերնետային բանկային ծառայությունը թույլ է տալիս կատարել փոխանցումների հետևյալ տեսակներ.

  • Միջհաշվային փոխանցում - փոխանցում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող Ձեր հաշիվների միջև
  • Ներքին փոխանցում – փոխանցում Ձեր հաշվից Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող այլ հաշվին
  • Փոխանցում ՀՀ-ի տարածքում – փոխանցում Հայաստանի Հանրապետությունում գործող այլ բանկում սպասարկվող հաշվին
  • Միջազգային փոխանցում - փոխանցում արտերկրում գործող բանկում սպասարկվող հաշվին
  • Վարկի մարում – փոխանցում վարկային հաշվին` մարման տարբեր եղանակներով

Որո՞նք են վճարումների և փոխանցումների իմ օրական սահմանաչափերը

Ինտերնետային բանկային ծառայությունում գրանցվելիս Ձեր գործարքների նկատմամբ կիրառվում են հետևյալ օրական սահմանաչափերը.

Գործարքի տեսակ Օրական սահմանաչափ
Փոխանցում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող Ձեր հաշիվների միջև 25,000,000 ՀՀԴ
Փոխանցում երրորդ անձանց հաշիվներին (չնշանակված շահառուներին) Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ներսում, ՀՀ տարածքում և/կամ միջազգային փոխանցում 25,000,000 ՀՀԴ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից թողարկված կրեդիտ քարտի վճարումներ 25,000,000 ՀՀԴ

Դուք ցանկացած ժամանակ կարող եք օնլայն եղանակով նվազեցնել օրական սահմանաչափերը` էջի ձախ մասում սեղմելով «Ծառայություններ» բաժնի «Փոխել Ինտերնետային բանկային համակարգի սահմանաչափերը» հղումը:
Սահմանաչափերի բարձրացման համար խնդրում ենք ուղարկել ծածկագրված հաղորդագրություն Ինտերնետային բանկային ծառայությունների միջոցով:

* Սահմանաչափերի բարձրացման դիմումն ենթակա է համապատասխան հաստատման:

Նշում. Անվտանգության նկատառումներից ելնելով երրորդ անձանց ուղղված փոխանցումների հնարավորությունն արգելափակվում է Ինտերնետային ծառայությունների միջոցով նմանատիպ գործարք 2 տարվա ընթացքում չիրականացնելու դեպքում: Այն վերաակտիվացնելու համար ևս անհրաժեշտ է ուղարկել ծածկագրված հաղորդագրություն Ինտերնետային բանկային ծառայությունների միջոցով:

Որո՞նք են փոխանցումների/վճարումների ներկայացման վերջնաժամկետները

Ինտերնետային բանկային ծառայության այն վճարման հանձնարարականները, որոնք կներկայացվեն մինչև ստորև աղյուսակում բերված վերջնաժամկետները, կկատարվեն նույն օրը: Այն վճարման հանձնարարականները, որոնք կներկայացվեն գործարքների ներկայացման համապատասխան վերջնաժամկետներից հետո, ենթակա են կատարման հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Ոչ աշխատանքային օրերին (հանգստյան օրերին, տոներին և այլն) ներկայացված վճարման հանձնարարականները նույնպես ենթակա են կատարման հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե ելքագրվող և մուտքագրվող հաշիվների արժույթները տարբեր են, և արժույթներից որևէ մեկի կամ երկուսի ներկայացման վերջնաժամկետը լրացել է, ապա նման գործարքներն ենթակա են կատարման հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:

Գործարքի տեսակ Հանձնարարականի ներկայացման վերջնաժամկետ (աշխատանքային օրերին) Հանձնարարականի ներկայացման վերջնաժամկետ (ոչ աշխատանքային օրերին)
Միջհաշվային փոխանցում

Արտարժույթի փոխանակում չպարունակող գործարք
Արտարժույթի փոխանակում պարունակող գործարք


Վերջնաժամկետ չկա
Ժամը 04:01-ից մինչև 23:30


Վերջնաժամկետ չկա
Հաջորդ աշխատանքային օրը
Փոխանցում ՀՀ-ի տարածքում

Արտարժույթի փոխանակում չպարունակող գործարք
Արտարժույթի փոխանակում պարունակող գործարք


14:30 (Հայաստանի ժամանակով)
14:30 (Հայաստանի ժամանակով)


Հաջորդ աշխատանքային օրը
Հաջորդ աշխատանքային օրը
Միջազգային փոխանցում

Արտարժույթի փոխանակում չպարունակող գործարք
Արտարժույթի փոխանակում պարունակող գործարք


17:00 (Հայաստանի ժամանակով)
17:00 (Հայաստանի ժամանակով)


Հաջորդ աշխատանքային օրը
Հաջորդ աշխատանքային օրը
Վարկի մարում

Արտարժույթի փոխանակում չպարունակող գործարք
Արտարժույթի փոխանակում պարունակող գործարք


18:00 (Հայաստանի ժամանակով)
18:00 (Հայաստանի ժամանակով)


24 ժամվա ընթացքում
24 ժամվա ընթացքում

Ինչո՞ւ է պահանջվում մուտքագրել անվտանգության սարքի ծածկագիրը 50,000 ՀՀԴ գումարից բարձր միջհաշվային փոխանցում կամ կրեդիտ քարտի վճարում կատարելու ընթացքում

Գործարքների վերահաստատման սահմանաչափը հավասար է 50,000 ՀՀ դրամի: Ձեր իսկ անվտանգության համար պահանջվում է մուտքագրել անվտանգության սարքի ծածկագիրը վերը նշված գործարքները կատարելիս:

Ինչպե՞ս կարող եմ Ինտերնետային բանկային ծառայության միջոցով արտարժութային փոխանցում կատարել ՀՀ-ի տարածքում գործող բանկերի կողմից սպասարկվող հաշիվներին

Փոխանցում ՀՀ-ի տարածքում գործող բանկի կողմից սպասարկվող հաշվին կարող է կատարվել միայն տեղական արժույթով (ՀՀ դրամ): Եթե ցանկանում եք կատարել արտարժութային փոխանցում ՀՀ-ի տարածքում, ապա պետք է ընտրեք “Ստացողը ՀՀ տարածքից դուրս” տարբերակը համապատասխան բացվող ցանկից:

Ո՞րն է “Նույնն է, ինչ ստացող հաշվինը” և “Նույնն է, ինչ ելքագրվող հաշվինը” դաշտերի տարբերությունը

“Նույնն է, ինչ ելքագրվող հաշվինը” տարբերակն ընտրելու դեպքում մուտքագրված գումարը կլինի նույն արժույթով, ինչ ելքագրվող հաշիվն է (“Ուղարկող հաշիվ” դաշտը): Օրինակ` Ձեր ելքագրվող հաշվի արժույթը Եվրո է, և Ձեր փոխանցումն ԱՄՆ դոլարով է, “Գումար” դաշտում Դուք մուտքագրել եք 1000: “Նույնն է, ինչ ելքագրվող հաշվինը” տարբերակի ընտրությունը կնշանակի, որ շահառուին կփոխանցվի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք Եվրո: Այս դեպքում մենք կփոխանակենք 1000 Եվրո` համաձայն այդ պահի դրությամբ կիրառելի արժույթի փոխանակման փոխարժեքի և կկատարենք փոխանցումն ԱՄՆ դոլարով: Բոլոր կիրառելի գանձումները կկատարվեն ուղարկվող գումարից, քանի որ ըստ հանձնարարականի հաշիվը պետք է ելքագրվի 1000 Եվրոյի չափով: Միջազգային փոխանցման դեպքում “Նույնն է, ինչ ելքագրվող հաշվինը” տարբերակի պահումները կլինեն.

  • Ես վճարում են ԲՈԼՈՐ գանձումները, շահառուն չի վճարում ՈՐԵՎԷ գանձում – Էյչ-Էս-Բի-Սի- Բանկ Հայաստանի և միջնորդ/ստացող բանկի գանձումները կկատարվեն ելքագրվող 1000 Եվրոյից,
  • Ես վճարում են “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի` շահառուն` այլ բանկի գանձումները - ելքագրվող 1000 Եվրոյից կպահվեն միայն Էյչ-Էս-Բի-Սի- Բանկ Հայաստանի գանձումները:

“Նույնն է, ինչ ստացող հաշվինը” տարբերակն ընտրելու դեպքում մուտքագրված գումարը կլինի նույն արժույթով, ինչ մուտքագրվող հաշիվն է (“Ստացող” դաշտը): Օրինակ` վերը նշված պայմաններում “Նույնն է, ինչ ստացող հաշվինը” տարբերակի ընտրությունը կնշանակի, որ շահառուին կփոխանցվի 1000 ԱՄՆ դոլար: Մենք կփոխանակենք 1000 ԱՄՆ դոլարը Եվրոյի` համաձայն այդ պահի դրությամբ կիրառելի արժույթի փոխանակման փոխարժեքի, կելքագրենք այդ գումարը Ձեր Եվրոյի հաշվից և կփոխանցենք շահառուին 1000 ԱՄՆ դոլար: Բոլոր կիրառելի գանձումներն ուղարկվող գումարի հետ միասին կկատարվեն ելքագրվող հաշվից, քանի որ ըստ հանձնարարականի շահառուն պետք է ստանա 1000 ԱՄՆ դոլար: Միջազգային փոխանցման դեպքում “Նույնն է, ինչ ստացող հաշվինը” տարբերակի պահումները կլինեն.

  • Ես վճարում են ԲՈԼՈՐ գանձումները, շահառուն չի վճարում ՈՐԵՎԷ գանձում – Էյչ-Էս-Բի-Սի- Բանկ Հայաստանի և միջնորդ/ստացող բանկի գանձումներն ելքագրվող գումարի հետ միասին կկատարվեն հաճախորդի հաշվից,
  • Ես վճարում են "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան"-ի` շահառուն` այլ բանկի գանձումները - հաճախորդի հաշվից ելքագրվող գումարի հետ միասին կպահվեն միայն Էյչ-Էս-Բի-Սի- Բանկ Հայաստանի գանձումները:

Միջազգային փոխանցում կատարելիս շահառուի երկիրը/քաղաքը/բանկն առկա չեն համապատասխան բացվող ցանկերում: Որո՞նք են իմ գործողությունները

Եթե շահառուի երկիրն առկա չէ համապատասխան բացվող ցանկում, ապա ընտրեք “Այլ երկիր” և մուտքագրեք շահառու բանկի տվյալները` ներառյալ քաղաքը, SWIFT կոդը և/կամ բանկի կոդը:Եթե առկա չէ քաղաքը կամ բանկը, ապա ընտրեք “Այլ քաղաք/Այլ բանկ” և մուտքագրեք շահառու բանկի տվյալները` ներառյալ քաղաքը, SWIFT կոդը և/կամ բանկի կոդը:

Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել կամ չեղյալ համարել փոխանցում/վճարում

Եթե Դուք նշեք, որ Ձեր փոխանցումը/վճարումը կատարվի անմիջապես, ապա այլևս հնարավորություն չեք ունենա դադարեցնել այն: Բոլոր այլ ապագա կամ պարբերական փոխանցումները/վճարումները կարող են մերժվել գործարքի կատարման ամսաթվից առնվազն մեկ օր առաջ: Փոխանցում/վճարում մերժելու համար, խնդրում են էջի ձախ մասում սեղմել "Փոխանցումներ"/"Վճարումներ", այնուհետև` "Ապագա փոխանցումներ"/"Ապագա վճարումներ": Մուտքագրեք ամսաթվերը, սեղմեք "Առաջ" կոճակը, այնուհետև` գործարքի ամսաթվին` մանրամասները դիտելու համար: Սեղմեք "Հեռացնել" կոճակը` գործարքը դադարեցնելու համար:

Կարո՞ղ եմ արդյոք վարկի վճարումներ կատարել Ինտերնետային բանկային ծառայության միջոցով

Այո, Դուք կարող եք կատարել Ձեր վարկի վճարումները “Կատարել փոխանցում” գործառույթի միջոցով: Պարզապես “Ստացող” մասում ընտրեք Ձեր վարկային հաշիվը: Գոյություն ունեն վարկի մարման հետևյալ տարբերակներ.

  • Վարկի ամբողջական վճարում – մարել վարկի ամբողջ գումարը ՝ ներառյալ մայր գումարի մնացորդը և հանձնարարականի իրականացման պահին հաշվեգրված տոկոսագումարը
  • Հերթական մայր գումարի վճարում– մարել վարկի հաջորդ հերթական ամսական վճարման մասը: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ժամանակացույցում նշված վարկի մարման օրը Դուք պարտավորվում եք վարկի տոկոսագումարի վճարման հաշվին ապահովել բավարար միջոցներ տվյալ ամսվա կուտակված տոկոսագումարի չափով
  • Մայր գումարի վճարում – կատարել վարկի մայր գումարի կանխավճար` առանց խախտելու մարման ժամանակացույցում նշված մարման հերթականությունը: Այս պարագայում, վճարված գումարի չափով նվազեցվում է վարկի մարման վերջին ամիսների քանակը: Եթե կանխավճարը կատարելուց հետո ցանկանում եք փոփոխել Ձեր ամսական մարման ժամանակացույցը, ապա պետք է այցելեք մեր մասնաճյուղերից որևէ մեկը:
  • Ժամկետանց մայր գումարի և տոկոսի վճարում- Վճարել ժամկետանց մայր գումարը և տոկոսադրույքը

Հանձնարարականը մինչև ժամը 17:00-ը ներկայացնելու դեպքում այն կկատարվի նույն օրը: Նշված ժամից հետո ներկայացված հանձնարարականները կկատարվեն 24 ժամվա ընթացքում:

Ծառայություններ

Ի՞նչ տեղեկատվություն կարող եմ ներլցնել Quicken/Money

Quicken-ը և Microsoft Money-ն անհատական ֆինանսական ծրագրային ապահովում է, որը թույլ է տալիս պատկեր ստեղծել Ձեր միջոցների հոսքի վերաբերյալ: Ներլցնել Quicken/Money գործառույթը Ձեզ հնարավորություն է ընձեռում հեշտորեն ներլցնել Ձեր մնացորդների և գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը և ներկրել այն Quicken/Money: Պարզապես սեղմեք “Ներլցնել Quicken/Money” հղումը “Հաշիվներ” բաժնում, ընտրեք այն հաշիվը, որի տեղեկատվությունը ցանկանում եք ներլցնել, նշեք համապատասխան ամսաթվերը, ֆայլի ձևաչափը և սեղմեք “Ներլցնել”:

Ի՞նչ են էլ .քաղվածքները և Էլ .ավիզոները

Ինտերնետային բանկային ծառայության հաճախորդները փոստի և էլ.փոստի փոխարեն կարող են իրենց քաղվածքները և ավիզոները ստանալ Ծառայության միջոցով: Այդ դեպքում Ձեր բանկային քաղվածքներն առաքվում են Adobe Acrobat (pdf) ֆայլի տեսքով:

Ինչպե՞ս կարող եմ դիմել էլ.քաղվածքների/Էլ.ավիզոների առաքման ծառայությանը

Դիմելու համար պարզապես սեղմեք “Դիմել Էլ. քաղվածքի/էլ. ավիզոյի համար” հղումը “Քաղվածքներ/Ավիզոներ” բաժնում, այնուհետև ընտրեք “Միայն էլ. քաղվածքներ” և “Միայն էլ. ավիզոներ” տարբերակները և սեղմեք “Հաստատել”:

Որքա՞ն ժամանակ են պահպանվում էլ.քաղվածքներն օնլայն եղանակով

Ձեզ ուղարկված վերջին 3 էլ. քաղվածքները միշտ կպահպանվեն Ինտերնետային բանկային ծառայությունում:

Ո՞րն է էլ. քաղվածքների/Էլ. ավիզոների գործառույթի օգտագործման իմաստը/առավելությունը

Օգտագործելով էլ.քաղվածքներ/Էլ.ավիզոներ գործառույթը` Դուք կստանաք դրանք անմիջապես գեներացման օրը և ստիպված չեք լինի սպասել դրանց առաքմանը փոստով: Հրաժարվելով թղթային տարբերակներից` Դուք նաև անմիջականորեն կաջակցեք Էյչ-Էս-Բի-Սի-ի` շրջակա միջավայրի պահպանման նախաձեռնությանը` նվազեցնելով թղթի օգտագործումը:

Ինչպե՞ս դիտել Էլ. քաղվածքները

Երբ Էլ. քաղվածքը գեներացվում է, Ինտերնետային բանկային ծառայության Ձեր հաղորդագրությունների կենտրոն ուղարկվում է ծանուցում: Էլ. քաղվածքը դիտելու համար պարզապես սեղմեք դրա ամսաթվին "Քաղվածքներ/ Ավիզոներ" բաժնում, և այն կցուցադրվի Adobe Acrobat (pdf) ֆայլի տեսքով:

Ո՞ւր են առաքվում իմ միջանկյալ քաղվածքները

Միջանկյալ քաղվածքները լրացուցիչ քաղվածքներ են, որոնց համար կարող եք դիմել Ձեր պարբերական քաղվածքների առաքման ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածի ընթացքում: Միջանկյալ քաղվածքի պարունակությունը նույնն է, ինչ պարբերական քաղվածքինը, պարզապես դրանցում գործարքները ներկայացված են պարբերական քաղվածքի տրամադրման ամսաթվից մինչև միջանկյալ քաղվածքի դիմելու օրը: Միջանկյալ քաղվածքն առաքվում է պարբերական քաղվածքի պես:

Ո՞ւր են առաքվում իմ նախորդ քաղվածքները

Ձեր նախորդ քաղվածքներն անցած ժամանակահատվածի քաղվածքներն են: Բանկի ներկայացուցիչները կապ կհաստատեն Ձեզ հետ` պարզելու համար նախորդ քաղվածքների առաքման Ձեր նախընտրած եղանակը: Տվյալ ծառայության գանձումները սահմանվում են համաձայն Ծառայությունների տրամադրման հիմնական պայմանների:

Որո՞նք են Էլ.քաղվածքների առավելությունները

  • Ձեր քաղվածքները կառաքվեն Ձեզ ավելի արագ
  • Էլ.քաղվածքները կարող են պահվել Ձեր համակարգչում` հետագայում ցանկացած ժամանակ դիտելու հնարավորությամբ
  • Նվազեցվում է թղթի օգտագործումը
  • Դուք միշտ կարող եք ներլցնել Ձեր վերջին 3 Էլ.քաղվածքները
  • Ցանկացած ժամանակ հնարավորություն ունեք փոխել քաղվածքների առաքման եղանակը թղթայինի

Ինչպե՞ս դիմել SMS ծանուցումների ծառայությանը

SMS ծանուցումների ծառայությունն ակտիվացնելու համար էջի ձախ մասում սեղմեք “Ծանուցող ծառայություններ” հղումը, այնուհետև` “Փոխել ծանուցման առաքման կարգը”, ընտրեք “Բջջային հեռախոս” տարբերակը, նշեք բջջային ծառայությունների Ձեր մատակարարին և մուտքագրեք բջջային հեռախոսահամարը հետևյալ ձևաչափով` 374XXXXXXXX (374+կոդ+բջջային հեռախոսի համարը): SMS ծանուցումների ծառայությանը կակտիվանա հաջորդ աշխատանքային օրը:
SMS ծանուցումների ծառայությանը բաժանորդագրվելու վերաբերյալ լրացուցիչ հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել Հեռախոսային կենտրոն +374 (60) 655 444 հեռախոսահամարով: Հեռախոսային կենտրոնի աշխատանքային ժամերն են. Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա:

Ինչպե՞ս պատրաստել ծանուցումներ իմ հաշիվների համար

“Փոխել ծանուցման առաքման կարգը” գործառույթի միջոցով առաքման կարգը սահմանելուց հետո Դուք կարող եք պատրաստել ծանուցումներ Ձեր խնայողական, ընթացիկ և ժամկետային ավանդի հաշիվների համար: Պարզապես սեղմեք “Պատրաստել նոր ծանուցում” հղումը և լրացրեք համապատասխան դաշտերը:

Առաջացած խնդիրների վերացում

Ինչու՞ է ժամանակ առ ժամանակ բացվում անվտանգության տեղեկատվության պատուհանը` հղում սեղմելիս

Այդ գործառույթն առկա է բոլոր զննարկիչներում` նախազգուշացնելու օգտագործողներին, որ իրենք լքում են պաշտպանված կայքը: Ինտերնետային բանկային ծառայության որոշ հղումներ ուղղում են Ձեզ Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կայք, և Ձեր զննարկիչը կարող է Ձեզ նախազգուշացնել այդ մասին: Պարզապես սեղմեք “Yes”` Ձեր աշխատանքային սեանսը շարունակելու համար:

Ինչու՞ ինձ չի հաջողվում մուտք գործել Ինտերնետային բանկային ծառայություն, եթե նախկինում դա խնդիր չէր առաջացնում

Խնդիրը շտկելու համար խնդրում ենք հեռացնել ինտերնետի օգտագործման ժամանակավոր ֆայլերը: Internet Explorer տեսակի զննարկիչներ օգտագործելու դեպքում, խնդրում ենք սեղմել “Tools”, անուհետև` “Internet Options”: Բացված պատուհանի “General” մասում սեղմեք “Delete files”, անուհետև` “OK”: Փակեք զննարկիչի բոլոր պատուհանները և կրկին փորձեք մուտք գործել:

Անվտանգություն

Ինչպե՞ս է Էյչ-Էս-Բի-Սի-ն ապահովում Ինտերնետային բանկային ծառայության անվտանգությունը

Ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործելով` Էյչ-Էս-Բի-Սի-ն Ձեզ է առաջարկում Ձեր գործարքների առավելագույն ապահովությունը` անկախ Ձեր գտնվելու վայրից:

  • 12 նիշանոց ԱԳՄ (ATM) քարտի համարի և 6 նիշանոց անձնական ծածկագրի (PIN) օգտագործում Էյչ-Էս-Բի-Սի-ի կայքում գրանցվելիս
  • Անձնական օգտագործողի անուն ստեղծելու հնարավորություն
  • Անվտանգության սարքի ծածկագրի օգտագործում` ապահովելու համար Ձեր տվյալների կատարյալ անվտանգություն
  • Հիշվող հարցի և պատասխանի նշանակման հնարավորություն, որը, անվտանգության սարքի ծածկագրի հետ միասին, ապահովում է բանկային գործարքների առավելագույն ապահովությունը
  • Անվտանգության հարցերի և պատասխանների նշանակման հնարավորություն: Այդ տվյալները պահանջվում են հիշվող հարցի և պատասխանի փոփոխման համար, այն դեպքերում, եթե Դուք մոռանաք դրանք
  • Ծառայության ավտոմատ արգելափակում մուտքի երեք անհաջող փորձի դեպքում
  • Ծառայության միջոցով գործարքների օրական սահմանաչափերի նվազեցում
  • Աշխատանքային սեանսի ընթացքում տեղեկատվության փոխանակման ժամանակ 128-bit ծածկագրման (encryption) օգտագործում (սա տվյալ պահի դրությամբ ծածկագրման ամենաբարձր մակարդակն է)
  • Աշխատանքային սեանսի ավտոմատ դադարեցում` Ծառայությունից որոշ ժամանակ չօգտվելու դեպքում

Պետք է միշտ գաղտնի պահել Ինտերնետային բանկային ծառայության Ձեր անվտանգության տվյալները և երբեք չտրամադրել դրանք որևէ մեկին: Էյչ-Էս-Բի-Սի Բանկը երբևէ չի պահանջի, որպեսզի Դուք Ձեր անձնական տվյալները (անձնական ծածկագիր (PIN), հիշվող և անվտանգության հարցերի պատասխանները) տրամադրեք էլեկտրոնային փոստի միջոցով: Երբևէ մի տրամադրեք նման տվյալներ որևէ մեկին` այդ թվում Էյչ-Էս-Բի-Սի Բանկի աշխատակիցներին:

  • Ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելուց հետո միշտ ստուգեք, որ զննարկիչի ներքևի աջ անկյունում պատկերված է կողպեքի կամ բանալու նշան (կախված ծրագրային ապահովման տեսակից/տարբերակից` այդ նշանը կարող է պատկերվել նաև կայքի հասցեի կողքին)
  • Այլ կայքեր այցելելուց առաջ միշտ դուրս եկեք ծառայությունից սեղմելով “Ելք”, այլ ոչ թե պարզապես փակելով Ձեր զննարկիչի պատուհանը
  • Փակեք զննարկիչի պատուհանը Ծառայությունից դուրս գալուց հետո
  • Համակարգչի կամ զննարկիչի ծրագրային ապահովման նոր տարբերակների հայտնվելուն պես մշտապես կիրառեք դրանք, քանի որ դրանք նախատեսված են պաշտպանելու Ձեզ անվտանգության հետ կապված հայտնի խնդիրներից

Ինչպե՞ս ստուգել 128-bit ծածկագրման (encryption) օգտագործումը

  • Տեղակայեք Ձեր մկնիկը զննարկիչի ներքևի աջ անկյունի “անվտանգության կողպեք”-ի նշանին. պետք է հայտնվի փոքրիկ պատուհան` "SSL secured (128-bit)" պարունակությամբ
  • Զննարկիչի մենյուից ընտրեք “File”, այնուհետև` "Properties": Բացված պատուհանում պետք է տեսնեք "Connection TLS 1.0, RC4 with 128 bit encryption (High); RSA with 2048 bit exchange"

Ինչպե՞ս է Էյչ-Էս-Բի-Սի-ն պաշտպանում ֆիշինգից (phishing)

Ֆիշինգը դա հանցավոր գործունեության տեսակ է, որի միջոցով այլ անձինք փորձում են հաճախորդներից խաբեությամբ ձեռք բերել Ինտերնետային բանկային ծառայության տվյալները: Այդ անձինք կապ են հաստատում հաճախորդների հետ (սովորաբար էլ.փոստի, նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով) և ֆինանսական կազմակերպության անվան ներքո պահանջում տրամադրել անվտանգության տվյալները:

Հիշեք. Էյչ-Էս-Բի-Սի-ն երբևէ չի ուղարկում օգտագործողի անվան և/կամ հիշվող պատասխանի նորացման պահանջ էլ.փոստի միջոցով:

Եթե Դուք ստացել եք Էլեկտրոնային նամակ/հաղորդագրություն, որը Ձեր կարծիքով կեղծ է, ապա.

  • մի պատասխանեք նամակին
  • վերահասցեագրեք նամակը hsbc.armenia@hsbc.com
  • ջնջեք նամակը

Ի՞նչ է աշխատանքային սենասի ավտոմատ դադարեցում գործառույթը

Աշխատանքային սեանսի ավտոմատ դադարեցման գործառույթն ապահովում է Ձեզ լրացուցիչ անվտանգությամբ այն դեպքերի համար, երբ Դուք լքում եք համակարգիչը առանց աշխատանքային սեանսն ավարտելու: Որոշ ժամանակ անց Ինտերնետային բանկային ծառայության Ձեր աշխատանքային սեանսն ավտոմատ կերպով կդադարեցվի:

Կարո՞ղ եմ արդյոք ծածկագրված էլեկտրոնային նամակներ հղել Բանկին

Այո, սեղմելով “Սպասարկման կենտրոն” հղումը և այնուհետև` “Ուղարկել հաղորդագրություն”, Դուք կարող եք նամակներ ուղարկել Բանկ` հաշիվների, քարտերի, վարկերի, Ծառայության վերաբերյալ:

Ինչպե՞ս ստուգել կայքի ինքնությունը

Դուք կարող եք ստուգել անվտանգության վկայականի վավերականությունն ու այն հաստատությունը, որին տրվել է այդ վկայականը: Internet Explorer տեսակի զննարկիչներ օգտագործելու դեպքում, երկու անգամ մկնիկով սեղմեք զննարկիչի ներքևի աջ անկյունում պատկերված անվտանգության կողպեքի նշանին (կախված ծրագրային ապահովման տեսակից/տարբերակից` այդ նշանը կարող է պատկերվել նաև կայքի հասցեի կողքին): Բացված պատուհանի “General” մասում պետք է լինի վկայականի վերաբերյալ տեղեկատվությունը. թե ում է այն տրված (https://www.hsbc.am) և որքան է դրա վավերականության ժամկետը:

Թարմացվել է` 29/03/2016 15:00