Հիմնական պայմաններ

Հիմնական պայմաններ

Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ (Ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի համար)

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Ստորև սահմանված պայմանները (այսուհետև` Հիմնական պայմաններ) կարգավորում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ- ի (այսուհետև` Բանկ, ներառյալ բոլոր իրավահաջորդների և լիազորված անձանց) և բանկային հաշվի բացման ձևը/դիմումը կամ Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար սահմանված տիպային ձևի փաստաթուղթը ստորագրող ֆիզիկական անձի կամ անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետև` Հաճախորդ («Դուք», «Ձեր» դերանունները վերաբերում են Հաճախորդին)) միջև իրականացվող բանկային գործառնությունները:

Ընդ որում սույն Հիմնական պայմաններով սահմանված ծառայությունները Բանկի կողմից մատուցվում են միայն այն անհատ ձեռնարկատերերին, որոնց տարեկան շրջանառությունը` ըստ նախորդ ֆինանսական տարվա հարկային հաշվետվությունների և/կամ Բանկի կարծիքով այլ հավաստի տվյալների կբավարարի Բանկի կողմից Ծառայությունների սակագներում սահմանված չափանիշներին1

1.2. Հաճախորդի կողմից բանկային հաշվի բացման ձևի/դիմումի կամ Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար սահմանված տիպային փաստաթղթի ստորագրումը հաստատում է ստորև բերված Հիմնական պայմանների և Բանկի կողմից տվյալ ծառայության համար սահմանված առանձին պայմանների և կանոնների ընդունումը, որոնք կարող են հետագայում փոփոխվել Բանկի կողմից` Հաճախորդին օրենքով նախատեսված կարգով կամ Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված կարգով ծանուցելով:

1.3. Բանկային հաշվի բացման դիմումի, բանկային հաշվով գործառնությունների իրականացման և նմանատիպ այլ փաստաթղթերի տիպային ձևերը Բանկի կողմից կարող են պարբերաբար փոփոխվել: Սույն Հիմնական պայմանները առաջնային են, և Բանկի կողմից հաստատված (հաստատվելիք) բանկային հաշվով գործառնությունների իրականացման, այլ ծառայությունների մատուցման փաստաթղթերի տիպային ձևերը և այլ պարտադիր կանոնները և առանձին պայմանները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն Հիմնական պայմաններին, եթե այդպիսի տիպային ձևերով, պարտադիր կանոններով կամ առանձին պայմաններով այլ բան նախատեսված չէ:

1.4. Բանկին իրավունք է վերապահվում մերժել ծառայություն ստանալու և/կամ որևէ ծառայության ներքո որևէ գործառնություն իրականացնելու հետ կապված Հաճախորդի կողմից ներկայացվող ցանկացած այլ ձևի փաստաթուղթ, եթե Բանկի կողմից սահմանվել է նման փաստաթղթի տիպային ձև (նաև բովանդակության առումով):

1.5. Բանկը մատուցած ծառայությունների դիմաց Հաճախորդից գանձում է վճար (միջնորդավճար)` համաձայն Բանկի համապատասխան «Ծառայությունների Սակագների»: «Ծառայությունների Սակագները» Հաճախորդներին հասանելի են դարձվում Բանկի տարածքում: «Ծառայությունների Սակագները» կարող են փոփոխվել Բանկի կողմից միակողմանիորեն` այդ մասին Հաճախորդներին ծանուցելով օրենքով նախատեսված ժամկետներում և կարգով կամ Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված եղանակով: Սակագներով նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով: Սակագներով նախատեսված վճարները Բանկի կողմից որպես կանոն գանձվում են այն բանկային հաշվից, որով կատարվում է համապատասխան գործառնությունը, ընդ որում` արտարժութային բանկային հաշվի դեպքում Բանկն իրավունք ունի գանձվելիք գումարի չափով արտարժույթը ՀՀ ԿԲ-ի կողմից տվյալ արտարժույթի համար հրապարակված միջին փոխարժեքով կամ իր կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով փոխանակել ՀՀ դրամի և գանձել:

1.6. Բանկը կարող է Հաճախորդից գանձել ծառայությունների մատուցման հետ կապված առաքումների ծախսերը:

1.7. Բանկի կողմից կատարվում են Հաճախորդի կողմից կամ անունից պատշաճ կերպով ներկայացված գործարքների և գործառնությունների իրականացման վերաբերյալ վավեր հանձնարարականները: Հանձնարարականների կատարման հետևանքների ռիսկը, հնարավոր վնասները, կորուստները և ծախսերը կրում է Հաճախորդը, և այդպիսիք հատուցման ենթակա չեն ոչ Բանկի, ոչ Բանկի աշխատակցի և ոչ էլ Բանկի գործակալների կողմից: Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի կողմից համապատասխան հանձնարարականի հիման վրա փոխանցվող գումարի կապակցությամբ` շահառուի կամ միջնորդ Բանկի կողմից լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու կամ փոխանցումը կասեցնելու և դրա հետևանքով առաջացած Հաճախորդի վնասների և ծախսերի համար:

1.8. Բանկում (Բանկի տիրապետության ներքո) առկա Հաճախորդի բոլոր բանկային հաշիվների մնացորդները և սպասվելիք դրամական մուտքերը, ավանդների գումարները, հաշվեգրված և հաշվեգրվելիք տոկոսագումարները, ցանկացած արժույթով արտահայտված թղթադրամները, արժեթղթերը, մուրհակները, ոսկին կամ այլ արժեքները համարվում են Հաճախորդի` Բանկի նկատմամբ բանկային հաշվի սպասարկման կապակցությամբ կամ որևէ այլ հիմքով առաջացած պարտավորությունների (այդ թվում` տոկոսների, միջնորդավճարների և այլ վճարների գծով) ապահովում, և Բանկը ունի դրանց նկատմամբ գրավի իրավունք: Հաճախորդը սույնով տալիս է իր համաձայնությունը, որ Բանկն անակցեպտ կարգով և առանց լրացուցիչ երկկողմանի փաստաթուղթ կազմելու իրականացնի նշված միջոցների և իր նկատմամբ առաջացած/առկա պարտավորությունների հաշվանց, կամ այդ նպատակով արգելանք սահմանի Հաճախորդի հաշվի/հաշիվների վրա:

1.9. Հաճախորդն իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության այլ անձանց զիջել ծառայություններ ստանալու հետ կապված Բանկի նկատմամբ առկա կամ ապագայում ծագող որևէ իրավունք:

1.10. Հաճախորդն իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության գրավ դնել Բանկում առկա և/կամ ստացվելիք իր դրամական միջոցները և այլ արժեքները:

1.11. Բանկը պատասխանատու չէ պետական մարմինների գործողությունների կամ անհաղթահարելի ուժի, այդ թվում` սարքավորումների անսարքության կամ էլեկտրաէներգիայի մատակարարման չնախատեսված ընդհատումների կամ խափանման հետևանքով առաջացած Հաճախորդի վնասների, կորուստների կամ ուշացման դեպքերի համար:

1.12. Բանկի կողմից Հաճախորդների հետ հարաբերություններում իր իրավունքների պաշտպանությանը չդիմելը կամ դիմելու հետաձգումը չի կարող մեկնաբանվել որպես դրանցից հրաժարում: Սույն Հիմնական պայմաններով նախատեսված իրավունքները լրացնում են և չեն բացառում օրենքով նախատեսված այլ իրավունքները:

1.13. Սույն Հիմնական պայմանները կազմված են և մեկնաբանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Սույն Հիմնական պայմաններով չկարգավորված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, իսկ ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չլինելու դեպքում` գործարար շրջանառության սովորույթներով: Բանկի և Հաճախորդի միջև ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը: Հաճախորդն իրավունք ունի սույն Հիմնական Պայմաններով նախատեսված ծառայությունների հետ կապված Բանկի նկատմամբ պահանջները օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնել նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին: Բանկի և Հաճախորդների միջև ծագած վեճերի լուծման բացատրական ամփոփագիրը կցվում է սույն Հիմնական Պայմաններին և կազմում է սույն Հիմնական Պայմանների անբաժանելի մասը: Սույն Հիմնական պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի Հիմնական պայմանների անգլերեն տարբերակի նկատմամբ:

1.14. Բանկն իրավունք ունի առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ բանկերին և վարկային կազմակերպություններին, վարկային բյուրոներին, ինչպես նաև ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին` վերջիններիս պահանջով կամ իր նախաձեռնությամբ տրամադրել Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ:

1.15. Հաճախորդը պարտավորվում է Բանկի կողմից պահանջվող տեղեկությունները տրամադրել Բանկի կողմից պահանջվող ձևով, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատմամբ/վավերացմամբ և տրամադրված տեղեկություններում փոփոխություններ կատարվելու դեպքում անհապաղ տեղյակ պահել Բանկին` այդ կապակցությամբ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը: Հաճախորդը լիազորում է Բանկին օգտագործել և մշակել Հաճախորդի անհատական տվյալները` Բանկի կողմից ծառայությունների մատուցման նպատակով: Բանկն իրավունք ունի օգտագործել Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և այլ հաղորդակցման տվյալները` Հաճախորդին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու նպատակով: Սույնով Հաճախորդը համաձայնվում է նաև, որ Հաճախորդի տվյալների մշակման նպատակով Բանկը կարող է օգտվել Էյչ-Էս-Բի-Սի խմբի մեջ մտնող կամ այլ ընկերությունների ծառայություններից և այդ նպատակով վերջիններիս փոխանցել Հաճախորդի տվյալները: Անկախ այն հանգամանքից, թե Հաճախորդի տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետությունում թե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, դրանք պաշտպանված կլինեն Էյչ-Էս-Բի-Սի Խմբում գործող գաղտնիության և անվտանգության պահպանման կանոնակարգերի պահանջներին համապատասխան և կարող են օգտագործվել միայն Բանկի ցուցումների համաձայն: Նշված ընկերությունների անզգուշության, անփութության, տվյալների պահպանման անվտանգության և գաղտնիության պահանջների խախտման հետևանքով Հաճախորդների կրած վնասների և կորուստների համար պատասխանատվություն է կրում Բանկը:
Հաճախորդը համաձայնվում է նաև, որ Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել Էյչ-Էս-Բի-Սի խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են սույն Հիմնական Պայմաններին որպես Հավելված կցվող և սույն Հիմնական Պայմանների անբաժանելի մասը կազմող «Ֆինանսական անցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ» փաստաթղթով:

1.16. Հաճախորդը լիազորում է Բանկին` Հաճախորդներին ծառայություններ առաջարկելու կամ Հաճախորդներին մատուցվող ծառայությունները բարելավելու նպատակով իր հայեցողությամբ և առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու Բանկի հետ համագործակցող ընկերություններին տրամադրել Հաճախորդի տվյալները:

1.17. Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված/տնօրինվող/ստացված միջոցների շրջանառությունը արգելված է: Հիմք ընդունելով օրենքի «փողերի լվացման» վերաբերյալ միջազգային իրավական նորմերի, Բանկի փողերի լվացման դեմ պայքարի և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերի պահանջները` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարել ցանկացած գումարների/արժեքների ծագման մասին, որոնք մուտքագրված են կամ մուտքագրվում են Հաճախորդի կողմից կամ Հաճախորդի անվամբ, ինչպես նաև ելքագրվում են Հաճախորդի հաշվից կամ անունից: Բանկն իրավունք ունի պահանջել իրեն ներկայացնել բավարար ապացույցներ` այդ միջոցների ծագման օրինականության վերաբերյալ: Բանկն իրավունք ունի արգելել և կասեցնել կասկածելի գումարների տնօրինումը և/կամ օգտագործումը և/կամ տիրապետումը Հաճախորդի կողմից` մինչև դրանց ծագման օրինականության վերաբերյալ բավարար ապացույցներ ներկայացնելը/ստանալը: Հաճախորդը պարտավորվում է հատուցել Բանկին վերը նշվածի կապակցությամբ պատճառված բոլոր տեսակի վնասները և ծախսերը` համաձայն ՀՀ օրենսդրության: Հաճախորդը գիտակցում և համաձայնվում է, որ Բանկը պարտավոր է կատարել օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև իրավապահ մարմինների պահանջները, որոնք վերաբերում են, ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը: Ոչ Բանկը, և ոչ Բանկի կոնտրագենտ որևէ այլ կազմակերպություն պատասխանատվություն չեն կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար (ներառյալ սպասվելիք եկամտի կամ տոկոսների կորուստը) եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված իր ներքին իրավական ակտերի պահանջները կատարելու հետևանքով:

1.18. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Բանկի հաճախորդների պատշաճ ուսումնասիրության, գործարար հարաբերությունների հաստատման, փողերի լվացման դեմ պայքարի և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման վերաբերյալ, միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում Բանկն իրավասու է մերժել Հաճախորդի կողմից գործարքի կատարումը կամ Հաճախորդի հետ գործարար հարաբերությունների հաստատումը կամ դադարեցնել առկա հարաբերությունները:

1.19. Հաճախորդների կողմից գործառնություններ/գործարքներ կատարելու և/կամ Բանկի կողմից մատուցվող այլ ծառայություններ ստանալու նպատակով Բանկին ներկայացվող ցանկացած փաստաթղթի, ինչպես նաև երրորդ անձանց օգտին տրված լիազորագրերի (այդ թվում` նոտարական կարգով վավերացված) իսկության կապակցությամբ կասկածներ առաջանալու դեպքում Բանկն իրավունք ունի նշված փաստաթղթերի/լիազորագրերի իսկությունը պարզելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, և Հաճախորդը սույնով համաձայնվում է, որ այս կապակցությամբ առաջացած ուշացումների հետևանքով կրած վնասների համար Բանկին որևէ պահանջ չի ներկայացնի:

1.20. Բանկի և Հաճախորդի միջև ինտերնետի, հեռախոսային/ֆաքսիմիլային կապի միջոցով հաղորդակցության և գործարքների կատարման կարգը սահմանվում է Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված առանձին փաստաթղթերով/կանոններով, որոնք գործում են ի լրումն սույն Հիմնական Պայմանների:

1 Սույն կետում նշված չափանիշները կիրառվում են 01.12.2015թ.-ից հետո Բանկի հետ գործարար հարաբերություններ հաստատող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ`գործարար հարաբերություններ հաստատելիս:

Թարմացվել է` 15/06/2016 15:00